«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ինչպես հեռացող մոլորակներ

Ինչպես հեռացող մոլորակներ
14.01.2023 | 10:47

Հայաստանի ու Արցախի միջև հայրենական կապը, արդեն քանի դար, հատկանշվում է որպես մոր և զավակի հարաբերություն. մայր երկիր-Հայաստան և զավակ երկիր-Արցախ: Շատ զգացմունքային, բարոյական և փոխադարձ պարտավորվածություն թելադրող մերձակցություն է: Կենսաբանորեն ու հոգեբանորեն մայրը առավելս է հոգածու զավակի հանդեպ, քան հակառակը. բնության ու Աստծո օրենքն է: Անգամ կենդանական աշխարհում մայրերն անձնազոհ են իրենց ձագերի համար. եթե մահացու վտանգ է սպառնում, նետվում են նրանց փրկելու, չնայելով՝ կրա՞կ է, ջրհեղե՞ղ, թե՞ գիշատչի ճիրաններն են իր դեմ ցցված:

Հիմա ուշադիր նայում եմ Հայաստանի (ավելի ստույգ՝ Հայաստան պետության)՝ Արցախի հանդեպ դրսևորած վարքին և մատնվում ճնշող մտամոլորության. ՀՀ-ի կեցվածքի մեջ մեծապես բացակայում է բնատուր, անկասելի մայրական հոգածությունը. նրա կողմից միայն թեթև հորդորներ ու կոչեր են հնչում՝ ի պաշտպանություն շրջափակված արցախահայերի, գրեթե նույնքան, որքան հանդես են բերում բարեկամ ներկայացող երկրները: Մեր աչքերի առաջ Հայաստանն ու Արցախը հեռանում են իրարից՝ ինչպես խռովյալ հարազատներ, ասես ուղեծիրը խախտած երկու մոլորակներ: Եվ գիտենք բոլորս, որ հեռացում-օտարացումը երեկ չի սկսվել, այլ 4-5 տարի առաջ, երբ Հայաստան պետությունը, մեկեն խելառվածի պես, սկսեց վազել օտար, անգամ թշնամի երկրների գիրկը՝ մոռանալով իր ծնողական սուրբ պարտականությունները Արցախ-զավակի և բուն հայոց երկրի հանդեպ: Այսօր ՀՀ-ն արցախահայության աչքին երևութանում է որպես մի հարևան երկիր, որ սովորական դիտորդի դիրքով, հաճախ՝ անհաղորդ, հետևում է Արցախի տառապանքին ու մաքառումին: Որքա՛ն շատ բան է կորցնում հայությունը այս օտարացումից:

Բայց և Հայաստանում հազարավորներ են ազգասեր ու արցախանվեր հայորդիները, որ ինքնաբուխ, գիշեր ու զօր տենդագին խորհում ու ջանում են, թե ինչպես սատարեն իրենց պաշարված հայրենակիցներին: Արցախում հիանալի են տեսնում այդ պայծառ ու զորեղ բազմությանը (թեպետ եւ փոքրամասնություն կազմող), երախտապարտ են և անկասկած հավատում են, որ հենց նրանց սատարումով են հաղթահարելու այս դաժան փորձությունը: Թող ՀՀ-ի անգլուխ գլուխներն ու նրանց վարձու-անբարո սպասարկուները մտքի ծայրով անգամ չանցկացնեն, թե հնարավոր է առմիշտ օտարել Արցախը Հայաստանից: Վաղը մենք կրկին միասնական ենք լինելու, ՀՀ-ն կրկին վերգտնելու է ծնողական իր գեղեցիկ ու ազգաշահ վարքը, և մաքրվելու է երկիրը դավաճանական հոսանքներից:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 17964

Մեկնաբանություններ