Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Մի փոքրիկ հայրենիք ու անթիվ-անհամար ֆատալիստ արկածախնդիր

Մի փոքրիկ հայրենիք ու անթիվ-անհամար ֆատալիստ արկածախնդիր
05.01.2023 | 08:28

Աջուձախ «պայծառատես-քաղվերլուծաբան»՝ անխտիր բոլոր խնդրիրներին լուծում տվող, ամեն հարցի պատասխանն ունեցող, տեղը տեղին ասող-խոսող, սակայն նման մտքի գիգանտներին, «ափսոս» որ, չկա լսող:

Զավեշտալին այն է, որ այս երևույթը մասշտաբային բնույթ է կրում, և որ բնակչության մի ստվար զանգված լսում ու հետևում է նման «խենթուկներին»: Քաղաքական անհեռատես, անպատասխանատու, էքստրավագանտ, աբստրակտ ու ցաքուցրիվ մտքերը սահմաններ չունեն: Ռուսամետ-հակառուս, արևմտամետ-հակաարևմտամետ դիսկուրսը անկառավարելի է դարձել և ցայտուն արտահայտվում է հատկապես համացանցի տիրույթում: Դա էլ քիչ չէ, կոչեր են հնչեցնում, բա թե. «Եթե ուզում եք բացվի Լաչինի միջանցքը, անջատե՛ք 102-րդ ռազմաբազայի ջուրը, գազը և էլեկտրամատակարարումը»: Էնտուզիազմի տակ մնացածներն էլ զարգացնում են տվյալ անհեթեթ թեզը, թե բա, ավելին՝ փակե՛ք բազայի ելքն ու մուտքը: Ու բոլորն ասող են, անողը չկա: Նման կոչեր անողների ձեռքից ուզում ես բռնես, տանես Գյումրի, ասես՝ ահա՛ «վինտիլները», սրանք էլ՝ անցագրային կետերը, դե փակի՛, տեսնեմ կփակի՞: Նման ունիկումներն արդյո՞ք գեթ մեկ րոպե մտածում են դրա հետևանքների մասին: Եղբա՛յր, մինչև «չունգա-չանգայի» քաջագործությունդ իրականացնես ու խիզախաբար փորձես անգամ ձեռքդ տանել փականին, երկրիդ գազի փականը, որը, ի դեպ, քոնը չէ, հակառակի պես հենց ռուսինն է, Լարսն էլ՝ վրադիր, Ռուսաստանում բնակվող կամ աշխատող հայերի օդերն էլ ռուսը կփակի: Ռուսի փոխարեն էլ կգնաս հայ-թուրքական սահմանը կպահես, թուրքի ներխուժումը կփակես: Չզարմանաս էլ, որ երկիրդ 2-րդ Ուկրաինա դառնա: Մնացածը չեմ էլ թվարկի: Ընդամենը հասկացեք, որ նման մեթոդներով, ինտրիգներով, վրեժի ու քինախնդրության մոլուցքով հարցերը չեն լուծվում: Ասեղի ծայրին բռունցքով չեն խփում:

Այնպես որ, վերջ տվեք ձեր աբսուրդ, երևակայական, վերացական, անպտուղ ու աննորմալ «կրքոտ» կոչ-հորդորներին ու դատարկաբանություններին: Ձեզանից երկիր փրկող դուրս չի գա: Զբաղվեք ձեր գործերով, ու երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները թողեք քաղգործիչներին ու դիվանագետներին: Առանց այն էլ, նույնիսկ վերջիններս հավուր պատշաճի գլուխ չեն հանում ստեղծված իրավիճակից: Առանց այն էլ, գործող իշխանություններն են բացահայտ տանում այդ վտանգավոր թեզը՝ այսօրվա մեղքերը բարդելով բացառապես Ռուսաստանի վրա ու այդ կերպ ստեղծելով հակառուսական, մեզ համար շատ վտանգավոր տրամադրություններ:

Հասկացեք, ի վերջո, մի բան. ոխերիմ բարեկամի հետ, որը նաև, կամա թե ակամա, դաշնակից է համարվում, այլ հարթության վրա և այլ գործիքակազմով են աշխատում, այլ կերպ են բանակցում, մանավանդ, երբ վերջինս երկակի ստանդարտներով է շարժվում: Մեղադրանքներով, պնդաճակատությամբ, առավել ևս, զոռբայությամբ հարցեր չեն լուծվում, ընդհակառակը, խնդիրներ են ավելանում: Արևմուտքի «ցավը տանողներն» էլ մեկ ուրիշ ծայրահեղական կատեգորիա են: Վերջիններս գերվստահ են, որ ռուսը գնաց, եվրոպացին կամ ամերիկացին է գալու՝ մեզ փրկի չար հարևաններից, մեր փոխարեն կռվի ու սահման պահի: Չի՛ լինելու նման բան: Եվրոպական նավերը չեն գալու ու բարձրանան մեր լեռները: Ոչ մեկը մեր փոխարեն չի կռվելու, երկիր չի փրկելու, սահման չի պահելու, անվտանգության երաշխավոր չի դառնալու: Պարտավոր էլ չեն: Այդ ամենը բացառապես մեր անելիքն է: Հարգելինե՛րս, ողջ պատմության ընթացքում գեթ մեկ անգամ է Եվրոպան օգտակար եղել հայությանը՝ երբ Մուսա լեռան գոյապայքարից դեպի ծովափ նահանջած մեր հայրենակիցներին վերջնական ջարդից փրկեցին ֆրանսիացիները՝ նրանց «Գիշեն» հածանավով տեղափոխելով Ֆրանսիա: Իսկ ԱՄՆ-ը՝ ցեղասպանությունից հետո որոշ միսիոներական գործունեությամբ, մանկատներ ու որբանոցներ հիմնադրելով: Անհատներ՝ այո՛, ինչպիսիք են Ֆրիտյոֆ Նանսենը, Հենրի Մորգենթաուն, Յոհաննես Լեփսիուսը, Քարրեն Եփփեն, Միսս Շաթթիկը, Հեդվիգ Բյուլը, Բոդիլ Կատարինե Բյորնը, Մարիա Յակոբսենը, Ալմա Յոհանսոնը:

Այնպես որ, այս պահի հրամայական- ինքնապաշտպանությունը բացառապես մե՛ր «մենաշնորհն» է: Այդ գործում դաշնակիցներ ունենալը՝ մեր գրավականը: Անհրաժեշտ է սրան-նրան մեղադրելու ու ինչ-որ բան ակնկալելու, լալահառաչ կոչերի, մտքի գույնզգույն ռեկորդներ սահմանելու, մեր փոխարեն մեզ համար կռվողներ գտնելու փնտրտուքի փոխարեն՝ սեփական բանակը զինել, ինքնապաշտպանական մարտավարություն մշակել, առաջնագծերն ու նոր բնագծերը հավուր պատշաճի կահավորել, զինվորին ըստ արժանվույն սպառազինել ու մարտական ոգին բարձրացնել: Մնացածը՝ կենացներ են:

Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 14910

Մեկնաբանություններ