...ՈՒ այդ մայրաքաղաքն այդպես էլ չունեցավ թատրոն ու կինոյի տուն:
էլ չխոսենք այն մասին, որ մայրաքաղաք կոչվելու համար պարտադիր բաղկացուցիչներից են վերը նշված երկուսը:
2011-ին Արցախի նախագահը հերթական խորհրդակցության ժամանակ նշեց, որ նույն՝ 2011 թվին պետք է մեկնարկի թատրոնի շենքի վերակառուցման գործը: Այնուհետև մշակույթի նախարարը վստահեցրեց, որ խնդիրը քննարկվել է ճարտարապետի հետ (եթե չեմ սխալվում՝ այդ ճարտարապետն էլ Մեսչյանն էր), և որ արդեն իսկ նախագծանախահաշվային աշխատանքներ են ընթանում, ամենաուշը մինչև 2017 թիվը թատրոնի վերակառուցման աշխատանքները կավարտվեն:
2011-ից անցել է տասնմեկ տարի (որպեսզի «հարևանների» առջև խայտառակ չլինենք, բաց եմ թողնում այն մասը, թե այդ ընթացքում ինչեր են կատարվել բյուջեի հաշվին):
Այս հարցին լրագրության տարիներին քանիցս անդրադարձել եմ ու միշտ վեճի մեջ ընկել հարցադրումներիս պատճառով:
Քանի որ թատրոնի հարակից փողոցը փակ է մեքենայի համար, վերջին տարիներին շատ քիչ եմ լինում այս հատվածում: Երեկ քայլում էի ու անցա թատրոնի կողքով. կարելի է վստահորեն ասել՝ այն, ինչ ես զգացի, զգում են շատերը: Սա ոչ թե թատրոնի շենք է, այլ ուրվականների ամրոց...
30 տարվա մեջ մենք չունեցանք ո՛չ կինոսրահ, ո՛չ թատրոնի շենք, չունեցանք մարզադահլիճներ:
Հիշեք՝ 30 տարի սերունդ չեք դաստիարակել:
Հիշեք, որ ձեր ողորմելի ներաշխարհի պատճառով Արցախում միակ զբաղմունքը, ժամանցի միջոցը «հաց ուտելն է» դարձել:
Ստեփանակերտի մայր թատրոնի շենքը արտացոլում է ձեր հոգին ու հոգեկերտվածքը, ձեր ներաշխարհի նեղ ու նվաստ լինելը:
ՈՒ ցավալիորեն այս ամենով ամբողջական պատկերվում է Արցախի վիճակը:
Բելա Լալայան