38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Գրկախառնվե՛ք, միլիոննե՛ր»

«Գրկախառնվե՛ք,  միլիոննե՛ր»
13.10.2017 | 08:04

Ինչպես և մյուս սաղմոսները, Դավթի 129-րդը նույնպես դարեր շարունակ հուզել և ոգեշնչել է կոմպոզիտորներին կերտելու գլուխգործոցներ։ Ահավասիկ` Ժոսկեն դը Պրե, Ժան-Բատիստ Լյուլլի, Մարկ-Անտոնիո Շարպանտիե, Բախ, Մոցարտ, Շյոնբերգ, Արվո Պյարտ և այլք։ Երաժշտության մեջ սաղմոսները նշվում են կամ համարով, կամ էլ լատիներեն տեքստի սկզբնաբառերով. «Miserere» (Ողորմեա), Jubilate Deo («Գովաբանեցե՛ք նրան օրհներգությամբ»)։ Հիշյալ 129-րդ սաղմոսը կրում է «De profundis» անվանումը։ Ըստ Աստվածաշնչի մեկնիչների, այն ստեղծվել է հրեաների գերության օրոք։ Աղոթքով դիմել են Տիրոջը` փրկություն խնդրելով գերությունից։ Սաղմոսն ավարտվում է վստահությամբ, որ Արարիչը «պիտի փրկի Իսրայելն իր բոլոր նեղություններից»։ Հետագայում այս աղոթքը կիրառել են երեկոները, երբ հավատացյալն Արարչից խնդրում է բարօրություն, հայցում Նրա ներողամտությունն օրվա ընթացքում կատարած մեղքերի համար։ Բացի այդ, սաղմոսը կատարում են պահքի, հուղարկավորության ժամանակ, ինչպես նաև պատուհասներից պաշտպանվելու, ապաքինվելու համար և այլն։ Սաղմոսի բանաստեղծական տեքստը հոգևոր երգարվեստում մարմնավորվել է բազում եղանակներով` սկսած միաձայն գրիգորյան խորալից մինչև բազմաձայն խմբերգային մեծակերտ կանտատներ։

Ընդ որում` և՛ առանց նվագակցության (ա կապելլա), և՛ նվագախմբային զանազան կազմերի ընկերակցությամբ։ Այսպես, Ժոսկենի սաղմոսը գրված է քառաձայն երգչախմբի համար, Օռլանդո Լասսոյի մոտետը հնգաձայն է։ Հայնրիխ Շյուտցն իր սաղմոսը հասցեագրել է երկու քառաձայն երգչախմբի, այսինքն` նրա մոտետն ութձայնանի է` երգեհոնի (բասսո քոնթինուոյի) նվագակցությամբ։ Շյուտցն օգտագործել է սաղմոսի գերմաներեն տեքստը` Մարտին Լյութերի թարգմանությամբ։ Իսկ Լյուլլիի և Շարպանտիեի համանուն մոտետները գրված են մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար։ Այս սաղմոսին 15 տարեկանում անդրադարձել է նաև Մոցարտը։ Սրա մասին երաժշտագետ Հերման Աբերտը գրել է հետևյալը. «Այս երկում բացակայում է ինքնուրույն բազմաձայն կերտվածք ձայնատարության որևէ հատկանիշ։ Ընդհանուր կերտվածքում գերիշխում է ասերգությունը և, անշուշտ, առկա է եկեղեցական սաղմոսերգության նմանակումը։ Սաղմոսին կցված դրվագում, որը կոչվում է դոքսոլոգիա, հայտնվում է հնագույն լիտուրգիական «Gloria» փառաբանական մեղեդին։ Հարմոնիան նույնքան պարզ է, որքան արտահայտիչ։ Այս խմբերգում գերիշխում է եկեղեցական աղոթքի իսկական ոգին, որը դիմում է ուղիղ սրտին։ Հատկապես հրաշալի են «Գլորիայի» հնչուժի աճը և սրան հաջորդող աստիճանական հանդարտացումը, խաղաղվելը, որը վերջում հանգեցնում է սաղմոսի սկսվածքի մեղմ լրջությանը»։ Մոցարտի այս սաղմոսը հիացրել է նաև երաժշտագետ Ալֆրեդ Այնշտայնին։ Նա գրել է. «1771 թ. ամռանն է ստեղծվել պատանի Մոցարտի ամենագեղեցիկ եկեղեցական ստեղծագործությունը` դո-մինոր «De Profundis»-ը։

Ամենագեղեցիկը, քանզի այն ամենապարզն է։ Քառաձայն երգչախումբը երգում է 129-րդ սաղմոսի խոսքերը` արտասանությունը պարզ է, արիոզային կերտվածքի... Կա մի գործ ևս, գրված նույն սաղմոսի խոսքերով։ Այն հորինել է Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկը` իր ստեղծագործական վերջին շրջանում։
Գլյուկի երկը նույնպես քառաձայն երգչախմբի համար է, բայց վոկալ ձայները ուղեկցվում են նվագախմբի հզոր, մռայլ երաժշտությամբ։ Արդ, եթե բարձրագույն արվեստն այն է, որտեղ ամենախոր գաղափարները և զգացմունքներն արտահայտված են ամենազուսպ միջոցներով, ապա ինձ թվում է, որ Մոցարտ-մանչուկը ջախջախել է Գլյուկի պես ծեր հսկային»։ Նույնը կարելի է ասել Անտոնիո Սալիերիի մասին, որը, ըստ հայտնի վարկածի, նախանձից թունավորել է Մոցարտին։


Եթե իրականում Սալիերին Մոցարտին չի էլ թունավորել, ապա ինքը Սալիերին «թունավորված» էր Մոցարտի հանճարով։ Յոհաննես Բրամսն ասում էր. «Եթե չենք կարող Մոցարտի պես գեղեցիկ հորինել, ապա գոնե պիտի ջանանք նրա պես պարզ գրել»։ Ահա նման պարզությունը բնորոշ է հատկապես մեր ժամանակի «սրբազան մինիմալիստներ» կոչված կոմպոզիտորներին` Ալան Հովհաննեսին, Արվո Պյարտին, որոնք, ի դեպ, նույնպես երաժշտության են վերածել Դավթի 129-րդ սաղմոսը։ Անշուշտ, մինիմալիզմ ասելով, նկատի չունեմ ստեղծագործական այդ մեթոդի ծայրահեղ դրսևորումները։ ՈՒսումնառությանս տարիներին պրոֆեսոր Ռոբերտ Աթայանը մի դասի ժամանակ ուշադրությունս սևեռեց Պյոտր Չայկովսկու 4-րդ սիմֆոնիայի 2-րդ մասի թեմայի վրա։ Հատկանշական է և զարմանալի, որ հոբոյի գեղեցկագույն, սրտառուչ մեղեդին մի «ուլունքաշար» է, որը բաղկացած է 79 նույն ութերորդական տևողությամբ հերթագայվող հնչյուններից։ Մինչդեռ Արվո Պյարտի «De Profundis» խմբերգն ամբողջությամբ է բաղկացած երկու քառորդանոց հնչյունների միալար հերթագայությունից։ Այդ հանդարտ երթն ուղեկցվում է քարավանի զանգակներին նմանակող երգեհոնի ճոճվող քայլերով, զանգերի, տամ-տամի ու մեծ թմբուկի հարվածներով։ Այդ հոգնաբեկ քայլերը կարող է հիշեցնել նաև դեպի Ավետյաց երկիրն անապատով անցնող հրեաների թափորը։


Ըստ Աստվածաշնչի մեկնիչների, 129-րդ սաղմոսում առ Աստված վստահության դրսևորումն արդեն իսկ գերված հրեաների ազատագրման երաշխիքն է։ Սակայն ոչ բոլոր կոմպոզիտորներն են սաղմոսն ավարտում լավատեսական շեշտով։ Բավական է նշել, որ Լյուլլին սաղմոսին հավելում է մի ողբաձայն ռեքվիեմ, մինչդեռ, ինչպես վերը նշվեց, Մոցարտի սաղմոսն ավարտվում է փառաբանական «Գլորիայով»։
Անշուշտ, հիշյալ սաղմոսն իր բարձրագույն մարմնավորումը գտել է Սեբաստիան Բախի արվեստում` որպես կանտատ։ Թվով 131-րդ այս կանտատում սաղմոսը երգվում է գերմաներեն (Մարտին Լյութերի թարգմանությամբ)։ Կանտատը գրված է 4 մեներգչի, երգչախմբի և նվագախմբի համար։ Այն բաղկացած է 5 կտորից. 1-ինը խմբերգ է, 2-րդը` բասի արիոզո և խորալ, 3-րդը` կրկին խմբերգ է, 4-րդը` տենորի արիա և խորալ, իսկ 5-րդը եզրափակիչ խմբերգն է։ Սաղմոսի տեքստին Բախն ավելացրել է բանաստեղծ Բարտոլոմեո Ռինգվալդտի աղոթքները։ Մեկը զետեղված է 2-րդ մասի խորալում. «Իմ այս վշտի մեջ ողորմյա ինձ, հեռու տար վիշտն իմ սրտից, հեռու։ Քանզի Դու Խաչի վրա, Քո մահվան տառապանքներով վճարեցիր իմ փրկագինը, որ իմ մեղքերի պատճառով չհառաչեմ, չողբամ հավիտյան»։ Մյուս հավելումը 4-րդ մասի խորալում է. «Ախ, իմ հոգին չի դադարում սաստիկ վշտանալուց իմ դառն անկման համար, որը ծանրացնում է խիղճս։ Բայց փափագում եմ արյամբ Քո սրբվել մեղքերից, ինչպես Դավիթը և Մանասեն»։


Հայ կոմպոզիտորներից ոչ միայն Ալան Հովհաննեսն է անդրադարձել սաղմոսներին։ Մինչ այդ Եկմալյանը, Կոմիտասն արդեն ստեղծել էին իրենց կանտատները` հիմնված 136-րդ սաղմոսի վրա։ Հատկանշական է, որ «Բաբելոնի գետերի մոտ» սաղմոսում նույնպես արտահայտված է գերությունից ազատագրվելու փափագը։ Հենց սա է, որ նույնաբնույթ սաղմոսներին հաղորդում է համամարդկային հնչողություն։ ՈՒստի Բախի, Մոցարտի, Կոմիտասի, Եկմալյանի և այլ մեծերի սաղմոս-աղոթքները կոչված են և ի զորու են գերությունից ազատագրելու ոչ միայն մի առանձին ժողովրդի, այլև համայն մարդկությանը, անշուշտ, եթե այդ տիեզերահունչ «խմբերգին» միանան բոլոր ազգերը, ինչպես Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի խմբերգում, որտեղ կոչ է արվում. «Գրկախառնվե՛ք, միլիոննե՛ր»։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 16550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ