38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ես դեպի Աստված մեկ ճանապարհ գիտեմ՝ արվեստը». Մարիա ՅՈՒԴԻՆԱ

«Ես դեպի Աստված մեկ ճանապարհ գիտեմ՝ արվեստը». Մարիա ՅՈՒԴԻՆԱ
30.06.2017 | 11:43

Հանճարեղ դաշնակահարուհի Մարիա Յուդինան 20-րդ դարի ամենաինքնատիպ, հանրագիտակ արվեստագետներից էր։ Ծնվել է 1899 թ. Նևել քաղաքում, անմահացել 1970 թ. Մոսկվայում։ Մարիայի հայրը՝ Վենիամին Յուդինը, տեղական բժիշկ էր, մայրը՝ Ռաիսա Յուդինան, տնային տնտեսուհի։ Դաշնամուրի առաջին դասերը աղջիկը ստացել է Անտոն Ռուբինշտեյնի աշակերտ Ֆրիդա Տեյտելբաում-Լևինսոնից։ Մարիայի հորեղբորորդի, հայտնի դիրիժոր Գավրիիլ Յուդինը, վերհիշելով 10-ամյա աղջկա նվագը, խոստովանել է. «Այն ամենից, ինչ նա նվագում էր այն տարիներին, հիշողությանս մեջ մնացել են Ֆելիքս Մենդելսոնի «Երգեր առանց խոսքի» շարքից երկուսը՝ 10-րդը (սի-մինոր) և հատկապես իմ սիրածը՝ 14-րդը (դո-մինոր)։ Հետագայում իմ լսած դաշնակահարներից և ոչ մեկը չկարողացավ այս պիեսներ մեջ այնքան ուժ և համոզվածություն ներդնել, որքան մինչև ծնկները հասնող ծամով այդ աղջնակը»։

1912 թ. Մարիան ընդունվել է Պետերբուրգի կոնսերվատորիան, սովորել է անվանի պրոֆեսորներ Օլգա Քալանթարյանի, Աննա Եսիպովայի, Ֆելիքս Բլումենֆելդի, Լեոնիդ Նիկոլաևի մոտ։ 1921 թ. Մարիան ավարտեց կոնսերվատորիան և մնաց դասավանդելու։ Մանկավարժությանը զուգահեռ նա ծավալեց համերգային գործունեություն։ Հանդես էր գալիս մենահամերգներով և Պետրոգրադի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ։ Լայն էր Յուդինայի հետաքրքրությունների շառավիղը։ Պետրոգրադի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ստուդիայում նա սովորեց լատիներենը, գիտեր գերմաներեն, թարգմանություններ էր կատարում, հաճախում էր բանասեր Միխայիլ Բախտինի խմբակը։ Դաշնակահարուհին մեծ շրջապատ ուներ, ստեղծագործական կապեր էր հաստատել փիլիսոփա, աստվածաբան Պավել Ֆլորենսկու, գեղանկարիչ Վլադիմիր Ֆավորսկու, արվեստի պատմաբան Միխայիլ Ալպատովի, Բորիս Պաստեռնակի, Մեյերխոլդի և այլ մեծերի հետ։ Բարեկամությունը Պավել Ֆլորենսկու հետ, նրա «Սյուն և հաստատություն ճշմարտության» աշխատության ընթերցումը մղեցին Մարիային ընդունելու քրիստոնեություն (1919 թ.), դառնալու «երաժիշտ-փիլիսոփա»։ Յուդինան հետագայում պիտի ասեր. «Ես միակն եմ, որը դաշնամուրի մոտ արարում է ավետարանը ձեռքին»։ Հիրավի, նրա ելույթները ժամանակակիցներն ընկալում էին որպես սրբազնագործություն։


Մեծ համարձակություն էր պետք նման հայացքներով ապրելու ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանում։ Մանավանդ որ Յուդինան չէր թաքցնում իր քրիստոնեական հավատամքն ու ապրելակերպը, վարք ու բարքը։ Մարիան համոզված էր, որ արվեստագետը պիտի ապրի աղքատիկ կյանքով, ծառայի մերձավորներին։ Ինքն էլ ապրում էր զուսպ, Եվտուշենկոյի խոսքով ասած` ճգնավորական կյանքով։ Դաշնակահարուհին բարեգործական համերգներ էր տալիս «Կարմիր խաչի» համար, օգնում էր կարիքավորներին, երբ իր ունեցածը չէր հերիքում, ուրիշներից պարտքով փող էր վերցնում, ուղարկում աքսորվածներին, նվագում էր հոգեհանգստյան արարողություններին։ 2-րդ աշխարհամարտի օրերին Յուդինան ելույթներ էր ունենում հոսպիտալներում, զորամասերում, շրջափակված Լենինգրադում, Մոսկվայում, հաճախակի ռադիոյով՝ որպես մենակատար, ինչպես նաև Բեթհովենի անվան քառյակի, սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ և այլն։ Անհավատ, լճացած չինովնիկները չէին հանդուրժում դաշնակահարուհու առաջադիմական հայացքները, նորամուծությունները։ Հակառակ նրանց կամքին, Յուդինան շարունակում էր կատարել և տարածել Ալբան Բերգի, Անտոն Վեբեռնի, Էռնստ Քշենեկի, Պաուլ Հինդեմիտի, Բելա Բարտոկի, Իգոր Ստրավինսկու, Անդրեյ Վոլկոնսկու և այլոց նորարարական ստեղծագործությունները։ Մարիան նամակագրական կապեր էր հաստատել Լուիջի Նոնոյի, Իգոր Ստրավինսկու, Պիեռ Բուլեզի, Կազիմեժ Սերոցկու, Ջորջ Բալանչինի, Յանիս Քսենակիսի և այլոց հետ։ Իր համերգները Յուդինան համեմում էր բանաստեղծությունների ընթերցմամբ, բացահայտում էր կապերը տարբեր արվեստների միջև, զուգահեռներ անցկացնում Աստվածաշնչի հետ։ Այս ամենը անհետևանք չէր կարող մնալ։ Դեռ 1930-ին էին Յուդինային հեռացրել Պետրոգրադի կոնսերվատորիայից, ծաղրի ենթարկելով նրա կրոնական հայացքները։ Երկու տարի անց նրան հրավիրում են Թբիլիսիի կոնսերվատորիա, որտեղ նա դասավանդեց մինչև 1936 թ.։ Այնուհետև, Հենրիխ Նեյհաուզի միջնորդությամբ, Յուդինան ստանձնում է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորի պաշտոնը և աշխատում մինչև 1951 թ.։ Յուդինան դասավանդում էր նաև Գնեսինների անվան ինստիտուտում, սակայն 1960 թ. նրան հեռացրին՝ կրկին կրոնական հայացքների և, այսպես կոչված, բուրժուական կոմպոզիտորների ու վտարանդիների գործերը կատարելու, քարոզելու պատճառով։ Բացի այդ, մի համերգում, Բորիս Պաստեռնակի բանաստեղծությունն ընթերցելու պատճառով, դաշնակահարուհուն հինգ տարով զրկեցին համերգային գործունեությունից։ Մարիա Յուդինան մինչև իր երկրային կյանքի վերջը հավատարիմ մնաց բարձր իդեալներին, վեհ գաղափարներին և պահպանեց իր ազնիվ մարդկային կերպարը։ Նա մեծ ազդեցություն է ունեցել իր շրջապատի վրա՝ արվեստագետների, գրողների, փիլիսոփաների և պարզապես ունկնդիրների վրա։ Նրանց հուշերը լի են հիացական խոսքերով ու երախտագիտությամբ։ Մեջբերենք մի քանի դրվագ ժամանակակիցների հուշերից։


Գավրիիլ Յուդինը գրում է. «Պետերբուրգի կոնսերվատորիայի հիմնադիր Անտոն Ռուբինշտեյնը իր հաստատությանը կտակել էր մի գումար, որի տոկոսներից յուրաքանչյուր տարի գնում էին մեկ ռոյալ ու նվիրում լավագույն շրջանավարտին... Վերջին անգամ Ռուբինշտեյնի անվան դափնեկրի կոչումը շնորհվեց 1921 թ.։ Ընդ որում, գեղարվեստական խորհուրդը անհրաժեշտ համարեց առաջին անգամ խախտել Ռուբինշտեյնի կամքը, և մրցանակը շնորհեցին միաժամանակ երկու դաշնակահարների, այն է՝ մեկական ռոյալ` Վլադիմիր Սոֆրոնիցկուն և Յուդինային» (անդ, էջ 32)։ Ընդ որում, երկրի տնտեսական պայմաններից ելնելով, Մարիային այդպես էլ այդ նվիրական սպիտակ ռոյալը չհասավ։ Նույն թվականին խորհրդային Ռուսաստանի չինովնիկներն այդ ավանդույթը վերացրին։ Մեծանուն դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին իր հուշերը սկսում է Յուդինայի նամակներից քաղված մեջբերումներով։ Ահավասիկ. «Ես ամբողջ կյանքում փնտրում եմ (և գտնում եմ) նորը,- գրել է ինձ Մարիա Վենիամինովնան։- Օրերս ես ստացա Օլիվիե Մեսիանի «Հավքերի արթնացումը» կոնցերտը»,- գրում է նա և առաջարկում այդ դժվարին ստեղծագործությունը կատարելու «նախագծերի» մի ամբողջ շարք... Մի օր Մարիա Վենիամինովնան առաջարկեց ինձ իր հետ նվագել բելգիացի երիտասարդ կոմպոզիտոր Փոլ Դանբլոնի Կոնցերտը՝ դաշնամուրի և նվագախմբի համար։ Պարզվեց, որ դա վառ ստեղծագործություն է, որը նա փայլուն կատարեց և ձայնագրեց ռադիոյում։ Շուտով ես մեկնեցի Բելգիա հյուրախաղերի, պատմեցի և բելգիացի երաժիշտներին, որոնք աղոտ պատկերացում ունեին իրենց հայրենակցի մասին, ուրախության րոպեներ պարգևեցի։ Բացի այդ, Մարիա Վենիամինովնայի հետ կատարել եմ Բեթհովենի 5-րդ կոնցերտը, Ստրավինսկու Կոնցերտը՝ դաշնամուրի և փողայինների համար և երկու դաշնամուրի համար գրված Կոնցերտը, որտեղ ես հանդես եմ եկել որպես դաշնակահար։ Բեթհովենի 5-րդ կոնցերտի նրա կատարումը երկար կմնա հիշողությանս մեջ։ Արդեն իսկ առաջին մի-բեմոլ-մաժորային «որոտմունքները» սփռելով, դաշնակահարուհին ասես բացեց վարագույրը, որից անդին մեր աչքերի առջև բացվեց հիրավի հելլենական գեղեցկությամբ մի համայնապատկեր... Հրաշալի արվեստագետ Մարիա Վենիամինովնայի հետ շփումը հարստացրեց իմ ներաշխարհը, հնարավորություն տվեց զգալու նրա օժտվածության մեծ ուժը» (անդ, էջ 111-112, 113 )։


Այժմ մեջբերենք Դմիտրի Շոստակովիչի հուշերից մի հատված. «1921 թ. դաշնամուրի ուսուցչիս՝ Լեոնիդ Նիկոլաևի դասարանը զարմանալի շրջանավարտներ տվեց՝ Յուդինան էր և Սոֆրոնիցկին։ Նրանց ավարտական համերգը կոնսերվատորիայի Փոքր դահլիճում իմ երիտասարդության ամենավառ տպավորություններից է... Հիշում եմ, երկուսն էլ նվագում էին Լիստի սի-մինոր Սոնատը... Բացառիկ հաջողություն էր... Նիկոլաևը կոչ էր անում իր սաներին օրինակ վերցնել Յուդինայից և Սոֆրոնիցկուց. «Դու լսի՜ր, թե ինչպես է Մարուսյան նվագում քառաձայն ֆուգաները՝ յուրաքանչյուր ձայն իր տեմբրն ունի»։ Մարիա Վենիամինովնան զարմանալի էր նվագում Բախի երաժշտությունը։ Երբեմն մենք Մարիայի հետ նվագում էինք չորս ձեռքով... Հիշում եմ, նվագում էինք Տանեևի սոլ-դիեզ-մինոր Պրելյուդ և ֆուգան։ Ես նրան ցույց էի տալիս իմ դաշնամուրային և այլ գործերը, որոնց նա բարյացակամ էր վերաբերվում։ Իր հերթին Յուդինան ինձ ծանոթացնում էր Քշենեկի, Հինդեմիտի, Բարտոկի դաշնամուրային գործերին։ Հրաշալի էր նվագում Լիստի երկերը, նման «Ժնևյան զանգեր» պիեսի, որը, ըստ իս, լավագույնն է։ Ինձ հատկապես զարմացնում էր Բեթհովենի սոնատներից վերջինը՝ դո-մինորը... Ի դեպ, մի առիթով խորհուրդ տվեց սովորել Բեթհովենի օպուս 106-ը՝ հայտնի «Համմերկլավիրը»։ Նա ինձ կշտամբեց. «Սա ի՞նչ է, բոլորդ նվագում եք «Լուսնի սոնատը» և «Ապասիոնատան»։ Վերցրեք «Համմերկլավիրը»։ Նիկոլաևը համաձայնեց։ Սակայն նախքան պրոֆեսորի դասին տանելը, ես սոնատը մի քանի անգամ ցույց տվեցի Յուդինային։ Մարիա Վենիամինովնան անսովոր բարի և մաքուր մարդ էր, բայց երևի ոչ այնքան երջանիկ։ Ըստ էության նա շատ միայնակ էր։ Նրա կատարողական արվեստում կարևոր դեր էր խաղում զգացմունքայնությունը, շատ բան կախված էր տրամադրությունից։ Երբ ես փորձում էի իմանալ ինձ տարօրինակ թվացող մեկնողական այս կամ այլ «տարօրինակությունների» պատճառների մասին, նա մշտապես պատասխանում էր. «Ես այդպես եմ զգում» (անդ, էջ 39-40)։


Շոստակովիչը միակը չէր, ում տարօրինակ էին թվում Յուդինայի մեկնաբանությունները։ Ահա ինչ է պատմում Սվյատոսլավ Ռիխտերը. «Յուդինան շատ տպավորիչ էր։ Հիանալի էր նվագում Լիստի «Լաց և հառաչանք»-ը։ Շուբերտի սի-բեմոլ-մաժոր Մեծ սոնատը շատ լավ էր կատարում։ Բայց ամեն ինչը` «թարս ու շիտակ»։ Նա նվագում էր Բախի սի-բեմոլ-մինոր Պրելյուդը, պատերազմի օրերն էին, նվագում էր արագ և որոտընդոստ։ Համերգից հետո, երբ Նեյհաուզը գնաց հետնաբեմ շնորհավորելու, հարցրեց. «Ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ եք Դուք դա այդպես նվագում»։ Յուդինան պատասխանեց. «Որովհետև հիմա պատերազմ է»։ Անշուշտ, պատերազմի ժամանակ ոչ միայն արվեստի ստեղծագործությունների մեկնաբանություններն են փոխվում։ Շատ բան է փոխվում։ Շատ բան բացահայտվում է, շատն էլ քողարկվում։ Հրափորձությամբ ստուգվում է թե՛ մարդու, թե՛ նրա ստեղծածի, կարելի է ասել, «սեյսմակայունությունը»։ Ստուգվում են համայն մարդկության խիղճն ու արդարությունը, որոնց մասին հանճարեղ Սիամանթոն, մեղմ ասած, այնքան էլ լավ կարծիքի չէր։ Հետաքրքիր է, պատերազմի մեջ ներքաշված Հայաստանում այսօր Մարիա Յուդինան ի՞նչ տեմպով ու հնչուժով կնվագեր Բախի հիշյալ Պրելյուդը, անշուշտ, եթե սիրտը չպայթեր։ Ինչպես ասվում է Կոմիտասի «Հայրենյաց սիրով» երգում. «Սիրտ կդիմանա՞... Տեսնել հայրենյաց այսքան բյուր աղետ և, դեռ անտարբեր, ցարդ մնալ հավետ»։ Եվ ահա թե ինչու։ Դաշնակահարուհին երկու անգամ հանդես է եկել Երևանում՝ 1931 և 1933 թվականներին և կատարել Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Շումանի և այլոց գործերը։ Ստալինյան ժամանակների «անտեր ու թշվառ» քաղաքից հետո եթե այդ աղքատ արվեստագետը հայտնվեր այսօրվա ճոխ մայրաքաղաքում, մեծ ցնցում կապրեր։ Սակայն դժվար է ասել, թե ով ավելի շատ կցնցվեր. մենք՝ նրա հուզավառ նվագից, թե նա՝ մեր քաղաքի «ամպագոռգոռ» ճարտարապետությունից, որն անցյալի «քարը քարի վրա» չի թողել, պերճանքից ու թշվառությունից, մուրացկաններից և այլ բարքերից։ (Ի դեպ, դաշնակահարուհին ուսումնասիրում էր նաև ժամանակակից ճարտարապետության տեսությունը և, նախազգալով եկեղեցիների ավերումը աթեիստ իշխանությունների կողմից, գծանկարում էր դրանք, գոնե տեսքը փրկելու համար)։ Միտքս պարզեմ։ Ասում են, մի թուրք փաշա Փարիզում առաջին անգամ բալետ էր դիտում, և հրեշտակակերպ աղջիկների պարով բորբոքված, հիշելով իր հարեմը, բացականչել էր. «Ո՞վ է էս բալետի ամուսինը»։ Իհարկե, Սովետում ապրած դաշնակահարուհու մտքով անգամ չէր անցնի, որ հարցնի, թե ով է այս կամ այլ երկնաքերի, դղյակի, հյուրանոցառեստորանային համալիրների և այլ «օբյեկտների» սեփականատերը, ո՞ր մեծահարուստը (խոսքն այստեղ ազնիվ ճանապարհով հարստացածների մասին չէ)։

Հիշեցնեմ, որ Յուդինան այնքան աղքատ էր ապրում, որ իր տան փչացած կողպեքով դուռը երկար ժամանակ չէր էլ փակում, ասելով, թե գողերի համար տանը բան չունի։ ՈՒստի կարող ենք պատկերացնել նրա զարմանքը, եթե «հարմոնիայի այդ սովյալ զավակն» իմանար, որ այդ հարստությունների տերերն «ախպեր տղերքն» են։ Եվ կապշեր ոչ թե այդ շինությունների անճաշակ ու անճոռնի ճոխությունից, այլ նրանից, թե ինչ գնով են կառուցված ու ձեռք բերված այդ շինությունները, ովքեր են դրանց տերերը և ովքեր են, պոետի խոսքով ասած, «այդ տերերի մերերը»։ Եվ նա Բախը արագ և հուժկու կնվագեր ու կփախչեր Երևանից, ինչպես ժամանակին խիստ վիրավորված Ռիխտերը փախավ ու այլևս ոտք չդրեց Հայաստան։ Ինչ վերաբերում է «տերերի մերերին», ապա դա լոկ բառախաղ չէ։ Այդ մասին գրել է ոչ միայն հայ բանաստեղծը, այլև Հայնրիխ Հայնեն։ Պոետի մայրը խոստովանել է նրան, որ մի օր անցնում էր մի այգու մոտով և տեսնելով դրախտային խնձորներ, խիստ ցանկացավ, բայց զսպեց, որովհետև հղի էր և վախենում էր, որ իր ապագա զավակը գող դառնա։ Եվ Հայնեն ասում է. «Ես ամբողջ կյանքում գաղտնաբար բուռն սեր եմ տածել գեղեցիկ խնձորների նկատմամբ, միևնույն ժամանակ հարգանքով եմ վերաբերվել ուրիշի սեփականությանը և զզվել գողությունից»։

Սակայն երկնային գանձեր կուտակող Հայնեն և Յուդինան ինչ իմանային, որ մեր սեփականատերերն իրենց հարստությունը սկսել են կուտակել ազգային-ազատագրական պայքարի, արցախյան պատերազմի օրերից, երբ ազգի լավագույն զավակները իրենց կյանքն էին նվիրում Հայրենիքին, իսկ թիկունքում հայ տատիկները գուլպաներ էին գործում, տանում գրողների միություն, որ այդտեղից ուղարկեն զինվորներին։ Բացի այդ, արձագանքելով հայրենասիրական կոչին, ընտանիքներից շատերը, որոնք ի վիճակի էին, առնվազն մեկ գրամ ոսկի էին ներդնում ի նպաստ հաղթանակի։ Քանի՜-քանի սփյուռքահայ կամավորներ եկան Արցախ` պաշտպանելու մայր հայրենիքը։ Եթե բանաստեղծն ու դաշնակահարուհին կամ մեկ ուրիշն իմանային այսօրվա սաստկացող արտագաղթի և դրա պատճառների մասին, անպայման պիտի հետաքրքրվեին, թե այդ սեփականատերերի մայրերը հղի ժամանակ ինչ են կերել, որ նման հարուստ զավակներ են պարգևել հայ ժողովրդին։ Ինչպես նշվեց, Յուդինան միանգամայն այլ վերաբերմունք ուներ հարստություն կոչվածին։ Այդ է վկայում նաև հետևյալ պատմությունը, որը Շոստակովիչի կենսագիր Սոլոմոն Վոլկովը անձամբ լսել է կոմպոզիտորից։ Մի օր Ստալինը զանգում է Ռադիոկոմիտե և ասում, որ ռադիոյով լսել է Մոցարտի 23-րդ կոնցերտը՝ Յուդինայի կատարմամբ։ ՈՒ հարցնում է` ունե՞ն արդյոք այդ ձայնասկավառակը։ Վախից ասում են. «Այո»։ Եվ Ստալինը պահանջում է, որ հաջորդ օրը այդ սկավառակը ուղարկեն իր ամառանոց։ Բանն այն է, որ Մոցարտի Կոնցերտը առաջնորդը լսել էր Յուդինայի կենդանի կատարմամբ, որը հեռարձակվել էր ռադիոստուդիայից։ Ռադիոյի աշխատակիցները սարսափի մեջ էին։ Ղեկավարը շտապ կանչեց Յուդինային, հավաքեցին նվագախումբը և գիշերը ձայնագրեցին Կոնցերտը։ Հաջորդ օրը պատրաստեցին սկավառակի եզակի մի նմուշ և հասցրին Ստալինին։ Շուտով Ստալինի կարգադրությամբ Յուդինային հանձնեցին մի ծրար, որի մեջ կար ահռելի գումար՝ 20000 ռուբլի։ Յուդինան պատասխան նամակ է հղում. «Շնորհակալ եմ, Իոսիֆ Վիսարիոնովիչ, Ձեր օգնության համար։ Ես զօր ու գիշեր կաղոթեմ Ձեզ համար, և Աստծուն կխնդրեմ, որ Նա ների ժողովրդի և երկրի հանդեպ գործած Ձեր մեղքերը։ Աստված ողորմած է, Նա Ձեզ կների։ Իսկ գումարը ես կտամ վերանորոգման համար, այն եկեղեցու, որը ես հաճախում եմ»։ Զարմանալի է, որ Ստալինը դաշնակահարուհուն չպատժեց։ Հայտնի է, որ Ստալինը երբեմն նման տարօրինակություններ էր անում։ Նույնիսկ եթե սա չափազանցություն է, ապա հեռու չէ ճշմարտությունից, քանզի իսկ և իսկ Յուդինայի ոճով ու ոգով է։ Իսկ գուցե Մոցա՞րտն էր Ստալինի մոտ «բարեխոսել» Յուդինայի համար։ Համենայն դեպս, երբ Ստալինին գտան մեռած, նկատեցին, որ նվագարկչի վրա Յուդինայի սկավառակն էր։
Մեծ արվեստագետին, լուսասփյուռ մարդուն նվիրված այս անդրադարձն ավարտենք Ֆրիդրիխ Նիցշեի հետևյալ ասույթով. «Լավ ասված խոսքը մեռածն էլ կլսի»։ Ահա այդպիսին էին նաև Մարիա Յուդինայի հրեղեն խոսքն ու նվագը։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 18575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ