Մեր զրուցակիցն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
-Պարոն Վարդանյան, ի՞նչ գնահատական կտաք այսօրվա քաղաքական էլիտային, ի՞նչ դեր պետք է այն խաղա հասարակության համար։
-Նախ սահմանենք «քաղաքական էլիտա» հասկացությունը։ Կարծում եմ՝ այսօրվա քաղաքական էլիտան տարանջատվում է ազգային էլիտայից։ Եվ քանի որ ընդհանուր քաղաքական դաշտի մրցակցությունն այլ երկրների կամ միջազգային ֆինանսական ուժերի ծառա դառնալու համար է, ապա քաղաքական էլիտան, լինելով մրցակցության մի մասնիկը, չի մասնակցում երկիրն առաջնորդելու գործընթացին։ Հայաստանակենտրոն քաղաքական էլիտա այսօր, անկեղծ ասած, չեմ տեսնում։ Մենք ունեինք նման էլիտա արցախյան պատերազմի մեկնարկին՝ 1988-1993 թթ.։ Նրանց թիվն աստիճանաբար նվազեց, և 2005-2007 թթ. մենք հայաստանակենտրոն քաղաքական էլիտա այլևս չունեինք։ Հիմնականում մնացին մարդիկ, ովքեր պայքարում են Հայաստանում այլ երկրների ներկայացուցիչ դառնալու համար։ Իհարկե, այդ պայքարի մեջ օգտագործվում են ազգայնական բովանդակությամբ բազմաթիվ կարգախոսներ, սակայն հիմքում դրանք հայաստանակենտրոն չեն։ Եվ այս իրավիճակը պատահական չէ, քանի որ ազգային քաղաքական էլիտա ունենալու պահանջ ունի հանրության մոտ 10 տոկոսը։ Մնացած հատվածն ինքն էլ օտարամոլ է՝ հայացքն անընդհատ ուղղելով դեպի դուրս։ Այս տրամադրությունների հիման վրա էլ ձևավորվում է մեր քաղաքական էլիտան։ Ինձ համար զավեշտալի է այն փաստը, թե ինչպես կարող է Մովսես Գորգիսյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Իգոր Մուրադյանի նման առաջնորդներ ունեցող ժողովուրդը գնալ, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանի հետևից, մարդ, ով ակնհայտորեն ընդունակ է ժողովրդին խաբելու, ժողովրդին թողնելու փողոցում ու գնալու դիվանագիտական հանդիպումների։ Փաստորեն, ոչ թե ազգային էլիտա է, այլ դրսի էլիտաներից մեկի ներկայացուցիչը։ Եվ դա ընդունվում ու ընկալվում է, ինչն ինձ համար խիստ զարմանալի է։ Այսինքն՝ ինքնիշխանությունը բացակայում է ոչ միայն պետությունում, այլև մարդու մեջ, նրա ուղեղում։
-Ազգային արժեքների բացակայությունը մեր հասարակությունում չի՞ վտանգում առանց այն էլ մեծաթիվ մարտահրավերներ ունեցող մեր երկրի ապագան։
-Այստեղ մենք պետք է հստակեցնենք, թե ինչն ենք մենք ցանկանում պահպանել։ Եթե ինքնիշխան պետության մասին ենք խոսում, իհարկե, վտանգված է։ Եթե գոյատևման մասին է խոսքը, ապա վտանգված չէ, քանի որ խավարասերներն էլ են գոյատևում։ 4 միլիարդ տարի անցել է, խավարասերներին ոչինչ չի պատահել։ Այս իմաստով գոյատևման մեջ ես ոչ վտանգ եմ տեսնում, ոչ էլ առավել ևս՝ իմաստ, քանի որ դու աշխարհին ոչինչ չես տալիս, միայն սպառողի դեր ես կատարում։ Աշխարհում կան հազարավոր սպառող ազգեր, մենք էլ կդառնանք դրանցից մեկը։ Ազգը կամ մարդը կարողանում են ստեղծագործել և աշխարհին մի բան տալ, երբ ինքնիշխան են, ունեն նպատակներ։ Ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի բան է ազգային գաղափարախոսություն ասվածը, որովհետև այն չի կարող գոյություն ունենալ, երբ ազգի մասնիկներն ինքնիշխան չեն։ Նախ՝ մարդիկ իրենք պետք է նպատակներ դնեն և դրանց շուրջ համախմբեն մարդկանց, փոխանակեն, համադրեն, վերլուծեն իրենց նպատակները, մշակեն ռազմավարություն, այնուհետև՝ մարտավարություն, որպեսզի, ասենք, 50 տարի հետո հասնեն իրենց առջև դրված նպատակի իրականացմանը։ Վերջին 20 տարում ես Հայաստանում չեմ տեսել որևէ ծրագիր, որ գոնե 5 կամ 10 տարվա նպատակադրում ունենա։ Ազգային գաղափարախոսությունը նախ և առաջ ռազմավարություն է։ Ո՞նց կարող է սեփական ռազմավարություն չունեցող մարդը սկսել խոսել ազգի առաջիկա 50 տարվա ծրագրերի մասին։
-Այսինքն՝ հասարակությունը չգիտի ինքն իրեն կառավարելու, առաջ գնալու մեխանիզմները։ Մեր փոքր ուղեղներով, խեղաթյուրված արժեքային համակարգով ինչպե՞ս կարող ենք առողջ հասարակություն ու հզոր ապագա կառուցելու փորձ անել։
-Ես չեմ կարծում, թե մեր ուղեղներն են փոքր։ Աստված մեզ մեծ շնորհներով է օժտել, պարզապես պետք է կարողանաս իրացնել այդ շնորհները։ Որպեսզի ռեալիզացնես, պետք է նպատակ դնես։ Երբ որոշում ես, այլևս չես կարող հանգիստ ապրել, պետք է նպատակիդ հասնելու քայլերի հաջորդականություն մշակես։ Եվ երբ հասկանում ես, որ նպատակը շատ մեծ է, միայնակ չես կարող իրականացնել, պետք է հաղորդակցվես մարդկանց հետ, որ նրանք էլ կիսեն այդ նպատակը։ Որպեսզի ճիշտ հաղորդակցվես, պետք է անկեղծ լինես, որ վստահություն ներշնչես։ Իսկ որպեսզի անկեղծ հաղորդակցվես, պետք է ինքդ քո միջուկը ճանաչես, այն պետք է մաքուր լինի։ Այդ ամենն անելու համար մարդն ինքն իր վրա պետք է աշխատի, դա դժվարագույն ճանապարհ է։ Սա որոշակի վարքագիծ է։ Կարծում եմ՝ այսօր Հայաստանում նման վարքագիծ ունեցող մարդկանց քանակն ընդամենը մի քանի հարյուրի է հասնում։ Այդ թիվը դոմինանտ չէ։ Մեզանում այսօր դոմինանտ է տեղավորվելու, հարմարվելու, դասավորվելու վարքագիծը։ Սրանք երկու տարբեր վարքագծեր են։ Հասարակությունը բնազդաբար քաղաքական էլիտայի մեջ փնտրում է տեղավորվելու, հարմարվելու կարողություն ունեցողների միջից լավագույնին։ Իրականում մարդը բնազդաբար գնում է իր նմանների հետևից։ Հարմարվել առաջին հերթին նշանակում է խաբել։ Երբ չգիտես, թե ով ես, պետք է ձևական մեթոդներով առաջ շարժվես։ Խաբեությունը հանգեցնում է հասարակական հարաբերությունների դեֆորմացիայի։ Այդ դեֆորմացիան բերում է ցավի։ Մարդիկ Հայաստանը ցավից են լքում, տարբեր տեսակի ցավերից. մեկի մոտ ցավում է արդարության զգացողությունը, մյուսի մոտ՝ ֆինանսատնտեսական վիճակը։ Այդ ցավը մենք ենք ստեղծել։ Մեր դեֆորմացված գիտակցությունը ստեղծել է դեֆորմացված հասարակություն, որը ցավեցնում է, ու մենք այդ ցավից գոռում ենք։ Րաֆֆի Հովհաննիսյանին տրված 500 հազար ձայնը ցավի արտահայտություն է։ Բայց այդ 500 հազարը ոչ մի քայլ չի անում, որ հաջորդ անգամ վերքը չցավի։ ՈՒղղակի գոռում են, և նրանց թվում է, որքան ուժեղ գոռան, հաջորդ անգամ ավելի քիչ կցավի։ Այս վարքագիծը մենք տեսնում ենք ոչ միայն քաղաքական գործընթացներում, այլև ամեն տեղ։ Նույն Ցեղասպանության խնդրում մենք շարունակում ենք գոռալ։ 100 տարի գոռում ենք։ Փոխանակ գործ անենք՝ ուժեղ երկիր կառուցենք, հզոր բանակ կայացնենք, տնտեսություն զարգացնենք, արտաքին քաղաքականությունն ամրապնդենք, սեփական դիմագիծ, արժանապատիվ ժողովուրդ ունենանք, մենք գնում ենք խավարասերների՝ գոյատևելու վարքագծով։ Ենթադրվում է, որ գոյատևման վարքագծում որքան խեղճ երևաս, այնքան քեզ քիչ կծեծեն։ Ողորմելի քաղաքական մեսիջներն էլ, թե մենք թույլ ենք, շրջապատված և այլն, այդտեղից են գալիս։ Մեր հիմնական խնդիրը սա է։
-Սպասենք, որ ազգային էլիտան, ի վերջո, կարթնանա, և այն մի քանի հոգին, որ պետք է պատասխանատվություն ստանձնեն այս երկրի համար, ի հայտ կգան։
-Ես կարծում եմ՝ դա չերևացող գործընթաց է։ Սովորաբար մարտահրավերների ժամանակ է այդ էլիտան ի հայտ գալիս։ Բայց եթե ցանկանում ես հաղթել, պետք է ավելի շուտ դրսևորվես։ 88-ին ո՞վ էր իմանում, որ կան Մովսես Գորգիսյան, Լեոնիդ Ազգալդյան, Հրանտ Խաչատրյան։ Եվ քանի որ այդ հերոսները մարտահրավերների ժամանակ են արթնանում և առաջինն իրենք են գնում կռվի, առաջինը հենց իրենք էլ զոհվում են։ ՈՒ հետո գալիս է էլիտայի բացակայության շրջանը։ Այսօր այդ իրավիճակում ենք։ Մենք էլիտա չունենք, որովհետև 90-ականների սկզբին այդ տղաների 90 տոկոսը զոհվեց։ Ամեն գյուղում ունեինք մի թասիբով տղա, այդ թասիբով տղան համախմբեց գյուղի մյուս տղաներին, կազմակերպեց ինքնապաշտպանություն և ինքնազոհվեց։ Հիմա եկել է խաղաղ ժամանակը, գյուղում թասիբով տղա չի մնացել։ Եվ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ազգային առաջնորդություն չկա։ Կարծում եմ՝ սխալ է սպասել մարտահրավերներին, որպեսզի հերոսներն այդ ժամանակ ի հայտ գան։ Հիմա է պետք, որ նրանք ոտքի կանգնեն, հիմա է դժվար, հիմա է պետք պատասխանատվություն ստանձնել, երկիրը ոտքի կանգնեցնել, որպեսզի մարտահրավերի ժամանակ կազմակերպված լինենք ու գեներալին չգցենք առաջին գիծ։ Գեներալները մեզ պետք են վերջին գծում։ Այս վարքագիծն արցախյան պատերազմում մենք չպահեցինք։ Մեր լավագույն գեներալներն ու մարշալները, քանի որ կռվողները քիչ էին, ճարահատյալ գնացին առաջին գիծ ու զոհվեցին։ Բլեֆ է այն միտքը, թե պատերազմը հայ ժողովուրդն է շահել։ Կեղծիքի չափաբաժինը մեր մեջ բավականին շատ է։ Պատերազմին իրականում մասնակցել է 10 հազար տղա, նրանց օգնել է մի 20 հազար մարդ։ Պատերազմը շահել են այդ 30 հազարը։ Դա մեր ազգի մեկ տոկոսն է։ Մենք պետք է ազնիվ լինենք ու ասենք, ժողովո՛ւրդ, ազգն այդ պատերազմի հետ ոչ մի կապ չունի։ Տեսնում եք՝ մեկ տոկոսը ինչքան բան կարող է փոխել։ Եվ այդ բլեֆը մեր կյանքում շարունակվում է։ Մեկը պատերազմի ժամանակ մասնակցել է մարշալի կարգավիճակում, ռազմավարություն է որոշել, մյուսն էլ՝ զինվորի կարգավիճակում։ Հիմա այդ մարշալը զոհվել է, մենք դափնիները դնում ենք զինվորի կարգավիճակում կռված մարդու ուսերին ու հերոսացնում։ Այսպիսով դեֆորմացնում ենք մեր պատմությունը, աղավաղում, կեղծում արժեքները։ Երիտասարդներն էլ, որոնք մեր ապագա ազգային էլիտան են, դաստիարակվում են կեղծ արժեքների վրա։
Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ