Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արդյոք գոյություն ունի՞ մեգրելական հիմնախնդիրը

Արդյոք գոյություն ունի՞ մեգրելական հիմնախնդիրը
17.07.2009 | 00:00

ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ
Վրացական պետականության նկատմամբ վնասակարության առումով տնտեսական խնդիրների կողքին գոյություն ունեն նաև քաղաքական միջոցներ։ Այս առումով հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի վարած որոշակի քաղաքականությունը Վրաստանի առանձին տարածաշրջաններում։ Եվ հատկապես Մեգրելիա նահանգում։ Այն շրջանների մեգրելական բնակչությունը, որն ավանդաբար համարվում է Մեգրելիայի մասը, կազմում է 435 հազար մարդ, ևս 50-60 հազար մեգրել բնակվում է Աբխազիայում և մոտ 200 հազարը` Վրաստանի տարբեր քաղաքներում։ Հիմնականում դա, անշուշտ, Թբիլիսին է, նաև Բաթումը, Քութայիսը, Իմերեթիայի որոշ փոքր քաղաքներն ու գյուղերը։ Մեգրելները սերտ ինտեգրացված են կառավարման համակարգում ու առհասարակ վրացական հասարակության մեջ և լուրջ դիրքեր են զբաղեցնում Թբիլիսիում։
Միաժամանակ, սակայն, ձևավորվել են բավական տհաճ հարաբերություններ մեգրելների և այլ քարթվելական ցեղերի, օրինակ, կախեթցիների, սվանների, աջարների միջև։ Վրացական հեղինակների վկայությամբ, մեգրելները վրացիների հետ շփվելիս նույնպիսի դիսկոմֆորտ են ապրում, ինչպես մյուս ոչ քարթվելական էթնոսների ներկայացուցիչները։ Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, սակայն բավարարվենք մեկ բնորոշ օրինակով. նույն զորամասում Մեգրելիայի և Վերին Սվանեթիայի երիտասարդներին անհնար է համատեղել Կախեթիայից եկածների հետ։ Դա մշտապես հղի է ազգամիջյան բախման հեռանկարով, և Վրաստանի ռազմական ղեկավարությունը սովորաբար խուսափում է այդպիսի համատեղումից։ Նախագահն ու նրա թիմը միաժամանակ անում են ամեն ինչ, որպեսզի հասարակությունը տարաբաժանեն իրար հակադրվող քաղաքական և էթնիկական խմբավորումների։
Այս կապակցությամբ վրաց քաղաքագետ Ջաբա Դևդարիանին կարծում է. «Վրացական իշխանությունները զգուշանում են, որ Աբխազիայի անջատական տարածաշրջանում լարվածության մեծացումը կարող է տարածվել նաև Սամեգրելոյի և Իմերեթիայի տարածաշրջանների վրա։ Թբիլիսին արդեն քայլեր է ձեռնարկում այդտեղ կարգ ու կանոն հաստատելու նպատակով, և, փորձագետների գնահատմամբ, ստեղծված իրավիճակը վկայում է Վրաստանում իշխանության տարածաշրջանային ինստիտուտների ծայրահեղ թուլության մասին։ Սաակաշվիլու վարչակազմի տեսանկյունից Սամեգրելոն և Իմերեթիան Վրաստանի համար յուրօրինակ նշանակություն ունեն և նրա «սիրտն» են։ Այդ իսկ պատճառով քաղաքական ենթակառուցվածքների ամրապնդումն այդ տարածաշրջաններում էական նշանակություն ունի կենտրոնական կառավարության հիմնական նպատակին հասնելու տեսանկյունից։ Այսինքն` Թբիլիսիի իշխանության վերականգնմանը Վրաստանի ամբողջ տարածքում։ 2006-ին Սաակաշվիլին Սամեգրելոյում իր անձնական ներկայացուցիչ նշանակեց պետանվտանգության փոխնախարար Գիգի ՈՒգուլավային։ Այդ նշանակումը տեղի ունեցավ տարածաշրջանում անվտանգության հետ կապված մտահոգիչ զարգացումների ֆոնի վրա, քանի որ այն երկար ժամանակ Աբխազիայից վառելանյութի և ծխախոտի մաքսանենգության կենտրոնն էր։ ՈՒգուլավան անհապաղ կարգադրեց իրականացնել ոստիկանական միջոցառումներ` հանցագործ խմբավորումների ազդեցությունը թուլացնելու նպատակով։ Որոշ փորձագետների կարծիքով, կենտրոնական իշխանության ներկայացուցիչների օգտագործումը Սաակաշվիլու կողմից` նահանգներում կարգ ու կանոն հաստատելու նպատակով, անհրաժեշտ է դիտարկել իբրև ժամանակավոր որոշում։ Վրաստանում խիստ զարգացած են ռեգիոնալիզմը, և թեկուզ բացահայտ հակադրությունը քիչ հավանական է, միշտ գոյություն ունի մայրաքաղաքային «ոսկե երիտասարդության» գործողությունների ոչ հրապարակային սաբոտաժի հնարավորություն։ Փորձագետները համարում են, որ կայունության հաստատումը Սամեգրելոյում և Իմերեթիայում պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե որքանով Թբիլիսին կկարողանա ապակազմակերպել տեղական բյուրոկրատիան։ Գեցաձեի և ՈՒգուլավայի նշանակումներով Իմերեթիայում և Սամեգրելոյում խնդիրները լուծելու Սաակաշվիլու քաղաքականությունը նշանակում է, որ նախագահն առանձնակի վստահություն չի տածում իրեն քաղաքական աջակցություն ապահովող գլխավոր ուժի` «Ազգային շարժում» կուսակցության նկատմամբ և չի դիտարկում նրան իբրև նահանգների կառավարման համար կադրերի հիմնական դարբնոց։ Ոչ ՈՒգուլավան, ոչ էլ Գեցաձեն չեն հանդիսանում Սաակաշվիլու գլխավորած «Ազգային շարժում» կուսակցության գործիչներ»։
Այս սյուժեն շատ բնութագրական է Վրաստանի տարածաշրջանների համար, ուր, անշուշտ, գոյությունի ունի անջատական որոշակի պոտենցիալ։ Սակայն այնքան էլ շատ չեն իրական ուժերը, որոնք կարողանային թեկուզ մասնակիորեն իրագործել այդ հավակնությունները։ Սեպարատիզմը Վրաստանի ներսում լուրջ արտաքին աջակցության կարիք ունի, որը չկա։ Մինչդեռ շատ կողմերով տեղերում կազմակերպվածության աստիճանը, ֆինանսական և տեղեկատվական ապահովումը կախված է արտաքին աջակցությունից։ Վրաստանում այնպիսի խոշոր էթնիկական տարածաշրջանների գոյության պայմաններում, ինչպիսիք են Սամցխե-Ջավախեթին և Աջարիան, անջատականության սպասումներն ավելի առարկայական են հենց Մեգրելիայում։ Ընդ որում, Թբիլիսիում և բուն Մեգրելիայում ապրող մեգրելների տրամադրությունների մեջ իրականում մեծ տարբերություն չկա։ Մեգրելական էթնոսի բոլոր բաղադրամասերը պատմական բոլոր փուլերում իրենց դիտարկել են իբրև մի ժողովուրդ, որ համավրացական պետականության կրողներից մեկն է։ Ավելին` մեգրելական էլիտայի ավանդույթները հուշում են, որ նրանք ունեն անվիճելի առաջնահերթություն Վրաստանը կառավարելու և նրա քաղաքականության մեջ դերակատարության առումով։ Մեգրելները միաժամանակ համարում են, որ իրենց մտադրությունները համավրացական բեմահարթակներում չեն հակասում Մեգրելիայի Ինքնավարության կամ Վրաստանից առհասարակ անջատվելու պահանջներին, եթե իրենց քաղաքական հավակնությունները չբավարարվեն։ Ահա այսպիսի մոտավոր տրամադրություններ են առկա մեգրելական միջավայրում։ Զվիադ Գամսախուրդիայի նախագահության ժամանակաշրջանում ունեցած ազդեցության համեմատ, մեգրելների համար ցանկացած այլ կարգավիճակ համարվում է վնասաբեր։ Վրաստանի ո՛չ ներկայիս, ո՛չ էլ ապագա սոցիալ-տնտեսական իրավիճակը չի կարող բավարարել մեգրելներին, որոնք խորհրդային շրջանում ունեին լուրջ եկամուտներ։ Մասնավորապես, Մեգրելիան ու Աբխազիայում բնակվող մեգրելներն էին տիրապետում Վրաստանում ցիտրուսային մրգերի աճեցման ու դրանցից ստացվող եկամուտների 30 տոկոսին, որոշակի եկամուտ էր բերում նաև միջնորդավորված առևտուրը, որով մեգրելները զբաղվում էին շատ ակտիվորեն։
Ներկայումս Ռուսաստանում բնակվող մեգրելները գործնականում որևէ հարցում համամիտ չեն Վրաստանի վարած քաղաքականությանը, քննադատում են վրացական ղեկավարությանը, նույնը տեղի է ունենում նաև ներքին բանավեճի ռեժիմում։ Մեգրելները համարում են, որ Վրաստանի քաղաքական ղեկավարությունն իրենց նկատմամբ վարում է ակնհայտ խտրականության քաղաքականություն` իրենց հայրենիքը հանդիսացող Մեգրելիան դասելով երրորդական նշանակության նահանգների շարքին։ Մեգրելական էլիտան վստահ է, որ, անկախ նրանից, թե որ թիմն իշխանության գլուխ կլինի Թբիլիսիում, Մեգրելիայի նկատմամբ իրականացվել ու իրականացվելու է բնակչությանն այդ տարածքից դուրս մղելու, տարածաշրջանի տնտեսական զարգացումը դիտավորյալ կանխարգելելու քաղաքականություն։ Մասնավորապես Աբխազիայի հիմնախնդիրը Մեգրելիայում դիտարկվում է իբրև իրենց նկատմամբ ճնշման լծակ և իրենց շահերով մանիպուլյացիա անելու միջոց։ Աբխազիայի 1993-ի ողբերգական իրադարձությունները Մեգրելիայում կրկնվելու զգալի հավանականություն ունեն, և գնալով ավելի է ամրապնդվում այն վարկածը, որ Վրաստանի ղեկավարությունը նպատակ ուներ մեգրելների ու աբխազների միջև հակամարտություն հրահրել, ինչը տապալվեց։ Զ. Գամսախուրդիայի այն գաղափարը, թե կարելի է ստեղծել աբխազա-մեգրելական միասնական պետություն, ոչ թե անձնական դիրքորոշում էր, այլ արտահայտում էր վրաց-մեգրելական իրական հակադրությունը։
Մ. Սաակաշվիլու կառավարության քաղաքականության հետ կապված հույսերի փլուզումից հետո Մեգրելիայում կրկին ակտիվացել են ինքնավարության պահանջով հանդես եկող խմբերը։ Ըստ որոշ տվյալների, 2008-ի աշնանը տեղի ունեցած Վրաստանի անվտանգության խորհրդի նիստերից մեկի ժամանակ որոշում է ընդունվել Մեգրելիայում անջատական տրամադրությունները կանխելու միջոցառումների մասին։ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության սպաներից մեկի զեկուցագրում, որն աշխատում է ԿՀՎ-ի թբիլիսյան գրասենյակում, ներկայացված է եղել Վրաստանի մի շարք տարածաշրջաններում իրավիճակի վերլուծությունը։ Այդ զեկուցագրի նախապատրաստման ժամանակ խորհրդատվություններ են անցկացվել տարբեր վրացական փորձագետների հետ, ուշադրություն է դարձվել Մեգրելիայում տիրող անջատական տրամադրություններին։ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆտը Վրաստանի ներսում իր առաջին ուղևորությունը կատարեց դեպի Մեգրելիա և հանգեց այն հետևության, որ այդ տարածաշրջանում իրավիճակը խիստ անկայուն է, գոյություն ունեն ընդգծված անջատական տրամադրություններ։ Գերմանական դեսպանության քաղաքական հարցերով խորհրդականի` Զուգդիդում հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծված ձևով արտահայտված են եղել տեղական ինքնակառավարման, վարչական ու տնտեսական ինքնավարության հետ կապված հարցադրումները։ Կան տվյալներ, որ Մեգրելիայում արդեն իսկ գոյություն ունի ոչ ֆորմալ խորհրդարան, և այն իր մեջ ներառում է տարբեր բնակավայրերի, գյուղերի, քաղաքների, այդ նահանգում ազդեցություն ունեցող տոհմերի ներկայացուցիչների։ Այդ ոչ ֆորմալ խորհրդարանը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է անցկացնում տարբեր առիթներով, որոնք սովորաբար կապվում են կրոնական տոների կամ տեղական սովորույթների հետ։ Ոչ շատ վաղուց Փոթիում, որը սկզբունքորեն չի հանդիսանում «դասական» Սամեգրելոյի մասը, մի հասարակական հավաքի ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են բուն Մեգրելիային, Փոթի քաղաքի մշակութային, պատմական և լեզվական պատկանելությանը։
Ցավոք, տրամադրության տակ չկան Մեգրելիայում անջատական միտումների վերաբերյալ բոլոր համադրված փաստերը, սակայն այդ տրամադրություններն ակնհայտորեն գոյություն ունեն։ 2006-ի սկզբին, երբ ԱՄՆ-ի մտահոգությունն աճում էր` Վրաստանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված, Վաշինգտոնի Ջոն Հոփքինսի անվան համալսարանի «Կենտրոնական Ասիայի և Կովկասի» ինստիտուտը կազմակերպեց սեմինար «Քաղաքական և սոցիալական պրոբլեմները Վրաստանի նահանգներում» թեմայով։ Այդ սեմինարին մասնակցում էին կովկասյան ուսումնասիրություններով զբաղվող ԱՄՆ-ի բոլոր փորձագետները, և բազմիցս ընդգծվեց, որ Մեգրելիան, իբրև տարածաշրջան, զգալի անջատական ներուժ ունի և կարող է դառնալ Վրաստանում իրավիճակի սուր ապակայունացման օջախ։
Անկասկած է, որ Մեգրելիայում քաղաքական անջատականության միակ հնարավոր նախաձեռնողը Ռուսաստանն է։ Ռուսական ԶԼՄ-ներում այս թեման ժամանակ առ ժամանակ շրջանառվում է, ինչը, սակայն, չի կրում համակարգային բնույթ և, հավանաբար, պայմանավորված է տարբեր իրավիճակների առաջացմամբ։ Երբեմն այս թեման բարձրացվում է այն սեմինարներում, որոնք կազմակերպում է ԱՊՀ ինստիտուտը։ Միաժամանակ Ռուսաստանն առայսօր չի իրականացրել Մեգրելիայի նկատմամբ հետևողական քաղաքականություն, ինչը բացատրվում է տարաբնույթ մեղադրանքների տակ չհայտնվելու մտահոգությամբ։ Թեպետ, միևնույն ժամանակ, Վրաստանն իրեն չի սահմանափակել Չեչնիայի ուղղությամբ գործելու առումով։ Ռուսաստանն ուներ հնարավորություններ Մեգրելիայում հրահրելու լուրջ անջատական շարժում կամ էլ այլ կարգի կենտրոնախույս հասարակական գործունեություն։ Մեգրելիայում լուրջ անջատական շարժման հանդես գալը, սակայն, է՛լ ավելի կհեռացնի աբխազական երկաթգծի վերաբացման հեռանկարը և ամենից առաջ Հայաստանի համար։ Մասնավորապես կարող է շրջափակվել նաև Փոթիի նավահանգիստը։ Մեգրելական թեման սկզբունքորեն չի կարող չլինել Ռուսաստանի ուշադրության առարկա, և ներկա իրավիճակում կան սպասումներ, որ այդ խնդիրն ավելի է արդիականացվելու։
Ներկայումս մեգրելական հասարակական կազմակերպությունները ոչ միայն տարաբաժանված են, այլև թշնամացած միմյանց հետ և իրենցից ներկայացնում են մի քանի տասնյակ մարդկանց համախմբող առանձին խմբավորումներ։ Զուգդիդում մեգրելական մտավորականների փորձերը, ինչպես նաև Մոսկվայում նրանց ջանքերը` ստեղծելու քիչ թե շատ նշանակալի կազմակերպություն, հաջողությամբ չպսակվեցին։ Դա շատ կողմերով պայմանավորված է այն իրողությամբ, որ Մեգրելիայում ձևավորվել է սարսափի ու սոցիալական տեռորի մթնոլորտ։ Այնտեղ, ինչպես Սամցխե-Ջավախեթիում, ուժեղացված են պետանվտանգության մարմինները, վերահսկողություն է իրականացվում աբխազական և ռուսական իշխանությունների հետ բոլոր հնարավոր շփումների ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով հասարակական կազմակերպություններ ստեղծելու փորձերը պայմանավորված են նաև վրացական իշխանությունների ռեպրեսիաները նկատի ունենալով։ Եվ, այնուհանդերձ, դա հնարավոր է, եթե այդ խնդիրներին միանան նաև Ռուսաստանում բնակվող մեգրելական մտավորականության և գործարար շրջանակների ներկայացուցիչները։ Մանավանդ որ, այդ ամենից բացի, համապատասխան աշխատանք է տարվում Աբխազիայի Գալիի շրջանում բնակվող մեգրելական բնակչության հետ, և այդ երկարատև բազմաքայլ գործունեությունն ուղղված է մեգրելական ազգային ու քաղաքական ինքնագիտակցության վերածննդին։ Այդ նպատակով Ռուսաստանն Աբխազիայի հետ համատեղ դիտարկում է ինստիտուցիոնալ բաղադրիչների վերականգնման հնարավորությունը, ինչպես նաև մեգրելական այբուբենի ու գրականության ստեղծումը, մեգրելների համար կրթական հաստատությունների հիմնումը, թեկուզ և հումանիտար ոլորտում, Ռուսաստանն աշխատում է համոզել աբխազական ղեկավարությանը մեգրելներին ինքնակառավարման հնարավորություն տալ, այդ թվում` մշակութային ինքնավարություն, կազմակերպել Մոսկվայում մեգրելական մշակույթի և հասարակական-քաղաքական կենսագործունեության կենտրոն, Աբխազիայում բնակվող մեգրելական բնակչությանը տալ տնտեսական զարգացման հնարավորություններ` ընդգրկելով նրանց սոցիալական ապահովության, առողջապահության սպասարկման ոլորտներում, տրամադրել սեփականության անձեռնմխելիության երաշխիքներ։ Նույնքան կարևոր է համարվում Մեգրելիայի բնակչության ինտեգրումն այն սոցիալ-տնտեսական ու մշակութային դաշտում, որը հնարավոր է ստեղծել Աբխազիայի Գալիի շրջանում` դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով միջազգային ասպարեզում մեգրելների իրավունքների պաշտպանության համար։ Նկատի ունենալով մեգրելական ազգանունների տարբերությունը, չի բացառվում, որ այդ ուղղությամբ որոշակիորեն բարելավվի վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների նկատմամբ, դրանով իսկ ստեղծելով լուրջ լծակ բուն Մեգրելիայում իրավիճակի վրա ազդելու առումով։ Հավանաբար, նկատի է առնվում այն հանգամանքը, որ ժամանակի ընթացքում կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ գոյություն կունենան և համեմատության մեջ կլինեն երկու Մեգրելիա` վրացականն ու ռուսականը, որը կգտնվի Ինգուրի գետի աջ ափին։ Այդ գաղափարները շատ ակտիվ մշակվում են Մոսկվայում գործող տարբեր հետազոտական կառույցների ոչ հրապարակային բանավեճերի շրջանակներում։
Մեգրելական ծագում ունեցող վրաց քաղաքագետ Ալեքսանդր Չաչիան համարում է, որ մինչև մեգրելական միջավայրում մի շարք հակավրացական քաղաքական գաղափարների ներդրումը դեռ պետք է ստեղծել մեգրելական ազգ, որը շատ կողմերով կորցրել է իր էթնիկ առանձնահատկությունները խորհրդային շրջանում։ Սակայն, միաժամանակ, Չաչիան չի թաքցնում իր ռուսամետությունն ու ձախ հայացքները, մանավանդ որ ժամանակին գլխավորում էր վրաց կոմունիստների առաջնորդ և նախագահի հավակնորդ Ջ. Պատիաշվիլու նախընտրական շտաբը։ Միևնույն ժամանակ մեգրելների ինքնուրույնության գաղափարը սահմանափակված չէ միայն ռուսամետ շրջանակներով, այն ակտիվորեն քարոզվում է նաև դեպի ԱՄՆ ու Եվրամիություն կողմնորոշված երիտասարդ ու կրթված մարդկանց կողմից, ովքեր ավելի իրատեսական են համարում մեգրելների իրավունքների պաշտպանության կենսագործումը։ Նրանց կարծիքով, Մեգրելիայի անջատումը Վրաստանից ոչ միայն իրատեսական չէ, այլև խիստ ապակառուցողական է, Մեգրելիան կարող է բավարարվել վարչատարածքային ինքնավարությամբ։ Հարկ է նկատի ունենալ, որ Արևմտյան Վրաստանի բնակչությունը և ամենից առաջ մեգրելներն անհամեմատ ակտիվ են, քան սոցիալ-քաղաքական ակտիվության անկում ապրող Կախեթիայի բնակիչները։ Մեգրելները զգալիորեն ինտեգրված լինելով վրացիների մեջ և առաջատար դիրքեր զբաղեցնելով քաղաքականության, մշակույթի ու տնտեսության մեջ, քաղաքական հավակնությունների առումով դժգոհ են այն իրողությունից, որ Վրաստանը չի կարողանում լուծել Մեգրելիայի սոցիալ-տնտեսական խնդիրները։ Դրան ավելանում են նաև Աբխազիայում իրենց «ազգային օջախը» կորցնելու մեղադրանքները, երբ ժամանակին ողջ Աբխազիան բնակեցված էր մեգրելներով։ Շատ մեգրելներ համարում են, որ վրացական քաղաքական գործիչների շնորհիվ իրենք կորցրին իրենց բնակության և կենսագործունեության համար անչափ կարևոր այդ տարածքը։ Այսպիսով, մեգրելական հիմնախնդիրը, իբրև քաղաքական պրոբլեմ, անշուշտ, գոյություն ունի և գտնվում է Վրաստանի քաղաքական ղեկավարության ու հասարակության տեսադաշտում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2726

Մեկնաբանություններ