Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հարավկովկասյան նոր քաղաքական իրավիճակ

Հարավկովկասյան նոր քաղաքական իրավիճակ
28.10.2008 | 00:00

ՏԵՍԱԿԵՏ
Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականությունն արևմտյան մի շարք քաղաքագետների միշտ որակել են քաղաքական ճկունությունից զուրկ և արդյունավետության տեսանկյունից անբավարար։
Հարավային Կովկասում ԱՄՆ-ը միշտ էլ հենվել է որոշակի քաղաքական ուժերի վրա, որոնք ամբողջությամբ կամ ինքնասպառվում էին, կամ դադարում քաղաքական լուրջ գործընկերներ համարվելուց։ Բանն այն էր, որ այս տարածաշրջանում որևէ կերպ չէին ձևավորվում նոր քաղաքական լուրջ ուժեր։ Վերջիններիս բացակայությունը մի շարք խնդիրների առջև էր կանգնեցնում ԱՄՆ-ի քաղաքական վերնախավին։ Հատկապես մեծ խնդիրներ էր առաջացրել Հայաստանը, ուր շոշափվում էին ոչ միայն ռուսամետ քաղաքականության, այլև խիստ ազգայնական և ռադիկալ գաղափարներն ու հայացքները։ Սպիտակ տան քաղաքական ադմինիստրացիան ժամանակին թերագնահատել էր Հայաստանի միանգամայն իռացիոնալ տրամադրությունները Թուրքիայի հանդեպ, իսկ այժմ գրեթե հասկացել է, որ ռուսամետության շրջանակները սահմանված էին բոլորի հետ համագործակցությամբ՝ ընդդեմ Թուրքիայի։ Սրանով էր պայմանավորված նաև Իրանի, Իրաքի և մի շարք տոտալիտար ռեժիմների հետ համագործակցության Հայաստանի պատրաստակամությունը։ ԱՄՆ-ի մի շարք քաղաքական վերլուծաբանների կարծիքով, հարավկովկասյան խնդիրների լուծման բանալին գտնվում է Հայաստանում և հատկապես հայ-թուրքական հարաբերություններում։ Մինչդեռ այդ հարաբերությունները և Հայաստանի հատուկ կարգավիճակը տարածաշրջանում Ռուսաստանի համար ստրատեգիական հզոր լծակ ողջ տարածաշրջանի համար։
Ղարաբաղյան հակամարտության շրջանակների մեջ առկա քաղաքական և ստրատեգիական ասպեկտները, որոնք համապատասխանաբար կոչված են ԼՂՀ-ի քաղաքական ստատուսով, ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի համար այլևս դարձել են տարբերակելի։ Նրանք բավականին լավ են հասկացել, որ հակամարտության քաղաքական շրջանակներում ծայր առած անարդյունավետ գործընթացները սեփական ժամանակի անիմաստ կորուստ էին և ընձեռված հնարավորություն՝ տեղական և ռուսաստանյան կոռումպացված էլիտայի ազատ գործունեության համար։ Սա էր պատճառը, որ ԱՄՆ-ը որոշեց այլևս զբաղվել միայն ստրատեգիական ասպեկտների շրջանակներում, որի իրականացման համար պատրաստ է տարածաշրջանում ներդնել բավականին խոշոր ֆինանսական միջոցներ։ Չնայած հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության առկայությանը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն արդեն իսկ ցուցաբերել է Հայաստանին նշանակալից օգնություն։
Սպիտակ տան քաղաքական վերնախավը նույնպիսի խորությամբ ուսումնասիրել է Հարավային Կովկասի իրավիճակն ու հակամարտությունների խնդիրները, մինչև իսկ էթնոհոգեբանական հարցերը։ Նրանք բավականին խոր են գիտակցում, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները, որքան էլ որ «միատիպ են», այնուամենայնիվ, հանդիսանում են իրարից բավականին տարբեր կատեգորիաներ թե՛ սեփական նախասիրություններ, թե՛ խնդիրների կարգավորման առիթով։ Այս խնդիրների շուրջ ԱՄՆ-ը նախընտրում է լինել ավելի քան իրատեսական և չտարվել թեկուզ ցանկալի տեսիլքներով։
Հակամարտությունների քաղաքական կողմը իրենից ներկայացնում է բավականին բարդ և դեռևս հստակ չձևավորված խնդիրներ։ Եթե հստակ է, որ Թուրքիան ամենևին էլ շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու գաղափարով, ապա միևնույն ժամանակ դեմ է նաև տարածաշրջանում նոր պետությունների ձևավորմանը։ Մինչդեռ ԱՄՆ-ը գիտակցում է, որ եթե արևմտյան կամ եվրոպական համագործակցության ճնշման միջոցով պահպանվի Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ստեղծված փոքրիկ հանրապետությունները կշարունակեն Ռուսաստանի համար կարևորագույն ճնշման լծակներ հանդիսանալ ընդդեմ Վրաստանի և Ադրբեջանի։ ՈՒստի ԱՄՆ-ը, մի կողմից, փաստացիորեն իրականացրեց անուղղակի տնտեսական և քաղաքական հարաբերություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, որին ցուցաբերած նշանակալի օգնությունը առաջացրեց Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական բողոքները։ Մյուս կողմից էլ պարտադրեց ռուս-վրացական հակամարտությունը, որի արդյունքում Ռուսաստանը, խախտելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մեծ հարված հասցրեց հենց Ռուսաստանի, Եվրամիության և Թուրքիայի մերձեցման գործընթացին։
Հարավային Կովկասը ԱՄՆ-ի համար ստրատեգիական հետաքրքրությունների տարածք է, որը դիտվում է որպես Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի նոր քաղաքական հարաբերությունների կարևորագույն հանգույց։ Այն կոչված է նաև Իրանի և Չինաստանի հանդեպ ռուսական գերտերության վերածնվող հետաքրքրասիրությունների դեմ և ԱՄՆ-ի ստրատեգիականշրջանակների մեջ տրանզիտի դերակատարման հուսալի միջոց է։ Նրանք բավական խոր էին գիտակցում, որ Մոսկվա-Պեկին եվրասիական նոր հարաբերություններն այլևս դարձել էին միջազգային քաղաքականության կարևորագույն փաստարկը։
Հարավկովկասյան հակամարտությունը վերջնականապես ստիպեց ԱՄՆ-ին՝ գիտակցել ժամանակի կորստի չափազանց վտանգավորության աստիճանը, միևնույն ժամանակ առաջադրելով ստեղծված հակամարտությունների կարգավորման պահանջները։ ԱՄՆ-ը չի կարող հաշտվել տարածաշրջանում ստեղծված մշտապես հակամարտող իրավիճակների իրողությանը։ Մինչդեռ ԱՄՆ-ի համար դեռևս հստակ չեն այն միջոցներն ու դրանց կիրառման եղանակները, որով տարածաշրջանում կստեղծեն անվտանգության համընդհանուր համակարգ։ Սակայն միշտ էլ առկա է այն մտավախությունը, որ հակազդեցության պարագայում ստրատեգիական միջանցք համարվող հարավկովկասյան տարածաշրջանը կվերածվի ստրատեգիական փակուղու։ Այսօր արդեն իսկ ռուս-թուրքական հարաբերությունները ձևավորվում են հենց ԱՄՆ-ին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականության շրջանակներում։
Ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպան ունակ չէ հարավկովկասյան տարածաշրջանում իրականացնելու ակտիվ քաղաքականություն։ Եվրոպական համագործակցության պետություններն ու նրանց կառույցները չունեն իրատեսական նպատակներ և ադեկվատ հետաքրքրություններ այս տարածաշրջանում։ Նրանք սահմանափակված են միայն քաղաքական բացառիկ այն քայլերով, որոնք հաճախ գերտերությունների ուշադրությունից դուրս են մնում։
Ստեղծված նոր քաղաքական իրավիճակն ունեցավ նաև իր բացասական ազդեցությունը Հայաստանի պարագայում և հակված է լուրջ փոփոխությունների ենթարկելու թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի առկա սահմանների ամբողջականությունը։ Դրան խթանիչ են հանդիսանալու նաև Հայաստանում անբնականորեն առաջացած մանրբուրժուական հասարակարգի առկայությունն ու հասարակության որոշ շերտերի մեջ ձևավորված տարածքների զիջման գնով խաղաղ ապրելու ցանկությունը։ Ներկայիս պսևդոազգայնական իշխանությունը մինչև իսկ ցանկության պարագայում ունակ չէ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային քաղաքականության մեջ հանդես գալու սեփական պետության շահերն ու սահմանները պաշտպանողի դերում։ Իսկ նորընտիր նախագահի ու իր թիմի ձեռնարկած մի շարք ծրագրեր, չի բացառվում, կենթարկվեն ապամոնտաժման հենց նույն պսևդոիշխանության կողմից։ Սակայն տարածաշրջանում առաջացած վակուումը կլցվի նոր քաղաքական ու գաղափարական ուժով։ Դա կարող է լինել միայն ազգային կոնսերվատիվ հեղափոխության միջոցով քաղաքական նոր որակ ստացած ինքնիշխան Հայաստանը կամ արդեն ժամանակակից աշխարհին լուրջ հայտ ներկայացրած Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
Մահապատժի դատապարտված.
9 հոկտեմբերի, 2008 թ.

Դիտվել է՝ 4529

Մեկնաբանություններ