Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Մեր տարածաշրջանի երկրներում հեղափոխական զարգացումները սովորաբար հանգեցնում են տարածքային կորուստների»

«Մեր տարածաշրջանի երկրներում հեղափոխական զարգացումները սովորաբար հանգեցնում են տարածքային կորուստների»
21.11.2008 | 00:00

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՄԵՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
Արմատական ընդդիմության հետագա հնարավոր գործողությունների և ընդհանուր ներքաղաքական զարգացումների շուրջ զրույցը ՀԺԿ քարտուղար ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով Սերժ Սարգսյանը հանդիպեց կուսակցությունների ղեկավարների հետ։ Ակտիվ գործողություններն ընդմիջելու ընդդիմության նախաձեռնությունից տպավորություն է ստեղծվում, որ որոշել եք սպասել Ղարաբաղի հարցում աննպաստ զարգացումների, որպեսզի ավելի սուր իրավիճակում վերսկսեք գործողությունները։
-Համամիտ չեմ այդ գնահատականին։ Երբ վերջին հանրահավաքում հայտարարվեց ակտիվ գործողություններն ընդմիջելու մեր մտադրության մասին, միաժամանակ պարզ բացատրվեց, որ դա պայմանավորված է եղել Ղարաբաղի հարցում լուրջ զարգացումներով։ Այսօր դա ոչ ոքի համար գաղտնիք չէ, բոլորն ամեն ինչ տեսնում են։ Եվ որպեսզի գործող իշխանությունը հետո չշահարկի, թե ընդդիմությունն օգտագործում է Ղարաբաղի հարցում ստեղծված բարդ իրադրությունը՝ իր նպատակների համար, մենք որոշեցինք հնարավորություն տալ իշխանությանը` առանց ներքին ճնշման բանակցություններ վարելու։ Թող աշխատեն և ցույց տան, որ ընդունակ են Ղարաբաղի հարցում մեր շահերը պաշտպանելու։
Սա, իհարկե, չի նշանակում, թե ընդդիմությունը ձեռքերը լվանում է։ Ղարաբաղյան խնդիրը մեր ամենակարևոր ազգային հարցերից մեկն է. եթե մենք տեսնենք, որ վտանգավոր զարգացումներ կան, և իշխանությունը չի կարողանում դրանց դեմն առնել, անպայման դիրքորոշում կհայտնենք և կսկսենք ակտիվ գործողությունները։ Այսօր մենք թողել ենք, որ իշխանությունն աշխատի առանց ներքին ճնշման։
-Կոնգրեսի շրջանակներում այդ որոշումը միաձա՞յն է կայացվել, թե՞ տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ են ունեցել։
-Ընդհանրապես այնպես չի լինում, որ բոլորը միանշանակ համամիտ լինեն որևէ տեսակետի։ Անշուշտ, Հայ ազգային կոնգրեսի կազմում ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող տարբեր քաղաքական գործիչներ, անհատներ այլ կարծիք են ունեցել և ունեն։ Դա միանգամայն նորմալ է։ Բայց որևէ կուսակցություն սկզբունքորեն դեմ չի եղել այս որոշմանը, և վերջնահաշվում հավաքական կարծիքն այն էր, որ այսօր այդ մարտավարությունը ճիշտ է։
-Անդրադառնանք նոր փաստահավաք խմբի ձևավորմանը։ Ընդդիմությունը հրաժարվեց մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց։ Հիմնական պատճառաբանությունն այն էր, որ դա իշխանության կողմից է ստեղծված, բայց փաստահավաք խումբն էլ նախագահի որոշմամբ է ձևավորվել։
-Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մենք հրաժարվեցինք մասնակցելուց, որովհետև դա իսկապես իշխանության բացարձակ գերակշռությամբ ձևավորված կառույց է։ Փաստահավաք խմբում, փաստորեն, ապահովված է հավասար ներկայություն ընդդիմության և իշխանության միջև։ Անկախ նրանից, թե ում որոշմամբ է այս խումբը ձևավորվել, փաստ է, որ իշխանությունը երբեք չէր գնա այդ քայլին, եթե չլիներ համապատասխան արտաքին ճնշումը, որը նույնպես ընդդիմության գործունեության արդյունքն է։
-Կարծում եք, որ փաստահավաք խումբն ավելի արդյունավե՞տ կաշխատի։
-Ես հարցն այսպես կդնեի՝ մարտի 1-ի դեպքերի իրական բացահայտում հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Մեր ցանկությունը դա է, դրա համար էլ ընդդիմությունը մասնակցում է։ Ես առայժմ մեծ ակնկալիքներ չունեմ։ Ինչ-որ սահմանափակումներ, այնուամենայնիվ, կան։ Ասենք, մինչև փաստահավաք առաքելության գործունեության ավարտը նրա ներկայացուցիչներն իրավունք չունեն ներսում եղած քննարկումների և բացահայտումների վերաբերյալ տեղեկատվություն տալու հասարակությանը։ Միաժամանակ ենթադրվում է, որ փաստահավաք առաքելությունն իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը, նոր բացահայտումներն ու եզրահանգումները դարձյալ պետք է ներկայացնի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին։ Այդ իմաստով կարծես փակ ցիկլ է ստացվում, որովհետև եթե այդ հանձնաժողովն իսկապես արդյունավետ կարողանար աշխատել, այսքան ամիսների ընթացքում ինչ-որ իրական արդյունքի հասած կլիներ։ Մինչդեռ մենք հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից բազմիցս արդեն լսել ենք, որ տարբեր չինովնիկներ չեն բավարարում հանձնաժողովի պահանջները, չեն տրամադրում պահանջված տեղեկատվությունը, ձգձգում են կամ աղավաղված են ներկայացնում։ Եվ սա կառավարող կոալիցիայի, այսինքն` իշխանության հանձնաժողովն է, որը, փաստորեն, չի կարողանում արդյունավետ աշխատել։ Իսկ փաստահավաք առաքելության մասով կա մի կարևոր հանգամանք, որ եթե անգամ նրա գործունեության ընթացքում հավաքված նյութերը հանձնաժողովին տրամադրելուց հետո այդ հանձնաժողովը չհանգի ճիշտ եզրակացության, չներկայացնի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իրական պատկերը, որը սպասում է հասարակությունը, փաստահավաք առաքելության ընդդիմության ներկայացուցիչները կարող են առանձին իրենց տեսակետը հանրությանը ներկայացնել։ Թեպետ ես մնում եմ այն կարծիքին, որ իշխանությունների համար հիմնական խնդիրը ոչ թե իրադարձությունների օբյեկտիվ պարզաբանումն է, այլ ժամանակ ձգելը՝ այն հաշվարկով, որ աստիճանաբար ամեն ինչ կմոռացվի։ Բայց նման բան չի լինելու, չի մոռացվել հոկտեմբերի 27-ը, չի մոռացվի և մարտի 1-ը։
-Ձեր կարծիքով, ներքաղաքական զարգացումների հիմնական ուղղվածությունը ո՞րն է լինելու առաջիկայում։ Եթե ընդդիմությունը դեկտեմբերին վերադառնա ակտիվ գործողությունների մարտավարության, ի՞նչ է ասելու ժողովրդին։
-Այնքան բան կա ասելու։ Վերցնենք թեկուզ Ղարաբաղի հարցում ստեղծված իրավիճակը։ Շատ տարիներ առաջ խորհրդարանն ընդունել է որոշում, որ Հայաստանն առանց ԼՂՀ-ի մասնակցության հակամարտության հետ կապված որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրի, բայց նոյեմբերի 2-ին ստորագրվեց մոսկովյան հռչակագիրը։ Մի կողմ թողնենք, թե դա ինչ որակի փաստաթուղթ է, ինչ է պարտավորեցնում կամ չի պարտավորեցնում։ Կարևորը փաստն է։ 2000 թվականից սկսած մենք միշտ ասել ենք, որ այդ մարտավարությունը, որի հիմքը դրեց Ռոբերտ Քոչարյանը, անթույլատրելի է։ 2003-ի նախագահական ընտրարշավի ժամանակ, ի պատասխան Ստեփան Դեմիրճյանի այդ հարցադրման, Քոչարյանը հայտարարեց, թե՝ ուզում եք Ղարաբաղը մենա՞կ մնա։ Այսօր նույն կոալիցիայի անդամ կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, նույնիսկ ՀՀԿ-ն, հայտարարում են, որ ԼՂՀ-ն պետք է բանակցությունների անմիջական կողմ լինի։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են այդքան ուշացումով հիշել, մինչդեռ նույն բանը մենք էինք ասում, լսող չկար։
-Ընդունեք, սակայն, որ ղարաբաղյան հարցն այդքան հեշտ լուծվող հարց չէ։ Իշխանությունները կարող են խուսափել աննպաստ զարգացումներից, խուսանավելու այդ հնարավորությունը բանակցային գործընթացում կա։ Ի՞նչ է ասելու ընդդիմությունն այդ դեպքում, կրկին խոսելու է միայն արտահերթ ընտրությունների կամ ձերբակալվածներին ազատ արձակելու մասի՞ն։
-Եկեք ընդունենք, որ երկիրը խոր քաղաքական ճգնաժամի մեջ է, միաժամանակ համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամն իր ուղղակի հետևանքներն է թողնում Հայաստանի վրա։ Ամբողջական ոլորտներ են տնտեսության մեջ դադարեցնում գործունեությունը։ Խոսքը հատկապես վերաբերում է լեռնահանքային արդյունաբերությանը, որ արտաքին առևտրի ոլորտում հիմնական վալյուտային մուտքեր ապահովող ճյուղն է։ Նվազում են արտաքին աշխարհից Հայաստան մտնող տրանսֆերտները։ Միջազգային շուկայում տեղի է ունեցել դոլարի արժևորում եվրոյի համեմատությամբ. նախկինում այդ հարաբերակցությունը 1,60 էր, հիմա մեկ եվրոն արժե 1,25 դոլար։ Բայց Հայաստանում դոլարի կուրսը չի բարձրանում 300-305 դրամից։ Որտեղի՞ց է այս ամենը կառավարվում։ Բնականաբար, սրանք խնդիրներ են, որոնց ընդդիմությունը չի կարող չանդրադառնալ։ Եվ այդ իրավիճակում ելքը մեկն է՝ վստահության մթնոլորտի վերականգնում։ Դա հնարավոր է միայն արտահերթ ընտրությունների միջոցով, որովհետև անվստահության մթնոլորտը երկրում ստեղծվել է հենց ընտրություններում իշխանության գործողությունների պատճառով։
-Եթե իշխանությունը դիմի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու քայլին, ընդդիմությունը դրանով բավարարվա՞ծ կլինի։
-Ընդհանրապես, մենք հայտարարել ենք և՛ նախագահական, և՛ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Իհարկե, անտարակուսելի է, որ ներկա խորհրդարանը նույնպես չի արտահայտում քաղաքական ուժերի ազդեցության իրական հարաբերակցությունը երկրում։ Բոլորս էլ գիտենք, թե այդ ընտրություններն ինչ ձևով են անցկացվել։
Եթե իշխանությունը մտահոգ է և գոնե մի քիչ իրեն պատասխանատու է զգում երկրի ճակատագրի համար, պետք է այս խնդիրների վերաբերյալ լուծումներ առաջարկի հասարակությանը։ Իսկ եթե այս հարցերի լուծումը մնա ընդդիմությանն ու ժողովրդին, դա արդեն իր մեջ ենթադրում է հեղափոխական զարգացում, որն ամեն դեպքում անցանկալի է։ Մեր տարածաշրջանի երկրներում նման զարգացումները սովորաբար հանգեցնում են տարածքային կորուստների, ինչին մենք ականատես ենք եղել Ադրբեջանի և Վրաստանի պարագայում։ Մինչդեռ այն մարդիկ, ովքեր կռվել են Ղարաբաղի ազատագրության համար, այսօր մտացածին մեղադրանքներով կալանքի տակ են։ Սա խնդիր է, որ ընդդիմությունը, բնականաբար, չի կարող անտեսել և չհնչեցնել։ Անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ Հայ ազգային կոնգրեսը, նրա մեջ մտնող կուսակցությունները շարունակում են վայելել հասարակության մեծամասնության վստահությունը, և մենք, բնականաբար, հետ չենք կանգնելու մեր հռչակած խնդիրներից ու նպատակներից։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3762

Մեկնաբանություններ