ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Այսօր Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում

Այսօր Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում
04.01.2013 | 21:29

Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս` Արեգակ բառերից) կամ արևամերձ կետ: Երկրի միջին հեռավորությունն Արեգակից 149.6 մլն կմ է, որն ընդունված է որպես աստղագիտական միավոր (ա.մ.), սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, այդ հեռավորությունը փոփոխվում է 147.1–152.1 մլն կմ-ի սահմաններում: Այդ պատճառով է փոփոխվում նաև Արեգակի տեսանելի անկյունային չափը (31.6′–32.7′ սահմաններում), որի, ինչպես նաև Լուսնի անկյունային չափերի փոփոխման հետևանքով Արեգակի խավարումների ժամանակ Լուսինը երբեմն ամբողջությամբ, իսկ երբեմն էլ մասամբ է ծածկում Արեգակի սկավառակը (համապատասխանաբար դիտվում է լրիվ կամ օղակաձև խավարում):
Կա սխալ տեսակետ, որ Երկրի վրա տարվա եղանակների փոփոխությունը տեղի է ունենում Երկիր-Արեգակ հեռավորության փոփոխության պատճառով, սակայն այդ տարբերությունն ընդամենը 3 տոկոս է և չի կարող էապես ազդել Արեգակից Երկիր հասնող ջերմության վրա: Ավելին, Երկիրն Արեգակին ավելի մոտ է ձմռանը (երբ գտնվում է արևամերձ կետում), իսկ ամենահեռուն` ամռանը (հուլիսի 4-ին): Այդ պատճառով հյուսիսային կիսագնդում ամռան և ձմռան տարբերությունը մի փոքր մեղմանում է, իսկ հարավային կիսագնդում` սաստկանում: Իսկ տարվա եղանակների փոփոխության հիմնական պատճառը Երկրի առանցքի թեքվածությունն է իր ուղեծրի հարթության նկատմամբ. ձմռանը հյուսիսային բևեռն Արեգակի հակառակ կողմն է թեքված: Այդ ժամանակ Արեգակը հյուսիսային կիսագնդում ավելի ցածր է դիտվում և ավելի քիչ է տաքացնում: Ամռանն էլ հակառակն է` Երկրի հյուսիսային բևեռը թեքված է Արեգակի կողմը, և հյուսիսային կիսագունդն ավելի շատ է ջերմություն ստանում: Համապատասխանաբար, հարավային կիսագնդում հակառակն է:

Դիտվել է՝ 5105

Մեկնաբանություններ