ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ցմահ կախաղան»

«Ցմահ կախաղան»
06.03.2009 | 00:00

Սա թատերագիր ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ արդեն իսկ տպագրության պատրաստ գրքի վերնագիրն է։ Կտպագրվի՞ այն Հայաստանում, դժվար է ասել։ Հեղինակի համոզմամբ՝ եթե եղանակներ գտնի ու «Ցմահ կախաղանը» դնի ընթերցողի սեղանին, այնպիսի զարհուրելի հալածանք ու հերյուրանք կսկսվի իր դեմ, որ ստիպված կլինի ոչ թե մարդավարի հեռանալ այս երկրից, ինչի «ցրցամն» արդեն տվել է, այլ ժամ առաջ փախչել՝ առաջին իսկ հարմար ինքնաթիռով։ Իսկ թե ինչու է թատերագիրն այդքան դառնացած էս երկրից ու ինչու է որոշել հուլիսին մշտական բնակության մեկնել Կանադա, պատմեց հենց ինքը՝ «Իրավունք de facto» ակումբում։
«Վերջին շրջանում շատերն են հետաքրքրվում, թե ինչ է պատահել, և ինչու եմ բարկացած։ Հենց սկզբից ասեմ, որ ես բարկացած չեմ։ Իրենք դեռ շատ նեխած շաուրմա պիտի ուտեն՝ ինձ բարկացնել կարողանալու համար… Ուղղակի խոսակցություններ են պտտվում, թե ես գնում եմ երկրից, և … առաջին անգամ խոսակցություններն անհիմն չեն։ Պատճառները շատ են, և նյութականի հարցը բոլորովին էլ գլխավորը չէ։ Առաջ ես ասում էի՝ կլինեմ, երևի, վերջինը, ով օդանավակայանի լույսը կանջատի, բայց հիմա ստիպված եմ առաջին անգամ դրժել իմ խոսքը։ Կարծիք կա, թե ես չեմ սիրում լրագրողներին, բայց դա այդպես չէ։ Ես չեմ սիրում ոչ արհեստավարժ մարդկանց, ովքեր կարող են իրենց չսիրած ստեղծագործողների վրայով քայլել՝ տրորելով որպես չուլուփալասի։ Ես հոգնել եմ էս ամեն ինչից։ Երբ դա անում էր վատ ընդդիմադիր մամուլը (կա նաև լավ ընդդիմադիր մամուլ), հասկանում էի։ Ի՞նչ ասես, որ չեն գրել իմ մասին։ Թմրամոլ է, գիժ է, հարբեցող է, մեծամիտ է, մեծահարուստ է անգամ, որովհետև երբ հարցազրույցների ժամանակ ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ես ապրում, ասում եմ՝ փառք Աստծո, ամեն ինչ լավ է։ Եվ ճիշտը դա է, ընթերցողը կամ հանդիսատեսը պարտավոր չեն իմանալ՝ ոնց եմ ես ապրում, նրանց դա հետաքրքիր էլ չի։ Նրանց հետաքրքրում է, թե ինչ եմ ես գրելու կամ ներկայացնելու։ Բայց հիմա ես ստիպված եմ բացել փակագծերը՝ մի վերջին անգամ ինձ ատողներին ուրախացնելու համար։ Երեք օրից ինձ հանելու են այն բնակարանից, որտեղ ես վարձով եմ ապրում ու հիմա տեղափոխվելու եմ ընկերներիցս մեկի տուն։ Բացատրեմ՝ ինչու։ Երբ մարդ նստում է գիրք գրելու, նա ուղղակիորեն ամեն ինչից է զրկվում ու հայտնվում է փողոցում։ Եթե անգամ նրան օգնեն… Այսօր ես մտածում եմ՝ ավելի լավ է գնամ ուրիշ երկրում մնամ փողոցում, քան իմ երկրում։ Ես ոչնչի չեմ հավատում այլևս, թեև գրողի համար դա մեծագույն ցավ է։ Մենք կարող էինք տարին երկու անգամ նոր «Մեա Կուլպա»-ներ բեմադրել, բայց դահլիճները դեռևս պատկանում են… մի խոսքով՝ չգիտեմ էլ, թե ում են պատկանում։ Ո՞վ պիտի զբաղվի սրանով։ Հասկացեք՝ ես իմ հայրենիքից չեմ նեղանում։ Պարզապես, ստեղծագործող մարդը «կավրալիտ» չի, որ ով ուզենա՝ վրայով անցնի։ Դա զզվելի է… Իմ ընկեր, գրող Վահրամ Մարտիրոսյանն էլ չդիմացավ, գնաց Մոսկվա, հիմա սցենարներ է գրում, իր գրածով ապրում է։ Ես էլ եմ իմ գործով ապրում, երբ սրա-նրա համար սցենարներ եմ գրում, բայց երբ նստում ես լուրջ գիրք գրելու, հանկարծ տեսնում ես, որ ուղղակի ուտելու փող էլ չունես։
Հիմա ես երկրորդ գիրքս եմ սկսել ու կշարունակեմ գրել արդեն Կանադայում՝ ֆրանսերեն։ ՈՒրիշ գործ էլ եմ գտել, տեխնիկական։ Ցավոք, ճշմարիտ խոսքի հանդեպ մեզանում հարգանք չկա, կա միայն նախանձ, քեն, սուտ ու դառնություն»։
ՈՒրիշ շատ բաների վրա էլ դառնացավ Վահրամ Սահակյանը։ Իրենց հանճար երևակայող միջակ բեմադրիչների, Արամ Խաչատրյանի ու Կոմիտասի հետ ոտք գցող շարքային փինաչի-երգահանների, սուտ քաղաքական գործիչների, ժավելի սպիրտ ծախող կնոջ, որն իրենից 10 տարով փոքր է, բայց 367 տարեկանի արտաքին ունի։ Քաղաքականությունից էլ խոսեց։ «Ես գիտեմ, որ նախագահն ուզում է լավ բան անել, վարչապետն էլ, բայց էդ թափն իրենք չունեն,- ասաց։- Որովհետև էս երկրում մի բան փոխելու համար մի քիչ Բերիա պիտի լինես»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5561

Մեկնաբանություններ