ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բա չե՞ք ասի` մեր Համոն ութսուն տարեկան է

Բա չե՞ք ասի` մեր Համոն ութսուն տարեկան է
25.09.2009 | 00:00

Հա, մեր Համոն, բայց ո՞ր մեր Համոն։ Մի Համոյի մեջ մեկ Համո կլինի, պարզ է։ Բայց մինչև հիմա պարզ չէ, թե քանի Համո կա ջավախքցի Համոյի, նույն ՀՄԱՅԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ մեջ։ Նա, ինչպես սկզբում, էնպես էլ հիմա, մնում է Վահան Տերյանի Գրիգորյաններից, ավելի ճիշտ` Տեր-Գրիգորյաններից։ Լավ էր, ժամանակին Վահանը Տեր-ը իրենով արեց։ ՈՒրեմն` մեր Համո որ ասում եմ, նկատի ունեմ Վահան Տերյանի ազգուտակի, տոհմի Հմայակ Գրիգորյանին` ծնված փառապանծ Գանձայում։ Ամեն-ամեն ինչ-բան, որ շռայլորեն տվել են տոհմը, բնությունը, Գանձան, Տերյանի լեզուն, անունը, ակունքները, ամենակարող Աստված, ակոս-ակոս նրան Հմայակ Գրիգորյան դարձրին տարիների, տասնամյակների ընթացքում։ Հիմա ասում ենք` Գանձայի զավակը, որը դարձել է զավակը Ջավախքի, ութսուն տարեկան է։ Իհարկե, տարիք առնելը նույնպես տարիքագիտության տիրապետում է, բայց նա երբեք հույսը տարիքի հետ չի կապել։ Տարիքից առաջ` տարիքախառն էնքան գործեր կան անելո՜ւ։ ՈՒ թե Գանձայի ծխամատյանում ութսուն տարի առաջ գրանցված Հմայակ Գրիգորյանը ստուգապես ութսուն տարեկան է, ապա քանի՞ տարեկան է վաղուց Բոգդանովկա-Նինոծմինդայում ապրող բանաստեղծ Հմայակ Գրիգորյանը։ Քանի՜ տպագիր (նաև անտիպ) գրքի հեղինակ, բանաստեղծ Հմայակ Գրիգորյանն ինչո՞վ է զորավոր գեղանկարիչ Հմայակ Գրիգորյանից, որ սկզբում բանաստեղծ ասացինք, երբ ճշմարտությունը պահանջում է ասել` Համոյի անունը տվողը, լսողը բանաստեղծից ու գեղանկարչից առաջ իրենց աչքերի առաջ տեսնում են դերասան Հմայակ Գրիգորյանին, որը տասնյակ ու տասնյակ կերպարներ է մարմնավորել։ Համոն էն Համոն է, որ տասնյակ անգամ... փախել է տնից, հասել Երևան, դիտել Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, հայոց բեմի մեծերի խաղը` մոռանալով, թե գիշերը որտեղ է լուսացնելու։ Եվ սունդուկյանցիներն են եկել Ջավախք։ Նրանց խաղը նայելուց հետո հաճախ է մտածել բեմը թողնելու մասին, բայց չի ուշացել հորդորը. «Համո ջան, կուզես քանդվի՞ թատրոնը, հիշի՛ր, որ մեր ժողովրդին մեր հողի վրա նաև թատրոնի լեզվով ենք պահում»։ Էլ ի՞նչ շրջանային թատրոն, որ գյուղեր չգնա, ակումբներում, հարմար տներում հանդես չգա։ Եվ նրանց հետ, նրանց մեջ` Համոն` Հմայակ Գրիգորյանը։ Եթե մարդը եռասյուն-եռակամար է` բանաստեղծ, դերասան, գեղանկարիչ, էլ նրանից... ի՞նչ սպասես։ Էն սպասես, որ քանդակագործ է, քարտաշ, եթե քարտաշ է` պատ էլ կշարի, եթե գեղանկարիչ է, իր նկարների շրջանակներն իրենից լավ ո՞վ կարող է պատրաստել։ Համոն մեղվի նման ճանաչում է բնությունը, դեղաբույսերը, ծաղիկները։ Հմուտ մեղվաբույծ է։ Եվ բնավ զարմանալի չէ, որ ութսուն տարի առաջ Վահան Տերյանի Գանձայում ծնվածն այսօր Ջավախք-Նինոծմինդայում դառնում է ութսուն տարեկան։ Ֆիզիկական փաստագրում։ Այ, հետաքրքիր կլիներ իմանալ` բանաստեղծը, դերասանը, գեղանկարիչը, հյուսնը, մեղվաբույծը, հողագործը (էլի բաներ) նույնպես դառնում են ութսո՞ւն, թե՞ նրա նվիրական հոգում ամեն մեկի ու ամեն ինչի համար մի աղբյուր, մի Փարվանա կա։ Չմոռանամ, ավելի ճիշտ սեղանիս դրված համոյական գրքերը, նոթատետրիս նշումները հուշում են, որ այսօրվա հոբելյարը հմուտ երգիծաբան է, բանահավաք, մարդ, որ իր մեղվաջանությամբ գյուղերն է մտնում, ճամփու տակ ու գլխից հին զրույցներ, լեգենդներ, երգիծական պատառիկներ է փնջում ու նվիրում-վերադարձնում մարդկանց։
ՎԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ -Երկար տարիների ուսուցիչ եմ, մանկավարժ, բանաստեղծ, այո, հենց Գանձայից եմ։ Թեկուզ միայն մի գործ աներ մեր Հմայակ Գրիգորյանը, պիտի ճանաչվեր, օրհնվեր։ Մնում է զարմանալի համեստ, մարդասեր, ջավախքապաշտ։ Կուզենայի հրատարակված տեսնել նրա բոլոր գրքերը, Երևանում կազմակերպվեր նրա նկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Իրենից առաջ դրան մենք ենք արժանի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ («Հայկական հանրագիտարանի» գլխավոր խմբագիր)- Տունը լցնող, թաղը լցնող, գյուղը լցնող, քաղաքը լցնող մարդիկ են լինում։ Մեր Ջավախք մեծ եզերքն իր սիրով, արվեստով լցնող մարդկանցից է բազում սերունդների, նաև իմ սերնդի դաստիարակ, հենց հայոց կյանքի անխոնջ մշակ, մեր բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը` սիրելի Հմայակ Գրիգորյանը։ Թող որ նրա միտքը, լեզուն, ձեռքը երկար գործեն։ Նման հայրենասեր մարդու համար ութսունն ի՞նչ է։
Շատ փորձությունների է դիմացել արվեստի մշակը, թող դիմանա նաև արժանի ու տեղին մեծարանքին ու, շատ բան մոռացած, շարունակի մարդու, ջավախքցու իր ճանապարհը` խոսքով ու մեղրով քաղցրացնելով մեր սրտերը։
Հարգանքով` Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3771

Մեկնաբանություններ