38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՆԱՏՕ-ի շրջանակներում «ակումբների» կազմավորումը Եվրոպայում ԱՄՆ-ի քաղաքականության կարևոր գործիք է

ՆԱՏՕ-ի շրջանակներում «ակումբների» կազմավորումը Եվրոպայում ԱՄՆ-ի  քաղաքականության կարևոր գործիք է
08.06.2012 | 02:10

ՆԱՏՕ-ի վերնախավը հիանալի հասկանում է, որ ո՛չ Կենտրոնական Ասիայի, ո՛չ բալթյան երկրներին ներկայումս Մոսկվան չի սպառնում. Ռուսաստանն առաջնահերթ այլ խնդիրներ ունի և խիստ սահմանափակ ռազմաքաղաքական ներուժ։ Այդ պետությունները շահագրգռված են տնտեսական օգնությամբ, ինչը կարող են ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելով: Կենտրոնական Ասիայի և Բալթիկայի նույնիսկ տնտեսապես առավել բարեկեցիկ պետություններն ի վիճակի չեն ինքնուրույն ստեղծելու արևմտյան ստանդարտներին համապատասխանող նոր զինված ուժեր և հույս ունեն, որ ՆԱՏՕ-ն իրենց փոխարեն կանի դա: Այդ երկրների համար ՆԱՏՕ-ին անդամակցությունն ունի նաև ներքաղաքական նշանակություն: Քաղաքական այն թիմերը, որոնք իրենց երկրները տանում են ՆԱՏՕ, ակնկալում են սեփական քաղաքական դիրքերի երկարատև ամրապնդում: Այդ երկրների մի մասն ունի ազգային քաղաքական լուրջ խնդիրներ, ինչպես, օրինակ, Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Լիտվան: Բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ պետություն Հունգարիան տարածքային խնդիրներ ունի Ռումինիայի, Սերբիայի, Հորվաթիայի, Սլովակիայի և ՈՒկրաինայի հետ, ինչը խիստ խոցելի է դարձնում այդ երկիրը: ՆԱՏՕ-ին անդամակցությունը թույլ կտա ստանալ դաշնախմբի աջակցությունը հնարավոր սպառնալիքների դեպքում:
ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնման բեկումնային շրջան դարձավ 2001 թվականը, երբ Վիլնյուսի գագաթնաժողովում հայտարարվեց, որ, փաստորեն, երկու-երեք փուլով Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի բոլոր պետությունները կընդունվեն ՆԱՏՕ: Բալթյան երկրների հանրությունը մեծ խանդավառությամբ արձագանքեց այդ հեռանկարին, բայց սլավոնական պետություններում կառավարող վերնախավի այդ մտադրությունները միարժեք չընդունվեցին: Այդ հանգամանքը շատ կարևոր է ապագայում ՆԱՏՕ-ի ներքին իրադրության քննարկման համար: Արևելյան Եվրոպայի երկրներում ՆԱՏՕ-ի հանդեպ այդ վերաբերմունքի կողքին, ընդհանուր առմամբ, կառավարություններն ամեն կերպ ձգտում էին խուսափել Ռուսաստանի հետ հնարավոր առճակատման ցուցադրումից: Այսպիսով, դժվարությունները, որ կրում էին արդեն ՆԱՏՕ-ի անդամ դարձած և դաշինքի մեջ մտնելու մտադրություն ունեցող պետությունները, չեն կարող ազդեցություն չգործել նրանց դերի, գործառույթի, հետևաբար և վարկի ու դիրքի վրա: Նոր անդամների ընդունումը ՆԱՏՕ, ինչպես երբեք, շերտավորեց դաշինքի կազմն ըստ շահերի և ըստ նախապատվությունների: ՆԱՏՕ-ի ընդլայնումը, որ նախաձեռնել էր ԱՄՆ-ը, նոր «կողմնակիցներ» ձեռք բերելով դաշինքի անդամների շրջանում, տեղի էր ունենում ՆԱՏՕ-ի առաջատար և մյուս անդամների զգալի հակասությունների պայմաններում, ինչն արդեն իսկ հանգեցրել է դաշնախմբի ներսում ըստ շահերի միավորվող պետությունների «ակումբների» կազմավորման: Ձևավորվել են, օրինակ, ֆրանս-գերմանա-բելգիական «ակումբ», իտալա-իսպանա-պորտուգալական «ակումբ», Արևելյան Եվրոպայի պետությունների «ակումբ», որը գլխավորում է Լեհաստանը, և հնարավոր է, որ կազմավորվի Հարավարևելյան «ակումբ»` Հունաստանի գլխավորությամբ: Այդ հանգամանքն ավելի քան կարևոր է թվում ՆԱՏՕ-ի կազմի հետագա ընդլայնման, ինչպես նաև դաշնախմբում Արևելյան Եվրոպայի տարբեր պետությունների դերի մեծացման պայմաններում: Ընդ որում, ԱՄՆ-ը խիստ շահագրգռված է ՆԱՏՕ-ի ներսում նման «ակումբների» կազմավորմամբ, քանի որ այդ «ակումբներից» մի քանիսն իր հուսալի գործընկերներն են և` ոչ միայն ՆԱՏՕ-ի շրջանակներում: Օրինակ, «լեհական ակումբը» ավանդական արգելապատնեշ է Ռուսաստանի ու ֆրանս-գերմանական միության միջև, որի հետ, Ռուսաստանին առնչվող հարցերում, միակարծիք են ՆԱՏՕ-ի ու Եվրամիության այլ երկրներ: ՆԱՏՕ-ի շրջանակներում «ակումբների» կազմավորումը Եվրոպայում ԱՄՆ-ի քաղաքականության կարևոր գործիք է:
Եվրատլանտյան դաշնախումբ մտնելու հարցում ՈՒկրաինայի օգտին հանդես եկող ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է Լեհաստանը, որը ձգտում է առաջատար տեղ գրավել եվրոպական քաղաքականության մեջ և որոշակի դեր խաղալ տարածաշրջանային հարցերում: Լեհաստանն իրեն ծայրաստիճան հավակնոտ է պահում Արևելյան Եվրոպայի առնչությամբ, նոր «սանիտարական» պատնեշ է կառուցում Եվրոպայի և Ռուսաստանի միջև: Լեհական քաղաքականության մեջ առանձնակի տեղ է գրավում ՈՒկրաինան: Լեհաստանի և ՈՒկրաինայի քաղաքական տարբեր խմբերի միջև կան վաղեմի կապեր ու պարտավորություններ, երբեմն էլ` գաղտնի բնույթի: Այդ կապերը մեծ մասամբ նախաձեռնել են ԱՄՆ-ը, Վատիկանը, մասամբ էլ` Ֆրանսիայի և Իտալիայի կաթոլիկ շրջանակները: ՈՒկրաինական այդ քաղաքական խմբերը լավ իրազեկված են, որ լեհական և կաթոլիկ քաղաքական շրջանակները մտածում են ՈՒկրաինայի հնարավոր բաժանման և արևմուտքում կաթոլիկ, իսկ որոշ վարկածներով էլ` ճիզվիտական պետության ստեղծման մասին, որը պետք է լինի Վատիկանի ու Լեհաստանի խնամակալության ներքո: Մեկ այլ վարկածով` լեհական և կաթոլիկ այդ շրջանակները հանդես են գալիս ՈՒկրաինայի բաժանման և ամբողջ երկրի կաթոլիկացման դեմ: Լեհաստանի հետ մեկտեղ, ՈՒկրաինայի հանդեպ նման քաղաքականության վարման գործում ակտիվ դեր է խաղում մեկ այլ արմատական կաթոլիկ պետություն` Լիտվան, որն աշխատում է հակառուսական տրամադրություններ տարածել նաև Բելառուսում: Այսպիսով, Արևելյան Եվրոպայում ձևավորվում է մի դաշնախումբ, որը կողմնորոշված է լինելու դեպի ոչ միայն ՆԱՏՕ և ԱՄՆ, այլև երևակայական Ռեչ Պոսպոլիտա, որտեղ գերիշխում է Լեհաստանը: Այդ նույն պետությունները որոշակի գործունեություն են իրականացնում Վրաստանի հանդեպ, սակայն Լեհաստանը, Լիտվան, ինչպես նաև Ռումինիան սերտորեն կապված են Ռուսաստանի հետ տնտեսական կապերով, ընդ որում, մի շարք դիրքերում, մասնավորապես էներգետիկայի ասպարեզում, Ռուսաստանն այլընտրանք չունեցող ծառայություններ է մատուցում այդ պետություններին: Լեհական և լիտվական տնտեսությունների հաջող զարգացումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից էներգապաշարների հուսալի և խոշոր մատակարարումներով: Պետք է նշել, որ կա մեկ այլ վարկած ևս. ենթադրվում է, որ Լեհաստանն իրականում շահագրգռված չէ, որ ՈՒկրաինան անդամակցի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, քանի որ այդ դեպքում ինքը կարող է կորցնել ազդեցությունն այդ երկրի վրա, որն առանձնապես մեծ էլ չէ: ՈՒստի, անգամ ՆԱՏՕ-ում ՈՒկրաինայի «ակումբային» հեռանկարը, որը նշանակում է ատլանտյան նախագծերի զարգացմանը նրա մասնակցության սահմանափակում, այնքան էլ վարդագույն չէ, քանի որ «ակումբի» առաջատարը` Լեհաստանը, ունի իր շահերը, որոնք բավականին սահմանափակ են: Այսինքն, եթե անգամ ՈՒկրաինան ընդունվի էլ ՆԱՏՕ, նրան շատ սահմանափակ դերակատարում է սպասում դաշնախմբում:
ՆԱՏՕ-ի ընդլայնման բալթյան ուղղությունը գերակա է դառնում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շրջափակման և 1972 թ. պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու, ամերիկյան ՀՀՊ համակարգի ստեղծման հարցում նրան զիջումների հարկադրելու քաղաքական-քարոզչական լայն կամպանիայում։ Ռուսաստանը, մի որոշակի պահի, նկատելիորեն ձեռքից բաց թողեց Եվրոպայի առաջատար պետությունների` Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի հետ երկխոսելու հնարավորությունը, թեև հենց այդ պետություններն են «սրբագրել» ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը` ըստ կազմի ու ժամկետների: Միաժամանակ, միանգամայն պարզ էր, որ առաջին եռյակի` Լեհաստանի, Հունգարիայի և Չեխիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի ու դաշնախմբի քաղաքականության նվազագույն ծրագիրն է, և այդ իրադարձությունն անկասելի է: Բացի այդ, Կենտրոնական Եվրոպայի այդ երեք պետությունների ներառումը ՆԱՏՕ թեև Ռուսաստանի համար անհաճո ու վտանգավոր իրադարձություն է թվում, սակայն, այնուամենայնիվ, դրանք մնում են իբրև ավանդական «բուֆեր» Արևմտյան ընկերակցության և Ռուսաստանի միջև: Այդ «եռյակի» պասիվությունը որպես ռազմական դաշնախմբի անդամների, նույնպես նվազեցրել է Ռուսաստանի վրա ճնշման այդ ակտի նշանակությունը: Հարկ է ընդգծել, որ առաջին եռյակի ընդունումը ՆԱՏՕ Ռուսաստանի վրա ճնշման գործառույթ չէր նախատեսում: Այնպիսի երկրների ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում, ինչպիսիք են Բուլղարիան, Սլովենիան, Սլովակիան կամ նույնիսկ Ռումինիան, նույնպես նպատակին չի ծառայում, թեև լուծում է ՆԱՏՕ-ի` Սև ծով դուրս գալու աշխարհառազմավարական խնդիրը: Ռուսաստանի համար առավել խոցելի ուղղությունները հյուսիսարևմտյանն ու հարավայինն են, այսինքն` թևերը: ԱՄՆ-ն ակտիվացել է հյուսիսարևմտյան ուղղությամբ: Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն ձեռք է բերում ամերիկյան 64 նորագույն F-18 մարտական ինքնաթիռ, ինչը նշանակում է, որ այդ երկիրը շահագրգռություն է ցուցաբերում իր անվտանգության ամրապնդման հարցում: ՆԱՏՕ-ի մեջ Լիտվայի և, հնարավոր է, Ֆինլանդիայի ներառումը ուղղակի մարտահրավեր կարող է լինել Ռուսաստանին: Վ. Պուտինը ջանքեր է գործադրել այդ գործընթացը կանխելու համար, բանակցություններ վարելով Լիտվայի ու Ֆինլանդիայի ղեկավարության հետ, կատարելով անօրինակ քարոզչական քայլեր: Միաժամանակ, Շվեդիայի ու Լեհաստանի ՆԱՏՕ մտնելուց հետո Ֆինլանդիան և բալթյան երկրներն ավելի ու ավելի են զգում իրենց աշխարհաքաղաքական վիճակի լուսանցքայնությունը: Նման վիճակը, առանց ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության որևէ պաշտոնական երաշխիքի, այդ բուֆերային պետությունների համար ստեղծում է ռիսկի լրացուցիչ «հիմնավորումներ»: Սովորաբար քաղաքական գրականության մեջ ուշադրություն չի դարձվում Լիտվայի դերին որպես ՆԱՏՕ-ի ապագա անդամի` Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Բելառուսի վրա ճնշում գործադրելու առումով: Դա կարող է ավելի բացահայտ դառնալ, հաշվի առնելով Լուկաշենկոյի հեռանալու դեպքում Բելառուսի ներքաղաքական հեռանկարները:
Բայց, այսպես թե այնպես, առանց ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի անդամակցության կամ պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ի հետ նրա շատ ավելի սերտ համագործակցության, գլխավոր նպատակին` Ռուսաստանի աշխարհաքաղաքական շրջափակմանը, դեռևս հասած համարել չի կարելի: Առանց ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի սերտ ինտեգրման և նրան տարածաշրջանային ռազմավարության առումով ԱՄՆ-ի որոշակի ծրագրերի մեջ ներառման ՆԱՏՕ-ի ընդլայնման նախորդ բոլոր ջանքերը զուր կլինեն: Կենտրոնական, Հյուսիսային Եվրոպայում և Բալկաններում ստեղծված աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական կառուցվածքը մեծ մասամբ փակուղային վեկտոր կդառնա: Միաժամանակ, եվրատլանտյան ասպարեզում տարբեր տերությունների ուժերի ու շահերի այս կամ այն դասավորության պայմաններում, ՈՒկրաինայի առնչությամբ դարձյալ խնդիրը նույնն է և նպատակ ունի նրան վերապահելու ստորադաս դեր, տեղայնացնելու ՆԱՏՕ-ի «ակումբային գաղափարի» շրջանակներում, այսինքն, նրա համար բացահայտ լուսանցքային դեր է նախատեսվում դաշնախմբում:
Հետաքրքրություն է ներկայացնում ՆԱՏՕ-ի հյուսիսային ու հարավարևելյան ուղղությունների և Ռուսաստանի համեմատումը` որպես հնարավոր, արդյունավետ կամ կանխավ ապակառուցողական երկխոսության օրինակների: Հարավ-արևելքը «ռուսական աշխարհի» շարունակությունն է, բայց հենց դա է դարձել պատմական հակամարտության գործոն: Ի տարբերություն հարավարևելյան ուղղության, ուր Ռուսաստանն ունի այնպիսի նշանակալի քաղաքական լծակներ, ինչպիսիք են ազգային-քաղաքական հակամարտությունները, ռազմակայանների առկայությունը, քաղաքական կուսակցությունների ռուսամետ կողմնորոշումը, հյուսիսարևմտյան ուղղությունում Ռուսաստանն ունի աշխարհատնտեսական լծակներ` կապված բալթյան նավահանգիստներով ռուսական ռեսուրսների տարանցման հետ, ինչպես նաև տնտեսական սերտ կապեր Ֆինլանդիայի հետ: Բալթյան երկրներում ռուսախոս փոքրամասնության գործոնն այդպես էլ բավարար արդյունավետությամբ չի օգտագործվել Ռուսաստանի կողմից: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը դեռ մեծ հնարավորություններ ունի բալթյան երկրների ու Ֆինլանդիայի վրա ճնշում գործադրելու: ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի լուծում այդ պետությունների անվտանգության բոլոր խնդիրները: Իրական ռազմական հակամարտության դեպքում այդ պետություններին հսկայական վնաս կպատճառվի: Հազիվ թե այդ պետությունները, որոնք Ռուսաստանի կողմից իրական վտանգ չեն զգում և ՆԱՏՕ-ին անդամակցությունը համարում են Արևմուտքի հետ ընդհանուր տնտեսական ու քաղաքական ինտեգրման արդյունավետ ուղղություն, ցանկանային լուրջ առճակատում ունենալ Ռուսաստանի հետ: ՈՒստի դեռևս բավականաչափ ռեզերվներ կան այդ երկրների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու այնպիսի հարցերում, ինչպիսիք են նրանց տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի և ռազմակայանների տեղաբաշխումը, ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը, թեև դա էլ է կանոնակարգվում համապատասխան պայմանագրերով: Այսինքն, հյուսիսային ուղղության հարցում ՆԱՏՕ-ի «ակումբային» ձևաչափը շատ էլ ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև այդ հանգամանքով են պայմանավորված տարածաշրջանի պետությունների հետ «անջատական» հարաբերությունները: Հարավ-արևելքում ՆԱՏՕ-ի «ակումբները» նույնպես կարող են ժամանակի ընթացքում դառնալ ավելի զիջող ու ճկուն, ինչն արդեն դրսևորվել է էներգամատակարարման ոլորտում: Ընդհանուր առմամբ, անգամ կա ՆԱՏՕ-ում ռուսամետ «ակումբի» ստեղծման հեռանկար` ի դեմս բալկանյան երկրների, ինչպես նաև Հունգարիայի ու Չեխիայի, թեև, հնարավոր է, հիմա այդ պնդումը շատ տարօրինակ է թվում: Բայց թույլ տալ, որ ՈՒկրաինան նույնպիսի դեր խաղա, ԱՄՆ-ի համար կնշանակեր Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում ունեցած ծրագրերի ձախողում:
Այդուամենայնիվ, տվյալ իրավիճակում ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի երկխոսությունը շատ ավելի արդյունավետ է, քան Ռուսաստանի կապերը դաշնախմբի մեջ մտնելու թեկնածու պետությունների հետ: Հարկ է նկատի ունենալ, որ Արևելյան Եվրոպայի պետությունների այդքան հապշտապ ընդունումը ՆԱՏՕ-ի մեջ չի կարող անմիջականորեն կապված լինել պաշտպանական նպատակահարմարությունների հետ: Միանգամայն հնարավոր է այն վարկածը, որ ՆԱՏՕ-ի կազմի այդքան արագ ընդլայնումը կհանգեցնի նրա կազմի ոչ պաշտոնական ստորակարգության մեծացմանը, այսինքն` կպահպանվի ՆԱՏՕ-ի անդամների «վերնախավային ակումբը», կձևավորվի Կենտրոնական Եվրոպայի երկրներից բաղկացած «երկրորդ կարգի ակումբ», ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բուֆերային պետությունները, հնարավոր է նաև ԱՊՀ երկրներ ներառող «երրորդ կարգի ակումբ»: Վերջինիս մեջ ավելի ուշ հեռանկարում կարող են մտնել նաև Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի որոշ երկրներ:
Արդի աշխարհաքաղաքական և քաղաքակրթական կառուցվածքն այնպիսին է, որ ռազմաքաղաքական կազմակերպության այդպիսի պատկառելի ընդլայնումը չի կարող չհանգեցնել իրական ներքին կապերի փոփոխման և նոր ազգային ու խմբային շահերի առաջացման: ՆԱՏՕ-ն, անտարակույս, կդառնա ավելի ամորֆ կազմակերպություն, ինչը կբարդացնի որոշումների ընդունման գործընթացը: Կարելի է նաև ենթադրել, որ Արևմտյան ընկերակցության և Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում կարող է տեղի ունենալ խմբավորումների և դեպի խոշոր պետություններ «փոքր» երկրների համապատասխան կողմնորոշումների ձևավորում: Այս կապակցությամբ, բալթյան երկրներն ու Ֆինլանդիան կարող են հայտնվել Գերմանիայի ազդեցության ոլորտում, ինչը Ռուսաստանին հնարավորություն կընձեռի Գերմանիայի հետ երկխոսելու ՆԱՏՕ-ում այդ երկրների դերի և, առաջին հերթին, դրանց տարածքում դաշնախմբի զորքերի ու ռազմակայանների տեղաբաշխման շուրջ: Ռուսաստանին սպասում է աշխարհաքաղաքական շրջափակման փորձերի մի ծանրագույն ժամանակաշրջան: Բավական երկար ժամանակ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն փորձում էին լուծել Ռուսաստանի շուրջ ընդարձակ «բուֆերային գոտու» ստեղծման հարցը, որը դատապարտված էր ձախողման: ՎՈՒԱՄ նախագծի ձախողումից հետո ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հասկացան, որ անհրաժեշտ են Արևելյան Եվրոպայի ինտեգրման հարցի հաստատուն լուծումներ, ինչը զուգադիպեց ՀՀՊ ռազմավարական համակարգի ստեղծման ամերիկյան ծրագրին: Այսինքն, չնայած հարավարևելյան ուղղությունում Ռուսաստանի ավելի նշանակալի քաղաքական, տնտեսական և հասարակական ներկայությանը, հատկապես այստեղ են նրա իրական ազդեցությունը, ավելի ճիշտ` ազդեցության լծակները և քաղաքական օպերատիվ հնարավորությունները շատ ավելի թույլ, քան հյուսիսային ուղղությունում` կապված այն բանի հետ, որ ՆԱՏՕ-ի հյուսիսային թևը զգալիորեն կողմնորոշված է դեպի մայրցամաքային եվրոպական տերություններ, նախ և առաջ` Գերմանիա, մինչդեռ հարավ-արևելքում դեպի ՆԱՏՕ ձգտող պետությունները դեպի ԱՄՆ կողմնորոշված «լեհական ակումբի» պոտենցիալ անդամներ են: Այս իրավիճակում ՈՒկրաինային սպասում է ոչ թե եվրոպական քաղաքականության առաջատարների` առավել հեղինակավոր «եվրատլանտյան ակումբի» կազմում, այլ նրանց հակառակորդի դիրքում հայտնվելու հեռանկարը, ինչն ի չիք կդարձնի ուկրաինական վերնախավի ռազմավարական ծրագրերը: ՈՒկրաինայի օրինակը կարող է ՆԱՏՕ-ի նոր անդամների տեղի ու դերի ձևավորման հանդեպ նոր մոտեցումներ ի հայտ բերել։ Եթե նախկինում դաշնախմբի անդամ երկրների «ներառումը» այս կամ այն «ակումբ» տեղի էր ունենում այն բանից հետո, երբ նրանք դառնում էին կազմակերպության անդամ, ապա Արևմտյան Բալկանների երկրները, ինչպես նաև ՈՒկրաինան այս կամ այն «ակումբի» անդամ կդառնան դեռ մինչև ՆԱՏՕ ընդունվելը:
ԱՄՆ-ը բախվելու է ՆԱՏՕ-ի կազմում «ակումբների» առաջացման խնդրին և սկզբում բացասաբար էր վերաբերվում դրան: Բայց ժամանակի ընթացքում, ուսումնասիրելով այդ երևույթի բնույթը, ԱՄՆ-ը ձգտում է օգտվել դրանից և ծառայեցնել իր շահերին: Այլ վարկած էլ կա. ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ընդլայնման հենց սկզբից ինքն է նախաձեռնել այդ «ակումբների» ստեղծումը: Դա, ավելի շուտ, ոչ թե ամերիկյան, այլ բրիտանական ոճ է, ուստի այդ երևույթը քննարկելիս պետք չէ անուշադրության մատնել Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն ու շահերը: Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ի ընդլայնման գործում եվրոպացիների դադարը կամ դիրքորոշումների սկզբունքային փոփոխությունը հանգեցնում են նրան, որ ՆԱՏՕ-ի գործունեությանը ՈՒկրաինայի մասնակցության ձևաչափի ըմբռնման խնդիր է առաջանում: Այս կապակցությամբ կարող է ստեղծվել մի նախադեպ, երբ կառաջանան անդրնատօյական «ակումբներ», երբ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ կմիավորվեն դաշնախմբից դուրս գտնվող պետությունների հետ` այս կամ այն առաջադրանքի համատեղ կատարման համար: Այդ հնարավորությունն առայժմ ՆԱՏՕ-ում չի քննարկվել և կհանդիպի եվրոպացիների առարկությանը, ուստի դեռ խաղեր կտրվեն, և ՈՒկրաինայի տեղն ու դերը կլինեն միաժամանակ թե՛ կարևոր, թե՛ խնդրահարույց, եթե ուկրաինական քաղաքական ղեկավարությունն ու առհասարակ վերնախավը թույլ տան, որ դաշինքի հետ հարաբերություններում երկրի կարգավիճակը դառնա խոցելի:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ