38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Քավության նոխազը` մատաղի պատրաստ ՀՀ քաղաքացին, կա ու կա

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Քավության նոխազը` մատաղի պատրաստ ՀՀ քաղաքացին, կա ու կա
16.06.2015 | 19:55

Բիբինը` որը բնականաբար խորհրդային տարիների ռուսական կոռումպացված, հղփացած, մեծամիտ չինովնիկի տիպիկ օրինակ է, արհամարհեց և, ինչպես սպասվում էր, չմասնակցեց ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ լսումներին: Դե քանի որ Տիզբոնից ժամանած այդ չինովնիկը չէր մասնակցում լսումներին, ուստի մեր որոշ պատգամավորներ բարեհաջող հերոսացան և հանգիստ ու անարգել ինքնահաստատվեցին: Բայց, ի վերջո, ոչ մի բանի էլ չհանգեցին` շունը հաչի, քամին փչի: Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկը խելամիտ էր, շատ հրատապ ու արդիական: Այո՛, իրոք էներգետիկ համակարգը, և ոչ միայն, պետք է ենթարկել միջազգային հեղինակավոր, անկաշառ կազմակերպությունների աուդիտի: Այդպիսով հնարավոր կլինի էնեգետիկայի, գազի և այլ համանման ոլորտներում ճշտել իրավիճակը, կանխատեսել ապագան և կառավարման հնարավոր ուղիները, հնարավորինս բացառել չարաշահումները: Եթե ՀԾԿՀ-ն հիմա չի էլ մերժում ՀԷՑ-ի հայտը, ապա ՀՀ կառավարության հետ համատեղ պետք է գոնե անպայման մտածեն և այսուհետ պրակտիկա դարձնեն միջազգային աուդիտը: Իսկ դատախազությանը չդիմելու Ռոբերտ Նազարյանի տրամաբանությունն այն է, որ սեփականատիրոջն են վնաս հասցրել, ինքն էլ պետք է դիմի: Սեփականատերն էլ, իհարկե, չի դիմում, որովհետև չարաշահումները իրենն են, միջոցներ ձեռնարկելու, կարգավորելու ցանկություն էլ չունի: Ստացվում է, որ այդ սեփականատերը որոշել է իր, այսպես կոչված, «վնասները» բացառապես փոխհատուցել, վերականգնել ՀՀ քաղաքացիների հաշվին… Քավության նոխազը` մատաղի պատրաստ ՀՀ քաղաքացին, կա ու կա: Իսկ ո՞վ պետք է պաշտպանի ՀՀ քաղաքացու շահերը: Դատախազությունը, պետական մյուս մարմիններն այդ դեպքում ո՞ր օրվա համար են, և ընդհանրապես ու՞մ համար են: Որպեսզի ընդդիմադիր ուժերը կամ, ավելի ճիշտ, իշխանության ձգտողները չսկսեն շահարկել ու դիվիդենտներ շահել ստեղծված «նպաստավոր» իրավիճակից, իրենք` իշխանությունները, պետք է մտածեն այս ուղղությամբ ու շատ լուրջ մտածեն: Այլապես գազը, հոսանքը, մյուսները իրենց սակագնային քաղաքականությամբ դառնում են մի փակ շրջան, իսկ ՀՀ քաղաքացին այդ շրջանի մեջ աննպատակ ու անհույս վազվզող սկյուռիկ: Իսկ այդ սկյուռիկը մի օր կհոգնի, կկատաղի ու կսկսի կրծել շուրջ բոլորը եղածը:

Դիտվել է՝ 2270

Մեկնաբանություններ