Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ԲՈԼՈՐ ՄԵԾ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ՍՏԵՂԾԵՆ ՀԻԱՑՄՈՒՆՔԻ ԱՐԺԱՆԻ ԳՈՐԾ»

«ԲՈԼՈՐ ՄԵԾ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ՍՏԵՂԾԵՆ ՀԻԱՑՄՈՒՆՔԻ ԱՐԺԱՆԻ ԳՈՐԾ»
13.11.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ն շնորհավորում է ՀՀ ժողովրդական նկարիչ ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆԻՆ` ծննդյան 80-ամյակի առթիվ: Զրույցը նրա հետ իրավամբ կարելի է համարել վարպետության դաս երիտասարդ նկարիչների համար: Իսկ ոչ նկարիչների համար սա լավագույն հնարավորություն է` հաղորդակցվելու արվեստագետի իմաստուն դիտարկումներին:
-Պարոն Ադալյան, նախորդ դարի 60-70-ական թվականներին Դուք համարվում էիք ավանգարդիստ: Ավանգարդիզմը տարիքո՞վ, թե՞ էությամբ պայմանավորված երևույթ է: Արվեստի այսօրվա ավանգարդ դրսևորումների մեջ Ձեզ համար հոգեհարազատ տարրեր գտնո՞ւմ եք, թե՞ այն արդեն բացառապես նոր սերնդին բնորոշ մտածողություն է:
-Չեմ կարծում, որ այսօրվա և իմ երիտասարդության շրջանի ավանգարդիզմը տարբեր բաներ են: Նորագույնը մեծ մասամբ արդեն եղածի կրկնությունն է ինչ-որ տեղ: Համենայն դեպս, կան շատ շնորհալի երիտասարդներ, որոնք ստեղծագործում են այդ ուղղվածությամբ: Բայց ես դեմ եմ «ավանգարդիզմ» ձևակերպմանը: Դա հարմար է այնքանով, որ օգնում է մի տարատեսակը բաժանել մյուսից: Բայց ինչ-որ մի արվեստագետի կոչել ավանգարդիստ, մեկ ուրիշին` չկոչել, սխալ է: Նույնիսկ շատ ավանգարդիստ նկարիչներ իրենց չեն համարել այդպիսին: Այդ բնորոշումները, ի վերջո, ավելի շատ հարմար են քննադատների համար:
-Իսկ արվեստի այդ ուղղությունը («ավանգարդ» կոչենք, թե մեկ այլ բան), հատկապես Եվրոպայի՞ց, Արևմուտքի՞ց եկող իրողություն է:
-Այո՛, անշուշտ: Ավանգարդիզմն այն արվեստն է, որը դուրս է գալիս արդեն ընդունված համակարգերից: Երբ մեկն ինչ-որ չափով շեղվում է եղած համակարգից, բնականաբար, նոր գաղափարներ, նոր ձևեր է մշակում և արտահայտում: ՈՒ մենք նրան կոչում ենք ավանգարդիստ, այսինքն` առաջադեմ: Եթե այդ տեսանկյունից մոտենանք, պիտի ասենք, որ ավանգարդիզմը սկիզբ է առել դեռևս 19-րդ դարում: Կուրբեի արածն արվեստում ինչ-որ տեղ արդեն ավանգարդիզմ է: Դելակրուայի արածը` նույնպես, եթե համեմատելու լինենք ակադեմիական ուղղությունների հետ: Շատ քննադատների զարմացնում էր Դելակրուայի նկարչությունը, նրանք ասում էին, թե Դելակրուայի գործերը կարծես ավելով նկարված լինեն: Հիմա նրա նկարները նայելիս նման գաղափար կարելի՞ է ունենալ: Իհարկե` ոչ: Բայց իր ժամանակին նա արդեն ընդունված ձևերից դուրս էր եկել, և քննադատները դա բնորոշում էին յուրովի: Հետագայում յուրաքանչյուր նոր ուղղություն ունենում է հետևորդների խմբեր, և դրանց կոչում են ավանգարդիստներ, առաջադեմներ: Թե որքանով են իսկապես առաջադեմ, չգիտեմ:
-Ինչպե՞ս են տարբերվում ընդունված համակարգերից դուրս եկող, բայց արվեստ ստեղծող անհատներն արվեստ աղավաղողներից: Ո՞րն է բաժանարար սահմանը. ի վերջո, երկուսն էլ խախտում են նախասահմանված նորմերը:
-Ավանգարդիստները դուրս են գալիս ընդունված համակարգից, բայց մնում են արվեստի ընդհանուր սահմանների մեջ: Նրանց արածն արվեստից դուրս չէ, մեծ սահմաններից դուրս չէ: Այդպես է ոչ միայն նկարչության մեջ, այլև արվեստի բոլոր ժանրերում: Վերցրեք թեկուզ բանաստեղծությունը: Այսօր բանաստեղծներից շատերն ընդունված սահմաններից դուրս են, բայց նրանց գրածը չի դադարում բանաստեղծություն լինելուց: Օրինակ, Ֆրանսիայի արվեստի ակադեմիան ոչ մի ավանգարդիստի չի ընդունում ակադեմիայի անդամ, որովհետև ակադեմիան տրադիցիաներին հետևող և դրանք պահպանող հիմնարկություն է: Ով մնում է տրադիցիայի սահմաններում, կարող է դառնալ ակադեմիայի անդամ, իսկ ով շեղվում է, չի կարող դառնալ: Օրինակ, Գառզուին ինչո՞ւ ընդունեցին ակադեմիայի կազմում. որովհետև նա թեև ինչ-ինչ նորամուծություններ է արել, բայց ընդունված տրադիցիաներից դուրս չի եկել: Նույն Գառզուն հակադրվել է շատ նկարիչների, օրինակ, այն կարծիքին է եղել, թե Սեզանն ամեն ինչ փչացրել է: Այդպիսի մոտեցումներ էլ է դրսևորել, որը, անշուշտ, լուրջ բան չէ: Իսկ երբ Պիկասոյին ասել են, թե իրեն ուզում են դարձնել ակադեմիայի անդամ, նա տարակուսել է` հայտարարելով, թե ինքն ամբողջ կյանքում նրանց դեմ է պայքարել, ինչո՞ւ են իրեն ուզում դարձնել ակադեմիկ: Եվ իրոք, նա մշտապես հակադրության մեջ է եղել ակադեմիզմի, տրադիցիայի նկատմամբ: Չի ժխտել տրադիցիան, բայց հանճարեղ տրադիցիոն նկարիչներին վերափոխել է իր ձևով:
-Հայ երաժշտության մեջ չափորոշիչը, «կամերտոնը» Կոմիտասն է, նկարչության մեջ կա՞ այդպիսի ելակետային արժեք:
-Որքանո՞վ է ճիշտ չափանիշ կոչվածը: Չափանիշից դուրս գալ, ավելի բարձր կամ ցածր լինել, չի նշանակում ժխտել մյուսներին: Չի կարելի սահմանափակվել ինչ-որ կաղապարներում ու ասել, թե դրանից դուրս գալ չի կարելի: Իսկ ինչո՞ւ չի կարելի: Եթե մարդը ներքին ցանկություն ունի ինչ-որ բան խախտելու, ինչո՞ւ չխախտի: Մեկը նկարում է լուսանկարի նման, մյուսը չի ուզում սահմանափակվել արտաքին տեսքի շրջանակներում: Նա ներքին ինչ-որ ցանկություն ունի, գլխով չի մտածում, ներզգացողությամբ է առաջնորդվում: Ցանկանում է ինչ-որ բան խախտել և խախտելով` ստեղծում է արվեստ: Մեկը մի քիչ ավելի, մեկը մի քիչ պակաս, բայց, ի վերջո, ստեղծում են արվեստ: Ֆրանսիացի նկարիչ Ժորժ Բրակն ասում է, թե նատյուրմորտն այն ժամանակ է դառնում նկար, երբ վերանում է նատյուրմորտը: Այսինքն` նկարիչն առարկան չի ընդօրինակում, այլ առարկան օգտագործում է, որպեսզի նրա միջոցով ստեղծի արվեստ: Սա է ճշմարտությունը: Բայց այս ճշմարտությունը ոմանք կարող են ընկալել որպես ավանգարդիզմ, թեև ինքը` նկարիչը, դեմ է իրեն ավանգարդիստ կոչելուն: Նույն Կրանախն ասում է, թե ինքը չգիտի` որն է սկիզբը, որն է վերջը, որովհետև ամեն մի սկիզբ ունի վերջ, ամեն մի վերջ ունի սկիզբ, ու դրանք միասին ստեղծում են ներքին շարժումը: Այսինքն` նա դեմ է սահմանափակումներին: Երբ նկարիչը նկարում է, ասենք, խնձոր, նա խնձորից սկսում է, բայց, ի վերջո, դա դառնում է նկար, որում պրոբլեմներ են առաջ գալիս: Արվեստն ուրիշ բան է, առարկան, բնությունը` ուրիշ: Ով ընդօրինակում է բնությունը, իր գործն է, թող ընդօրինակի: Բայց դա շատ քիչ բան է: Ի վերջո, ինչ-որ բան պիտի խախտվի, որ դառնա արվեստ: Բոլոր մեծ նկարիչները խախտել են բնությունը: Բնությունից օգտվել են, բայց խախտել են այն, որպեսզի կարողանան ստեղծել հիացմունքի արժանի գործ:
-Պարոն Ադալյան, քանդակագործը երեք չափերի մեջ է տեսնում բնությունը, նկարիչը` երկու: Դուք, լինելով քանդակագործ և գեղանկարիչ, ինչպե՞ս եք տեսնում այն:
-Նախ, ես քանդակագործ չեմ: Որոշ փորձեր արել եմ, բայց բանը չի հասել նրան, որ ինձ քանդակագործ կոչեմ: Ես կզբաղվեի քանդակագործությամբ, անշուշտ, լրջորեն կզբաղվեի, եթե հնարավորություն ունենայի: Բայց չեմ ունեցել: Շատ դեպքերում նկարչի արածի մեջ երևում է քանդակագործը, և` հակառակը, քանդակագործի մշակումը լինում է գեղանկարչական: Օրինակ, կուբիզմի մեջ քանդակայնությունը խիստ զգալի է, որովհետև այդ ուղղությունն ամեն ինչ վերածում է ֆորմաների: Նույն կերպ էլ քանդակի լուծումները, մշակումը կարող են լինել գեղանկարչական:
-Ձեր հոբելյանի առիթով բացված ցուցահանդեսների հյուրերը բազմիցս շեշտադրեցին այն միտքը, որ Ձեր գործերն արժանի են ցուցադրվելու աշխարհի ամենամեծ սրահներում, ճանաչվելու ամենաառաջադեմ երկրներում: Իսկ Դուք Հայաստանի շրջանակներում սահմանափակված լինելու անհարմարությունն զգո՞ւմ եք:
-Ամեն արվեստագետ էլ ձգտում է շատերի կողմից ճանաչվել, դուրս գալ իր նեղ տարածքից: Անձամբ ես ժամանակ չեմ ունեցել հատկապես դրանով զբաղվելու: Ասում եմ ամենայն անկեղծությամբ: Ի՞նչ, պիտի նստեմ ու մտածեմ իմ համբավի մասի՞ն: Հա՜, լավ բան է, շատ լավ բան է, երբ ճանաչված, գնահատված ես` ըստ արժանվույն: Բայց դրանով ինքը` նկարիչը, արվեստագետը չի կարող զբաղվել, որովհետև դա ահռելի ժամանակ է խլում: Դա մի ուրիշ մարդ պիտի անի: Ի վերջո, ասելով չէ, անելով է: Նկարիչն ավելի շատ պիտի լռի, ու իր փոխարեն պիտի նրա գործը խոսի: Նկարչությունը լուռ արվեստ է, բայց շատ նկարիչներ կան, որ խոսում են, գրում են իրենց պլանների, իրենց մտադրությունների մասին: Ծրագրերով չէ, որ պիտի առաջնորդվեն: Որքան ինձ հայտնի է, 20-րդ դարի մեկ տասնյակ մեծագույն նկարիչներ այդպիսի բաներով չեն զբաղվել, մանիֆեստներ չեն գրել: Բայց և եղել են նկարիչներ, ովքեր մի քանի մանիֆեստ են գրել, բայց ո՞ւմ են դրանք պետք: Մանիֆեստով կարելի՞ է նկարչություն ստեղծել: Սալվադոր Դալիի նման նկարիչն է խոստովանել, որ իր գրած ծրագրերը նրա համար չեն, որ ուրիշներն ընդօրինակեն, քանի որ ընդօրինակելով` որևէ բանի չեն հասնի: Ինքը գրել է և գրել է շատ հետաքրքիր, ու մարդիկ կարդում են: Բայց կարդալով` ոչ մեկը Դալի չի դառնում: Ինչպե՞ս կդառնա: Ինչ խոսք, հետաքրքիր է ծանոթանալ այդ արվեստագետի մտքերին, բայց դա որևէ գործնական օգուտ չի բերի: ՈՒրեմն, ճշմարտությունը լռել և նկարելն է: Շատ դեպքերում ինքը` նկարիչն էլ չի իմանում, թե ինչ է արել: Անցնում է որոշ ժամանակ, հանկարծ հասկանում է: Հետևաբար, պահի տակ ասված, գրված բառերին հավատալ չի կարելի: Երբեմն կողմնակի մեկը կարող է նկարչին հուշել, թե ինքն ինչ է արել: Բայց և կարող է սխալ բան հուշել: Գուցե և արվեստաբանի ասածները հետաքրքիր լինեն, բայց չհամապատասխանեն տվյալ նկարչի ստեղծագործությանը:
-Այսինքն` արվեստաբանը կարող է և՛ օգնել, և՛ խանգարե՞լ:
-Անշուշտ: Արվեստաբանը կարող է անգամ շեղել նկարչին: Օրինակ, Տրետյակովի նման արվեստաբանն ինչ-որ տեղ խանգարել է իր ժամանակի բուն արվեստի զարգացմանը: Նա քարոզել է ոչ թե նկարչությունը, այլ նկարչության թեման, հայրենասիրության գաղափարը նկարչության մեջ: Դրանով նա շեղել է նկարիչներին: Նկարիչները հավատացել են նրան ու գնացել նրա մատնանշած ուղղությամբ: Իսկ նա ինչ-որ տեղ նկարչությունից դուրս է մտածել: Եվ Տրետյակովը եզակի օրինակ չէ: Կարևորը, ի վերջո, այն չէ, թե ինչ ես նկարում, այլ ինչպես ես նկարում: Երբ «ինչպես»-ի հարցը լուծված է, ուրեմն կա իսկական նկարչություն: Նկարչությունը, նախ և առաջ, նկարչություն պիտի լինի, ոչ թե ինչ-որ սյուժե: Երբ մտնում ես թանգարան, հաճախ քեզ մի ամբողջ պատմություն են պատմում այս կամ այն նկարի մասին, նկարագրում սյուժետային մանրամասներ, այնինչ այդ ամենը կապ չունի բուն նկարչության հետ: Տասնյակ հազարներով Քրիստոս են նկարել, բայց քանի՞սն են գլուխգործոց, ընդամենը մի տասնյակը: Որովհետև այդ նկարներում արդեն ոչ միայն թեման է ներառված, այլև թեմայից դուրս մի ամբողջ փիլիսոփայություն: Տաղանդավոր մարդն այդ ամենն արտահայտում է գույնով, գծով, ֆորմայով, մտածելակերպով, ներքին ուժով, տաղանդով: Եթե թեման ինքնին կարևոր է, դեռ չի նշանակում, որ նկարը լավն է: Շատ հաճախ միջակ կատարված գործն ընդունում են որպես ճշմարտություն, որովհետև այնտեղ ներկայացված թեման կարևոր է: Սա սխալ մոտեցում է: Մեծ նկարչի համար թեման իր ներսում եղածն արտահայտելու միջոց է ընդամենը: Թեման սկիզբն է, հետո է այն դառնում նկար: Դելակրուան ասում է. «Նկարը, նախ և առաջ, պիտի լինի տոն` աչքի համար»: Սա նշանակում է, որ երբ դու տեսնում ես կախված նկարը, նախ և առաջ պիտի զգաս նրա ձգողականությունը, պիտի այն գրավի աչքդ: Հետո միայն պիտի մոտենաս, նայես` ինչ է իրենից ներկայացնում, ով է հեղինակը, ինչ թեմայով է նկարել, ինչն է պետք առանձնացնել, հատկապես ինչին ուշադրություն դարձնել: Արվեստը պիտի տոն լինի, եթե անգամ այն ողբերգություն է ներկայացնում: Մի անգամ Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում ֆրանսիական արվեստի ցուցահանդես էր բացվել, ներկայացված էր մի մեծ կտավ` «Ճակատամարտ Նանսիի մոտ»: Կինս, որ նկարչուհի է, նայեց այդ նկարին ու ասաց. «Ի՞նչ կապ ունի ճակատամարտը»: Դա առաջին արձագանքն էր նկարին, որը թեև ուներ ողբերգական բովանդակություն, բայց նման էր տոնի: Թեման այս դեպքում հայտնվում է երկրորդ պլանում: Գերմանացի նկարիչ Կրանախը գրաֆիկական գործեր ունի, որոնցում շատ դաժան պատկերներ են ներկայացված, բայց քանի որ դրանք արված են խոշորագույն նկարչի կողմից, հիացմունք են առաջացնում, արվեստ սիրողը չի կարող չհիանալ: Չնայած դրանցում դրամա է պատկերված, բայց դրանք ընկալվում են որպես արվեստ ու գեղեցկություն:
Զրույցը` Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ