Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Աշխարհի բոլոր թատրոններն իրար նման են»

«Աշխարհի բոլոր թատրոններն իրար նման են»
11.08.2009 | 00:00

ԹԱՏԵՐԱՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը 12 տարի անընդմեջ գլխավորող ԱՐՄԵՆ ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆԸ, ով իր ստեղծած «Հավլաբար» թատրոն-ստուդիայի կորիզի շուրջ նոր համախոհներ հավաքելով, հայտնի պայթյունից հետո, Հայաստանի և Վրաստանի միացյալ ջանքերով թատրոնի շենքի վերանորոգմանը զուգահեռ, կարողացավ կրկին կյանքի կոչել փլուզված թատերախումբը, այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է. «Հուսալի ձեռքերում է մեր թատրոնը և երբեք վերջակետ չի ունենա»։ Արդեն զտարյուն թատրոնի մարդ էր, մի շարք պիեսների ու բեմադրությունների հեղինակ, ստվար դերացանկ ուներ, փաստացի գլխավորում էր վիրահայոց թատրոնի ստեղծագործական գործընթացը, երբ Վահե Շահվերդյանի ռեժիսորական արվեստանոցում ստացավ երրորդ մասնագիտությունը։ Բնատուր շնորհի և հարուստ բեմափորձի բերումով` խաղացանկային կենսունակությամբ աչքի ընկան թե՛ կուրսային (Նար-Դոս, «Սպանված աղավնին»), թե՛ դիպլոմային (Շեքսպիր, «Օթելլո») աշխատանքները։ Հայրական հոգատարությամբ հերթափոխ աճեցնելով` ուրույն թատերաձեռագրով բեմ բարձրացրեց տարազգի ժամանակակից և դասական ստեղծագործություններ, որոնք արդեն վարպետացած անհատականության կնիք են կրում` անկախ մշտանորոգ դերասանախմբի տարաչափ կատարողական ներուժից։ Մշտապես հաղորդակցվելով «ադամյանցիների» վերջին տարիների ստեղծագործություններին` վստահաբար հաստատում եմ թատրոնի վաղվա օրվա նրա համոզմունքը և բարեկամական զրույց ծավալում արդի հայ բեմարվեստի, առհասարակ Թատրոն տաճարի շուրջ։

ԶՐՈՒՅՑ ԱՌԱՋԻՆ

«ՊՈԵԶԻԱՆ Է ՀԻՄՔԸ ԱՐՎԵՍՏԻ, ՆԱԵՎ` ԹԱՏՐՈՆԻ»
-Խոսենք Թբիլիսիի հայկական պետական թատրոնի պատմաաշխարհագրական տարարմատ շառավղային օրինաչափություններից։
-Աշխարհի բոլոր թատրոններն իրար նման են։ Որտեղ էլ որ գտնվեն։ Ինչ լեզվով էլ որ ստեղծագործեն։ Նման են նրանց կուլիսները, առհասարակ` կառույցները։ Հոգեբանորեն։ Շինությունների մասին չեմ խոսում, այլ «թատրոն» հասկացության, երևույթի մասին։ Երբեմն մտածում եմ` Աստված երևի ինքն է ծնել թատրոնի գաղափարն այնպես, որ նման չլինի ուրիշ ոչ մի բանի, առանձին գոյություն ունենա։ Աշխարհի որ թատրոնն էլ մտնես, նույն յուրահատուկ հոտը կզգաս կուլիսներում, գրիմանոցներում, նույնիսկ միջանցքներում ու դահլիճներում։ Լավ իմաստով։ Միշտ երազել եմ, որ թատրոնը չխառնվի քաղաքականությանը, պահպանի ուրույն ստեղծագործական ոգին։ Երբ բեմադրությունները դառնում են քաղաքականություն, կորցնում են իրենց գրականությունը։ Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ համամարդկային լավ պոեզիայի մեջ քաղաքականություն կա։ Գտեք թեկուզ մեր մեծ պոետների մոտ մի այնպիսի ստեղծագործություն, որում քաղաքականություն կա ու մնացել է մեր ժողովրդի շուրթերին։ Չկա այդպիսի բան։
-Մերկապարանոց քաղաքականություն, իհարկե, չի կարող լինել գեղարվեստական բարձրարժեք գործերում։ Բայց քանի որ դրանք կյանքից են սնվում, ներծծվում են հեղինակի կենսափորձով, անուղղակիորեն անդրադարձնում են նրա վերաբերմունքն ամենքի ու ամեն ինչի նկատմամբ։ Ոչ ուղղագիծ հռետորական ճառով կամ պլակատով, այլ տարատեսակ տիպականացնող գեղեցիկ հնարքներով, այլազան արտահայտչամիջոցներով` անհատ ստեղծագործողի երևակայության թռիչքով, բնատուր օժտվածությամբ, ինտելեկտով, աշխարհընկալմամբ, անձնական խառնվածքով խմորված։
-Այդպես է։ ՈՒստի աշխարհում չկա քաղաքականությամբ լի պոեզիա, երաժշտություն, կերպարվեստ... Ո՞ր թատրոնն է հզոր լինում, պահպանում իր յուրահատուկ հոտը։ Առաջին հերթին այն, որն Աստծո կողմից առանձնաշնորհյալ մարդկանցով է լեցուն...
-Ովքեր իրենց շնորհներն անմնացորդ համախոհությամբ ծառայեցնում են Թատրոն տաճարը կանգուն պահելուն։
-Այսօր թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում, թե այլուր մենք, ցավոք սրտի, կորցրել ենք թատրոնի պոեզիան։ Սա իմ նկատառումն է, գուցե` վիճելի։ Բեմը դարձրել ենք կռիվ հենց այդ պոեզիայի դեմ։ Խոսում ենք դրամատուրգի պոետիկ լեզվով, ասում շատ սիրուն բաներ, բայց դրա մեջ կռիվ կա։ Մենք` ռեժիսորներս, աշխատում ենք բեմի վրա մի ռիթմ գտնել, որը նման է զինվորական ճտքակոշիկների միալար դոփյունին։ Անընդհատ դոփում ենք։ Տարբեր թատրոններում ներկայացումներ ես նայում, տարբեր երկրներում։ Եվ նկատում ես, որ դրանք երկվորյակներ են...
-Նմանվում են, երևի, կոնկրետ կուռքերից ազդված լինելո՞վ, նրանց գեղագիտական հավատամքը դավանելո՞վ...
-Թատրոնը ե՞րբ է կայանում։ Երբ ունի ստեղծագործական մտածելակերպ ունեցող տաղանդավոր մարդիկ, 2-3 «լծկաններ»։
-Համախոհների կայուն խումբ նաև։
-Այո, բայց նրանք տաղանդավոր պիտի լինեն անպայման։ Այս դեպքում միայն միս ու ար-յուն կստանա «թատրոն» հասկացությունը։ Ինչպես, ասենք, Վահե Շահվերդյանի թատրոն, Արմեն Խանդիկյանի, Երվանդ Ղազանչյանի... Չենք համեմատում, թե ով ինչպես է անում բեմադրությունները։ Լուծ տանողը` թատրոնի գեղարվեստական ղեկավարն է բերում ճաշակ։ Երբեք գեղարվեստական խորհուրդը թատրոնն առաջնորդել չի կարող, որովհետև տարբեր մարդկանցից կազմված խումբ է։ Մի ընտանիքում 6 մայր կամ 6 հայր կարո՞ղ են լինել։ Ընտանիք պահել, սերունդ դաստիարակել։ Լսվա՞ծ է այդպիսի բան աշխարհում։ Սա նույն թատրոնն է։ ՈՒրեմն, թատրոնի գեղարվեստական ղեկավարը, գլխավոր ռեժիսորը պիտի կարողանան իրենց հետևից տանել այն գրականությունը, պոեզիան, դերասանախմբի հետ միասին, որը համոզի հանդիսատեսին, հոգևոր ներաշխարհը պարբերական ներարկումներով գոտեպնդելու պահանջ ունեցող լուրջ հանդիսատեսին։ Իսկական թատրոնը, իհարկե, բոլորի համար չէ։
-Այսինքն` մասսայական արվե՞ստ չէ։
-Անկասկած։ Լուրջ թատերարվեստը հենց որ դարձավ մասսայական, կկորցնի իրեն բնորոշ հոտը։ Այն ամենը, ինչի շուրջ մեր զրույցը ծավալվում է։ Ամեն հավաքական կառույց ունի իր հանդիսատեսը` ֆուտբոլը, բասկետբոլը։ Թատրոնը` նույնպես։ Հանդիսատեսը ևս ծնվում է, ինչպես և դերասանը։
-Բայց կարող ենք, չէ՞, հանդիսատես կրթել, դաստիարակել։
-Միտքս վերջացնեմ` ասեմ։ Տարբեր արվեստների հանդիսական նույնպես ծնվում են։ Ստիպողաբար եթե փորձենք կոնկրետ մեկի հանդիսականը դարձնել մարդուն, միևնույն է, փախչելու է իր նախասիրության ոլորտը։ Եթե հոգևոր պահանջ չունի, մի քանի անգամ գայթակղելով կբերես, ասենք, թատրոն, բայց նա շուտով կփախչի։ Սա սիրո նման մի բան է։ Պարտադրանք չի հանդուրժում։ Մյուս կողմից, ե՞րբ է թատրոնը պահպանում իր մշտական հմայքը։ Երբ, տեսնելով ցորենի նոր հասկի սաղմնավորումն ու ծլարձակումը, գլխավոր ռեժիսորը կամ գեղարվեստական ղեկավարը սոսկ իր երևակայությամբ չի սնուցում այդ հասկը։ Տեսե՞լ եք ծնողներ, ովքեր իրենց երեխաներին առանց «չի կարելիների» են դաստիարակում, սեփական ապրելակերպով, վարքագծով։
-Հազվադեպ։
-Թատրոնը հենց այդպիսի հազվադեպ ընտանիք պետք է լինի, որպեսզի չլճանա։ Լավ գեղարվեստական ղեկավարը երբեք իր սկսնակ ռեժիսորի գործը չպետք է շտկի...
-Մասնագիտական լիարժեք կրթություն տալով` ինքնուրույն քայլելու հնարավորությո՞ւն տա։ Որևէ բեմադրություն ձեռնարկելիս նախապես ուղղորդի՞...
-Բայց երբեք իր մտածելակերպը, իր միզանսցենը չպարտադրի։ Այդպիսով սխալ ներկայացում է ծնվում, ոտնահարվում-կապանքվում է մասնագիտական արժանապատվությունը, ինքնավստահությունը։ Վրաստանում ամենահանրահայտ բեմադրիչն անգամ իրեն թույլ չի տա արդեն արված ներկայացումն իր հայեցակետով շտկել։ Ռոբերտ Ստուրուան, օրինակ, երբեք չի միջամտում իր թատրոնում նորահայտ բեմադրիչի գործին։ Թողնում է, որ նա ինքը բացահայտի սեփական կարողությունների սահմանը։ Մի բան էլ կա։ Երբեք մեծամիտ տաղանդավոր մարդ չեմ տեսել աշխարհում։ Մենք բոլորս տառապում ենք մեծամտությամբ։
-Միջակությանը հատուկ հիվանդություն...
-Ինքնահավան ենք, սկսած ինձանից։ Կարող ենք գալ ճանաչված արվեստագետի ներկայացումը դիտելու և դահլիճում ցույց տալ նստածներին, առանց որևէ խոսքի, որ չենք հավանում` մեր կարծիքը տարածելով առաջինից վերջին կարգ։ Ցանկացած ներկայացում կձախողվի այս կարգի դահլիճի 50+1 տրամադրությամբ։ Չխանգարելով ներկայացման ընթացքին։
-Խորթության պատ է բարձրացվում բեմի և դահլիճի միջև, որի առկայությունն անպայման զգում է դերասանախումբը։
-Թատրոն քանդող մարդիկ են սրանք։ Դերասանը ստրուկը չպետք է լինի գեղարվեստական ղեկավարի, ռեժիսորի։ Բայց և արհեստական երկխոսություն, հանպատրաստից տեսարան չպիտի սարքի։ Հնարավոր չէ իսկական դերասան դառնալ, եթե պոեզիայից դուրս մարդ ես։ Պոեզիան է հիմքը արվեստի, նաև` թատրոնի։ Դաժան պոեզիա երբեք չի լինում։ Ցանկացած նոր ներկայացում պիտի ընդունվի որպես հյուրախաղային։ Բոլորը պետք է այն դիտեն։ Այս իմաստով նախանձելի են վրացական թատրոնները։ Չկա մի պրեմիերա, որին ներկա չգտնվեն բոլորը։
-Մեզ պակասում է մասնագիտական այդ համերաշխությունը, ոչ միայն պրեմիերաները հարգելու առումով։
-Ես էլ ցավով նկատել եմ, որ հայաստանյան թատրոնների դերասանները չեն նայում իրենց գործընկերների աշխատանքները։
-Հատուկենտ բացառություններ կան, որակ չկազմող։ Հիմնականում կղզիացած են գործում մեր թատրոնները...
-Ավաղ, և ոչ թե բարեկամություն ենք անում` հայտարարելով` մենք սունդուկյանցիներ ենք, պարոնյանցիներ կամ դրամատիկցիներ, այլ փորձում ենք տարանջատել մեզ մյուսներից։ Սրա մեջ վատ կռիվ կա...
-Մրցակցական ոգի, որը չի նպաստում արվեստի զարգացմանը։
-Բոլորը պետք է իրենց զգան ընդհանուր հայաստանյան թատերաշխարհի, ընտանիքի մասը։ Միայն այս պարագայում երկիրը կհզորանա։ Հենց սրանով է այսօր ավելի բարձրում գտնվում վրաց թատերարվեստը։ Մի կարևոր հատկությամբ ևս` ջանում են ամենից առաջ լավը տեսնել, վատի դեպքում` անպայման օգնել։ Հեռու են բամբասանքից, ինչով մենք լիքն ենք։ Հանկարծ տպավորություն չստեղծվի ընթերցողի մեջ, թե ես ինձ այնքան իմաստուն մարդ եմ համարում, որ դասեր եմ տալիս։ Թատրոնի երկու գործիչներով պարզապես բարեկամական զրույց ենք վարում` որոնելով լավացման ուղիներ։
«ԵԹԵ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ ՇԵՔՍՊԻՐ ՈՒՆԵՍ, ԼԱՎ ԹԱՏՐՈՆ ԵՍ ՀԱՄԱՐՎՈՒՄ»
-Անուղղակիորեն բնութագրեցիք արդի թատերական դաշտը, որում գտնվում է Թբիլիսիի հայկական թատրոնը յուրօրինակ ստեղծագործական երկքաղաքացիության պատմականորեն ձևավորված կարգավիճակում։
-Հիմա կոնկրետացնեմ։ Մեր թատրոնը մշտապես անդրադառնում է հայ դասականներին։ Սունդուկյանի բոլոր գործերը բեմադրել ենք, Շիրվանզադեինը, Նար-Դոսինը, Պարոնյանինը... Լավ կամ վատ բեմադրությունների մասին չէ խոսքս։ Մենք հարուստ ենք մեր դասականներով, չնայած ինձ հասնում են արդի հայ բեմադրիչների տրտունջները հայ դրամատուրգիայի սնանկությունից։ Ի՞նչ են անում տաղանդավոր ռեժիսորները։ Տասներկու հազար անգամ իրենց տաղանդը ներդնում են Շեքսպիրի մեջ, ինչ-որ առումով վատնում ներքին ռեսուրսները, կենսական ու մտավոր էներգիան։ Եթե դրա տասը տոկոսը տրամադրեին հայ դասականների գործերին, շատ ավելի հետաքրքիր ներկայացումներ այժմ կունենայինք։ Շեքսպիրով ապրելը կնիք է դարձել, չափանիշ` եթե խաղացանկում Շեքսպիր ունես, լավ թատրոն ես համարվում։ Լավ թատրոնը լավ ներկայացումներով է որոշվում, լավ դերասաններով։ Թատրոնը մեռնում է, երբ դերասանական կազմը տառապում է մեծամտությամբ։
-Ցավոք, «աստղային» հիվանդությամբ շատերն են տառապում մեր թատրոններում։
-Պիտի կարողանանք մեր լավաշ հացը, խնոցին, չորթանն ընդունել որպես ստեղծագործության խորհրդանշական նախասկիզբ։ Մեր ունեցածով պետք է օտարին դիտարժան ներկայացում ծնենք։ Նաև` Շեքսպիր։ Եթե ինձ հագցված ֆրակն իմը չի, ծիծաղելի եմ դառնալու բեմում։ Նույնն էլ ֆրակին սովոր մարդուն չուխա հագցնելու դեպքում է։ Խոսքս դերաբաշխման մասին է։ Մենք սկսում ենք խառնել գուլպան ու ֆրակը` ասելով, թե ֆրակն ավելի լավն է...
-Իսկական դերասանի համար, ըստ իս, տարբերություն չպիտի լինի։ Նա պիտի կարողանա ֆրակ էլ կրել, գուլպա էլ։
-Սուտ է։ Համո Սահյանն ու Պարույր Սևակը մեր արդի պոեզիայի գագաթներն են, բայց նրանք իրարից էականորեն տարբեր են։ Լինելով տաղանդավոր` նրանք չէին կարող իրենց դերերը փոխել, մեկը մյուսի նման չէր կարող գրել։ Չի կարող դերասանը նույն համոզչականությամբ և՛ ֆրակ հագնել, և՛ չուխա։ Այստեղ է, որ խառնվում է ամեն ինչ։ Ռեժիսորներին էլ է սա վերաբերում։ Կոնկրետ իրենց պիեսներով պետք է զբաղվեն։ Ցանկացած գործ բեմադրելիս պետք է հոգով և տեսակով հարազատ լինեն դրան։ Այս առումով էլ ժամանակին գեղխորհուրդները բացասական դեր են խաղացել։ Եթե որևէ պիես արժանանում էր 20-ից 12-ի հավանությանը, բեմ էր բարձրանում։ Հաճախ մի բեմադրիչի կողմից, ում միանգամայն խորթ էր։ Նաև այս նկատի առնելով է, որ պնդում եմ գեղարվեստական ղեկավարի գլխավոր դերակատարությունը թատրոնի ստեղծագործական գործընթացում։ Ռեժիսորը պատրաստված դերասանից երկու անգամ հզոր պիտի լինի, դերասանը հանդիսատեսից` եռակի։ Եթե բեմից խեղճանում ես հանդիսականի առաջ, չես կարող համոզել, խաբել։ Դերասանը ներքին ռիթմ, ուրույն մտածելակերպ ու վարքագիծ է, ոչ կեցվածք` ես, իբր, կերպարի մեջ եմ բեմից դուրս էլ... Թատրոնը լավացնելու համալիր դեղատոմս դժվար է գտնել այսօր։
-Մանավանդ, հաճախ բեմադրություն անելիս արվեստագետները ստիպված են լինում երևակայության թռիչքը հատկացված գումարով արգելակել։ Դերասաններից շատերը քիչ թե շատ մարդավայել գոյատևելու համար երկու կես են լինում թատրոնի և հեռուստասերիալային նկարահանումների միջև։ Նորավարտ շնորհալիների մեծամասնությունը չի ձգտում աղքատիկ կեցության դատապարտող խաղացանկային թատրոններում հաստատվել։
-Մեր շփումները սահմանափակ են, և ես չգիտեմ` կա՞ն տաղանդավոր երիտասարդ բեմադրիչներ ներկայիս թատերաշխարհում։
-ՀԹԳՄ երիտասարդական փառատոնում ի հայտ եկան շնորհալի մի քանիսը։ Նորաբաց թատերասրահում նոր անուններ բացահայտվեցին։ Ոմանք, իրենց կրթած վարպետների ձեռքի տակ աշխատելով, հնարավորություն ունեցան լիովին ինքնուրույն ստեղծագործելու, համախոհների թիմ ձևավորելու։ Ֆինանսական լծակների անբավարարությամբ` զրկված են լայն փոխշփումներից։
-Մեր գլխավոր քարտերից մեկը 12-ամյա թատերական ստուդիան է։ Երիտասարդ թատերասերունդ աճեցնելու համար նաև երիտասարդ հանդիսականի մասին ենք հոգում։ Սա թատրոնի գեղարվեստական ղեկավարի հիմնախնդիրներից է։ Ստեղծագործող, մտածող հանդիսականին նկատի ունեմ։ Ի՞նչ ենք անում։ Գալիս է 40 դիմորդ։ Բոլորին էլ ընդունում ենք, քննություններում ձախողվածներին` նույնպես։ Գիտենք, որ նրանցից 6-7-ը դերասան կդառնան։ Ի սկզբանե առանձնանում են նրանք։ Մյուս 33-34-ը, ներառվելով թատերական կյանքում, դառնում են այդ հանդիսականը։ Հիշում եմ, թե Հենրիկ Մալյանն ինչպես էր կուրս հավաքում մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետում. պարզ ու հակիրճ զրույցով։ Մեն-մի հայացքով։ Լայնամասշտաբ սերնդափոխության համար առաջատար ռեժիսորների «դպրոցներ» պետք է ստեղծել։
-Բոլոր գործող ռեժիսորներն էլ կուրսեր են վարում ԵԹԿԻ-ում։ Դիմորդների կոնտինգենտն է գնալով ապարժեքանում։ Դուք երրորդ կուրսն ունեցա՞ք Ռուսթավելու անվան ինստիտուտում։
-Մտածված հետաձգեցինք հաջորդ տարվան, որպեսզի ստուդիականներն իրենք ճշտեն իրենց կարողությունները։ Ցանկացողներն էին անհամեմատ շատ։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ