Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մի քանի դիտարկում

Մի քանի դիտարկում
22.04.2024 | 19:55

Առկա ծանր վիճակից ելքի ցանկացած ընկալելի տարբերակ հնարավոր է միայն իշխանությունից Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի հեռացման դեպքում:

Սա առանցքային ու թիվ 1 խնդիրն է:
Ինչ ուզում եք՝ քննարկեք, պետության պաշտպանության ու անվտանգության վերաբերյալ ինչ հարց որ ոլորտում ուզում եք լուծել, դա հնարավոր է միմիայն այս ռեժիմի հեռացումից հետո:
Երկրում տիրող ընդհանուր մթնոլորտը և տրամադրությունների ընթացքը ընդհուպ մոտեցել են համընդհանուր ընդվզման, ապստամբության, անգամ հախուռն ու անկառավարելի բունտի եզրագծին:
Ինչպիսի՞ն կլինի հետագա ընթացքը, մեծապես կախված է ազգային ու պետականաշահ ուժերի, կառույցների, առանձին՝ քիչ թե շատ ազդեցություն ունեցող անհատների դիրքավորումից ու ակտիվությունից:
Իմ համեստ կարծիքով, էական է արձանագրել և սեփական քայլերը նախաձեռնելիս ելնել այն հանգամանքից, որ սա սոսկ քաղաքական պայքար չէ՛: Պայքարն այլևս վերքաղաքական է և բառացիորեն Հայաստանի պետական գոյության, լինել-չլինելու հարցն է դրված սեղանին:
Ինքս շատ ավելի վաղուց (հիմա մի տարին էլ 4-5 է թվում, իրականում՝ ավելի քան 3 տարի առաջ) նշել եմ, որ պետք է ելակետ ունենալ այն, որ պայքարն այլևս ազգային-ազատագրական է: Նպատակը՝ Հայաստանում հայկական, ազգային իշխանության վերականգնումն է, Հայաստանի գոյության իրավունքն ու հնարավորությունը վերահաստատելը:
Մի խոսքով՝ սա այլևս ազգային-ազատագրական պայքար է: Եթե մենք ուզում ենք, որ Ոսկեպարը, Ներքին Հանդը, Ջերմուկը, Հայաստանը պաշտպանունակ լինեն, նախ, պետք է պետական կառավարման համակարգը ազատել թշնամու շահերն սպասարկող, ի լրումն՝ մարդատյաց, հայատյաց, ազգային արժեքները տրորած խունտայից:
Ընդունելով, որ սա ազգային-ազատագրական պայքար է, բոլոր կարողունակ ուժերը, բոլոր քաղաքական ուժերը, կուսակցությունները ուղղակիորեն պարտավոր են համախմբված հանդես գալ, մի կողմ դնելով իրենց այլազան տարաձայնություններն ու անձնական մանր ամբիցիաները, որոնք չնչին են ու անիմաստ, եթե իշխանության մնա ներկայիս կործանարարը և վերացնի Հայաստանը:
Պետք է կենտրոնանալ այս պահի առանցքային խնդրի վրա. հեռացնել Նիկոլին իշխանությունից: Սա՛ է առաջնային խնդիրը: Մնացած հարցերը՝ հետո, ըստ հրատապության ու հերթականության:
Պարզից էլ պարզ է, որ ՔՊ-ն ու ՔՊ-իզմը Հայաստանում օրենքի ուժով պիտի արգելվեն, իսկ Փաշինյանի բոլոր գործակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ՝ կոնկրետ մեղադրանքներով (դավաճանության և հակապետական գործունեության հանցակցություն, առնվազն, գումարած՝ պետական միջոցների մսխում, վատնում, քննության վրա ճնշում, միջամտություն, ոստիկանական բանդաներով մարդկանց ահաբեկում ու խոշտանգում, ինչը որ կպարզվի ու կհաստատվի քննությամբ):
Պետք է լիարժեք անկեղծ լինել հասարակության հետ (հատուկ չեմ նշում՝ ժողովրդի, որովհետև այդ բառն էլ է արժեզրկվել արդեն): Պետք է հասկանալ, որ եթե հաջողվի տապալել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը անհաղորդ չեն հետևելու, այլ փորձելու են պաշտպանել իրենց շահերն սպասարկող ռեժիմին, չի բացառվում անգամ լայնածավալ ագրեսիայի դիմելու տարբերակը:
Նման պայմաններում կարևոր է արագ ու հստակ գործելու ունակությունը: Բոլոր ռեսուրների ու կարողությունների համախմբումը:
Առավել ընկալելի տարբերակներից մեկն այն է, որ ձևավորվի Ազգային փրկության կոմիտե (կառավարություն, ով ոնց կուզի), որը ունակ լինի համախմբել մեր հանուր ազգային, ռազմական, տնտեսական, քաղաքական, այդ թվում՝ արտաքին-քաղաքական ռեսուրսները, կայունացնել իրավիճակն ու երկիրը, հասարակությունը վերադարձնել քիչ թե շատ կայուն ընթացքի հուն:
Մենք ունենք այդ հնարավորությունը, մենք դեռևս ունենք դիմադրության այդ ներուժը:
Պետք չէ հույս դնել և ոչ մեկի վրա: Մեր հույսը միայն մենք ենք: Աշխարհում միայն հայերիս է պետք, որ Հայաստան պետություն լինի, որ հայկական բանակ լինի, որ հայությունը շարունակի ապրել իր Հայրենիքում, որից 10-րդ, վերջին բեկորն է մնացել հիմա: Բայց և հասկանալի է, որ պետք է ըստ կարելվույն օգտագործել մեր բնական ու ավանդական դաշնակիցների հնարավորությունները:
Բայց կարևորը առանցքային խնդիրն է: Հեռացնել Նիկոլին: Առանց այդ խնդրի լուծման՝ որևէ այլ հարցի քննարկում ժամանակի անտեղի վատնում է:
Պետք է հաշվի առնել, որ Նիկոլ Փաշինյանի հենարանն այսօր.
*ոստիկանության ապազգային, նույնիսկ հակահայ դիրքավորվող որոշակի ստորաբաժանումներն են,
*ԱԱԾ-ն, որ իրականում զուտ Փաշինյանի անձն է սպասարկում,
*աղանդավորական որոշակի շրջանակներն ու նրանց ենթարկվող շերտերը,
*փաշինյանական իշխանություն ասվածն ինքն էլ դրսևորվում է որպես յուրօրինակ տոտալիտար աղանդ: Սա ևս արժե նկատի ունենալ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ