ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արդյո՞ք պատրաստ ենք ըստ արժանվույն դիմադրել, տալ արժանի հակահարված. Դավիթ Կարապետյան

Արդյո՞ք պատրաստ ենք ըստ արժանվույն դիմադրել, տալ արժանի հակահարված. Դավիթ Կարապետյան
07.12.2022 | 15:00

Վտանգված ենք՝ փաստ է:
Պարտադրվող, կարծես անխուսափելի պատերազմի նախաշեմին ենք:
Կռիվ է հասունանում...
Ռազմաշունչ հայտարարությունները վերածվում են գործի, ռազմատենչ վարքագիծը արտահայտվում՝ ցայտուն:
Լաչինում մինի մաքսակետի մասին հերքող-հաստատող լուրերը դեռ մի կողմ, Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի հարավ-արևմտյան հատվածներում:
Այն ծավալով, որով հանդես են գալիս վերջիններս, մտահոգիչ է նույնիսկ Իրանի համար:
Աննախադեպ քանակի կուտակված սպառազինությամբ, նորագույն ռազմական տեխնիկաներով՝
ադրբեջանական և թուրքական բանակի ցամաքային զորքերը, թուրքական F-16-ներով հանդերձ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները, հատուկ նշանակության ջոկատները, ինժեներական, հրթիռային և հրետանային զորքերը միասին՝ Աստարա-Իմիշլի-Բեյլագան-Ջաբրայիլ-Արաքսի հովիտ հատվածում կատարում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ, պայմանական թշնամու թիկունքում դեսանտավորման հատուկ օպերացիաներ:


Բնականաբար, սա ոչ միայն ռազմական ուժի ցուցադրման և ըստ հարմար պահի դրա կիրառման դեմոնստրացիա է, կամ պատասխան զորավարժության ցուցադրություն՝ վերջերս Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով զորավարժությունների անցկացմանը, այլ ուղիղ սպառնալիք է թե՛ Իրանին, և թե՛ Հայաստանին:
Տեսնելով զորավարժությունների անցկացման աշխարհագրությունը՝ այստեղ երկրորդ տարբերակ չի կարող լինել:
Այսպիսով՝ չի բացառվում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նոր, ավելի մեծ մասշտաբի էսկալացիա տարածաշրջանում:
Ավելին՝ շատ հնարավոր է, որ եվրոտեսիլյան տոնակատարություններից անմիջապես հետո վերջիններս դիմեն լուրջ սադրանքների՝ աչքի տակ ունենալով լայնամասշտաբ պատերազմ:
Իհարկե, ռազմական տեսանկյունից խստաշունչ ձմռանն ընդառաջ պատերազմի հավանականությունը կրճատվում է:
Սակայն միաժամանակ չի կարելի այն բացառել, մանավանդ, երբ թշնամու բանակը (հատկապես Քարվաճառի ու Բերձորի ադրբեջանական զորամասերը) հագեցած է անբարենպաստ եղանակային պայմաններում, բարձրլեռնային դժվարամատչելի հատվածներում գործելու գերժամանակակից հանդերձանքով ու տեխնիկայով:
Հետևաբար՝ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած տեսակի ռազմական սցենարի, դրա իրագործմանը, դե իսկ ռազմավարական նախաձեռնությունն էլ միանշանակ գտնվում է իրենց ձեռքում:
Այս ամենը կբացառվի միայն այն դեպքում, եթե նրանք վստահ լինեն, որ արժանի հակահարված կստանան, դիմադրությունն էլ պատշաճ կլինի:


Հետևաբար՝ այս պարագայում մեր խնդիրն արդեն իսկ պարզ է...
Զինվել, պատրաստ լինել ցանկացած պահի, ցանկացած սցենարի:
Իսկ մինչ այդ Ալիևը դեռ կհոխորտա՝ ասելով, թե «Արցախի հարց այլևս չկա, այն լուծված է», բայց փաստացի Արցախ չի կարող ոտք անգամ դնել, ռուսական կոնտինգենտին կմեղադրի՝ Արցախի հայկական տեղանունները հայերեն տարբերակով շարունակաբար կիրառելու համար, ողջ հայ ազգին էլ՝ «իրենց պապական հողերը խլելու ու յուրացնելու» համար...
Դե իսկ մենք արդյո՞ք պատրաստ ենք ըստ արժանվույն դիմադրել, պաշտպանվել ու տալ արժանի հակահարված՝ այդկերպ տրորել ոսոխի քիթն ու զսպաշապիկ հագցնել թշնամու «պադոշ ռոժին»՝ ցավոք ոչ:
Մեզ մոտ գերազանց ստացվում է բարձր տրամադրությամբ հյուրեր դիմավորել, միլիարդների հասնող լույս ու խաղալիքներով հրապարակ զարդարել, հեքիաթային միջոցառումներ կազմակերպել, թանկարժեք ռեստորաններում կենացներ խմել, անհոգ ու ապատիկ վարք դրսևորել, դեմոկրատիա ցուցադրել, իսկ հետո՝ տառապել, բոլորին մեղադրել, ոմանց՝ սրբադասել, աստվածացնել, մեղավորին՝ արդարացնել, անմեղին՝ մեղավոր կարգել:
Այս ամենն, ի դեպ, նորություն չէ:
Այն տասնամյակներով, ինչու չէ հարյուրամյակներով մեզ ուղեկցող, շարունակական բնույթ կրող երևույթ է:


Ու միշտ վերջին պահին՝ մորթվելուց ու պետականություն կորցնելուց առաջ է աշխատում հայի միասնական լինելու բնազդը, քանի որ մինչ այդ գործում է անտարբերությունը, որը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է։
Եթե նույնիսկ ոչ առաջնահերթություն է, (որն իհարկե սխալ է) ապա գոնե հաճելիին զուգընթաց զինե՛ք բանակը, կահավորեք դիրքերը, ապահովե՛ք սահմանին կանգնած հայ զինվորին պատշաճ ժամանակակից հանդերձանքով, կապի միջոցներով, որ թշնամին ձեր տոնը չհարամի:
Իրական խաղաղության ձգտող հարևանդ սահմանին աննախադեպ քանակի սպառազինություն կուտակելու ու զորավարժություններ անցկացնելու փոխարեն, այսօր Երևան ուղարկած կլիներ իր պատվիրակությանը՝ Եվրոտեսլիլին մասնակցելու համար...
Այնպես որ, ուշքի եկե՛ք, Ֆինանսներն ուղղե՛ք բանակին, որ ձեռք բերեք անվտանգության ու պաշտպանվածության երաշխիքներ:


Թե չէ բանակը մնացել է որոշ անհատների հույսին, որոնք ֆեյսբուքով են դիրքերի համար վրանի ու խրամատ փորելու համար պերֆերատոր, զինվորի համար շոր ու կոշիկ, առաջին անհրաժեշտ պարագաներ, հեռադիտակ, այլ սարքավորումներ առնելու փող հավաքում:
Երեկ, այսօր և վաղն էլ՝ հայ զինվորն է անվտանգության միակ երաշխավորը:
Կար մի ժամանակ ասում էինք՝ հայրենիքին արժանի զինվոր լինեք:
Իսկ հիմա՝ զինվորին արժանի Հայրենիք պետք է ստեղծեք…
Կար մի ժամամակ, երբ բանակ ճանապարհելուց զինվորը բոլորինն էր՝ ազգինը, պետությանը, բոլորը հպարտանում էին նրանով, իսկ հիմա՝
նահատակվելուց հետո, զինվորը միայն ծնողինն է, ցավը ծնողինն է, վերքը ծնողինն է, դե իսկ խաղաղ օրերին զինվորով «հպարտացողներն» էլ արդարացում ունեն՝ «կյանքը շարունակվում է, իրենց բաժին ճակատագիրն էլ դա էր, Ողորմի»...
Ի դեպ՝ ընդամենը 2 ամիս առաջ 200-ից ավել զոհ տվեցինք, մեկ օր անգամ սգո օր չհայտարարվեց, բայց 2 ամիս հետո՝ ճոխ ու վառ Ամանոր ենք դիմավորում...
Եռաբլուրում մինչև հիմա փոսեր են փորում ու հուղարկավորություններ անում։
Էլ չեմ ասում, որ ձորերում անթաղ մնացած մարմիններ ունենք:
Ինչևէ, խաղաղ ժամանակները մեզ ոչինչ չսովորեցրին:


Դրա համար էլ հիմա անտանելի ցավոտ է ներկայիս իրականությունը:
Իսկ ասողին, լսող է պետք:
Հուսամ՝ զգոն կլինեք, սթափ կընկալեք իրողությունները և վերստին ազգովի նոր արհավիրքի առաջ չեք կանգնեցնի:
Խոհեմություն բոլորիս և հատկապես՝ գործող իշխանություններին:
Ի վերջո, հասկացե՛ք, որ սա մեր վերջին հայրենիքն է...

Դիտվել է՝ 10079

Մեկնաբանություններ