ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Արվելու է ամեն ինչ՝ մեդալներ նվաճելու համար»

«Արվելու է ամեն ինչ՝ մեդալներ նվաճելու համար»
08.07.2008 | 00:00

Մոտ մեկ ամսից մեկնարկելու են օլիմպիական խաղերը, որոնց Հայաստանը մասնակցելու է 7 մարզաձևերում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, լող, թեթև ատլետիկա, հրաձգություն, ձյուդո։ Օլիմպիադայի նախապատրաստական և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։
-Պարոն Գրիգորյան, տարին օլիմպիական է, մեր մարզիկներն ինչպե՞ս են պատրաստվում պեկինյան օլիմպիադային, և ի՞նչ ակնկալիքներ ունենք նրանցից։
-Օգոստոսի 8-25-ը Պեկինում տեղի են ունենալու 29-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունն իր պատվիրակությամբ կմասնակցի դրան։ ՈՒնենք 25 վարկանիշ։ Ինչպես հայտնի է, օլիմպիական խաղերին մասնակցում են վարկանիշ ձեռք բերած մարզիկներ։ Սպորտն այնպես է փոխվել, և այնպիսի առաջընթաց է գրանցվել, որ վարկանիշ ձեռք բերելն անգամ մեծ նվաճում է։ Մեկնարկային նշաձողն արդեն իսկ բավականին բարձր է։ Օլիմպիական խաղերում թույլ մարզիկներ գոյություն չունեն, պարզապես տվյալ պահին ով հոգեպես և ֆիզիկապես պատրաստ է լինում, նա էլ կարողանում է հաղթահարել դժվարությունները։ Միջազգային մրցաշարերն ավարտվել են, և բոլոր հավաքականներն այսօր Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքների են։ Նրանց մարզումներն այնտեղ ծրագրված են մինչև օգոստոս ամիսը։ Օգոստոսի 1-ին, 3-ին և 6-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Չինաստան։ Հայաստանի համար 25 վարկանիշը, կարծում եմ, քիչ չէ։ Չեմ ուզում առաջ անցնել ու ակնկալիքներից խոսել. սպորտն ունի իր անակնկալները։ Ուղղակի համոզված եմ, որ մեր մարզիկներն ու նրանց մարզիչները բավականին լուրջ են տրամադրված, և արվելու է ամեն ինչ, որպեսզի կարողանանք մեդալներ ձեռք բերել օլիմպիական խաղերում։
-Ի տարբերություն մայրաքաղաքի՝ մարզերում մարզօջախները բավարար պայմաններ չունեն։ Առաջիկա տարիներին ի՞նչ է արվելու այդ հարցը լուծելու ուղղությամբ։
-ՈՒնենք հանրապետության նախագահի հանձնարարականը՝ պատրաստել մարզօջախների սփռվածության քարտեզ, որի միջոցով կիրականացվի սպորտային շինարարությունը։ Մարզօջախները կվերականգնվեն բոլոր մարզերում համաչափորեն։ Արդեն իսկ 2009 թ. համար 10-ից ավելի մարզակառույցների վերակառուցման նախագծեր ենք ներկայացրել, որոնք հաստատվել են քաղաքաշինության և ֆինանսների նախարարությունների կողմից։ Այս պահի դրությամբ ունենք 51, շուտով կավարտենք ևս 8 մարզօջախների վերանորոգումը։ Այնպես որ՝ մինչև տարեվերջ կունենանք մոտ 60 վերակառուցված, եվրոպական չափանիշերին համապատասխան մարզակառույցներ, որտեղ կպատրաստվեն և կմարզվեն թե՛ մանկապատանեկան սպորտի ներկայացուցիչները, թե՛ ազգային հավաքականները։ Ծրագիրը շարունակական է, կիրականացվի 2009-2012 թթ., և չորս-հինգ տարվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքի կտրվածքով կապահովենք սպորտային կառույցների առկայության գրեթե 100-տոկոսանոց արդյունք։
Այս քաղաքականության նպատակը սպորտը մասսայականացնելն ու զարգացնելն է։ Պետք է ունենանք լավ, հագեցած մարզակառույցներ, որպեսզի յուրաքանչյուր ծնող իր երեխային կարողանա հանգիստ խղճով ուղարկել մարզվելու։
-Վերջին ամիսներին կառավարությունում շատ է խոսվում երկրորդ սերնդի բարեփոխումների մասին։ Երիտասարդության ոլորտում երկրորդ սերնդի բարեփոխումները որո՞նք են լինելու։
-Մշակվել և կառավարությանն է ներկայացվել 2008-2012 թթ. պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը։ Փաստաթղթում նախանշված են չորս գերակայություններ։ Դրանք են՝ խթանել հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցությունը, ինչը ենթադրում է ընդգրկել երիտասարդներին երկրի որոշումների, քաղաքական, տնտեսական, մշակութային գործընթացներում։ Այդ քայլերն արդեն իսկ արված են, գործում են մարզային երիտասարդական կենտրոններ, որտեղ երիտասարդները միջոցառումներ են կազմակերպում։ Կենտրոնների միջոցով փորձում ենք երիտասարդական կյանքն ակտիվացնել և հնարավորության սահմանում աջակցել, որպեսզի նրանք մնան իրենց ծննդավայրերում և չձգտեն մայրաքաղաք։
Երկրորդ գերակա խնդիրը երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելն է։ Այսինքն՝ մենք պետք է կարողանանք ուղղություններ գտնել՝ երիտասարդների զբաղվածությունն ապահովելու համար։ Դրանք խորհրդատվություններն են, համապատասխան դասընթացները, որոնց միջոցով լրացուցիչ հմտություններ են ձեռք բերում, որպեսզի կարողանան հեշտությամբ աշխատանք գտնել։ Եվ ամենակարևորը, որը և՛ նախագահի նախընտրական, և՛ կառավարության ծրագրերում է ընդգրկված. խոսքը բնակարանաշինության մասին է։ Այս առումով երեք տարբերակ է ներկայացված կառավարություն՝ պետական շինարարություն, ճկուն՝ հիպոթեքային վարկավորման համակարգի ձևավորում և աջակցում մասնավոր ներդրողներին արտոնությունների տեսքով։
Երրորդ գերակայությունը երիտասարդների հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակությունն է և առողջ ապրելակերպի խթանումը։ Ինչպես հայտնի է, 2007-ին տարբեր բնույթի մոտ 140 միջոցառումներ ենք կազմակերպել, որոնք և՛ մշակութային, և՛ հայրենասիրական, և՛ մարզական ուղղվածություն ունեին։
Եվ չորրորդ գերակա խնդիրը երիտասարդական պետական քաղաքականության իրականացման համակարգվածության մակարդակը բարձրացնելն է։
-Ի դեպ, երիտասարդական պետական քաղաքականության համակարգվածության մասին. ոլորտը կանոնակարգող օրենքն այդպես էլ չի ընդունվում։ Ինչո՞ւ։
-«Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը պատրաստ է և այժմ Ազգային ժողովում է։ Նախնական քննարկումն անցել է, վերամշակվել է, և կարծում եմ՝ մինչև տարվա վերջ կունենանք ոլորտը կանոնակարգող օրենք։ Երիտասարդության ոլորտն առաջնորդվում էր հայեցակարգով, ազգային զեկույցով, շուտով կունենանք նաև օրենք և օրենքի շրջանակներում կկարողանանք պլանավորել, ճիշտ կազմակերպել բոլոր աշխատանքները։
Ընդհանուր առմամբ աշխատանքները շատ են։ Շուտով Ջերմուկում մեկնարկելիք «Բազե-2008» համահայկական հավաքին կհաջորդի Ծաղկաձորում նախատեսված միջմշակութային միջազգային միջոցառումը։ Այնպես որ քայլում ենք առաջ՝ հնարավորին չափ ավելացնելով միջոցառումները և երիտասարդության հետ շփումները։

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 6419

Մեկնաբանություններ