ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դաշինք՝ ընդդեմ «խոհարարի»

Դաշինք՝  ընդդեմ «խոհարարի»
04.07.2008 | 00:00

Պետական կառավարման համակարգում ռադիկալ փոփոխություններ իրականացնելու հրամայականից այսօր բոլորն են խոսում։ Ընդ որում, անհետաձգելի ու կտրուկ փոփոխությունների, որոնք արմատական ընդդիմությունը տեսնում է միայն կառավարող վարչախումբը հենց հիմա «դեմոնտաժ» անելու հեղափոխական ճանապարհով, ավելի «կոնսերվատիվ» քաղաքական ուժերն էլ մատնանշում են «կապիտալ եվրառեմոնտի» կառուցողական ուղին։
Կառավարման համակարգը «դզել-փչելու», նախորդ վարչախմբից «օժիտ» ստացած կադրային «հնոտին» թարմացնելու հույժ «կոնստրուկտիվ» խնդիր է դրել իր առաջ նաև հանրապետության երրորդ նախագահը, ընդսմին գիտակցելով, որ «ձուկը գլխից մաքրելու» գործընթացը ոչ միայն փշոտ, այլև խիստ ցավեցնող է լինելու։ Փշոտ, քանի որ իշխանական բուրգի գլխին «քառթու» արմատներ ձգած «քոթուկներին» «քոքահան» անելը մատներն արնոտելու ստույգ հեռանկարով է հղի։ Ցավոտ, քանզի վարչախումբը բարենորոգելու ցանկացած խորքային «գրոհ» ենթակա է հետադարձ կապի տրամաբանությանը՝ նույնքան ցավագին հակահարվածի բութ «պադնոժկայով»։ Կառավարման հանգուցային օղակներում Սերժ Սարգսյանի սկսած առայժմ կարճ փոխատեղումները (երկար «ռակիրովկայի» համար շախմատային մտածողություն ունեցող նախագահին տնային լուրջ վերլուծություն է պետք) ներիշխանական խաղադաշտը վաղվա մեծ «զորացրումներին» նախապատրաստելու նպատակ ունեն, ինչը շատ լավ հասկանում են նույն դաշտում «ստարիկի» կարգավիճակով դեռևս «զինվորություն» անող, սակայն հետդարձի ճամպրուկները կապած բարձրաստիճան շատ պաշտոնյաներ։ Խոսքն ամենից առաջ դե յուրե «գնացած», սակայն դե ֆակտո դեռևս չհեռացող հանրապետության երկրորդ նախագահի մերձավորագույն շրջապատը ներկայացնող չինովնիկական դասին է վերաբերում, որի առանցքային «ֆիգուրներից» կոմբինացիոն նուրբ խաղի արդյունքում ազատվելու մարտավարական լուրջ խնդիր ունի երրորդ նախագահը։ Եվ ոչ միայն լուրջ, այլև երիցս բարդագույն խնդիր, քանզի ճակատագրով իր վաղեմի ընկեր և անհրաժեշտաբար իրավահաջորդ Սերժ Սարգսյանի «շախմատային վարիացիաներին» Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է ճարպիկ բասկետբոլիստի անսպասելի շրջանցումներով և «ցանցի» տակ հայտնվում հսկողությունից դուրս ու ճիշտ ժամանակին (մարտիմեկյան «կոլցո օպերացիան» ասվածի փաստացի վկայությունն է)։ Տարբեր մարզաձևերում թրծված հին ընկերների բացահայտորեն «թաքուն» այս մրցապայքարը ներիշխանական կուլիսներից տեղափոխվել է հանրության աչք-ականջին հասու տեղեկատվական «ռինգ»՝ քաղաքական մեկնաբանների ու գործիչների բերանում ծամոնի պես աջ ու ահյակ տարուբերվելով։ «Ծամոնն» էլ ծամոն չէր լինի, եթե փուչիկի պես «չտռզեր»՝ երկրորդ և երրորդ նախագահներին միացնող-անջատող «կախարդված շղթան» փակելով առաջին նախագահի «միսիոներական հայտնությամբ»։ Այս «թեզն» իր վերջնական ձևակերպումը ստացավ հունիսի 20-ի հանրահավաքում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բաց ենթատեքստով մեսիջ ուղարկեց Սերժ Սարգսյանին, բառացիորեն առաջարկելով «կարմիր քարտ» ցույց տալ և «խաղից հանել» Ռոբերտ Քոչարյանին, մարտի 1-ի «գործն» ամբողջովին ջարդել վերջինիս վրա, հանձնել նրան Հաագայի ռազմական տրիբունալի ձեռքն ու նստել երկխոսության սեղանի շուրջ՝ իշխանությունը «մեջ-մեջ» անելու հրատապ օրակարգով։ Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ կիրականացվի Քոչարյանին «ժերտվա տալու» և բուրգի ներսում «երկիշխանություն» հաստատելու տերպետրոսյանական այս ծրագիրը, «փուլո՞վ» (խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ Սերժ Սարգսյանին հինգ տարի «արխեին» պաշտոնավարելու «գարանտ» տալու դիմաց), թե՞ «փաթեթով» (համապետական արտահերթ ընտրություններ՝ նույն Սարգսյանին մարդավարի վերընտրվելու շանս թողնելով)՝ սա արդեն երկխոսության արդյունքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունների տիրույթում է և բացառապես կախված է այն իրողությունից, թե մինչև աշուն ներքաղաքական հարթության մեջ ի՞նչ հարաբերությամբ կդասավորվեն սարգսյանական ու տերպետրոսյանական ուժերը։ Ժողովրդի լեզվով ասած՝ «ո՞ւմ ճանը ալչու կկանգնի»։ Դժվար չէ հասկանալ, որ առկա բարդ իրավիճակում Սերժ Սարգսյանը հայտնվել է մի դրության մեջ, որի մասին ընդունված է ասել, թե «փայտի երկու ծայրն էլ կեղտոտ է, մեջտեղում էլ շունն է մնդռել»։
«Յուրայինների մեջ՝ օտար, օտարների մեջ՝ մերժելի» կարգավիճակը, բնականաբար, երկար չի կարող ձգվել, և գործող նախագահը մինչև սեպտեմբեր կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ «թեքվելու» հարցը գորդյան թնջուկի պես մեկ հարվածով «կտրելու» լուրջ խնդիր ունի։ Այստեղ է, որ օգնության պետք է գա ճշգրիտ քաղաքական հաշվարկն ու, ինչպես վերը նշեցինք, շախմատիստի բնածին խելքը՝ տնային վերլուծության արդյունքում խաղի ոչ ստանդարտ էնդշպիլ գտնելու և քոչարյանական ողջ կոհորտային վաստակած (բառի ամենաուղիղ իմաստով) հանգստի ուղարկելու համար։ Կարճ ասած, ճիշտ պահն է ոչ միայն ոսկերչի բծախնդիր ճշգրտությամբ քաղաքական «վերդիկտ» ընդունելու, այլև ցրելու «հանրապետության թիվ մեկ տղամարդ Քոչարյանի» միֆը, որ կյանքի իրավունք է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ երրորդ նախագահի շուրջ էքսնախագահի «տրնգին» են պարում պալատական տամուկ նիստուկացին սովոր «նազիր-վեզիրները»։ Ի դեպ, Ծաղկաձորի շքեղ «վիլլայում», ուր Սերժ Սարգսյանը, ինչպես հայտարարվել էր վաղօրոք, իր 54-րդ տարեդարձն էր նշում մերձավորագույն շրջապատի հետ, «պարբռնողների» պակաս չէր զգացվում՝ սկսած ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, վերջացրած ԼՂՀ էքսնախագահ Արկադի Ղուկասյանով (գործող նախագահ Բակո Սահակյանի «պարն», ամենայն հավանականությամբ, ինչ-որ տեղ չի գոհացրել Սերժ Սարգսյանին, եթե վերջինս չի «տեղավորվել» մերձավորագույնների ընտրյալ ցուցակում)։ Եթե հավատալու լինենք հրավիրյալի «բախտին» արժանացած ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկի դիտարկմանը (իսկ չհավատալու պատճառ, բնականաբար, չունենք), «բարձրաշխարհիկ» այդ հավաքից այն տպավորությունը կարելի էր քաղել, թե Սերժ Սարգսյանն իր ծնունդը որոշել է նշել չը՛-մերձավորագույն շրջապատի հետ, ի չիք դարձնելով քոչարյանական շքախմբում ավելի ու ավելի խորացող տագնապները՝ ինչպես հանրապետության «ամենաերիտասարդ թոշակառուի», այնպես էլ նրա թիմի քաղաքական կարիերայի շարունակելիության առումով։ «Թագավորական ճաշկերույթի» նման ֆորմատը երկու բան կարող է նշանակել. կա՛մ գործող նախագահը զգուշանալու լրջագույն պատճառ ունի իր վաղեմի ընկեր-նախորդ պաշտոնակցից, ուստի պարտադրված է քաղաքական պղտորված ջրերում իր նավը թիավարել նրա հետ միասին, կա՛մ սա ընդամենը թոզփչոցի է՝ մեծ գետանցից առաջ, երբ փոխելու ենթակա «ձիերին» չխրտնեցնելու համար նախ հարկավոր է վերջիններիս զգոնությունը բթացնել մի կտոր շաքարահացով։ Երկրորդ տարբերակն ավելի արժանահավատ կարող է դիտվել, եթե կրկին աչքի առաջ ունենանք քաղաքական «շախմատի» խաղատախտակի վրա մի քանի քայլ առաջ հաշվարկելու Սերժ Սարգսյանի ունակությունը։ Նման հաշվարկով առաջնորդվելու դեպքում պարզապես անհնար է չտեսնել այն վերջնախաղը, որն անխուսափելիորեն ավարտվելու է խաղատախտակի վրա շրջված արքայի հայտնի դրությամբ։ Ինչո՞ւ՝ անխուսափելիորեն։ Որովհետև նոր նավի վրա հին նավապետին ու նրան անդառնալիորեն «պարտական» (հավատարմությունը քաղաքական կատեգորիա չէ) «նավազներին» թիավարելու անարգել հնարավորություն ընձեռելով՝ միամտություն է ակնկալել, թե ոտք ես դնելու հենց այն ցամաքի վրա, ինչը վաղօրոք ծրագրել էիր՝ տախտակամած բարձրանալուց առաջ։ Առավել ևս, երբ «թիավարողները» քո հավաքագրած թիմի անդամները չեն։ Տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող բարգավաճ-դաշնակ-օրինացերկրական գործիչ-գործարարներ են՝ յուրաքանչյուրն իր սեփական-հատվածական շահ-ակնկալիքով։ Կոալիցիոն «բաշիքյարթմայով» կապված ու չկապված, առաջին իսկ թեթև տատանումի դեպքում «նավը» լքելու պատրաստ այս ուժերը որպես քաղաքական հենարան ընտրելով՝ Սերժ Սարգսյանը, թերևս, այն նույն «խոհարարի» վիճակում կարող է հայտնվել, որի մասին Ստեֆան Ցվայգն է շատ պատկերավոր ասել. «Երբ շան ու կատվի միջև ընկերություն է հաստատվում, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ դաշինք՝ ընդդեմ խոհարարի»։ Թե ինչ պետք է անի գիտակ խոհարարն այս դեպքում, Ցվայգն, իհարկե, չի ասում՝ հետևություններ անելու հոգսը թողնելով վերջինիս։
Իսկ հետևությունն ավելի քան պարզ է։
Պերմանենտ հանրահավաքների այս շրջանում, երբ տաք իրադարձություններ են խմորվում թե՛ պալատական խոհանոցի ներսում, թե՛ պալատից դուրս, և օդում կախված թիվ մեկ խնդիր է դարձել կառավարման համակարգը վերից-վար նորոգելու հրամայականը, երկրի գործող նախագահը ստիպված է լինելու դիմակայել և՛ «ներսինների», և՛ «դրսինների» նետած ձեռնոցին։ «Վոլկ ադինոչկայի» դիմակայությունն այս դեպքում նույնպիսի վախճան կարող է ունենալ, ինչ թելադրում է «անտառի օրենքը», ուստի «վաժակին» պետք է նոր՝ բացառապես տարիների փորձությունով անցած յուրայինների թիմ՝ ներքաղաքական պայքարը ողջախոհ հանգուցալուծման հունով ուղղորդելու համար։
Առայժմ Սերժ Սարգսյանն այդ թիմը չունի։
Իսկ տաք զարգացումները, ամռան կարճ օրերի սրընթաց վազքով, գլորվում են դեպի աշուն։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 7723

Մեկնաբանություններ