ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այս դաժան աշխարհում անհատույց օգնություն չի լինում

Այս դաժան աշխարհում անհատույց օգնություն չի լինում
16.12.2023 | 07:36

Կապիտուլյացիայի ակտով Երրորդ Հանրապետության շռնդալից փլուզումը, կարծես թե, բոլոր գանգատուփերին չի հասել։ Մեկ-մեկ ուղղակի զարմանում եմ, թե որքան շատ մարդիկ են հոլովում «պետություն» բառն այս փլուզված ու նեոգաղութային խղճուկ գոյակցության փոխարեն կամ 8 ժամից ավել ամենայն լրջությամբ հարցեր են տալիս գաղութի տեղական կառավարչին։

Իսկապես որ, ինֆանտիլ ու դեգրադացված հանրություն, որ իր երևակայությունում պատկերանում է որպես «քաղաքացիական հասարակություն» ու նույնիսկ այս ճգնաժամային օրերին լուծումը տեսնում է քաղաքացիական գործողություններով։ Մեկը հենց «Զանգը» կամ «քաղաքացիական» թեքում տալու ընդդիմության փորձը։

Ջայլամային կեցվածք այս տեկտոնական ցնցումների փուլում, երբ ոտքի տակ հողը երերում ու քանդվում է։

Ինչի՞ց եք կառչում։

Բացեք աչքերներդ ու ավելի խոր մտածեք։ Դուրս գալ է պետք «անկախության» էյֆորիայից։

Ի՞նչ պետություն, եթե 30 տարի, այսպես կոչված, «հանրապետության» գլխավոր գիծը նախորդ համակարգի տնտեսական կարողությունների ավերումն ու մուրացկանությունն է։ Ամեն ինչ այսօր կառուցված է օտարներից վերցված պարտքերով կամ «նվիրատվություններով»։ Օրինակի համար, նայեք հասարակական տրանսպորտը, ամենուրեք կտեսնեք նվիրատվություններ Ճապոնիայից, Չինաստանից, Եվրոպական Միությունից։

32 տարի չի ստեղծվել սեփական՝ կենտրոնացված ու համեմատաբար ինքնաբավ տնտեսություն և պաշտպանված շուկա։

Ինչի՞ մասին կարելի է խոսել, երբ 32 տարի հանրապետության գլխավոր գիծը լաքեյական ծառայություններն են օտարներին դեռ ԼՏՊ-ի կողմից ներմուծված, որը բարբարոսի նման ուղղակի ավերեց ամբողջ խորհրդային ժառանգությունը։

Այսօր ամբողջ երկիրը կառավարվում է միջազգային կոնվենցիաներով, ու այս միտումը ոչ միայն կանգ չի առնում, այլև սպառնալից մասշտաբների է հասնում։

Մենք վաղուց վերածվել ենք մոլագար փորձադաշտի, ուր իբր թե «միջազգային կազմակերպություններում» հնչած խոսքն անմիջապես դառնում է օրենք։

Էլ ի՛նչ ազգային ինքնիշխանություն։ Այսօրվա Հայաստանը կատարյալ գլոբալիստական ու նեոլիբերալիստական փորձադաշտ է, թե ոնց պետք է գործեն ապագայի հանրություններն առանց պետության, ազգի, հավատքի, սեռի, սեփականության։

Հետևաբար, այս վիճակից փրկությունը չի կարող լինել, այսպես կոչված, «քաղաքացիական» մեթոդներով, որովհետև «հպարտ» քաղաքացին իր ատոմացվածությամբ, նյութապաշտությամբ, եսակենտրոնությամբ առաջին հերթին ծառայում է հակահամակարգին։

Չափազանցնո՞ւմ եմ։ Ասեք խնդրեմ, անցյալ առնվազն երկու դարերի եվրոպական մտածողները կշռայլեի՞ն այնպիսի խոսքեր այսօրվա զանգվածին, ինչպիսին արտասանել են անկեղծորեն հայության հասցեին։

Ո՛չ, իհարկե։

Այսօր աշխարհը տեսնում է վիզը ծուռ, կենցաղային խորամանկ ժպիտներով ու տձև դեմքերով հայ չինովնիկներ, որոնք պատրաստ են մուրացկանության, շատ կներեք, սեփական մորը ծախելով։

Նայեք միայն լրահոսը․ ԱԳ նախարարը հանդիպեց «ճ» կլասի պետության ներկայացուցչի՝ ակնկալելով աջակցություն ու ողորմություն, երկրի ղեկավարը կիսախոնարհված ընդունեց միջազգային կազմակերպության ներկայացուցչին՝ ակնկալելով նույնը:

Շարունակե՞մ, թե հերիք է այս նողկանքը։

Ե՞րբ պետք է հայն ուղղի իր մեջքը և հրաժարվի իրեն չսազող՝ իր բնությանը հակադիր վարքագծից։

Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ նա դուրս գա օգնություն ակնկալելու այս մանկամիտ վիճակից, մոռանա ընդհանրապես մուրացկանության մասին, գիտակցի, որ այս դաժան աշխարհում անհատույց օգնություն չի լինում, թևերը քշտի ու աշխատի։

Սեփական քրտինքով պետք է հասնել նրան, ինչին արժանի ենք։

Ու դա անել ներքին ինքնակազմակերպմամբ, համախմբված ու կուռ համայնքերով, այնպես, ինչպես անում են Միջին Արևելքի այսօրվա էթնո-կրոնական համայքները՝ հասունացած նախկին «անկախության» շրջանի մանկամտությունից։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 3186

Մեկնաբանություններ