ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ամեն ինչ` ինչպես միշտ, ամեն ինչ` առաջին անգամ. ճանապարհը շարունակվում է

Ամեն ինչ` ինչպես միշտ, ամեն ինչ` առաջին անգամ. ճանապարհը շարունակվում է
25.12.2012 | 00:29

Կյանքը, ինչպես տեսնում եք, չվերջացավ, և աշխարհն էլ հեռու է իր վերջին օրից: Թեպետ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ բովանդակություն է հաղորդվում «վերջ»-ին: Ինչ-որ իրադարձություններ ու դեպքեր հասան իրենց տրամաբանական ավարտին, բնականաբար: Նույնքան բնականաբար ինչ-որ իրադարձության վերջը այլ իրադարձության սկիզբն է: Ընդամենը: Բարեբախտաբար, թե դժբախտաբար: Նայած մեկնակետին: 2012 թվականն ավարտվում է, և արդեն սկսվել են Սուրբ ծննդյան տոները: Ամբողջ մեկ տարով մենք մեծացանք, մեզնից ոմանք հեռացան` լույս իջնի նրանց հոգուն, ոմանք լույս աշխարհ եկան` շարունակելու մարդկության պատմությունը, ամեն ինչ` ինչպես միշտ: Ամեն ինչ` առաջին անգամ: Եվ ճանապարհը շարունակվում է:
Իսկ 2013-ին բոլորս ունենք բնական «օձության» հնարավորություն` Օձի տարի է: Ոմանք, թերևս, խայթի ու չարության թույլտվություն կարծեն, ավելի խելամիտները կիմանան, որ օձը խորամտության ու իմաստնության խորհրդանիշ է և այնքան խելացի (թե՞ ալարկոտ), որ նախահարձակ չի լինում, բայց անխնա ու անխտիր պատժում է իրեն անհանգստացնողին: Բոլոր դեպքերում, Վիշապից Օձին անցնելը ինչ-որ թեթևություն խոստանում է: Գուցե նաև` պարզություն: ՈՒ եթե մոլորակների խոստացված շքերթն ինչ-որ չստացվեց, հայոց քաղաքական ուժերը վճռեցին իրենց շքերթն անցկացնել: Դեկտեմբերի 21-ին սկսեց «Հանրապետությունը»` իր 6-րդ համագումարով: 2001-ից քաղաքական դաշտում գտնվող կուսակցության նախագահը նախ գնահատեց քաղաքական դաշտը ընդհանրապես. «Քաղաքական դաշտի դեգրադացիան ակնհայտ է` հակառակ այն իրողության, որ քաղաքական օրակարգի ոչ մի խնդիր լուծված չէ: Քաղաքական դաշտի դեգրադացիան հետևանք է ոչ թե գաղափարների ու գործողությունների պակասի, այլ գաղափարների արժեզրկման ու գործողությունների իմաստազրկման»։ Հետո անցավ իշխանությանն ու ընդդիմությանը` եզրակացնելով, որ Հայաստանում իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ տաբուներ չունեն: Արամ Սարգսյանն ասաց նաև այն, ինչն առանց այդ էլ կարելի էր կռահել` նախագահական ընտրություններում ինքը թեկնածուների թվում չի լինելու, բայց դա չի նշանակում, որ «Հանրապետությունը» բոյկոտում է ընտրությունները:
«Հանրապետությունից» մեկ օր հետո իր 17-րդ համագումարը հրավիրեց ՀՀՇ-ն։ Հակառակ ակնկալիքների` Լևոն Տեր-Պետրոսյանը օրվա հարցին չպատասխանեց: Նա մասնավորապես ՀՀՇ-ի, ընդհանրապես քաղաքական ողջ դաշտի համար դասախոսություն կարդաց գաղափարների, արժեքների, քաղաքական կողմնորոշման մասին և այպանեց «անպատասխանատու մարդկանց», ովքեր փորձում են հայ ժողովրդին բաժանել արևմտամետների ու ռուսամետների: Տպավորիչ խոսք էր` համեմված Ստալինից Չերչիլ զուգորդումներով ու զրնգուն եզրակացություններով. «Չընդունել ոչ մի քաղաքական կողմնորոշում` որպես ազգի հավերժական կամուրջ, կողմնորոշումները կարող են լինել ժամանակավոր դաշինքներ` կնքված կոնկրետ պետական շահերից»: Առաջին նախագահն ասաց, որ թյուրիմացության մեջ են գցում ժողովրդին, թե Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծելու իր ներքին խնդիրներն ու անգամ նախագահ ընտրելու սեփական կամքով. դա ահավոր շփոթություն է, սխալ ու հուսահատեցնող է. «Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՌԴ-ն երբեք չեն կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ ուժ, ինչ-որ լիդեր և նրան նախագահ դարձնել»: «Ոչ, ախպեր ջան, նախ այստեղ լիդեր դարձիր, հետո արտաքին ուժերի հետ լեզու գտիր»,- եզրակացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը` ակնհայտորեն խոսքն ուղղելով համագումարին հրավիրված, բայց չեկած ԲՀԿ-ին: Իհարկե, առաջին նախագահը ճիշտ էր, ինչպես ճիշտ են նրա բոլոր տեսական վերլուծությունները, բայց կյանքը ցույց է տալիս, որ մեր ժամանակներում ճշմարտությունը ոչ միշտ է ճշմարտություն քաղաքականության մեջ: Եվ եթե այս գիտելիքներով պատասխանենք «Կառաջադրվի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ» հարցին, միանշանակ պիտի եզրակացնենք` ոչ, որովհետև 2008-ին նա լիդեր էր ու «լեզու չգտավ արտաքին ուժերի հետ»` նախ, և հետո` այս անգամ էլ նրա «հարցումին» չեն պատասխանի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Զանզիբարի, Մադագասկարի, Չադի նախագահները, ում նա դիմել կամ չի դիմել:
«Ժառանգության» արտահերթ համագումարի 115 պատվիրակներից ներկա 106-ը «այո» ասացին Րաֆֆի Հովհաննիսյանին, որ իր պապիկի ծննդյան օրը որոշեց նախագահ առաջադրվել ու «հավաքական» թեկնածու լինել ժողովրդի հետ: «Մենք միասին պետք է դառնանք ավելի շատ քաղաքացի, քան քաղաքացիական, ավելի ազգային, քան ազգայնական, ավելի ազատ, քան ազատական, ավելի հանրապետություն, քան հանրապետական», հերթական ռեբուսը մատուցեց նախագահի թեկնածուն: «Ժառանգության» հետ արդեն հավաքականություն էր կազմել ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը` հույս հայտնելով, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է:
Դեկտեմբերի 22-ի համագումարների շքերթը շարունակեց ՕԵԿ-ը` 11-րդ արտահերթով: Արթուր Բաղդասարյանն ասաց այն, ինչ բոլորը գիտեին, բայց ինչը պիտի ասվեր` ՕԵԿ-ը սատարելու է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Առիթն օգտագործելով` ՕԵԿ նախագահը հիշեցրեց. «Մեր տեսակը կապ չունի կրիմինալի, ռազբորկաների, թալանի, վատնումի, մոնոպոլիաների և բազմաթիվ այլ արատավոր երևույթների հետ»: Բացի այդ, Արթուր Բաղդասարյանը «բարի խոսքով» հիշեց առաջին ու երկրորդ նախագահներին, բայց չբացատրեց, թե ինչու է անընդհատ հետ նայում, բացատրում հայտնին, թեպետ ով-ով, ԱԺ նախկին նախագահը լավ գիտի, որ ճշմարտությունը ճշմարտություն է դառնում բարձրաձայնելուց հետո միայն:
2012-ը ավարտվում է: Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի երրորդ Հանրապետությունը գնում է դեպի նախագահական ընտրություններ: Ընտրությունները ճշմարտության պահ են երբեմն կուսակցությունների համար, երբեմն` պետության, բայց ե՞րբ է ճշմարտությունը երջանկություն բերել: Կյանքը շարունակվում է: Եվ ճանապարհը շարունակվում է: Չմոլորվեք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ այսօրվա հետգրությունը դուք գրեք` իբրև ամանորյա մաղթանք ինքներդ ձեզ: Թող կատարվի:

Դիտվել է՝ 4051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ