ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Համաշխարհային նավթային վերնախավի համընդգրկուն նախագիծը

Համաշխարհային  նավթային վերնախավի համընդգրկուն նախագիծը
27.11.2012 | 00:47

Արևմուտքում ավանդական ահաբեկչական ու արմատական կազմակերպություններ են համարվում Իռլանդական հանրապետական բանակը, «Կարմիր բրիգադները», Բասկերի երկրի, Կորսիկայի, հայ սփյուռքի քաղաքական ազգայնական կազմակերպությունները, Լատինական Ամերիկայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի որոշ ձախ մարքսիստական և տրոցկիստական կազմակերպություններ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի աջ արմատական կազմակերպությունները և ուրիշներ: Նոր արմատական (հաճախ նույնացվում է ահաբեկչականի հետ) կազմակերպություններ են համարվում Ռուսաստանի և ԱՊՀ երկրների մի քանի տասնյակ քաղաքական միավորումներ: Սակայն անգլո-ամերիկացի հետազոտողների կողմից նոր ահաբեկչական համարվող կազմակերպությունների գերակշիռ մասը իսլամական է:
Այդ կազմակերպությունները ստեղծվել են ուշ շրջանում, և կասկած չկա, որ դրանք որոշակիորեն նոր գաղափարախոսության և նպատակների կրողներ են: Մեր կարծիքով, այդ կարգի ինչպես իսլամական, այնպես էլ ոչ իսլամական կազմակերպությունները պատկանում են ամբողջատիրականների թվին, քարոզում են որոշակի աշխարհակարգ և իրենց գաղափարախոսության գերիշխանությունն աշխարհի նկատմամբ: Ի տարբերություն ձախ-արմատական տիպի կազմակերպությունների` իսլամական միջավայրում, և համանման աջ-քրիստոնեականների` քրիստոնեական միջավայրում, որոնք ընդհանուր առմամբ իրենց գործունեությամբ տեղայնացել են իբրև ազգայնական կազմակերպություններ, այդ նոր, առավելապես իսլամական կազմակերպությունները ձգտում են խույս տալ ազգայնականությունից և պահպանել անդրազգային բնույթը: Կարելի է ենթադրել, որ նոր իսլամական արմատական և ահաբեկչական կազմակերպությունների ստեղծման դրդիչ հանգամանքներից մեկը իսլամական ժողովուրդների շրջանում ազգայնականության մարտահրավերին «պատասխանի» անհրաժեշտությունն է և համընդհանուր ջիհադի համար կազմակերպական կառուցվածքի ստեղծումը: Ինչպես հայtնի է, այնպիսի ավանդական կազմակերպություններ, ինչպիսիք են Սիրիայի «Մուսուլման եղբայրները», Եգիպտոսում և մի շարք այլ երկրներում «ազգայնացվել» են և դարձել, ըստ էության, այդ երկրների ազգայնական քաղաքական կազմակերպություններ: «Հըզբոլլահի» կազմակերպությունները Լիբանանում և Թուրքիայում հենց սկզբից ստեղծվել էին որպես իսլամական ազգայնական կազմակերպություններ: «Անսարի-ե-հըզբոլլահը» ստեղծվել էր որպես իշխանամետ քաղաքական կազմակերպություն: Իսլամական շատ երկրներում զարգացում են ստացել գործուն ազգայնական քաղաքական կազմակերպություններ, որոնք ունեն ներազգային ուժեր և արտասահմանում ապրող հավատակիցների հետ համերաշխություն են հանդես բերում սոսկ մասնակիորեն ու սահմանափակ ձևով: Կայուն անդրազգայնականության և համակողմանիության բացակայության պայմաններում անհնար է պայքար մղել համաշխարհային իսլամական կարգերի համար և պաշտպանել առաջատար իսլամական պետությունների աշխարհաքաղաքական նպատակները:
Այդ կազմակերպությունների մյուս կարևոր բնութագիրը նրանց սերտ կապն է իսլամական պետությունների ու նրանց հատուկ ծառայությունների հետ: Ընդ որում, թեև այդ պետությունների ստեղծումն ու քաղաքական զարգացումը կապված են եղել իսլամական գաղափարի հետ, սակայն տեղի են ունեցել ոչ կրոնական առաջնորդների ու ոչ իսլամական քաղաքական կազմակերպությունների ղեկավարությամբ: Առայժմ կարելի է պնդել, որ նոր արմատական ահաբեկչական իսլամական կազմակերպությունների ստեղծումն ու զարգացումը նախաձեռնող պետություններն են Սաուդյան Արաբիան, Պակիստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները: Կարելի է նման պետությունների թվին դասել նաև Սուդանը, բայց այդ երկիրը իրական հնարավորություններ չունի խոշոր կազմակերպությունների ստեղծման ու նրանց գործունեության ապահովման համար:
Նոր իսլամական քաղաքական արմատական կազմակերպությունների թվին կարելի է դասել, ըստ էության, Թուրքիայում գործող բոլոր նման կազմակերպությունները: Ստորև` դրանց բնութագրերը:
«ՀԸԶԲՈԼԼԱՀ» Թուրքական «Հըզբոլլահ» կազմակերպությունը նույն հայացքներն ու նպատակներն է հետապնդում, ինչ Լիբանանի և այլ երկրների նույնանուն կազմակերպությունները, սակայն, ըստ էության, նրանց հետ կազմակերպական ոչ մի կապ չունի: Այդ կազմակերպությունը սկիզբ է առնում «Քուրդ իսլամականներ» կազմակերպության վաղ փուլից, երբ Աբդուլլա Օջալանի համադասարանցի Հուսեյն Վելիօղլին նպատակադրվեց Թուրքիայի տարածքում հիմնել միապետական բնույթի Քրդական Իսլամական պետություն: Թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները պնդում են, որ այդ կազմակերպությունը զգալի ֆինանսական և ռազմական օգնություն էր ստանում Իրանից: Նրա գրոհայինները վարժեցվում էին իրանական ճամբարներում: Սկզբնական շրջանում այդ կազմակերպությունը, որը շուտով կոչվեց «Հըզբոլլահ», պայքարում էր ոչ թե թուրքական կառավարության, այլ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, որին համարում էր մարքսիստական տիպի գաղափարական հակառակորդ: Մի որոշակի շրջան «Հըզբոլլահի» անդամների հիմնական զբաղմունքը երկրում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) անդամների, նրա համակիրների ու կուսակցությանը ֆինանսավորող քուրդ գործարարների առևանգումն ու սպանությունն էր: Թուրքական «Հըզբոլլահի» անդամները, փաստորեն, մտնում էին ՔԱԿ-ի դեմ պայքարող հատուկ ստորաբաժանումների կազմի մեջ: Այդ են վկայում թուրքական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ 1990-ականների սկզբին, շրջանցելով օրենքը, Թուրքիայի նախկին վարչապետ Թ. Չիլլերը իր գաղտնի հիմնադրամից Բաթմանի նահանգի ղեկավարին հատկացրել էր 2,7 մլն դոլար, որն օգտագործվեց զենք ձեռք բերելու համար: Այնուհետև «Հըզբոլլահը» ՔԱԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրում թուրքական կառավարության դեմ պայքարի վերաբերյալ: 1998 թ. ընթացքում, երբ ՔԱԿ-ն սկսեց կորցնել իր սոցիալական հիմքն ու ազդեցության ոլորտը, «Հըզբոլլահի» դերը զգալիորեն մեծացավ: 1999 թ. կազմակերպությունն սկսեց ընդլայնել իր բջիջներն ու սկզբնական կազմակերպությունները Արևմտյան Թուրքիայի գլխավոր քաղաքներում, նախ և առաջ` Ստամբուլում: Կազմակերպությունն ստեղծում էր ֆինանսական ֆոնդեր` իսլամական գործարարների ունեզրկման միջոցով, կուտակում էր սպառազինություն և լրջորեն նախապատրաստվում 2001 թ. «գլխավոր» զինված ելույթին: Թուրքական հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն, որ «Հըզբոլլահը» ավելի քան 25000 անդամ ունի, այդ թվում` 4000 զինված մարտիկ: Այդ ուժերն ամենից շատ կենտրոնացած են Թուրքիայի հարավ-արևելքում, ուր «Հըզբոլլահը» կողմնակիցներ է հավաքագրել 1999 թ. օգոստոսի 2-ին կրակի դադարեցման վերաբերյալ Ա. Օջալանի հռչակագրից հետո: Հայտնի են «Հըզբոլլահի» բազմաթիվ ահաբեկչական գործողություններ, որոնց զոհ են գնացել հազարավոր մարդիկ:
Ահաբեկչության դեմ զինված պայքարի ընթացքում թուրքական ղեկավարությունը ծախսել է 130 մլրդ դոլար, ինչը համադրելի է Թուրքիայի արտաքին պարտքի հետ, և շարունակում է տարեկան ծախսել 10 մլրդ դոլար:
ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԵԾ ՃԱԿԱՏԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ (IBDA-C): Իսլամական արմատական կազմակերպություն է, որն առանձնապես ակտիվ գործունեություն է սկսել 1999 թվից։ 90-ականների ընթացքում այդ կազմակերպությունը մասնագիտանում է հարձակումների և կինոթատրոններում, ոգելից խմիչքներ վաճառող խանութներում ու ռեստորաններում ռումբեր պայթեցնելու ասպարեզում: Այդ կազմակերպությունը ստանձնել է նաև 1999-ի հոկտեմբերի 21-ին Անկարայում աշխարհականացման նշանավոր գործիչ Ահմեթ Թաներ Քիսլալիի սպանության պատասխանատվությունը: Կազմակերպությունում գերակշռում են սուննիականները, բայց այն գտնվում է Խոմեյնիի գաղափարների և Իրանի իսլամական հեղափոխության տպավորության ներքո:
«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (IMO): Այս ոչ մեծ կազմակերպությունը «Հըզբոլլահի» մի ճյուղավորում է և ունի մոտ 200 անդամ: Հիմնվել է 1987-ին` Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բաթման քաղաքում, իրանական «Սավամա» հատուկ ծառայության մասնակցությամբ: Ըստ էության, քրդական այդ կազմակերպությունը պայքար է մղում ընդդեմ թուրքական կառավարության` հանուն իսլամական հիմքի վրա Քրդստանի ազատության:
«ՋԻՀԱԴ»: Փոքր խմբավորում է, մի հարյուրի չափ անդամներով: «Հըզբոլլահի» ճյուղավորում է, ստեղծվել է 2000 թ. մարտին:
«ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔ»: Գերմանիայում թուրքական սփյուռքի իսլամական խոշոր կազմակերպություն է, ունի 27000 անդամ, վերահսկում է ավելի քան 500 մզկիթ: Ստեղծվել է 1992 թ. Գերմանիայում թուրքական ջարդերից հետո, համագործակցում է Թուրքիայում գործող Ն. Էրբականի «Բարեկեցություն» կուսակցության հետ:
ՖԵԹՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԵՆԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄ: Զանգվածային իսլամական կազմակերպություն է Թուրքիայում, ունի ավելի քան 500000 անդամ, հանդես է գալիս Թուրքիայում իսլամական կարգերի հաստատման, շարիաթին համապատասխանող օրենսդրության, իսլամական կրթության գերակայության օգտին: Վերահսկում է երկրի շատ լրատվամիջոցներ և 500-ից ավելի դպրոցներ, իսլամական գործարարների մի խոշոր կազմակերպություն: Ներկայումս կազմակերպությունը մեկ նախարար ունի կոալիցիոն կառավարությունում:
ԿԱՊԼԱՆԱԿԱՆՆԵՐ: Բավականին խոշոր իսլամական արմատական կազմակերպություն է, հիմնված է Գերմանիայում, կազմակերպության առաջնորդը թուրքահրեա Մեթին Կապլանն է, որն ապրում է Թուրքիայում: Այդ կազմակերպությունը սերտորեն շաղկապված է թուրքական հատուկ ծառայությունների հետ: Նպատակ ունի պաշտպանել թուրքական ազգային շահերը Գերմանիայում:
Այսպիսով, «Նոր ահաբեկչություն» տերմինը, որը բրիտանական և ամերիկյան վերլուծական հիմնարկներն ուզում են պարտադրել լրատվամիջոցներին, ոչ մի գաղափարախոսական հենք չունի: Խոսքը պարզապես նոր կազմակերպությունների մասին է: Այդուամենայնիվ, այդ կազմակերպություններին քաղաքական իսլամիզմի նոր լայնընդգրկուն խնդիրներ և գործողություններ են վերագրվում:
Իսլամական արմատական և ահաբեկչական կազմակերպությունների բերված օրինակները ցույց են տալիս, որ դրանք, նախ և առաջ, կրում են ազգայնական բնույթ, պաշտպանում են իսլամական ազգայնականության շահերը: Այսինքն, իսլամական գաղափարախոսությունը, որը հանգեցվում է շարիաթի հաստատմանը, ներկայացվում է իբրև սոցիալական գաղափարախոսություն, այլընտրանքային մարքսիստական կամ աջ-քրիստոնեական ուսմունք: Ակտիվ քաղաքական իսլամի այդ միջավայրը նպաստավոր է կամավորների ներգրավման տեսակետից, որոնք նախատեսված են այն տարածաշրջանների համար, որոնք առաջնային են թվում իսլամական պետությունների ու շարժումների պայքարի տեսակետից: Բայց այդ կազմակերպություններն ինքնըստինքյան կոչված չեն ծավալելու արտքաղաքական իսլամական լայն գործունեություն, առավել ևս` զինված: Ինչպես ցույց է տալիս Լոնդոնում ստեղծված իսլամական կազմակերպության աշխատանքի փորձը, որը հատուկ հիմնվել էր Չեչնիա ուղարկելու համար գրոհայինների հավաքագրման նպատակով, հաջողություն չունեցավ` Եվրոպայի և Մերձավոր Արևելքի սահմանակարգված ազգայնական կազմակերպությունների համեմատ: Բրիտանացիների գնահատմամբ, Չեչնիայի պայքարի գաղափարը բացահայտորեն ժողովրդականություն չի վայելում նաև Ալժիրի արմատական իսլամական կազմակերպությունների շրջանում:
Իսլամական արմատական ազգայնական կազմակերպությունների անդամների տրամադրություններում որոշիչ դեր են խաղում նրանց խնամակալ պետությունները: Օրինակ, Իրանի խնամակալությունը Լիբանանի «Հըզբոլլահ» կամ «Ամալ» կազմակերպությունների (շիական կազմակերպություններ են) նկատմամբ լիովին բացառում է նրանց մասնակցությունը Հյուսիսային Կովկասի կամ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի մարտական գործողություններին, քանի դեռ Իրանի ու Ռուսաստանի, Իրանի ու Հայաստանի միջև դրական զարգացման հարաբերություններ են:
Շատ կարևոր է հասկանալ, որ հիմա «անկման» շրջան է համընդհանուր իսլամական շարժման ասպարեզում (այնտեղ, որն ընդունված է անվանել իսլամական արմատականություն կամ իսլամական արդիականություն): Ներկա պայմաններում, երբ մուսուլմանական երկրների ժողովրդական զանգվածները, իսլամական մտավոր շրջանակներն ու իսլամական խոշոր շարժումների պարագլուխները պարզել են, որ իսլամական կարգերն իբրև սոցիալ-քաղաքական գերակայություն ի վիճակի չեն լուծելու իրենց երկրների առավել բարդ հասարակական և քաղաքական խնդիրները, պետությունից անկախ անդրազգային նոր կազմակերպությունների ստեղծումն անիմաստ է դարձել: Զարգացում են ստանում իսլամական ազգայնական կազմակերպությունները, իսկ իսլամական կոսմոպոլիտ կազմակերպությունների անվան ներքո ստեղծվում են պետական ծառայություններ ու կառույցներ, որոնք արտքաղաքական նպատակներ ու խնդիրներ ունեն:
Հաշվի առնելով այդ ծառայությունների ու կառույցների գործողությունների բնույթը, նպատակներն ու ուղղությունները, կարելի է բավականաչափ վստահությամբ ենթադրել, որ խոսքը համաշխարհային իսլամական ֆինանսական ու նավթային վերնախավի համընդգրկուն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նախագծի մասին է: Այդ վերնախավն ինտեգրված է մի շարք պետությունների կառույցներին, որոնց տնտեսական ու քաղաքական հնարավորությունները թույլ են տալիս պայքարել նավթի ու գազի պաշարների, էներգամատակարարման կարևորագույն ուղեգծերի, աշխարհաքաղաքական հանգուցային տարածաշրջանների նկատմամբ վերահսկողության համար: Պետությունների այդ խումբը կողմնորոշվում է դեպի Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, հնարավոր է նաև` դեպի նավթ արտահանող արաբական այլ պետություններ: Իսլամական այդ վերնախավը հասկանում է, որ երբեք չի կարողանա վերահսկողություն ունենալ նավթի, գազի, ոսկու և այլ հանքանյութերի այլընտրանքային աղբյուրների նկատմամբ, որոնք անհրաժեշտ կլինեն իրենց շահագործած համաշխարհային գործող աղբյուրների սպառումից հետո: Կան նախադրյալներ, որ իսլամական «քաղաքական կենտրոնների» պայքարը կծավալվի ոչ միայն Ռուսաստանի ու Չինաստանի, այլև Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի դեմ: Մեծ Բրիտանիայի դեմ պայքարը Հյուսիսային Կովկասում արդեն տեղի է ունենում: Դա պայմանավորված է նրանով, որ մեծ Բրիտանիայի և «իսլամական քաղաքական կենտրոնների» քաղաքականության ընդհանուր նպատակներն ու շարժառիթները համընկնում են:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ