ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չինական իշխանությունները բավական ուժեղ են և կարող են երկրում տիրող իրավիճակը վերահսկել

Չինական իշխանությունները բավական ուժեղ են և կարող են երկրում տիրող իրավիճակը վերահսկել
23.11.2012 | 12:11

Միանգամայն օրինաչափ և արդարացված է, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները մանրադիտակով էին քննության առնում բոլոր փորձագետները։ Բայց ծայրաստիճան զարմանալի է, որ այս կամ այն թեկնածուին տրվող նախապատվությունը հիմք էր տալիս կառուցելու «հայտնության» զանազան սցենարներ, որոնց մեծ մասը նպատակաուղղված է, նկատենք, զուտ օգտապաշտական խնդրի լուծմանը` ջուր պղտորել, իսկ եթե ստացվի այդ ջրում ձուկ որսալ։

Այսպես, ռուս շատ վերլուծաբաններ, ովքեր միահամուռ որոշել էին, թե հանրապետական թեկնածուն ամենևին ընդունելի չէ Ռուսաստանի համար, իրենց փորձագիտական գնահատականներում, որոնք լայնորեն տարածում էին լրատվամիջոցները, շտապում էին ազդարարել, որ նա ամբողջ աշխարհի համար էլ է «չարիք»։ Ընդ որում, դատելով նրանց իսկ հայեցակարգային ենթադրություններից, այդ չարիքը բացարձակապես իռացիոնալ է։ Թեև միաժամանակ ակնհայտ է և քաղաքականության բազմահմուտ մասնագետ պետք չէ լինել` հասկանալու համար, որ արտքաղաքական դոկտրինները, ինչպես, ի դեպ, ռազմականները, ԱՄՆ-ում չեն կարող փոխվել առանձին նախագահի կամքից ելնելով։ Իհարկե, փոխվում են արտաքին դրսևորումները, կատարման եղանակները, տեղեկատվական աջակցությունը, բայց ոչ երբեք «գլխավոր գիծը», «ազգային անվտանգության» ընդհանուր և վաղուց նախանշված առաջադրանքները։
Եվ իհարկե, ռուսական փորձագիտական ընկերակցությունը չի կարող իրեն զրկել ԱՄՆ-ի և Չինաստանի բարդ, բայց միանգամայն կայուն հարաբերությունների «կրետի բույնը» մեկ անգամ ևս խառնելու փորձի հաճույքից։ ՈՒ կարծես առանց հաջողության որևէ առանձնակի հույսի։ Բայց, այդուամենայնիվ...
Լայն ճանաչում ունեցող «Ռեգնում» գործակալության միջոցով Տատյանա Կաուկենովան հայտարարում էր, որ «Միթ Ռոմնին կտրորի Չինաստանի «ցավոտ կոշտուկը», այսինքն` ույղուրական հարցը, որ «եթե իշխանության գան հանրապետականները, և Սպիտակ տունը սկսի ավելի ակտիվորեն աջակցել ույղուր իրավապաշտպաններին, ապա դա կհանգեցնի ոչ միայն պաշտոնական Պեկինի հետ հարաբերությունների վատացմանը, այլև Չինաստանի ներսում «ազատագրական պայքարի» ակտիվացմանը»։ Դժվար է չհամաձայնել հետազոտողի հետ, որ եթե դա, Աստված մի արասցե, տեղի ունենա, ապա նման պայքարի եղանակներն «ավելի քան ոչ ժողովրդավարական կլինեն», և այդ դեպքում շատերի քթից կգա։ Սակայն, միաժամանակ, ամենևին հասկանալի չէ, թե ինչու «Պեկինի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների շրջանակներում ամերիկյան դիրքերի» ուժեղացման մասին Ռոմնիի նախընտրական ելույթներից ելնելով կարելի է, ինչպես գրում է Կաուկենովան, «վստահորեն հայտարարել, որ տեղեկատվական մարտադաշտերում Նահանգները ձեռքից բաց չի թողնի հնարավորությունը` հնարավորինս հաճախ տրորելու Չինաստանի այդ «ցավոտ կոշտուկը»։ Համարձակվում եմ ենթադրել, որ աշխարհաքաղաքականության բնավ էլ ոչ նշանավոր գիտակը` հանրապետական թեկնածուն, որը նախանձելի համառությամբ կարծում է, թե «Սիրիան դեպի ծով տանող ճանապարհ է Իրանի համար», չգիտեր էլ, թե ովքեր են ույղուրները և ինչ «մեծ պայքար» են մղում նրանք։ ՈՒ առավել ևս կհամարձակվեր վառել այդ կրակը։ Միանգամայն օրինաչափ է, որ ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական իրավապաշտպան կազմակերպություններն անարգանքի սյունին են գամում Պեկինին` «Սինցզյանում մարդու իրավունքների խախտման» և «ազգային ինքնորոշման նպատակով ույղուր ժողովրդի խաղաղ պայքարին կոշտ արձագանքելու համար»։ Այդ բանը նրանց տեր Աստված է հուշել ու ֆինանսական դոնորները։ Բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, այդ կազմակերպություններն այլ խնդիր չեն հետապնդում, բացի քաղաքական հնարավոր դասավորությունների հուզական մթնոլորտի ստեղծումից։ Իսկ առայժմ ոչինչ առիթ չի տալիս պաշտպանելու հեղինակի կարծիքը, թե «պակաս ակնհայտ չէ նաև, որ Վաշինգտոնն այդ հարցը բարձրացնում է ոչ միայն ելնելով սինցզյանցի ույղուրների հանդեպ հոգատարության նկատառումներից»։ Նախ, նույն «Ռեգնում»-ում նշվում է, որ ԱՄՆ-ի պետդեպը և ՄԱԿ-ը վաղուց են հայտարարել, որ ույղուրական կազմակերպություններից մեկը` «Արևելյան Թուրքեստան» իսլամական շարժումը, ներառված է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, ավելին, պետդեպի պաշտոնական փաստաթղթում պնդվում է, որ հենց այդ կազմակերպությունն է պատասխանատու Չինաստանի տարածքում 11 տարի տեղի ունեցած դաժանությունների համար։ Ինչպես հայտնի է, նրա բոլոր ավանդներն Ամերիկայում սառեցվել են։ Այլ բան է, որ 2005 թ. ԱՄՆ-ն ընդունեց ույղուր ժողովրդի առավել ակտիվ մարտիկներից մեկին` Ռաբիա Քադըրին (ինչպես աշխարհի հազար-հազարավոր այլ այլախոհների), որը հիմնել է Մարդու իրավունքների ու ժողովրդավարության միջազգային ույղուրյան հիմնադրամը և դարձել Համաշխարհային ույղուրյան կոնգրեսի նախագահը։ Համարվում է, որ ամերիկյան դոնորներն են ֆինանսավորում այդ կազմակերպություններին («Ժենմին Ժիբաո» թերթի տվյալներով, տարեկան մինչև 265 հազար դոլար), սակայն չմոռանանք, որ Անկարան քանիցս բացահայտորեն հայտարարել է, որ ոչ միայն պաշտպանում է իր «արյունակից եղբայրների» պայքարը, այլև պատասխանատվություն է կրում ույղուրների ճակատագրի համար։ Իսկ պաշտոնական Վաշինգտոնն առայժմ ընդգծված ձեռնպահ է մնում ույղուրյան խնդիրներից. չնայած ույղուրյան կոնգրեսի շարունակական կոչերին, ՈՒրումչիում ԱՄՆ-ի հյուպատոսարան այդպես էլ չբացվեց, իսկ նրա առաջնորդների այն կարծիքի առթիվ, թե «Արևելյան Թուրքեստան» շարժումը չինական հատուկ ծառայությունների ստեղծածն է, իշխանությունները հայտարարել են, որ այդ կազմակերպության արմատները կապված են Ալ Քաիդայի և միջազգային ահաբեկչության ընդհանուր ցանցի հետ։ Ընդհանուր առմամբ, ամենևին հասկանալի չէ, թե ինչու այդ վաղեմի, դեռ անցյալ դարի կեսերից եկող ամերիկյան դիրքորոշումը պիտի վերանայվի և այդ նոր դասավորությունում «ույղուրյան հաղթաթուղթը» պիտի խաղի մեջ մտցվի։ Անկախ ռուսների ցանկությունից, առայժմ ամերիկյան բոլոր փորձագետները` սկսած ծեր ու բազմափորձ Բժեզինսկուց և վերջացրած երիտասարդ ծագող աստղ Պարագ Խաննայով, խոսում են աշխարհակարգի ապագա տարբեր ուրվապատկերների մասին, սակայն միշտ Չինաստանի ու ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Եվ խիստ անհավանական է, որ ամերիկյան որևէ նախագահի խելքին փչի փոխել այդ իրադրությունը։ Համենայն դեպս, առայժմ։
Եվ էլի մի բան։ Մենք բոլորս երևի հիշում ենք, թե ֆինանսական աշխարհն ինչ սոսկում ապրեց վերջերս Պեկինի ու Տոկիոյի հարաբերությունների սրման առթիվ այն օրերին, երբ դեռ միայն ակնարկվեց, թե Չինաստանը կարող է սկսել օգտագործել իր առավելությունն իբրև Ճապոնիայի խոշորագույն վարկատուի, և բաց վաճառքի «նետել» 230 մլն դոլարի ճապոնական կառավարական պարտատոմսեր։ Վաշինգտոնում, իհարկե, չեն մոռանում, որ Չինաստանը ԱՄՆ-ի օտարերկրյա խոշորագույն պարտատերն է, ըստ էության, երկրի ֆինանսների երկրորդ տերը` ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգից հետո։ Հիմա այդ փոխառությունների գումարը կազմում է 1,164 տրիլիոն դոլար, ու առայժմ Չինաստանը շարունակում է մեծացնել ներդրումների ծավալն ամերիկյան պարտաթղթերում։ Շատ հետաքրքիր է, որ վերջերս Պենտագոնն ուսումնասիրեց չափազանց հատկանշական մի շարք հարցեր։ Մասնավորապես` Չինաստանը որքա՞ն է վտանգավոր որպես դաշնային կառավարության խոշոր վարկատու։ Ի՞նչ կլինի, եթե Պեկինը հանկարծ և ուժեղ կրճատի իր ներդրումները։ Արդյոք դա սպառնալիք կներկայացնի՞ ազգային անվտանգության համար և կարո՞ղ է, արդյոք, օգտագործվել իբրև ֆինանսական զենք։ «Եթե Պեկինը վճռի կտրուկ դուրս գալ արժեթղթերից, ապա դա հիմնովին կցնցի համաշխարհային ֆինանսական համակարգը»,- վտանգներն է հաշվարկում Պենտագոնը, և կարծում է, որ թեև դա կխփի «ՉԺՀ-ի հեղինակությանն իբրև հուսալի ու հարգարժան տնտեսական ու ֆինանսական գործընկերոջ», այդուամենայնիվ, Չինաստանն ընդունակ է գրոհելու ԱՄՆ-ի փոխառությունների շուկան` ընդհարման դեպքում։ Անգամ սեփական կորուստների գնով։ ՈՒ դրանով ամեն ինչ ասված է։
Սակայն շատ ավելի հետաքրքրական է, մեր կարծիքով, քննության առնել, թե հնարավո՞ր է, արդյոք, որ օբյեկտիվ իրականության մեջ լուրջ ու զանգվածային ապակայունություն լինի ույղուրյան խնդրի շուրջ, առավել ևս «Չինաստանի փլուզում», ինչի մասին ճղճղում են որոշ փորձագետներ։
Սինցզյան, ՈՒյղուրստան, Արևելյան Թուրքեստան` նման անվանումները, այդ թվում նաև` ոչ պաշտոնական, շատ շատ են։ Իսկ պաշտոնապես դա Չինական Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-ՈՒյղուրի Ինքնավար Շրջան` ՍՈՒԻՇ են անվանում։ ՍՈՒԻՇ-ը ժամանակակից Չինաստանի ամենամեծ նահանգն է։ Նրա տարածությունը մեկ միլիոն 600 հազար քառակուսի կիլոմետր է, այսինքն` կազմում է երկրի մեկ վեցերորդ մասը։ Եվ այդ հսկայական տարածքում ապրում է ընդամենը 21 մլն մարդ, ինչը Չինաստանի չափանիշներով, փաստորեն, անմարդաբնակ վայր է։ ՍՈՒԻՇ-ը հպարտանում է նաև այլ չինական ռեկորդով. այդ նահանգին է բաժին ընկնում ՉԺՀ-ի ցամաքային պետական սահմանի մեկ քառորդը։ Հարևաններն են միանգամից ութ երկրներ` Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոնղոլիան, Հնդկաստանը, Պակիստանն ու Աֆղանստանը, իսկ հնում այդ տարածքով էր անցնում Մետաքսի մեծ ճանապարհը։ Պետք է նկատել, որ Սինցզյանի ույղուր բնակչության կարգավիճակը վիճելիների շարքն է անցել փաստորեն 1955 թ. ինքնավար շրջանի կազմավորումից անմիջապես հետո։ Հենց այդ ժամանակ էլ որոշ երկրներ ու կազմակերպություններ ույղուրներին ներառան ինքնորոշման իրավունքից զուրկ ժողովուրդների ցանկի մեջ։ Սակայն տարածաշրջանն արդեն շատ վաղուց եղել է և մինչև օրս էլ հանդիսանում է «քաղաքակրթության խաչմերուկ», մի վայր, ուր գոյություն ունեն ամենատարբեր մշակույթները, ազգերը, ժողովուրդներն ու դավանանքները` մահմեդականություն, բուդդայականություն, քրիստոնեություն (ամբողջ երկրում հինգ միլիոնից ավելի չինացիներ քրիստոնեություն են դավանում)։
ՍՈՒԻՇ-ի ազգային կազմն ամենևին բնորոշ չէ Չինաստանին. եթե մյուս տարածաշրջաններում բնակչության 98-99 տոկոսը հաներ են (ՉԺՀ-ում գերակշռող ազգություն), ապա Սինցզյանում, վիճակագրության համաձայն, 47 ազգություն է ապրում։ Ընդ որում, ույղուրները` 45 տոկոս, հաները` մոտ 41, ապա գալիս են ղազախները, դունգանները, ղրղզները, տաջիկները դաուրները, ռուսները և այլք։ Նշվում է, որ ույղուրները 1942 թ. կազմում էին բնակչության մոտ 80 տոկոսը, և դա որոշ լրատվամիջոցների հիմք է տալիս խոսելու «չինացիների բռնությունների, ույղուրյան մշակույթի ոչնչացման մասին», այն մասին, որ պեկինյան կառավարությունը վարում է նահանգի ուժեղացված «հանացման» քաղաքականություն (պատմաբանները նշում են, որ անվանատու ազգի ներկայացուցիչների վերաբնակեցումն այնտեղ սկսվել է Մաո Ցզեդունի իշխանության գալուց դեռ շատ առաջ, այն «փորձարկել» են դեռ Մին դինաստիայի կայսրերը` 1368-1644 թթ.)։ Ի դեպ, Չինաստանում ծնելության կրճատման կոշտ միջոցները տարածվում են միայն հաների վրա, իսկ տարածաշրջանի մյուս ժողովուրդների հանդեպ ձեռնարկվող միջոցներն ավելի շուտ քարոզչական բնույթ են կրում։ Արդյունքում, ՍՈՒԻՇ-ում (ինչպես որ Տիբեթում) ծնելության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է, որ գրեթե կրկնապատիկ գերազանցում է այլ տարածաշրջանների համանման ցուցանիշները։ Եվ դա ձեռք է բերվում մեծ մասամբ ույղուրների մեծ ծնելության հաշվին։ Մյուս ազգությունների աճը, անաչառորեն ասած, տեղի է ունենում աշխատանքային ներգաղթյալների և այդ անչափ հարուստ տարածաշրջանի ինդուստրացման հաշվին։ Այստեղ կան Չինաստանում հայտնաբերված բնական հանածոների 150 տեսակներից 134-ը, Չինաստանի նավթի ու գազի հետախուզված պաշարների 30 տոկոսը, ինչպես նաև ածխի զգալի հանքեր։ ՈՒ հիմա, այդ պաշարների յուրացման համար, Սինցզյանի իշխանությունների աջակցությամբ և ֆինանսավորմամբ, որոշ տվյալների համաձայն, տարեկան մոտ 500 հազար հան ազգությամբ ներկայացուցիչ է ներգաղթում։
Այնպես որ, չինական իշխանությունները, որոնք վաղուց անհանգստություն են զգում տեղական անջատականության առթիվ, միանգամայն տրամաբանորեն սկսել են զուգորդել «հաճելին օգտակարի հետ»։ Այսինքն, նրանք գիտակցաբար սկսել են վարել «Զարգացած ծայրամասեր` ուժեղ երկիր» քաղաքականություն։ ՍՈՒԻՇ-ը, համապատասխանաբար, միանգամայն անաչառորեն, դարձել է պետական դրամական օժանդակությունների խոշորագույն ընդունող և կարճ ժամանակամիջոցում ույղուրյան միջնադարից անցել համաչինական արդյունաբերական աշխարհ։ Սկսվել է գործարանների, ֆաբրիկաների, նոր տների, հիվանդանոցների, ժամանակակից օդանավակայանների և ճեպուղիների բուռն շինարարություն։ Օրերս Չինաստանը հայտարարեց «Արևմուտք-Արևելք» գազամուղի երրորդ ճյուղի շինարարությունն սկսելու մասին, որը նախատեսված է կենտրոնասիական գազը Սինցզյանի տարածքով երկրի արևելյան նահանգներ մղելու համար։ Պակաս վիթխարի նախագիծ չէ տնտեսության արագ զարգացման «Հորգոս» միջպետական գոտու հիմնումը ՉԺՀ-ի ու Ղազախստանի սահմանագլխին, ուր մինչև 2018 թ. Չինաստանը մտադիր է մի 200-հազարանոց քաղաք կառուցել, որի բնակիչները կսպասարկեն այդ ազատ տնտեսական գոտին (հասկանալի է, որ այնտեղ կպահանջվի արդյունաբերական շրջաններից եկած որակյալ աշխատուժ)։ Մի խոսքով, Պեկինը ՍՈՒԻՇ-ում փող ներդնում է և ոչ քիչ։ Իսկ թե ինչ է դա բերելու` ուծացում թե զարգացում, կարևոր չէ։ Ճիշտ է, նման ծրագրերը սովորաբար ավելի շահավետ են լինում հաների համար, ովքեր ամենից հաճախ են ավելի որակյալ աշխատուժ և ծառայողներ տրամադրում։ Հարկ է նկատել, որ տեղի դպրոցներում դասավանդում են նաև ազգային փոքամասնությունների լեզուներով, բայց ահա բուհերում` միայն չինարեն։ Բացի այդ, ինչպես նշում են Չինաստանի գծով հայտնի մասնագետները, ՉԺՀ-ում առաջընթաց ունենալու համար հարկավոր է ենթարկվել խոր ձուլման, իսկ նման ընտրություն կարող են բնավ ոչ բոլորը կատարել։
Ասել, որ այդ փոփոխությունները լուծում են բոլոր հարցերը, և որ Սինցզյանը Չինաստանի ամենահանգիստ տարածաշրջանն է, ճիշտ չէր լինի։ Բավական դժվարությամբ է տեղի ունենում նաև փոխհարմարվելու գործը. նշվում է, որ ույղուրների ու հաների բոլոր վերջին ընդհարումներն սկսվում են զուտ կենցաղային պատճառներով։ Այստեղ դեր ունի նաև հստակ բաժանումն ըստ բնակության վայրերի, հատկապես կենցաղի։ Տարածաշրջանի մայրաքաղաք ՈՒրումչիում, որտեղ ապրում է ՍՈՒԻՇ-ի բնակչության ավելի քան 10 տոկոսը, չինական և ույղուրյան թաղամասերը, որպես կանոն, իրարից բաժանված են (ՈՒրումչի հին մոնղոլերենից թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ արոտավայր»։ Քաղաքը հիմնադրվել է 18-րդ դարի երկրորդ կեսին` չինացիների կողմից, և այդ ժամանակվանից մինչև 1954 թ. այն չինարեն Դիխուա անվանումն է կրել, իսկ արդեն հետո, որպես տուրք տեղի բնակիչներին, վերանվանվել է ՈՒրումչի)։ Նկատենք, որ քաղաքի ընդհանուր նկարագրում գերիշխում է ոչ թե ույղուրյան, այլ չինական ազդեցությունը, և ըստ էության, քաղաքի կենտրոնական մասը հազիվ թե որևէ բանով տարբերվելիս լինի Չինաստանի մյուս ժամանակակից քաղաքներից։
Ինչևէ, շարունակ քննարկվող խնդրի` Չինաստանի փլուզման կամ, ծայրահեղ դեպքում, ազգային հարցում ՉԺՀ-ի ունեցած շատ լուրջ խնդիրների, առավել ևս դրսից ինչ-որ մեկի ձեռքով այդ գործընթացները հաղթահարելու մասին խոսելն այնքան էլ լուրջ զբաղմունք չի լինի։ Մանավանդ ակնհայտ է, որ հիմա Չինաստանում իրադրության լուրջ ապակայունացմամբ շահագրգռված չէ աշխարհի ոչ մի առաջատար պետություն, իսկ չինական իշխանությունները բավական ուժեղ են և կարող են երկրում տիրող իրավիճակը վերահսկել։ Այնպես որ, տեսանելի ապագայում Չինաստանի «ակնկալվող» փլուզում, իհարկե, չի լինի, ինչը, կարծում ենք, շատ լավ է։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ