ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դասամատյանը թևներիս տակ, ցուցափայտը` ձեռներիս, սպասում ենք

Դասամատյանը  թևներիս տակ,  ցուցափայտը` ձեռներիս, սպասում ենք
20.11.2012 | 13:28

Տեսակետ կա, որ տասնհինգ օրից ԲՀԿ-ն վերջապես կհայտարարի նախագահական ընտրությունների մասնակցության ձևաչափի մասին:
ԲՀԿ-ի համար բարձր է հնչում, այնուհանդերձ, Էքզյուպերիի աղվեսը տղային ասում է. «երբ ես քեզ հետ ժամադրվում եմ ժամը երեքին, և դու ուշանում ես, մինչև ժամը չորսը ես դեռ քեզ սպասում եմ, իսկ չորսից հետո էլ չեմ սպասում»:
ԲՀԿ-ն քաղաքական-քաղաքագիտական և նույնիսկ գրական-գրականագիտական առումով, այո, այլևս լուսանցքից դուրս է հայտնվել, որովհետև կա բանական ժամկետ, որից հետո հետաքրքրությունը կորչում է: Եվ հետո, նրա որոշումը պետք է բավարարի ձախերին ու աջերին, և նույնիսկ մի կնոջ` ատամնատեխնիկ:
Այդպիսին այն լինել չի կարող: Եվ որքան էլ հարգարժան ԲՀԿ-ն խիստ մտահոգյալ գնա, կանգնի Սերժ Սարգսյանի առաջ ու ասի` «նախագան ապրած կենա, նախագա ջան, կարալ տի՞ս մի բան մտածես, ընհենց մի բան, որ ես ՕԵԿ չդառնամ»:
Էստեղ պաուզան պիտի ձգոտվի: Ասել ենք` Ֆրոյդ պապիկը շա՜տ «քյոփակն ա» (տատս էր էս բառը գյուղի բիձեքի «մասով» օգտագործում): Ասել ենք նաև, որ մարդն իր ենթագիտակցությունն է: Եվ ուրեմն` Կոլյայիչը, երբ ազգի ու ԲՀԿ-ի վիճակը սրտին ծանրացրած Սերժ Սարգսյանին ասում է` ես քեզ ուժեղ պաշտպանող եմ, բայց դու ինձ ՕԵԿ մի դարձնի, առաջին հերթին նկատի չունի հետընտրական ՕԵԿ-ը: Այլ «նախընտրական» ՕԵԿ-ը:
ԲՀԿ-ի ռեժիսորները ներշնչել են Կոլյայիչին այս գաղափարը երկու տրիվիալ պատճառով.
ա) Ժամանակ շահելու այս ընթացքում այնպես անել, որ հանկարծ «նախագա ջանը» չջղայնանա և ԲՀԿ-ն չվերածի ՕԵԿ-ի, որը, իշխանությունից դուրս գալով, ընդդիմադիր դարձավ, կորցրեց իր բոլոր լծակները, գրեթե կազմաքանդվեց, և երկար ժամանակ պետք եղավ` կենաց-մահու պայքար մղելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ` ռեաբիլիտացվելու, քաղաքական դաշտում նոր տեղ զբաղեցնելու համար: Կարծում եք` հենց այնպե՞ս է, որ ԲՀԿ-ն չի հայտարարում, որ «դառնում» է ընդդիմություն: Որովհետև ԲՀԿ-ի ռեժիսորների համար կա «հետընտրական զարգացումների» խնդիր ևս, ուր ԲՀԿ-ն անչափ լուրջ դերակատարում պետք է ունենա, եթե իրողություններն ընթանան այլ սցենարով:
բ) ԲՀԿ-ի թիվ մեկ խնդիրն այս ողջ ընթացքում, ինչպես ասացինք, ժամանակ շահելն էր: Որպեսզի հասկացվի նաև, թե ինչ որոշում են կայացնում աշխարհաքաղաքական խաղացողները Հայաստանի մասով: Օբամայի ու մորմոնների ընտրությունն էր: Սերժ Սարգսյանը պետք է Ֆրանսիա մեկներ: Ֆրանսիան, որպես տարածաշրջանային կուրատոր, որպես Հայաստանի մշտական ջերմ ու «ասող» բարեկամ, պետք է իրական ճանապարհային քարտեզը տար:
Ընդ որում, նույն Ֆրանսիան շատ արագ` «մի ձեռով» հարցրեց Սերժ Սարգսյանին` «աչքիս պաշտպանում ես Ասադի ռեժիմը, հա՞»: Սերժն էլ բավականին գրագետ, դիվանագիտական պատասխան տվեց, թե ուրիշ ի՞նչ պիտի անեի, որ: «Մյուս ձեռով» էլ Օլանդը դեռ չէր ճաշել Սերժի հետ, երբ հայտարարեց, որ ճանաչում է Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան, ու վայ թե` զենք էլ տա: ՈՒ թե Սարգսյանը և Օլանդը ճաշին` ուրիշ գաղտնի էլ ինչ են խոսել, իրենք կիմանան, իմացածներս էն է, որ դրանից հետո Քոչարյանը գնաց Մոսկով, Հովիկ Աբրահամյանն էլ` Սերժի մոտ:

Այլ կերպ ասած, ինքնաթիռում` «այփադի շուրջ» զմիմյանս հանդիպած ԲՀԿ-ի ռեժիսորները, որ Ծառուկյանին խորհուրդ էին տվել մլուլ տալ, մինչև մի լույս բացվի, հայտնվեցին «շարժման» մեջ: ՈՒ որքան մենք ենք «լուսաբացներից» տեղյակ, Ծառուկյանը տասնհինգ օր հետո մտադիր է Սերժ Սարգսյանի օգտին հայտարարություն անել (բայց որ ինձ հարցնեք` նույնիսկ հայտարարություն անելուց հետո կարելի է կասկածել ԲՀԿ-ի ու նրա ռեժիսորների գործունեության ամպլիտուդին, որովհետև ողջ այս ընթացքում նրանք առհավատչել են, որ «նադյոժնի պարտնյորներ» չեն):
Բանն այն է, որ Հայաստանի պահվածքը Սիրիայի հարցում առաջին հերթին բխում էր հայոց շահերից, այնուհանդերձ, այն բավականին համահունչ էր նաև Ռուսիո շահերին: Այս առումով Ռուսիո մոտ բարձրանում են Սարգսյանի լոտերը` չեզոքացնելով ԲՀԿ-ի և նրա ռեժիսորների, մասնավորապես Քոչարյանի լոտերը, ուստի լրիվ տրամաբանական է, որ Կոլյայիչը շատ ձեռանց համակցի հաճելին օգտակարի հետ. իր ունեցվածքի չկորուստը` ռուսաստանյան «դաբրոյի» հետ` վասն Ազատիչ Սերժ Սարգսյանի:
ՈՒստի, դասամատյանը թևներիս տակ, ցուցափայտը` ձեռներիս, սպասում ենք «վերջին դասին»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ