ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Համանախագահները Մինսկի խմբի լուծարման ընդունելի և «խելքը գլխին» սցենար են որոնում

Համանախագահները Մինսկի խմբի լուծարման  ընդունելի և «խելքը գլխին» սցենար են որոնում
14.09.2012 | 12:38

Ղարաբաղյան խնդիրը, որպես քաղաքական հարցի, հենց սկզբից միջազգային նշանակություն ստացավ` անկախ այն բանից, թե ինչպես էին դա ընկալում հակամարտության շահագրգիռ կողմերը։ Արտաքին շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը, առաջին հերթին Ռուսաստանը, ձգտում էր օգտակար հետևանքներ քաղել իր համար` հանդես գալով հայ ժողովրդի շահերի համակողմանի անտեսմանն ուղղված նախաձեռնություններով, ինչը, ժամանակ առ ժամանակ, դառնում էր մեծ տերությունների գլխավոր հնարքն ու մոտեցումը։ ԱՄՆ-ը և Եվրոպայի առաջատար պետությունները, ինչպես նաև եվրոպական կառույցները, որոնք ձգտում են Հարավային Կովկասի բոլոր պետությունները կողմնորոշել դեպի Արևմուտք, կարծում էին, թե ղարաբաղյան հարցը «թոթափած» Հայաստանն ավելի արագ կհայտնվի Արևմտյան ընկերակցության քաղաքականության հունում։ Ռուսաստանն ավելի սին դիրք էր բռնել, ձգտելով ղարաբաղյան հակամարտության շնորհիվ առավելագույն հավասար հեռավորության վրա պահել հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Հարավային Կովկասում իրենց քաղաքականությունը ձևավորել էին, ելնելով երկու հանգամանքից, այն է` աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նախապատվությունների ձեռքբերում, և ամերիկյան ռազմավարության կազմավորման այդ ժամանակաշրջանն առավել տհաճն ու բարդն էր Հայաստանի համար, քանի որ նա դուրս էր ընկնում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմավարական շահերի ոլորտից։ Աստիճանաբար հասկանալի դարձավ, որ Հայաստանը պետք է առավել նպաստավոր ժամանակների սպասի, բայց միաժամանակ պետք է ակտիվորեն աշխատի, սակայն դա տեղի չունեցավ։ Ավելի նպաստավոր շրջանը եղավ, երբ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, ինչպես նաև Ռուսաստանն ավարտեցին Սև ծով-Կովկաս-Կասպից ծով տարածաշրջանում իրենց դիրքերի հստակեցման «որոնումներն» ու «փորձերը»։ Այդ իրավիճակը դժվար է անվանել լճացում, ընդհակառակը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները շատ ներդաշնակ են և նոր սյուժեներ ու սցենարներ են ծնում։ Բայց, այդուամենայնիվ, իրադարձությունները կորցնում են իրենց դրամատիկությունը, ինչը, նախ և առաջ, բացատրվում է Հարավային Կովկասում ամերիկյան ռազմաքաղաքական ներկայության «կայունացմամբ» և ԱՄՆ-ի շահերի ու մտադրությունների ավելի մեծ որոշակիությամբ։
2000-ականների երկրորդ տասնամյակում ԱՄՆ-ը բաժանեց Հարավային Կովկասի պետությունների համար սահմանված գործառույթներն ու խնդիրները, ընդ որում, ոչ միայն Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, այլև Աբխազիայի, Հարավային Օսիայի և Լեռնային Ղարաբաղի համար։ Այս բոլոր սուբյեկտներն այժմ ունեն իրենց անելիքները, որոնք ներդաշնակվում են ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմավարությանը։ Վրաստանը ստանձնել է տարանցման-սպասարկման գործը ու, թերևս, հետաքրքրություն է ներկայացնում միայն այդ առումով և անգամ ռազմական բազավորումն այդ երկրի գործառույթ չի դառնա։ Ադրբեջանը «նավթի տակառ» է և ռազմաբազավորման հրապարակ, բայց ոչ չափազանց լայն նշանակության։ Հնարավոր է, Վրաստանին ու Ադրբեջանին վերապահվում է Ռուսաստանի նվաճողամտության զսպման գործառույթը, բայց ոչ որպես հիմնական առաջադրանք։ Հայաստանին վերապահված են տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման, ինչպես նաև Թուրքիայի տարածաշրջանային նվաճողամտության «զսպման» առաջադրանքները։ Տարածաշրջանի մյուս երեք փոքր պետությունները խաղում են տարածաշրջանային խաղի ոչ պակաս կարևոր մասնակիցների դեր, որոշակի կորեր մտցնելով հակասությունների և հակամարտությունների դաշտում։
ԱՄՆ-ը հասկացել է, որ Հարավային Կովկասում պետությունները «հակված» չեն մասնակցելու շատ թե քիչ նշանակալի ռազմական գործողությունների կամ իրենց տարածքները տրամադրելու այդ խնդիրների լուծման համար, օրինակ` Իրանի առնչությամբ։ Հնարավոր է, այդ կապակցությամբ ԱՄՆ-ը փոքր-ինչ կորցրել է հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ, սակայն դրա գլխավոր պատճառը ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Կենտրոնական Ասիայի նկատմամբ մարտավարության և ռազմավարության վերանայումն է։ Հարավային Կովկասը որոշակի առումով կորցրել է իր նշանակությունն ԱՄՆ-ի քաղաքականության ու շահերի համար, ստորադաս դեր կատարելով Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի խնդիրների սպասարկման գործում։ Այդ հանգամանքները հանգեցրել են Վրաստանի հանդեպ ուշադրության կորստյան, որն անդառնալիորեն կորցրել է հույսը միջազգային ասպարեզում իր խնդիրների կարևորման հարցում։ Ինչ-որ չափով նույն վիճակում է Ադրբեջանը, որին ամերիկացիներն աշխատում են հեռու պահել Թուրքիայից` որպես նրա առաջատար դաշնակցի և անվտանգության ու անկախության երաշխավորի։ Տվյալ իրավիճակում, որն ավելի ու ավելի է երկարաժամկետ բնույթ կրում, Աբխազիան, Հարավային Օսիան ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որոշակի արտքաղաքական հեռանկարներ են ստանում որպես պետություններ, որոնք չեն անտեսվի Արևմտյան ընկերակցության կողմից։ Սա չի նշանակում, թե Արևմուտքը կնախընտրի այդ պետությունների` իր համար ավելի կարևոր շահեր, քան Վրաստանի ու Ադրբեջանի շահերն են, սակայն, այսպես թե այնպես, աշխարհում մշակվում է նորանկախ պետությունների ճանաչման նոր սխեմա ու նոր տրամաբանություն։ Այսպիսով, ԼՂՀ-ն հայտնվել է նոր իրավիճակում, ինչը չի ուզում նկատել ու իմաստավորել այդ հանրապետության քաղաքական և սոցիալական վերնախավը։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում ԼՂՀ-ում, ամենևին չի համապատասխանում արտաքին մարտահրավերներին։ Ոչ մի կերպ հնարավոր չէ ղարաբաղյան վերնախավին բանավեճի հրավիրել այն հարցի շուրջ, որ այդ պետությունը ճանաչում չի ստանա, քանի դեռ ձեռք չի բերել անկախության բացահայտ հատկանիշներ։
Մինսկի խմբի գոյությունը վկայում է ղարաբաղյան խնդրի բավականին բարձր միջազգային կարգավիճակի մասին։ Միանգամայն ակնհայտ է, որ համանախագահները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, շահագրգռված են ղարաբաղյան խնդրի առկա իրավիճակով, քանի որ այլապես նրանք հարկադրված կլինեին ռազմական ուժ կիրառել լարվածության, հնարավոր է նաև լիամասշտաբ պատերազմի մարման համար, իսկ դա շատ ավելի վտանգավոր իրավիճակ է և չի կարող ձեռնտու լինել մեծ տերություններին։ Սակայն կասկածից վեր է, որ բոլոր երեք համանախագահներն էլ ունեն պահեստային սցենարներ` ի դեպս, եթե այս կամ այն պատճառով Մինսկի խումբը լուծարվի։ Այդ կառույցը կատարել է իր գործը, իր ավանդն է մուծել պատերազմի զսպման, Հարավային Կովկասում հարաբերական կայունության ապահովման գործում։ Բայց, միաժամանակ, Մինսկի խումբը եղել է տարածաշրջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի քաղաքական խաղի և ազդեցության հաստատման կարևոր ասպարեզ, և ոչ միայն։ Այսինքն, առկա է եղել «մշտական քաղաքական խորհրդակցություն», ուր համանախագահներից յուրաքանչյուրը, ժամանակ առ ժամանակ, հանդես է եկել նախաձեռնություններով, ուռճացնելով իր դերը կամ նվազեցնելով իր պատասխանատվությունը տեղի ունեցող իրադարձությունների համար։ Ընդ որում, ԱՄՆ-ը ձգտել է ապահովել իր ստեղծած նավթային խոշոր համալիրի անվտանգությունը, Ռուսաստանն ակնկալել է վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանում, Ֆրանսիան խնդիր է ունեցել պահպանելու որոշակի դիրքեր և ձեռք բերելու նորերը։ Թե երեք պետություններից ո՞րն է եղել ավելի նախընտրելի դիրքերում, դեռ պետք է պարզել, թեև տվյալ փուլում շատ բան կախված կլինի այն կետից, որին վերադառնալ այլևս չի լինի, երբ Հայաստանը հայտնվի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի առավել մեծ ազդեցության գոտում (հենց այդ հերթականությամբ)։
Եթե Ռուսաստանը Մինսկի խումբը համարել է մի ասպարեզ, որտեղ գրեթե միշտ հարկ է եղել գտնվել պաշտպանությունում և սպասել իր օգտին ուժերի հարաբերակցության «բեկման», ապա ԱՄՆ-ն ամեն փուլում այդ կառույցից ստացել է առավելագույն օգուտ` 2001-ից հետո նախընտրելով ավելորդ արմատական քայլեր չձեռնարկել ղարաբաղյան խնդրի, այսպես կոչված, կարգավորման ճանապարհին։ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին այդ կառույցում միավորել է, թերևս, միայն մեկ բան. թույլ չտալ, որ Թուրքիան միանա կարգավորման գործընթացին, և, առհասարակ, թույլ չտալ, որ մեծանա նրա ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասում։ Բնականաբար, դա համապատասխանել է Հայաստանի և ամենևին չի համապատասխանել Ադրբեջանի շահերին։ Սակայն այդ խնդիրը լուծվել է բնավ ոչ միայն ղարաբաղյան թեմայի քննարկման ճանապարհին, այլև ամերիկյան, ռուսական և անգամ ֆրանսիական ռազմավարության շրջանակներում։ Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը կապված է մի շարք խնդիրների, բայց առաջին հերթին` Թուրքիայի «զսպման» ռազմավարության հետ, որով շահագրգռված են ԱՄՆ-ը, Եվրոպան և Ռուսաստանը, ինչպես նաև Իրանը։ Այժմ հասկանալի է դառնում, որ Մինսկի խումբը սպառել է իր դերը, և ոչ այն պատճառով, որ դա կապված է ոչ այնքան հակամարտող կողմերի, որքան համանախագահող երկրների շահերի ու դիրքորոշումների հետ։ Իհարկե, երեք երկրների դիրքորոշումները համարժեք չեն և, Ռուսաստանը, գուցե, փոքր-ինչ պակաս է շահագրգռված Մինսկի խմբի լուծարմամբ, քանի որ այդ դեպքում նա վերջնականորեն կկորցնի ազդեցությունն Ադրբեջանի վրա և դուրս կմնա ղարաբաղյան թեմայից։ Բայց, վերջին հաշվով, Մինսկի խմբին չմասնակցելը կորոշի Ռուսաստանի դերն ու դիրքորոշումը Հարավային Կովկասում։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի գծով նրա գործընկերները սահմանել են Հարավային Կովկասում Ռուսաստանի գործառույթներն ու խնդիրները, և այս առումով Ռուսաստանի դերը պայմանավորված է այն ընկալմամբ, ինչ Հայաստանինը, այսինքն` Թուրքիայի նվաճողամտության «զսպման» հանգամանքով, այնպես որ, Արևմտյան ընկերակցության ռազմավարության տեսակետից Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում լուրջ հակասություններ չեն առաջանում։ Արևմուտքը խիստ շահագրգռված է Ադրբեջանին Ռուսաստանի զինամատակարարումներով, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ծայրաստիճան անմարդկային վերաբերմունքով, որն անմտորեն ու լկտիաբար ջանում է իր գործընկերոջը ներքաշել կանխավ դատապարտված, այսպես կոչված, եվրասիական նախագծի մեջ։
Այժմ համանախագահները Մինսկի խմբի լուծարման ընդունելի և «խելքը գլխին» սցենար են որոնում։ Քաղաքական առումով, Արևմուտքն աշխատում է բավական ուժեղ ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա և աջակցել Սերժ Սարգսյանին, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն այլընտրանք չունեն արտաքին քաղաքականության մեջ` ինչպես իրենց թվում է, և ինչպես իրենց անմիտ դատողություններում նկարագրում են Հայաստանի ընդդիմադիր և իշխանամետ մեկնաբանները։ Դրա հետ մեկտեղ, Ս. Սարգսյանի և նրա թիմի ներքաղաքական դրությունը շատ ավելի բարդ է, քան Բաքվի կառավարող վարչակազմինը։ Եթե Ս. Սարգսյանը «բուդապեշտյան ստորությունից» և դրան Եվրոպայի ու Ռուսաստանի այդքան «զուսպ» վերաբերմունքից հետո շարունակի բանակցությունները ղարաբաղյան թեմայով և համագործակցությունը Մինսկի խմբի հետ, նա իրեն ոչ մի հնարավորություն չի թողնի առաջիկա նախագահական ընտրություններում։ Եթե Հայաստանը դուրս գա բանակցություններից առանց որևէ վերապահման և արտաքին կողմերին հույսեր տալու, ապա Ս. Սարգսյանն ամենաբարձր դիրքերը ձեռք կբերի և կդառնա միակ առաջատարն ընտրություններում, եթե անգամ երկրի տնտեսությունը կոլապսում լինի։ Այժմ Սերժ Սարգսյանը պետք է պայքարի իր հեղինակության համար, որն արդեն անհնար է պաշտպանել առանց արմատական քայլերի։ Մինչդեռ Ստեփանակերտը ձկան նման համր է, ինչպես առաջ։ Ընդ որում, նորից սխալ է թույլ տրվում, քանի որ ԼՂՀ-ն պետք է բանակցությունների դադարեցման նախաձեռնողը դառնա։ Որևէ հետախուզական մշակում չպետք է լինի, որը հիմնավորված ապացուցեր այն վտանգների ու սպառնալիքների սկզբունքային մեծացումը, որ կարող են ծագել բանակցություններից դուրս գալու հետևանքով։
Նորանկախ պետությունների համատարած ճնշման ներկա իրավիճակը ժամանակի և «արևմտյան ժողովրդավարության» լուծում չգտած խնդիրներից է։ Ըստ այդմ, բոլոր խնդիրները չէ, որ լուծում ունեն, բոլոր խնդիրները չէ, որ պետք է դիտել որպես լուծման ենթակա, և առհասարակ, ի՞նչ ենք հասկանում լուծում ասելով` այդ ժողովուրդներին արտաքսմա՞ն, ոչնչացմա՞ն դատապարտել` արտաքին ուժերի «հովանու ներքո» և կեղծ երաշխիքներով։ Նախկին գաղութային համակարգին ձեռնոց նետած այդ ժողովուրդներն այլ ելք չունեն, եթե ոչ շարունակելու պայքարը իրենց քաղաքական անկախության, ուրեմն և գոյատևման համար։ «Ավելորդների» երևույթը նոր չէ պատմության և քաղաքականության մեջ։ «Հաջողակների ակումբը» միշտ էլ որոշ ժողովուրդների դատապարտել է անլիարժեք քաղաքական և քաղաքացիական գոյատևման, ընդ որում դա տեղի է ունեցել տարբեր քաղաքական-գաղափարախոսական համակարգերի պայմաններում։ Ոչինչ չի կարող այնքան նախընտրելի լինել, որքան «ավելորդ» ազգերն ու ժողովուրդները։ Միջազգային ընկերակցությունն ախտահարված է «հոգնածությամբ» և նման խնդիրների հանդեպ «անտարբերությամբ»։ «Ավելորդ» ժողովուրդների հանդեպ միջազգային ընկերակցության կամ նրա մի մասի գլխավոր խնդիրն է եղել պարտադրել հարաբերությունների ինչ-որ համակարգ, որի շրջանակներում նրանք դատապարտված կլինեին «օրինաչափ» ոչնչացման։ Ղարաբաղի հայերին առաջարկվող «հանրաքվեն» մի փորձ է նրանց պարտադրելու պարտավորությունների մի համակարգ, երբ լուծվում է գլխավոր հարցը. խնդիրը մարում է չլուծվածության պայմաններում։ «Հանրաքվեի» թեզը Հայաստանի քաղաքական ղեկավարությանը պարտադրվել էր ներքին քաղաքական իրադրության և քաղաքական հեռանկարի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։ Միջազգային ընկերակցության առավել ցավագին խնդիրը ոչ թե անկախության և ազատության նվաճման նախադեպի ծագումն է, այլ ժողովրդավարություններ կոչվելու անհնարինությունն այն պայմաններում, երբ այդ չճանաչվածների չճանաչումը վերածվում է ապարտեիդի, ռասիզմի, այն բանին, որ յուրաքանչյուր լուսանցքային տարր կարող է ամենա, ամենա, ամենաժողովրդավարներին մեղադրել այդ խոցելի գաղափարախոսությունների դավանման մեջ։ Իսկ եթե այդ փաստարկներին ավելանում է նաև նավթի գործոնը, որ ժայթքում է արդի ժողովրդավարության բոլոր կարերից, ապա այդ դեպքում առհասարակ անտանելի է դառնում։ Նավթն ահավոր բան է քաղաքական ստանդարտների համակարգի համար, և նավթային կախման մեջ մեղադրանքները կարող են խայտառակ վիճակ ստեղծել, եթե ուշադրության առնենք այն հանգամանքը, թե Եվրոպայի պաշտոնյաներից քանիսի գրպանում նավթային ընկերությունների քանի արժեթուղթ կա։
Բայց ամեն ինչ չէ, որ այդչափ տխուր է։ Չճանաչված պետությունները վերջին տարիներին քիչ բաների չեն հասել սոցիալական ու տնտեսական զարգացման ոլորտում, ինչը հաջող կենսագործունեության պայման է։ Ընդարձակ «գոտում» անցկացվող աշխարհաքաղաքական կոշտ խաղն ապահովում է նրանց գոյատևումը։ Նրանք օգտագործվում են մրցակցային տարբեր ռազմավարություններում, ընդ որում առճակատումը տեղի է ունենում ոչ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի, այլև մեծ մասամբ ԱՄՆ-ի ու առաջատար եվրոպական պետությունների միջև։ Վրաստանի ու Ադրբեջանի առաջատար համակիրները` ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, փաստարկներ չեն գտնում Հարավային Կովկասի այդ պետություններին բացատրելու, որ հայտնի տարածքները հավերժորեն կորսված են նրանց համար։ «Կարգավորման» իրենց սխեմաները անցկացնելու հույսեր փայփայելով` ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ձգտում են կովկասյան նավթահորի իրենց դաշնակիցներին կամաց-կամաց համոզել, որ նրանք պետք է հաշտվեն և ապրեն ինքնաբավ ազգային կյանքով։ Մինսկի խմբի վարքագիծը և «կարգավորման» ասպարեզը ՄԱԿ կամ էլ Մոսկվա տեղափոխելու փորձերը նույն սցենարի կադրերն են, այն է` հնարավորություն տալ Վրաստանին ու Ադրբեջանին համոզվելու մի հարցում, ինչը մի տեսակ անհարմար է ասել բացահայտ։ Առիթ եմ ունեցել տարբեր կառավարությունների սպասարկող փորձագետներից այսպիսի միտք լսելու. «Որքան աննշան է պետությունը, այնքան շատ է նա մտահոգված իր ինքնիշխանության հարցով։ Խոշոր պետություններին չի հուզում ինքնիշխանության հարցը»։ Արդի աշխարհակարգի պայմաններում ինքնիշխանությունը սոսկ հակամարտության` բացահայտ, ծածուկ, տեղային թե լայն, սակայն հակամարտության արդյունք է։ Անհնար է ինքնիշխանություն բնորոշումը դիտարկել հարաբերականի տիրույթում։ Անհնար է ինքնիշխանությունը դիտարկել համաշխարհային առճակատումային գծերից կտրված։ Այլապես, ինքնիշխանությունը կծառանա իբրև շատ «իդեալական իրողություն», գրեթե սյուրռեալիստական։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ