Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հին օրերի Երևանս

Հին օրերի Երևանս
26.04.2013 | 12:44

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Իմ պատանեկության օրերի Երևանը առանձնահատուկ ջերմ էր ու հարազատ: Այդ այն ժամանակ էր, երբ տրամվայներն ամբողջովին փայտաշեն էին, ծանրամարմին, դանդաղաշարժ ու աղմկոտ: Նրանք վեհաշուք, երկաթյա անիվներից արձակվող առանձնահատուկ զնգրտոցով և դղրդոցով վեր ու վար էին անում Մաշտոցի (այն տարիներին` Լենինի) պողոտայով, այժմյան Փարիզյան հրապարակից թեքվում էին դեպի մարշալ Բաղրամյանի պողոտա, կամ ուղիղ վեր էին բարձրանում մինչև կինո «Նաիրի», որտեղ և նրանց վերջին կանգառն էր: Քաղաքում կանգառներին մոտենալուն պես տրամվայ վարողները, որոնք հիմնականում կանայք էին, տրամվայի զրնգուն զանգ էին միացնում, քաղաքացիներին ավետելով, որ պատրաստվեն նստելու: Նրանց անիվների արձակած զրնգոցն ու դղրդոցը, սակավաթիվ մեքենաներից պարբերաբար լսվող շչակները մի առանձնահատուկ աղմկոտ և գործնական աշխուժություն էին հաղորդում Երևանին` դառնալով նրա ձայնային անբաժանելի բաղադրիչը: Այս զրնգուն աղմուկի միջից մերթ ընդ մերթ լսվում էին սպիտակկիտելավոր միլիցիոներների սուլիչի ականջ ծակող սուլոցը և նրանց զգուշացնող հրամայականը. «Քաղաքացի, մայթով անցիր»: Քաղաքացին էլ, չգիտես ինչու, մայթը թողած փողոցով էր զբոսնում, կարծես սպասում էր, որ միլիցիոներն իրեն հատուկ զգուշացնի:
Ստալինյան երկաթյա կարգապահությանը հաջորդել էր խրուշչովյան «հալոցքը», և մարդիկ, ամենայն հավանականությամբ, միլիցիոներներին անտեսելով` որոշակի ադրենալինի պակասն էին լրացնում: Տրամվայ բարձրանալուն պես լսում էիր տոմսավաճառի անտարբեր, կարճ հրահանգը. «Տոմսակ վերցրեք և առաջացեք»:
Այդ այն ժամանակ էր, երբ Երևանի բակերում կարելի էր տեսնել ավանակների վրայի գույնզգույն խուրջինների մեջ լցրած տարբեր մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն և Սևանի իշխան ձուկ վաճառող առևտրականների: Երևանի հարակից գյուղերից առավոտ կանուխ մածնավաճառներն էին գալիս, ավանակի մեջքի վրայով գցած խուրջինի աջ և ձախ գրպաններում կավե կճուճներով մածուն էին բերում բակերում վաճառելու համար: Մածնավաճառները, մեղրավաճառները երկարակոթ փայտե շերեփներով չնչին գումարների դիմաց դատարկում էին կանաչ, լաքապատ կճուճների պարունակությունը և, ստացած դրամը մեկ անգամ ևս հաշվելով, երեխաների ուրախ ուղեկցությամբ դուրս էին գալիս բակերից: Տարօրինակ պարզ և միամտությամբ լեցուն էին հետպատերազմյան տարիները: Գյուղացի վաճառականները ձուկը, կարտոֆիլը, կաղամբը, լոլիկն ու վարունգը կշռում էին սովորական քարի կտորներով: Հազվադեպ էին այն գյուղացիները, որոնք օրինական, երկաթե կշռաքարեր ունեին, որոնց վրա քաշը դաջված էր լինում: Մնացած բոլոր դեպքերի համար օգտագործվում էին քարեր, և վաճառողը պարզաբանում էր, որ այս քարը մեկ կիլոգրամ է, այն կես կիլո է և այլն: Երևանցիների մտքով անգամ չէր անցնում, որ հանկարծ գյուղացին ապրանքի քաշի մեջ իրենց կխաբի, պակաս կկշռի: Ամռանը` դպրոցական արձակուրդներին, բակային ճամբարներ էին կազմակերպվում, և ամեն երեկո բակի երեխաների ուժերով բակերում համերգներ կամ փոքրիկ բեմադրություններ էին ներկայացվում: Դպրոցում երեխաները դպրոցական համազգեստ էին կրում, տղաների մազերի կտրվածքը «բոքս» էր կոչվում: Առանց դպրոցական համազգեստի, տղաների համար ընդունված, հիմնականում կարճ սանրվածքի դպրոց չէին թողնում: Աղջիկներն էլ իրենց համազգեստն ունեին և համապատասխան սանրվածքը` երկու հյուս, մեկ հյուս կամ էլ կարճ աղջկական հարդարվածք: Լավ կլիներ, որ այսօր էլ լինեին այն դպրոցական համազգեստները, քանզի այսօր չունևոր ծնողների երեխաները (խոսքս հատկապես աղջիկներին է վերաբերում) ստիպված պահանջներ են ներկայացնում, որոնք չեն համապատասխանում իրենց ծնողների հնարավորություններին: Կապիտալիզմն էլ իր անխնա, չգրված, տմարդի օրենքներն ունի:
Այդ այն տարիներն էին, երբ Երևանում հարուստների և աղքատների ակնառու, ընդգծված բաժանում չկար: Այն ժամանակ, եթե նույնիսկ կային էլ հազվադեպ շատ հարուստ մարդիկ, նրանք իրենց հարստությունը հմտորեն քողարկում էին, ապրում էին ճիշտ այնպես, ինչպես մնացածները, և իրենց կենցաղով աշխատում էին չառանձնանալ ընդհանուրից: Հակառակ դեպքում դաժանորեն կպատժվեին, աշխատավարձից դուրս ցանկացած եկամուտ սոցիալիզմի պայմաններում հիմնականում որակավորվում էր որպես գողություն: Այն հասարակարգում ղեկավարների երեխաներն օրինակարգ պետք է լինեին, նրանց օրինազանցության առաջին պատասխանատուները ծնողներն էին, որոնք անմիջապես հեռացվում էին զբաղեցրած պաշտոններից:
Այդ այն ժամանակ էր, երբ Երևանի փողոցներում ճերմակ գույնն էր գերակայում: Երևանցիները, ընդօրինակելով Խրուշչովին, սկսեցին նրա «ուկրաինկա» կոչվող վերնաշապիկից հագնել: «ՈՒկրաինկան» ճերմակ բամբակյա գործվածքից էր, կարմիր թելով ասեղնագործ պարանոցից, ուկրաինական ազգային շատ գեղեցիկ նախշ էր իջնում դեպի հագնողի կրծքավանդակը, որը հյուսված էր կարմիր, կանաչ, կապույտ և դեղին թելերից: Երևանցու լայն, արդուկ չպահող ճերմակ կամ բաց մոխրագույն սատինե շալվարն էլ ավարտվում էր սպիտակ քաթանե երեսապատ կոշիկներով, որ կեղտոտվելուն պես սպիտակեցնում էին սովորական կավճով: Այս ամենին եթե ավելացնում ենք աղջիկների մազերին կապած սպիտակ ու մեծ ժապավենները, դպրոցական աղջկական համազգեստի անբաժանելի մաս կազմող ճերմակ գոգնոցները, կանանց չթե կամ շիֆոնե ճերմակի վրա դաջված վառվռուն, ծաղկազարդ թեթև զգեստները, միլիցիոներների ճերմակ կիտելները, և գարնանը Երևանի բակերում, այգիներում ծաղկած ակացիաները, ծիրանենիները, բալենիները քաղաքն ամբողջապես ճերմակ էին ներկում: Այս ամենին շաբաթ և կիրակի օրերին ավելանում էին նաև ամբողջապես սպիտակազգեստ փողային նվագախմբերը, որոնք նոտաներն իրենց գործիքների հատուկ պատվանդանի վրա դրած, խրոխտ, զինվորականի քայլով, նվագելով շրջում էին Երևանի փողոցներով, սպիտակազարդ Երևանին տոնական ու անհոգ տրամադրություն հաղորդելով: Երեկոյան նվագախմբերը հանգրվանում էին քաղաքի կենտրոնական այգիներում, որտեղ հանգստյան օրերին պարահրապարակներ էին գործում: Սրանք ամոթխած երևանցի աղջիկների համար յուրատեսակ, լավագույն հնարավորությունն էին ժամադրությունների և նոր ծանոթությունների համար:
Այդ այն ժամանակ էր, երբ ծնելության աննախադեպ աճի պայմաններում հաստատակամ հայտարարում էին, որ Սովետական Միությունում սեքս չկա և լինել էլ չի կարող: Հնագույն մասնագիտությամբ կանայք էլ «թեթևաբարոների» կամ էլ «բոզերի» շարքին էին դասվում: ԲՈԶ-ը հապավում է, որը նշանակում է` բարոյական օրենքներից զուրկ: Սովետական Միությունում վճարովի պոռնիկներ լինել չէին կարող և վերջ, կոմունիստական հասարակարգ կառուցողները մարմնավաճառ լինել չէին կարող, մարմնավաճառությունը սոցիալական ախտ ու չարիք էր և հատուկ էր միայն կապիտալիզմին, այսպես էր ձևակերպվում սոցիալիստական գաղափարախոսական, քարոզչական փասթաթղթերում:
Մինչ օրս Պուշկինի փողոցում պահպանվել է նախանցյալ դարավերջից մեզ հասած Երևանի հասարակաց տան շենքը: Սովետական Հայաստանում մարմնավաճառությունն օրենքով արգելեցին և առանց խոր մտածելու նրանց շենքն էլ հանձնեցին կուսակցական ակտիվին: Երևանում մարմնավաճառությունը պահպանվեց, նրանք միլիցիայից իրենց գործունեությունը գաղտնի էին ծավալում, նմանատիպ ծառայության արժեքը սկսվում էր երեք ռուբլուց և սահմանափակվում էր տասը ռուբլով, հետագայում գներն աստիճանաբար բարձրացան: Հազվադեպ էին այն մարմնավաճառները, որոնք իրենց ծառայությունը բնակարանային պայմաններում էին մատուցում, որպես կանոն, այն տեղի էր ունենում այգիներում, մեքենաներում և այլուր:
Հետպատերազմյան Երևանում վեներական հիվանդությունները տարածված էին. ամենայն հավանականությամբ ադրենալինով և տեստոստերոնով արյունները հագեցրած մեր հաղթանակած զինվորները և սպաները այն բերել էին Եվրոպայի խորքերից: Սկզբում սրանք վեներական հիվանդություններով վարակել էին Երևանի «թեթևաբարոներին», վերջիններս էլ այն անմնացորդ վերադարձնում էին սեռական մղումներով տոգորված մեր ակտիվ քաղաքացիներին: Պահպանակների բացակայության և, այսպես ասած, տան աղջիկների բարոյահոգեբանական դաստիարակության պայմաններում, երբ սեռական ցանկության միակ մատչելի օբյեկտը «թեթևաբարոն» էր, կարելի է պատկերացնել հիվանդության տարածման տեմպն ու դինամիկան: Եթե նույնիսկ տարին 1-2 անգամ էլ դեղատներում սովետական արտադրության (ինչպես ժողովուրդն էր հեգնում` «թիթեղյա») պահպանակներ էին ստանում, դրանք ձեռք բերելը հասարակ խնդիր չէր: Պահպանակի գնորդին հայացքով ուշադիր զննելուց հետո վաճառողուհին անհետանում էր սրահից, որից հետո հերթով, տարբեր առիթներով գալիս էին դեղատան մնացած աշխատողները` սովետական բարոյահոգեբանական դրվածքը խախտելու փորձ անողին, հերթական «բարոյազուրկին» տեսնելու: Եթե տվյալ քաղաքացու չափահաս լինելու մեջ նույնիսկ հեռավոր կասկածներ առաջանային, ապա նրանից անմիջապես զայրացած և խրոխտ ձայնով անձնագիր էին պահանջելու: Նման օրենք չկար, նույնիսկ մատչելիության համար պետությունը պահպանակները վաճառում էր սիմվոլիկ գնով` մեկ կոպեկով, այս արհեստական արգելքը դեղատան աշխատակիցների նախաձեռնությունն էր միայն: Դե այժմ պատկերացրեք այն երիտասարդի վիճակը, որը, հասկանալով հասարակության քննադատական, դատապարտող մոտեցումը իր սպասվելիք սեքսին, գաղտագողի դեղատուն է մտել` պահպանակ գնելու, և նրանից դեղատան կոլեկտիվը անձնագիր է պահանջում: Անփորձության և նման վերաբերմունքի արդյունքում էր, որ մեծ մասամբ երիտասարդներն էին «ընկնում»` վարակվում տարաբնույթ սեռական հիվանդություններով:
Երևանի կենտրոնում, Ալավերդյան փողոցի վրա, երկու միջնակարգ դպրոցների հարևանությամբ, սարսափազդու, եռահարկ, սև շենք կար. այն քաղաքային «մաշկավեներոլոգիական» դիսպանսերն էր կամ երևանցիների ասած`«սիֆիլիսնոցը»: Երևանցիներն այնպես էին խուսափում այդ շենքից, որ նույնիսկ անհրաժեշտության դեպքում էլ աշխատում էին դիսպանսերի մայթով չքայլել: Կոմունիստական հասարակարգ կառուցողի բարոյահոգեբանական նկարագիրն անհամատեղելի էր, ասենք, այն երիտասարդին, որը հարաբերվել էր թեթևաբարո կնոջ հետ և արդյունքում հիվանդացել էր տրիխոմոնոզով կամ հոնորեայով։ Սա մեծագույն խայտառակություն էր համարվում։ Նման մարդկանց երևանյան բարբառով «ընկած» էին անվանում: Նման հիվանդները դիսպանսեր դիմելուց հետո պարտավոր էին բացատրություն գրելու, թե ումից և ինչ պայմաններում են վարակվել, հետո էլ հիվանդության գաղտնի շրջանում ում հետ են «հարաբերվել»: Եվ այս ամենը խայտառակության միայն սկիզբն էր, բուժվելուց հետո դիսպանսերից գրություն էին ուղարկելու, որպեսզի սույն «բարոյալքվածի» հարցը լսեն աշխատանքային կոլեկտիվում և համապատասխան հետևություններ անեն: Մարդու ինտիմ, սեռական կապը վերածում էին հասարակական լայն քննարկման առարկայի, պարսավանքի։ Նման խայտառակությունից խուսափելու միակ ելքը պետական կառույցներից դուրս, մասնավոր բուժվելն էր, որը բավականին բարդ խնդիր էր: Սովետական Միությունում մասնավոր պրակտիկայի համար բժշկին լուրջ փորձություններ էին սպասում, բռնվելու դեպքում, եթե անգամ նա խուսափեր քրեական պատասխանատվությունից, ապա մինիմում հինգ տարով կզրկեին բժշկական լիցենզիայից, եթե կուսակցական լիներ, անմիջապես կհեռացնեին կուսակցությունից: Այն հասարակարգում կուսակցությունից հեռացվածների համար անտանելի պայմաններ էին ստեղծվում աշխատանքի վայրում:
Մենք մեր բակում շատ ճանաչված, յոթանասունն անց վեներոլոգ-բժիշկ ունեինք, որի մասնավոր ծառայություններից կարող էր օգտվել միայն այն քաղաքացին, որին նա անձամբ էր ճանաչում, կամ էլ պարտադիր մեր բակի տղաներից մեկը պետք է երաշխավորեր: Բանավոր միջնորդությունը չէր անցնում, հիվանդ ընկերոջդ կամ ծանոթիդ պարտավոր էիր առավոտ կանուխ, դեռ լույսը չբացված, անձամբ նրան ներկայացնել: Բժիշկն ընդունում էր միայն ժամը չորսից հինգը, բացատրությունը միակն էր` այդ ժամին միլիցիան և հետաքրքրասեր հարևանները քնած էին լինում: Երկրորդ հարկում նրա բնակարանի դռան վրա մեխանիկական զանգ էր տեղադրված, որը պտտեցնելով կես շրջան` տեղեկացնում էիր բժշկին, որ յուրային ես: Քիչ անց փայտե դռան հակառակ կողմից լսվում էր նրա հողաթափերի համաչափ քստքստոցը, որը հասնելով դռանը կտրվում էր, բժիշկը դռան աչքից ուսումնասիրում էր եկողներին: Այդ ժամանակ պարտավոր էիր կես քայլ հետ գնալ, որպեսզի նա կարողանար շքամուտքի վատ լուսավորության պայմաններում քեզ ճանաչել: Վերջապես դուռը բացվում էր, և առանց բարևիդ պատասխանելու, շրջանաձև ակնոցների տակից սուր քննող հայացք գցելով ենթադրյալ «ընկածի» վրա (որոնք, ավելի ստույգ, կարծես «ամբաստանյալի» կարգավիճակ ունենային, քան հիվանդի, որովհետև արհամարհված էին ինչպես բժշկի, այնպես էլ հասարակության կողմից), կամացուկ, զայրացած ասում էր. «Չե՞ք համբերում լույսը բացվի»։ Եվ առանց պատասխան ակնկալելու, գլխի շարժումով ներս էր հրավիրում: Ամեն անգամ նույն նախադասությունը նա կրկնում էր հիվանդի համար, որպեսզի վերջինս չֆիքսի իր ընդունելության ժամերը և հանկարծ ուրիշներին չպատմի: Նեղ, կիսախավար միջանցքում, գծավոր` կապույտ և սպիտակ պիժաման հագին, հողաթափերը քստքստացնելով (ամենայն հավանականությամբ բժիշկը հարթաթաթ էր) մեզ առաջնորդում էր իր ընդունարան, որը սովորական պայմաններում որպես խոհանոց էր ծառայում:
Ընդունարան-խոհանոցի ձախ կողմում ամանեղենի լվացարանի մեջ, որպես կանոն, չլվացած ամանեղենի հսկայական կույտի կողքին փոքրիկ սեղանիկի վրա դրած էլեկտրական կլոր սալօջախի վրա երկաթյա չժանգոտվող ամանի մեջ, նայողի երևակայությունը կեղեքող, անհանգստացնող մեծ ու փոքր ներարկիչներ և ասեղներ էին եռ գալիս: Հասնելով խոհանոցի պատուհանագոգին դրած լուսամփոփին, այն վառելով, բժիշկը մատի շարժումով մոտ էր կանչում «ամբաստանյալին»: Հիվանդը երկչոտ ու մանր քայլքով, հայացքը չկտրելով բլթբլթացող ներարկիչներից, մոտենում էր բժշկին: Վերցնելով լուսամփոփի կողքին դրված փայտե քանոնը` բժիշկը կարճ, զինվորականի հրաման էր արձակում. «Ցույց տուր», ձեռքի քանոնն ուղղելով դեպի «ամբաստանյալի» ամորձիները: Եթե հիվանդը հապաղում էր, ապա հետևում էր հաջորդ զայրացած և հանդիմանող հրահանգը` «Ղալաթ գործելուց կույսի նման ծամածռվեիր, չանեիր, այն ժամանակ ամաչեիր, ցույց տուր, անամոթ, կամ դուրս արի այստեղից»: «Մեղադրյալը» քրտինքի մեջ կորած, վախեցած ու ամոթխած քանդում էր շալվարի կոճակները: Բժիշկը քանոնի ծայրով հուշում էր, թե իրեն հիվանդի «բարեմասնությունների» որ մասերն են հետաքրքրում, արտաքին զննումը քանոնի ծայրով ավարտելուց հետո, նրան երկու փոքրիկ ապակի էր տալիս քսուք վերցնելու համար: Ապակիներն իրար վրա դնելով, որ քսուքը մատներին չդիպչի, այն մոտեցնելով լուսամփոփին, պարբերաբար դիտման անկյունը փոխելով, բավականին երկար ուսումնասիրելուց հետո մտախոհ, զայրացած ու բարձրաձայն եզրահանգում էր. «Անշնորհք, հոնորեայով ես վարակված, շալվարդ իջեցրու, մերկացրու հետույքիդ վերին հատվածը, հենվիր սեղանիկին, չշարժվես». արդեն հիվանդությունը ախտորոշված էր, բուժման տակտիկան` կանխորոշված: «Ամբաստանյալը» հետույքի վերին հատվածը մերկացնելով, հենվելով փոքրիկ սեղանիկին, աշխատելով, որ եռացող ներարկիչներից երեսին այրոցներ չստանա, սպասումների դաժան վայրկյաններ էր անցկացնում, աչքի պոչով հետևելով, թե ինչպես է բժիշկը պինցետի ծայրով երկար ասեղն ամրացնում հաստափոր ներարկիչի վրա: Իհարկե, մենք հասկանում էինք, որ լուսամփոփի լույսի տակ հոնորեայի ախտորոշումը ներկայացման ժանրից էր, առանց քսուք վերցնելու էլ նա արդեն իր անելիքը գիտեր, բայց հետաքրքիրն այն էր, որ այդ մեկ սրսկումով նա իրոք բուժում էր: Մեզնից բացի, այս ամենին ներկա էր նաև Չապա անունով սպիտակ բոլոնկա շնիկը, բժշկի սիրելին, որն ամեն անգամ լուռ, սպիտակ բրդոտ գլուխն առջևի թաթերին դրած պառկած էր լինում խոհանոցի դռան մոտ: Դավադիր ու այլասերված Չապան անտրտունջ իր ժամին էր սպասում: Հենց ներարկիչի երկար ասեղը խրվում էր «ամբաստանյալի» մկանի մեջ, Չապան վազքով, արագությունից հատակի վրա սայթաքելով հարձակվում էր բուժվողի ոտքի վրա, այն ամուր առնում էր իր չորս թաթիկների մեջ, մեծ ջանասիրությամբ սկսում էր բռնաբարել «ամբաստանյալի» ոտքը: Սկզբում հուզված և հանկարծակիի եկած բուժվողները չէին հասկանում, թե շնիկն ինչու է այդպես սեղմվել իրենց ոտքին: Ավելի խիզախները երբ փորձ էին կատարում Չապային թափ տալ իրենց ոտքի վրայից, բժիշկն անմիջապես, զայրացած միջամտում էր. «Հանգիստ կանգնիր, ասեղս չծռես», իսկ Չապան` սեռական այդ գիգանտը, այնքան ժամանակ կպած կմնար «ամբաստանյալի» ոտքից, մինչև չբավարարեր իր անզուսպ սեռական մղումը: Բժշկի կողմից բուժվածը, Չապայի կողմից էլ անհարգի ոտքից բռնաբարվածը մեկ հնգանոց դնելով փոքրիկ սեղանիկին, գոհ և երջանիկ, որ պրծավ «ընկածի» կարգավիճակից, դուրս էր շտապում:
Եթե այդ տարիներին օպերայի այգու ցայտաղբյուրի մոտ առավոտ կանուխ, լույսը չբացված տեսել եք մեկին, ով զզվանքով և ջանասիրությամբ, հայհոյանքների տարափ տեղալով, շալվարի փողքն էր լվանում, իմացեք, որ մեր բժշկի մոտ բուժվածի եք հանդիպել:

Դիտվել է՝ 211713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ