«ՄԵՆՔ ԵՐԵՔՈՎ ԵՆՔ` ԵՍ, ԴՈՒ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ»
Սրտանոթային հիվանդությունները տարածվածությամբ և մահացությամբ առաջին տեղն են զբաղեցնում ամբողջ աշխարհում։ Հանդիպում են հիմնականում տարեց մարդկանց մոտ։ Վերջին տարիներին նկատվում է նաև հիվանդության երիտասարդացում։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ խոսքով` մեզ մոտ հիվանդացության աճ չի նկատվում, ինչը, հավանաբար, պայմանավորված է հիվանդների զգոնությամբ։ Լևոն Քոչարյանի և բժիշկ-սրտաբան ԿԱՐԻՆԵ ԲՐՍՈՅԱՆԻ հետ մեր զրույցը սրտանոթային հիվանդությունների, բժշկագիտության զարգացման, մասնավորապես` սրտանոթային վիրահատությունների, նորագույն մեթոդների կիրառման մասին է։
ԹՂԹ. -Որո՞նք են սրտանոթային հիվանդությունների ամենատարածված տեսակները, և դրանք ավելի շատ ձեռքբերովի՞ են լինում, թե՞ գենետիկական։
ԿԱՐԻՆԵ ԲՐՍՈՅԱՆ -Ե՛վ ձեռքբերովի են լինում, և՛ գենետիկական։ Ի դեպ, ձեռքբերովի շատ հիվանդությունների հիմքում ընկած է նաև գենետիկական նախատրամադրվածությունը (հակումը): Ամենատարածվածն ամբողջ աշխարհում սրտի իշեմիկ հիվանդությունն է (պսակաձև անոթների աթերոսկլերոզ), որի հաճախ հանդիպող բարդություններից է սրտային անբավարարությունը։ Վերջերս լայն տարածում ունի նաև զարկերակային հիպերտոնիան, որը հաճախ հանգեցնում է այնպիսի լուրջ բարդությունների, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը և ինսուլտը: Տարածված են նաև սրտի ռիթմի խանգարումները` առիթմիաները, հատկապես շողացող առիթմիան, որը հաճախ շատ լուրջ բարդությունների է հանգեցնում։ Գենետիկական հիվանդություններից են սրտի բնածին արատները, դիլատացիոն կարդիոմիոպաթիան և այլն:
ԹՂԹ. -Ենթադրում եմ, որ ժամանակակից բժշկական մեթոդները թույլ են տալիս իրականացնել արդյունավետ վիրաբուժական միջամտություն։ Որքան գիտեմ, գոյություն ունի սրտի փակ վիրահատություն, երբ վիրաբուժական միջամտություն է իրականացվում առանց կրծքավանդակը բացելու։
Կ. Բ. -Եթե խոսքը սրտի իշեմիկ հիվանդության մասին է, ապա դա ինվազիվ սրտաբանության ձև է` կորոնարոանգիոգրաֆիա, այնուհետև ստենտավորում կամ բալոնային դիլատացիա։ Ստենտը զսպանակաձև մարմին է, որը տեղադրվում է սրտանոթի նեղացած հատվածում, ինչի շնորհիվ կարգավորվում է արյան նորմալ հոսքը։ Կորոնարոգրաֆիան (որը նաև ախտորոշման կարևոր մեթոդ է), երբ ոտքի կամ ձեռքի զարկերակից կատետերը հասցնում են մինչև աորտա, որտեղից սկիզբ են առնում սրտի կորոնար (պսակաձև) անոթները, կոնտրաստ նյութ են ներարկում և ռենտգեն հսկողության տակ նկարում են սրտանոթները։ Նոր միայն որոշվում է` պե՞տք է անել ստենտավորում, բալոն-դիլատացիա, թե՞ բաց վիրահատության (շունտավորում) անհրաժեշտություն կա։
ԹՂԹ. -Որքա՞ն ժամանակ է այդ մեթոդը կիրառվում մեզ մոտ։
Կ. Բ. -Արտասահմանում մոտ 30 տարվա պատմություն ունի, մեզ մոտ տարածում է գտել 90-ականների վերջից։
ԹՂԹ. - Իսկ կարդիոգրամման և հետազոտման այլ մեթոդներ չե՞ն կիրառվում:
Կ. Բ. -Իհարկե, կիրառվում են։ Հիվանդի գանգատները լսելուց և կարդիոգրամման քննելուց հետո որոշվում է, թե արդյոք լրացուցիչ հետազոտություններ պե՞տք է անցկացվեն։ Եթե կասկած կա, որ հիվանդը, հնարավոր է, ունի սրտանոթային համակարգի հիվանդություն, ապա շարունակում ենք կատարել լրացուցիչ հետազոտություններ: Երբեմն հիվանդի գանգատները սրտային ծագում չեն ունենում, կապված են լինում ողնաշարի, նյարդերի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի և այլ հիվանդությունների հետ։
ԹՂԹ. -Ժողովրդի մեջ տարածված է այն կարծիքը, թե ինֆարկտը հանդիպում է հատկապես առողջ մարդկանց մոտ։
Կ. Բ. -Նման բան չկա։ Պարզապես ստենոկարդիան կարող է հանկարծամահության պատճառ հանդիսանալ։ Հիվանդը գանգատներ ունենում է, քայլելիս ցավ կրծքավանդակում, շնչարգելություն, սրտխփոց, բայց ուշադրություն չի դարձնում։
ԹՂԹ. -Ինչպե՞ս պետք է հնարավորինս կանխարգելել սրտանոթային հիվանդությունները։
Կ. Բ. -Պետք է չծխել, ճարպոտ սնունդը չչարաշահել, մանավանդ 30 տարեկանից հետո, հետևել զարկերակային ճնշմանը, հնարավորինս շատ քայլել, մարզվել։ Առհասարակ, պետք է չափավոր սնվել։ Մենք հաճախ չարաշահում ենք ածխաջրատները (հաց, խմորեղեն, կոնֆետ), ինչը հանգեցնում է շաքարախտի, վերջինս էլ պատճառ է դառնում լուրջ սրտանոթային հիվանդությունների։ Նախընտրելի է օգտագործել թարմ միրգ, բանջարեղեն` չբացառելով նաև կենդանական սնունդը` տավարի անյուղ միս, հավի միս, ձկնեղեն, որը, ի դեպ, շատ օգտակար է։ Պետք է սահմանափակել կերակրի աղի քանակությունը, հնարավորինս խուսափել սթրեսներից, գիրանալուց և քիչ շարժվելուց։
ԹՂԹ. -Լավ մասնագետ լինելու համար պարտադի՞ր պայման է արտասահմանում վերապատրաստվելը։
ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ -Անպայման չէ, բայց ցանկալի է։ Բժշկագիտության նոր մեթոդները, շատ քիչ բացառությամբ, կիրառվում են նաև մեզ մոտ։ Այսինքն` կա մեծ առաջընթաց։ Բայց ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում բժշկագիտությունը զարգանում է տարեցտարի, ամսեամիս, և մենք հետ ենք մնում զարգացման այդ արագ տեմպից։ Էլ չեմ ասում, որ նորագույն տեխնիկայի, դեղորայքի ձեռքբերումը մեծ ֆինանսների հետ է կապված։
ԹՂԹ. -Ասում են` արտասահմանում զարգացած է տեխնոլոգիան, իսկ մեզ մոտ` մասնագետներն են ավելի որակյալ և բանիմաց։ Ի՞նչ կասեք այս մասին։
Լ. Ք. -Արտասահմանում ամեն ինչ հաստատված է, ապացուցված, և բժիշկն աշխատում է ավելի շատ ոչ թե մտածելով, այլ կետ առ կետ հետևելով նոր ուղեցույցին։ Մի կողմից` լավ է, որ թերացումներ, շեղումներ չեն լինում։ Վատ է, որ սահմանափակվում է բժշկի մտածելակերպը` դառնում ես տեխնիկայի մի մասնիկը, համակարգչի հավելված։ Մեզ մոտ, ուզենք թե չուզենք, պետք է ուղեղն աշխատեցնենք։ Թեև ասեմ, որ արտասահմանում կան գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք մշտապես զբաղված են գիտափորձարարական աշխատանքներով։
ԹՂԹ. -Կլինիկական ի՞նչ նշանների դեպքում պետք է դիմել սրտաբանի։
Լ. Ք. -Վատ ինքնազգացողություն, ցավ կրծքավանդակի շրջանում, շնչարգելություն, սրտխփոց, գլխապտույտ։ Ցավերը թիկունքում, որովայնի շրջանում նույնպես կարող են կապված լինել սրտանոթային համակարգի հիվանդությունների հետ։
ԹՂԹ. -Սիրտն ավելին է, քան օրգան-համակարգը. հաճախ նույնացնում ենք սիրտն ու հոգին։ Որպես սրտաբան` չե՞ք կարծում, որ գործ ունեք առեղծվածային մարմնի հետ։
Լ. Ք. -Սիրտը զգայուն է բոլոր ազդակների նկատմամբ` սթրեսներ, անքնություն, գերլարվածություն, այս ամենը միանգամից ազդում են սրտի վրա։ Սկսում է թուլանալ, անկանոն աշխատել։ Իսկ որ սիրտը հոգու տեղակայման օրգանն է, բժշկագիտությունը չի հերքում, բայց չի էլ հաստատում։ Դեռ հնագույն ժամանակներից ընդունված է եղել, որ պետք է բուժել նախ հիվանդի հոգին։ Խոսքը, լավատեսությունը կարևոր նշանակություն ունեն։ Բացի այդ, հիվանդը պետք է հավատա բժշկին։ Բժիշկն ասում է. «Մենք երեքով ենք` ես, դու և հիվանդությունը։ Երկուսով միանում ենք, որ երրորդին հաղթենք»։
Կ. Բ. - Պատահում է, որ ոչ մի դրական արդյունքի հույս չկա, բայց հիվանդը կազդուրվում է, և հակառակը։ Իսկապես, շատ անկանխատեսելի և առեղծվածային է մարդու սիրտը։
ԹՂԹ. -Այսինքն` բնությունը բուժում է, բժիշկը` օգնո՞ւմ։
Լ. Ք.- Սրտանոթային ոչ մի հիվանդություն հնարավոր չէ լիարժեք բուժել։ Մենք օգնում ենք օրգանիզմին, պայմաններ ենք ստեղծում, որպեսզի դուրս գա ծանր վիճակից, ինքնակարգավորվի։ Այսինքն` օգնում ենք բնությանը։ Տեսեք` մեկ մարդկային օրգանիզմ և հարյուրավոր մասնագետներ։ ՈՒ էլի ամեն բժիշկ իր մասնագիտությամբ լիարժեք չգիտի հնարավորություններն այս կամ այն օրգան-համակարգի։ Բացի այդ, մարդը պայքարում է, բժշկությունը զարգանում է, բնությունը նոր հիվանդություններ է ստեղծում։ Հին հիվանդություններն էլ այսօր ատիպիկ են ընթանում։ Ամեն բան շատ բարդ է, մանավանդ տեխնիկայով, թունաքիմիկատներով հագեցած մեր դարում։
ԹՂԹ. -Սրտի փոխպատվաստման մասին կարելի է ավելի շատ հանդիպել ֆիլմերում, իսկ որքանո՞վ է դա հավանական և արդյունավետ իրականում։
Լ. Ք. -Հայաստանում չի իրականացվում սրտի փոխպատվաստում։ Աշխարհում արվում է, բայց քիչ։ Գենետիկորեն համապատասխան սիրտ գտնելն ամբողջ աշխարհի մակարդակով արդեն իսկ բարդ է։ Կյանքի տևողությունն ավելանում է։ Որքան գիտեմ, հինգ տարին համարվում է լավ արդյունք։ Աշխատանքներ են տարվում արհեստական սիրտ ստեղծելու, ինչը, կարծում եմ, ավելի մեծ ապագա կարող է ունենալ։
ԹՂԹ. -Տարաձայնություններ լինո՞ւմ են ավագ և երիտասարդ սերնդի բժիշկների միջև։
Լ. Ք. -Ավելի շուտ քննարկումներ են լինում` հիմնված գիտելիքների, փորձի և նորությունների վրա։ Բժշկության մեջ չի կարելի հորինել, քանի որ շատ բաներ ապացուցված են արդեն։
ԹՂԹ. -Ոչ վաղ անցյալում մեզ մոտ լավագույն սրտաբան էր համարվում Միքայելյանը։ Այսօր կա՞ն նման անուններ։
Լ. Ք. -Երիտասարդ բժիշկներն այսօր չեն զիջում անվանի, փորձառու բժիշկներին։ Այսօր կա մրցակցություն, ինչը ստիպում է բժիշկներին` աշխատել իրենց վրա, չմնալ նույն տեղում։ Իսկապես, ունենք լավ մասնագետներ։ Նրանք քիչ չեն, և հիվանդն ունի ընտրության հնարավորություն։
ԹՂԹ. -Երիտասարդ մասնագետներին վստահո՞ւմ են։
Կ. Բ. -Գիտակից հիվանդները` այո։ Եթե չեն կառչում հնությունից և ժամանակից հետ չեն մնացել։
ԹՂԹ. -Թա՞նկ արժե սրտի վիրահատությունը։
Լ. Ք. -Այո, թեև աշխարհում ավելի թանկ է։ Արտասահմանում, անկախ նրանից` հիվանդը վճարունակ է, թե ոչ, եթե անհրաժեշտություն կա, վիրահատում են։ Լավ կլիներ, որ պետպատվերը գործեր նաև կարդիովիրաբուժության մեջ։
Կ. Բ. -Որքան գիտեմ, Հայաստանում ևս իրականացվում են սրտանոթային վիրահատություններ պետպատվերի շրջանակներում:
ԹՂԹ. -Պետպատվեր ասվածը երբեմն մնում է թղթի վրա...
Լ. Ք. -Լավ կլիներ, որ բժիշկը հեռու մնար շուկայական հարաբերություններից։ Մեր հիվանդանոցում հակառակ պատկերն է։ Երբեք հիվանդին հետ չենք ուղարկում, եթե անհրաժեշտություն կա, անկախ նրանից` վճարունակ է, թե ոչ, ցուցաբերում ենք բժշկական օգնություն և՛ ստացիոնար, և՛ ամբուլատոր պայմաններում։
ԹՂԹ. -Ինչո՞վ է դա պայմանավորված։
Լ. Ք. -Տնօրենի` Ա. Մինասյանի մոտեցումն է այդպիսին։ Անցյալ տարի մոտ 20 հազար հիվանդ ենք ունեցել։ Որքան գիտեմ, ցուցաբերած բուժօգնությամբ (քանակի առումով) մեր հիվանդանոցը Հայաստանում երկրորդ տեղում է։ Անգամ սթափարանի դեր է կատարում մեր վերակենդանացման բաժանմունքը։ Փողոցում ընկած թափառաշրջիկներին, հարբած մարդկանց միանշանակ բերում են մեզ մոտ։
ԹՂԹ. -Հավանաբար, հեշտ չէ գործ ունենալ «մարդու սրտի» հետ։ Չե՞ք հոգնում։
Կ. Բ. -Ասեմ, որ մենք անընդհատ գերհոգնած, լարված վիճակում ենք։ Շատ ծանր ու անկանխատեսելի են սրտանոթային հիվանդությունները։ Թվում է` հիվանդի վիճակը կայուն է, բայց երբեք չես իմանա` մեկ օր հետո, կես ժամ հետո հիվանդությունն ինչ ընթացք կունենա։ Հնարավոր չէ լիարժեք վերահսկել հիվանդին։
ԹՂԹ. -Ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտություն, Կարինե, բավականին երիտասարդ եք, և մասնագիտական դժվարություններն առիթ չե՞ն տալիս մտածելու, որ սխալ ընտրություն եք կատարել։
Կ. Բ. -Յոթ տարեկան էի, ականջս ցավում էր։ Մայրս ինձ տարավ բժշկի` քիթ-կոկորդ-ականջի մասնագետի մոտ: Մինչ այժմ չեմ մոռացել նրան. այնքան հոգատար էր, այնքան բարի և ուշադիր, որ այդ օրվանից որոշեցի` անպայման բժիշկ եմ դառնալու։
ԹՂԹ. -Հետևո՞ւմ եք նրան նաև հոգատարության, վերաբերմունքի առումով։
Կ. Բ. -Կարծում եմ` այո։ Հիվանդների հետ շփվելիս մտածում եմ, թե ինչպես կուզեի, որ բժիշկը վարվեր ինձ հետ, եթե ինքս լինեի հիվանդը։ Հազվադեպ եմ կոպիտ լինում, երբ հիվանդն ինքն է ստիպում։
ԹՂԹ. -Ի՞նչն եք կարևորում կյանքում։
Կ. Բ. -Իհարկե` առողջությունը։
Զրույցը վարեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ