Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հաագան և, առհասարակ, եվրակառույցները թող նախ մտածեն, թե ինչպես ծվատեցին Հարավսլավիան»

«Հաագան և, առհասարակ, եվրակառույցները թող նախ մտածեն, թե ինչպես ծվատեցին Հարավսլավիան»
08.08.2008 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ՉԿԱ»
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հայ հրապարակախոսության և գրական անցուդարձի ամենաուշագրավ դեմքերից է, որի հետ յուրաքանչյուր հանդիպում ուրույն հետագիծ է թողնում ընթերցողի մտապատկերում։
«ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՊՂԾՎԵՑԻՆ, ԲԱՅՑ ՄԻ ՇՈՒՆ-ՇԱՆՈՐԴԻ ԵՎՐՈՊԱՑԻ ՉԵՐԵՎԱՑ ՄԵՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ»

-Պարոն Հովհաննիսյան, մեր խոսակցությունը սկսենք նրանից, որ հայ հասարակության որոշակի հատված ստորագրահավաքով փորձում է Հաագայի դատարան ներկայացնել երրորդ հանրապետության երկրորդ նախագահի գործը։
-Սա մեր հին ախտերից մեկն է, երբ պաշտպան, դատավոր կամ արդարություն ենք փնտրում դրսում։ Սրանից զատ նախ պարզենք՝ ի՞նչ է առհասարակ պատահել։ Իսկ պատահել է հետևյալը. մի խումբ ոչ քաղաքացիներ (նրանց ուղղակի դժվար է ՀՀ քաղաքացի կոչել) վայրենությամբ, պոռոտախոսությամբ փորձում են զոհ ներկայանալ, զոհ և քաղաքական հալածյալ՝ քթներին ստանալուց հետո։ Ռուսները դիպուկ բնորոշում ունեն նմանների վերաբերյալ՝ վՈւՐՈտ, այսինքն` հանդուգն, աներես, անպատկառ։ Առհասարակ այս գործելաոճը միշտ էլ հատուկ է եղել ՀՀՇ-ին, որին չեմ էլ համարձակվում կուսակցություն անվանել։ Նրանց համար բացառված են հայրենիք, երկիր, ժողովուրդ ասված բաները, և այսօր ներկայանում են ոչ ավել, ոչ պակաս` քաղաքական բանտարկյալներ... երբ իսկական քրեական տարրեր են, թալանչիներ և հրկիզողներ, որոնք կամենում են հանդես գալ սիրամարգի փետուրներով։ Եվ ամենազարհուրելին՝ վկայակոչում են եվրամարմիններին։ Ինչ գալիս է եվրամարմինների պարագային, մի բան է ինձ համար անբացատրելի ու տարօրինակ. երբ Ջուղայի խաչքարերն ասպատակվեցին ու պղծվեցին, մի շուն-շանորդի եվրոպացի չերևաց մեր կողմերում։ Հիմա լցվել են՝ նախագահ, տեղակալ ու տեղակալի օգնական, օգնականի էլ խորհրդական։ Ես դրանց բոլորին մեկ անունով եմ կոչում՝ կասպրչիկներ։ Գուցե վերջինս պատվական մարդ է, սակայն ազգանվան գայթակղիչ հնչողությունը շատ հարիր է բոլոր այս «խաղարարներին», որոնք ուղղակի թույլ տեղ են փնտրում սեփական գոյությունն արդարացնելու։ Նրանց էլ, թերևս, հասկանալ է պետք՝ աշխատավարձ են ստանում, գործուղման ծախսեր և այլն...
-Լևոն Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, տեղին գնահատական տվեց եվրակառույցներին` համարելով բյուրոկրատական միջնաբերդ։ Այսինքն՝ եվրակառույցները փրկօղակ չեն ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ առաջին նախագահի համար։
-Նա, նախ, թող գնահատական տա իր ղեկավարած մարմնին, որը հակաժողովրդական և հակամարդկային կառույց է։
-Ի՞նչը նկատի ունեք՝ օգոստոսի 1-ին ձևավորված Հայ ազգային կոնգրե՞սը։
-Ոչ, ընդամենը ՀՀՇ կոչված «կույր աղիքը»։
-Բայց չէ՞ որ նրա հետևից, այնուամենայնիվ, զանգվածները գնացին և չեն էլ պատրաստվում լքել շարժման շարքերը։ Չնայած երթերում ու հանրահավաքներում ոչ բոլորն են լևոնական։
-Զանգվածներում գերակշիռ մեծամասնություն են կազմում թամաշայի կողմնակիցները՝ «գնանք տեսնենք` ինչ կա»։ Կան նաև ջերմեռանդ լևոնականներ, ովքեր նրան մեկ անգամ բերեցին իշխանության, չընկալեցին իրենց կատարածի ահավորությունը, այսօր էլ փորձում են կրկնել։ Այլ հարց է, որ իշխանություններից կա դժգոհություն, ինչը չի նշանակում գնալ մեկի հետևից, ով վաղուց ապացուցել է իր անկարողությունը` երկիր կառավարելու՝ իր անփառունակ հեռացմամբ։ ՈՒ ռեանիմացվում է, մոտավորապես ինչպես Քրիստոսի հայտնությունը ժողովրդին։
-Անդրադառնանք այն իրողությանը, որ գործող իշխանությունը բավական անսպասելի արձագանքեց, մասնավորապես, գործարար Խաչատուր Սուքիասյանի ներկայությանը հարթակում, Տեր-Պետրոսյանի կողքին։ Սկսվեցին հայտնի և ոչ այնքան պատվաբեր գործողությունները, իմա՝ Սուքիասյան ընտանիքին պատկանող գործարար կառույցների «թափահարումը» և այլն։
-Սա մեկնաբանել չէի կամենա՝ բավարար տեղեկացված չլինելու պատճառով։
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԵԼ, ԵԹԵ ԲՌՈՒՆՑՔ ՉՈՒՆԻ»
-Ես ևս լրիվ տեղեկատվությամբ ապահովված չեմ, ընդամենը խոսում եմ երևույթի մասին
։
-Իշխանությունը չի կարող իշխանություն կոչվել, եթե բռունցք չունի։
-Այդ բռունցքն այսօր կարծես թե շատերին է ցույց տրվում։
-Ռոբերտ Քոչարյանի և արդեն Սերժ Սարգսյանի՝ իշխանության ժամանակ մեկ հատիկ հրապարակում անգամ չեմ ունեցել, քանզի դրա հիմքը չեմ տեսել։ Ես համոզված ընդդիմադիր եմ և դա ապացուցել եմ վաղուց, բայց երբ տեսնում ես, որ իշխանությունն անում է հնարավորը` ինչ-ինչ արդյունքի հասնելու համար, պետք չէ դես ու դեն ընկնել, նաև փորձել է պետք մասնակիցը դառնալ մեր համաձայնությամբ և համերաշխությամբ։
-Կարծում եմ ողջ ասվածից պետք է ենթադրել, որ Հաագա չենք «ուղևորվում»։
-Հաագան և, առհասարակ, եվրակառույցները թող նախ մտածեն, թե ինչպես ծվատեցին Հարավսլավիան, հետո սկսվեց Միլոշևիչի, ապա Կարաջիչի որսը, և թե քանի սերբ, սլովակ մահացավ Հաագայում։ Մեր պարագայում խնդիրն ինձ համար արմատից է խեղված, երբ սեփական սպիտակեղենիդ կեղտն ի ցույց ես հանում աշխարհին։ Քոչարյանը հակադարձ քայլ չկատարեց, ստորագրահավաք չկազմակերպեց առաջին նախագահին Հաագա «ուղևորելու» ու դրանով ապացուցեց իր՝ պետական այրի առավելությունն արկածախնդիրների հանդեպ։ ՈՒ եթե Քոչարյանը, այնուամենայնիվ, դիմի այդ քայլին, հասարակությունը ոչ թե կերկփեղկվի, այլ կեռափեղկվի։
Առհասարակ դժգոհ զանգվածները բնորոշ են բոլոր իշխանություններին։ Առաջընթացի միտումներն այսօր այնքան շոշափելի են, որ չնկատելու համար կա՛մ պետք է կույր լինել, կա՛մ կույր ձևանալ։
-Սակայն Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ էր, որ ձևավորվեց, ամրացավ, պետության մեջ իր պետություններն ստեղծեց հայկական օլիգարխիան՝ մականունավոր պարագլուխների ղեկապետությամբ։ Սա միայն ի՞նձ է թվում, թե՞ իրականություն է։
-Մենք անցնում ենք տնտեսական նեղ բնագավառ, ուր ես չունեմ բավարար մասնագիտական հմտություններ՝ հարցը քննարկելու։
-Ներող եղեք, ես, սակայն, նեղ մասնագիտական ակոսում չեմ ներառում մեր զրույցը։ Հրապարակախոսական գնահատման, արժևորման խնդիր կա։ Եվ դրա վառ ապացույցը՝ աշխարհում հացի գինը կտրուկ նվազել է, մեր երկրում՝ բնավ։ Ժամանակներ առաջ խոշոր սեփականատերերը, փորձելով արդարացնել երթուղայինների վարձավճարի բարձրացման անխուսափելիությունը գազի գնի բարձրացման պարագայում, առաջարկեցին ուշագրավ հաշվարկ, ըստ որի` մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը կազմում էր 202 դրամ։ Կառավարության հաշվարկով դա ընդամենը 58 դրամ է։ Առայժմ հաղթող կողմ է կառավարությունը։
-Ավելի ճիշտ չի՞ լինի խոսել, թե ինչի մասին են գրում մեր թերթերը։
-Ավելի ճիշտը՝ չգիտեմ, բայց խոսենք մեր մամուլից։ Ամեն դեպքում անհետաքրքիր չէ։
-Մեր թերթերը Ձեր նշած խնդիրների մասին գրում են շարունակ՝ հացի գին, օլիգարխներ և այլն, և այլն։ Իսկ այն, որ «Բազե» համահայկական խաղերում Սերժ Սարգսյանի կոչին արձագանքեցին հայ մեծահարուստները, այդ մասին ծպտուն իսկ չկա։ Ինչո՞ւ, շահեկան չէ՞։ Բայց չէ՞ որ խոշոր սեփականատերը մինչև վերջնականապես համոզված չլինի, որ տվյալ երկրում երաշխիքներ կան, ներդրումներ, այն էլ այդ ծավալի, չի կատարի։ Այս մասին, սակայն, լռում ենք։ Բայց խոսում ենք այն մասին, թե ինչպես է Վարդուշ մորքուրը բողոքում բնակարանի նորոգումից։
«ՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՆ ՈՒ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆԵՐՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ»
-Մամուլը, թերևս, չի շտապում ձոներգեր շեփորել առ «բարեփոխումներ» այն պատճառով, որ...
-Մեր հանրության օրախնդիր թեմաները երբեմն այնքա՜ն են ուռճացվում, որ դրանց հետևում որևէ առաջխաղացում չի երևում։ Եվ սա մեր գրչակիցների լուրջ բացթողումն է։
-Այս զրույցից զատ՝ ե՞րբ ինքներդ գրիչ կբարձրացնեք։
-Որևէ բան ասելու համար պետք է շա՜տ զայրանամ։ Առայժմ զայրանալու հիմքեր չունեմ։ Հիվանդություն է, պարանոյա, երբ մի հատիկ գրելիքի համար ինչ-որ բան պետք է շեղվի հունից։
-Հանրային գիտակցությունն ախտահարվում է, շարժվում է իներցիոն ուժերի դրդմա՞մբ, թե՞ մի այլ բանի։
-Այո, այն իներցիայով է շարժվում։ Վերջին հաշվով, վերջին հանրահավաքներն ու խժդժություններն իներցիայի արդյունք են։ Նրանք տեսան իրենց նախկին կուռքին ու նրանց թվաց, թե վերադարձել են շարժման տարիները. «Ախչի, մի հատ գնանք, տեսնենք, ինչ են ասում...»։
-Թեկուզև։ Այնուամենայնիվ, ո՞րն է ելքը։
-Միայն և միայն քաղաքացիական հասարակության ձևավորումը։
-Եվ որո՞նք են քաղաքացիական հասարակության չափանիշները։
-Մտածողության նոր որակը, մտածողություն, որը որոշում է մարդ-մարդ և մարդ-հանրություն փոխառնչությունների որակը։
-Ի՞նչ է ժողովրդավարությունը, բացի, այսպես ասած, «ժողովրդին վարի տալուց»։
-Ժողովրդավարությունը մոլորություն է, մի հիվանդություն, որը պաշարել-գերել է նահանգներն ու եվրոպաները, այսօր հուսալի ոտատեղ է փնտրում նաև Հայաստանում։ Բայց դժվար թե կարողանա արմատավորվել այստեղ, և հիանալի կլինի, քանզի ավելի մեծ երեսպաշտություն, քան ժողովրդավարությունն է, չկա։ Նրանում են ամփոփված բոլոր հանրային խոցելի երևույթները՝ առնետավազք, կուսակցության փոփոխություն պահի շահավետ հրամայականով, նոր կուսակցության բացում... ինչպես խանութ ու բենզալցակայան են բացում։
«ԱՐՑԱԽ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԼԵԶՎԻՆ ՀԱՐԻՐ ԱՆՈՒՆ Է»
-Գնահատենք անձի, առաջնորդի դերը մեր իրականությունում։ Նկատի ունենանք, որ այսօր շատ բան է կանխորոշվում Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, դարձյալ մեկ-երկուսի անձնական հատկանիշներով։
-Հայկական մոտեցումն այս հարցում էական չէ, քանզի ամեն հասարակարգ և ամենուր կախված է անձից, նրա ազդեցության ուժգնությունից։ Անձը կարող է հրեշ լինել, լինել Ներոն, Նապոլեոն, Ստալին։ Ազդեցության չափն այս պարագայում բացասական իմաստով ահռելի էր։ Ներկա նախագահին ճանաչում եմ այն օրերից, երբ Ղարաբաղ ասվածը Հայաստանում հազվադեպ էր հնչում։ Իմ համակուրսեցի Մաքսիմ Ավանեսյանի միջոցով եմ առաջին շփումներն ունեցել Արցախի զավակների հետ։
-Արցախի զավակներ… լավ է ասված։
-Եկեք հետայսու Ղարաբաղ չասենք, անտեսենք այդ անիծյալ անունը՝ «Սև այգի», հնչողությունը թրքական է, բացառել է պետք հիմնովին։ Արցախ անունը մեր արքայական լեզվին հարիր անուն է։
-Դժվար թե դիմանամ գայթակղությանն ու չհետաքրքրվեմ՝ ինչպիսի՞ն էին նրանք՝ հանրապետության ապագա ղեկավարները։
-Արմատական հայ և արցախցի։ Արմատական ծնողասեր ու հայրենասեր։ Եվ աշխատունակ, աշխատասեր, ո՛չ սրճարանային ճոռոմախոսներ։
«ՆՈՐԻՑ ԿԱՆԳՆՈՒՄ ԵՄ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ»
-Մոտեցանք խորագրի ավանդական վերջնահարցին՝ ինչո՞վ եք այսօր զբաղված։

-Նորից կանգնում եմ հրատարակման բարդությունների առջև։
-Բարդությունները, հավանաբար, «հավերժական-ֆինանսական» են։
-Իհարկե։ Պատրաստ է Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի վերաթարգմանված-վերախմբագրված, այսօր արդեն պատկերազարդված հատորը, պատրաստ է իմ հրապարակախոսության երկրորդ հատորը, գուցե երրորդն էլ կլինի։ Ընդգրկումը կես դար է։ Ինչ վերաբերում է թարգմանություններին, «Վարպետն ու Մարգարիտան» վեպից զատ հրատարակման են պատրաստ Իսահակ Բաբելի հատընտիրը, Լև Տոլստոյի «Խոստովանությունն» ու «Օրագրերը», և արդեն ավարտել եմ Մ. Բուլգակովի «Շան սիրտ» վիպակի թարգմանությունը։
Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5403

Մեկնաբանություններ