«Ճիշտ խոսքը էշին են ասում». սա ժողովրդական ասացվածք է, բայց շատ տեղին է՝ միջազգային քաղաքականության էությունը հասկանալու համար: 24-ժամյա ռեժիմով ազդարարվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Սա ասվում էր երեսուն տարի շարունակ նաև ղարաբաղյան հակամարտության մասին Վաշինգտոնից, Մոսկվայից և Փարիզից, նախկին «մեռած, բայց չթաղած», «երջանկահիշատակ» Մինսկի խմբից: Վերջում պարզվեց, որ միակ լուծումը ռազմական լուծումն է: Ահա հայ և ադրբեջանցի քաղաքական վերնախավի մենթալիտետի և մտածողության տարբերությունը: Մեզ մոտ խիստ «գրագետ», խիստ «կրթված» արևմտյան միջազգային իրավունքի դպրոցներին քաջ տիրապետող, հումանիստ, ժողովրդավար, արդարամիտ արժեհամակարգ ունեցող այրեր են, որոնք միամիտ և անհեռատես են գրեթե բոլոր հարցերում: Իսկ հարևան երկրում իրատես, իրավիճակը ճիշտ գնահատող, խորամանկ և շրջահայաց, սառնասիրտ գործիչներ են, որոնք շատ ճիշտ և ժամանակին հասկացան, որ հակամարտությունը միայն ռազմական լուծում ունի և ծաղրեցին միջազգային ամբիոններից հնչող դատարկաբանությունը: Երբ կլսեք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, պատրաստվեք, որովհետև ձեզ զգուշացնում են վերահաս պատերազմի մասին:
Գարիկ Քեռյան