Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու է եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում, հայտարարել է ՄԹ զինված ուժերի փոխնախարար Ջեյմս Հիպպին։
Արևմտյան գործընկերները չափազանց անկեղծ են: Նրանք մեզ չեն պատրաստվում աջակցել Ադրբեջանից եկող սպառնալիքներից, բայց մեզ «պաշտպանում» են ռուսներից՝ այդ ճանապարհին ցույց տալով «հույսի դուռը»՝ Անկարան, որտեղից մենք երաշխիքներ պետք է ստանանք «ռուսական լուծը թոթափելու» համար:
Մեզ բաց տեքստով առաջարկում են դառնալ ՈՒկրաինա-2 ու Արևմուտքին տվյալ դեպքում հետաքրքիր է ոչ թե գործընթացի արդյունքը, այլ բուն գործընթացը, որը կարող է հանգեցնել հայկական պետականության կորստին:
1896 թվականի ապրիլի 30-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Սոլսբերին Լորդերի պալատում հայտարարել է, թե հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։
Հետո ինչ եղավ՝ բոլորս գիտենք:
Եթե որևէ մեկին թվում է՝ հիմա այլ հետևանք են ունենալու արևմտյան բարձրագոչ խոստումները, ուրեմն՝ պատրանքների մեջ է:
Արևմտյան կենտրոնների նպատակը՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացումն է, դրա վերջնարդյունքում ինչ կլինի հայ ժողովրդի կամ Հայաստանի հետ՝ դա նրանց բացարձակապես չի հետաքրքրում: ՈՒ բնավ ոչ այն պատճառով, որ նրանք «չար» են կամ հայ ժողովրդի «թշնամիները»:
Բացարձակապես՝ ոչ, պարզապես Արևմուտքը քաղաքական շահ չունի՝ սատարել մեզ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի, նրանց հետաքրքրում է մեր «հակառուսական» պոտենցիալը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
Հ.Գ.
Լոնդոնում ռուսական սպառնալիքներն անմիջապես նկատում են, եթե նույնիսկ դրանք տեսական են, բայց թերևս լեգիտիմ են համարում, երբ Բաքուն մեզանից անհապաղ տարածքներ է պահանջում: