Թուրքերը Թուրքիայում մեր մեծերի գերեզմանները ավելի լավ են պահում, քան մենք մեր երկրում:
Երբ ես Ստամբուլում այցելեցի հայոց շիրիմներին, զարմացա:
Անկեղծ ասած չէի սպասում այն` ինչ տեսա:
Բոլոր գերեզմանները խնամված, քանդակները, լուսանկարները, շիրմաքարերը մաքուր, ծաղիկների մեջ, նույնիսկ փոշի չկար նրանց վրա:
Ես շրջեցի գերեզմանատներում ու ծաղիկներ դրեցի Հրանտ Դինքի, Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Զահրատի, Բալյան ճարտարապետական դինաստիայի և այլոց շիրիմներին:
Լրիվ ցուցակը չեմ բերում, համոզված եմ, որ մարդիկ, ովքեր եղել են Ստամբուլի հայկական գերեզմանատներում, կհաստատեն ասածս:
Հիմա եկեք գնացեք Երևանի քաղաքային պանթեոն, որտեղ հուղարկավորված են մեր շատ ու շատ ոչ պակաս մեծերը, որոնցից շատերին անհասկանալի կերպով տեղ չի գտնվել Կոմիտասի անվան պանթեոնում:
Խղճուկ մի քարի կտոր է դրված գունավոր հեռուստատեսության նշանավոր գյուտարարի` Հովհաննես Ադամյանի շիրիմին, որը ժամանակի ընթացքում անտերությունից թեքվել է:
Անխնամ, փնթի վիճակում են գտնվում շատ ու շատ նշանավոր հայերի գերեզմանաքարերը, որոնք իրենց կյանքով ու աշխատանքով փառավորել են մեր կյանքն ու Հայի բարձր անունը:
Քիչ թե շատ խնամված են նրանց շիրիմները, որոնց զավակներն ու հետնորդները դեռևս կան ու երբեմն խնամում են:
Եվրոպական երկրներում, թե ինչպես են խնամում ու պահում իրենց քիչ թե շատ նշանավոր արվեստագետների, ազգային գործիչների, գիտնականների գերեզմանները` դա մեկ ուրիշ խոսակցության թեմա է:
Մենք սովորելու շատ բան ունենք.. Մեծամտությունից ու ցուցամոլությունից բացի:
...
Մերը հուղարկավորությունը ցուցադրաբար կազմակերպելն է, ինքներս մեր վրա հրճվում ենք, թե տեսա՞ք ոնց են հուղարկավորում... հետո` հաջողությամբ մոռանում ենք:
Մտածելու շատ բան ունենք:
Սամվել ՍԵՎԱԴԱ