Գրեթե բոլոր աշխարհակալները փորձել են գրավել Ռուսաստանը, դա եղել է նրանց երազանքը, գերնպատակներից մեկը:
Մոնղոլ-թաթարները, թուրքերը, գերմանացիները՝ երկու անգամ, ֆրանսիացիները…
Նապոլեոնն ասում էր.
«Եթե Ռուսաստանում հաջողության հասնեմ, ես աշխարհի տիրակալը կլինեմ»:
Սակայն, նա պարտություն կրեց՝ պարտություն կրեց ոչ թե մարդկանցից, այլ իր սեփական ամբարտավանությունից ու կլիմայական պայմաններից:
Քառորդ դար գրեթե անընդմեջ հաջորդած պատերազմներից հետո ֆրանսիական բանակի ոգին փոխվել էր. անողոք, անպարտելի, հաղթական, հերոսական, հանրապետական բանակից, այն դարձել էր ավելի եսապաշտական, թուլակամ ու միապետական: Ինչքան համազգեստի զարդարանքն ավելի ճոխ էր դառնում, ինչքան ավելանում էին պլպլան շքանշանները, այնքան դրանց տակ բաբախող սրտերը դառնում էին անտարբեր, լկտի, կողոպտիչ ու անգութ:
Նապոլեոնի բանակում հետզհետե հաղթանակեցին բանսարկուները, խառնակիչները, ապաշնորհները, շողոքորթողներն ու հլու-հնազանդ կամակատարները: Արդեն պաշտոններ և կոչումներ էին ստանում գրեթե բացառապես անարժաններն ու հովանավորյալները:
Ֆրանսիացիները պարտվեցին ռուսներին, որովհետև Նապոլեոնն արդեն այն՝ նախկին զորավարը չէր, որ գլխավորում էր բանակն Իտալիայում և Եգիպտոսում:
Կարգապահությունը բանակում խախտվել էր, չկար առաջվա ոգին, նվիրվածությունը Ֆրանսիային ու Բոնապարտին:
Փաստորեն, երբ Նապոլեոնը Վարշավայում ասաց.
«Մեծից մինչև ծիծաղելին մի քայլ է»,- պարզ գիտակցում էր, որ պատմության հեղեղը փոխել է իր ընթացքը…
Նա բախվել էր ռուսական աննկուն ոգուն, հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրուն և նվիրվածությանը:
Հիմա էլ, մեր օրերում նույնպես, ողջ Արևմուտքը փորձում է խեղճացնել Ռուսաստանին, տրոհել, քայքայել՝ օգտագործելով տնտեսական, քաղաքական, լոկալ պատերազմական և պայքարի գրեթե բոլոր ձևերն ու մեթոդները, շոշափուկներն ակնհայտ տարածելով Արևմուտքից, Հարավից, բոլոր կողմերից:
Ռուսատանին, ռուսներին կարող ես ատել, չսիրել, արհամարհել, բայց թերագնահատել՝ երբեք:
Ռուսաստանը միշտ էլ ամենավճռական պահին բռնցքվելու մեծ ունակություն ունի ու միշտ էլ մնացել է իրեն թերագնահատողների կոկորդում:
Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ