Երևի թե ամենադաժան զգացմունքը հայրենի երկրում օտար զգալն է։
Հայրենի երկրում օտար ես զգում, քանի որ հայրենակիցներիդ մի ստվար զանգված քեզ պարզապես յուրային չի համարում։
Հայրենի երկրիդ մեջ օտար ես, քանի որ երեխադ քեզ հարցնում է` ինչու՞ հայրենիքդ ու հայրենի երկիրդ նկարագրող իր դասի մեջ չկա հայրենիքիդ մաս կազմող իր ծննդավայրի՝ Արցախի մասին որևէ տող։
Հայրենի երկրում օտար ես զգում, քանի որ հայրենի երկրիդ պաշտոնյան, հայրենի երկրիդ խորհրդարանում քո ծննդավայրի անունը տալու համար ներողություն է խնդրում։
Հայրենի երկրիդ մեջ օտար ես դառնում, քանի որ հայրենի երկրիդ մայրաքաղաքի համայնքապետարանում քեզ բառացի ասում են. «Ձեզ ո՞վ ա ասել գաք Երևան, գնացեք գյուղեր, որ ձեզ էնտեղ աջակցություն տան, ստեղ ոչ մի բան չսպասեք»։
Հայրենի երկրիդ մեջ օտար ես լինում, քանի որ քո խոսացած լեզուն օտար են համարում՝ դպրոցում իր բարբառով խոսելու համար երեխային ասելով` «հայերեն խոսա»։
Հայրենի երկրիդ մեջ օտար ես համարվում, քանի որ հայրենի երկրիդ սոցապնախարարության աշխատողը, ով պետք է քո իրավիճակը մի փոքր մեղմի, քեզ ուղիղ ասում է. «Էնքան ձեզ պահել ենք էնտեղ, փախել, եկել եք մի հատ էլ ստեղ դժգոհում եք»։
Հայրենի երկրիդ մեջ օտար ես զգում, քանի որ փողոցում հայրենիքիդ մի մաս կազմող երկրամասիդ բարբառով խոսելու համար մի քանի քամահրական հայացքներ ու ծռմռված դեմքեր ես նկատում։
Հայրենի երկրիդ մեջ օտար ես դառնում, քանի որ հայրենի երկրիդ անձնագրում պարտադրաբար ջնջում են քո ծննդավայրի անունը՝ հաշվառումից հանելով։
Հայրենի երկրիդ մեջ օտար ես զգում, քանի որ հայրենի երկրիդ պոլիկլինիկայի բժիշկը քամահրանքով ու ծաղրանքով է վերաբերվում քեզ, որովհետև դու Արցախից ես։
Հայրենի երկրիդ մեջ օտար ես զգում, քանի որ հայրենիքիդ մեջ խանութում հրաժարվում են քեզ սպասարկել, երբ լսում են քո արցախյան բարբառը։
Հայրենի երկրիդ մեջ օտար ու լքված ես զգում, քանի որ շուրջ հինգ ամիս թոշակ չստանալով, քեզ պարզապես ասում են փող չկա, երբ կլինի կտանք։
Հայրենի երկրիդ մեջ օտար ես զգում, քանի որ ցեղասպանության ճիրաններից փրկված, ամեն ինչ կորցրած, գալիս ես հայրենիք ու քեզ ապաստան ու կացարան տալու փոխարեն վարձակալվող տների գներն են բարձրացնում։
Հայրենիքիդ մեջ օտար ես զգում, քանի որ քո հայրենի անձնագիրն այլևս անձնագիր չէ։
ՈՒ հայրենիքում օտար զգալով, օտար լինելով, օտար դառնալով մարդիկ պարզապես թողնում ու հեռանում են հայրենիքից՝ նախընտրելով օտար լինել օտար երկրում, ինչի համար ոչ ոք իրավունք չունի մեղադրել այդ մարդկաց։
Այս ցուցակը իրական միջադեպերի ու դժվարությունների միայն մեկ տոկոսն է, որին բախվում են արցախցիները ՀՀ-ում գրեթե ամեն օր։ Փորձեցի ցուցակում ընդգրկել հանրային կյանքի բոլոր ոլորտներում արցախցիների հետ տեղի ունեցած իրական միջադեպերից մեկական օրինակ, որոնց բախվել եմ ես կամ իմ ճանաչած մարդիկ, որպեսզի հասկանաք, թե ինչքան խորն է ու ծավալուն խնդիրը։ Իհարկե, ցուցակը կարելի է ժամերով թվարկել։
Այո, կան նաև սրտացավ, մարդկային արժեքներով օժտված հայրենակիցներ, ովքեր իրոք փորձում են ինչ-որ բան անել, ինչ-որ բան փոխել (ինչի համար շնորհակալ եմ), բայց նրանք ամբողջի մեջ երևի հինգ տոկոսն են կազմում։ Իսկ մյուսները լավագույն դեպքում անտարբեր են։ Եթե միայն կարողանանք սրտացավ ու կարեկցող մարդկանց տոկոսը մի փոքր ավելացնել, ապա ամեն ինչ կփոխվի դեպի լավը։
Պարզապես ուզում եմ, որ կարեկցանքն ու սրտացավությունը մեծանա մեր հայրենիքում, դիմացինին հարգելն ու սիրելը դառնա մոդայիկ, իսկ վերոնշված միջադեպերը ոչ թե խրախուսվեն անտարբերությամբ, լռությամբ ու նույնիսկ բարձրաձայն խրախուսանքով, այլ՝ պարսավանքի ու ամոթանքի արժանանան հայրենակիցներիս կողմից, ու այդ ժամանակ ամեն ինչ կսկսի փոխվել, ամեն ինչ կսկսի լավանալ ու այլևս ոչ ոք հայրենիքի մեջ իրեն օտար չի զգա, հայրենիքում բոլորն իրենց լավ կզգան ու չեն լքի հայրենիքը։
Իսկ ես պարզապես ասում եմ բոլորին` ԵՍ ՀԱՅ ԵՄ, ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ, ԵՍ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՄ։
Լուսանկարում` իմ տան վերջին նախաճաշն է։
Այդ ժամանկ սնունդ պատրաստելու միակ միջոցն այս փայտե վառարանն էր։ Իսկ թշնամին արդեն հասել էր դիմացի անտառ։