Էս ЖЭК-ի պետ դառնալու տենդը խորացած արատների հրաշալի ցուցիչ է: ЖЭК-ի պետ, որովհետև ապաքաղաքականացվածության ձգտող թեկնածուները պետք է ընկալեն, որ, եթե իրենք խուսափում են իրենց հանրային, քաղաքական, անձնական դիրքորոշումը հայտնել նաև այն երևույթների վերաբերյալ, որոնք հետաքրքրում և անհանգստացնում են երևանցիներին քաղաքական մակարդակով ու մնում են «բիսեդկա-կոյուղի-ասֆալտ-բորդյուր-լիֆտ» տրամաբանության մեջ, ուրեմն թող համակերպվեն ЖЭК-ի պետի հավակնորդի ստատուսի հետ:
Ֆանտաստիկ երեսպաշտություն պետք է ունենաս, որ ներկայացնես քաղաքական թիմ, քո քաղաքական թիմին վերագրես ամեն մի «բարեփոխում», «գնում» կամ «աշխատանք», բայց խուսափես քո քաղաքական թիմի և դրա ղեկավարի տխրահչակ քաղաքականության արդյունքների քաղաքական պատասխանատվությունից ու գնահատականից, որ դրա բացասական նստվածքը քեզ չկպնի, ու թե բա՝ սա ավագանու ընտրություն է, քաղաքական հարց չի կամ նման մի բան: Արցախ բառն ու քաղաքական ենթատեքստը լսելուց անկյուն ման գաս, որ ճողոպրես:
Ժողովրդավարության այլ բաստիոններում քաղաքապետ դարձողն ու այդ քաղաքի բնակիչների ձայներին հավակնողը բացվում է մինչև վերջ, որ իրեն վստահեն ու հավատան: Լոզունգ չի գոռում, այլ հայտնում է իր դիրքորոշումն ու մոտեցումը ամեն բանի մասին, ոչ միայն քաղաքական, այլև գլոբալ տաքացման հետևանքներից սկսած՝ աբորտի վերաբերյալ իր դիրքորոշումով շարունակած և փոքրամասնությունների իրավունքների խորացման կամ սահմանափակմամբ վերջացրած: Դա մինչ ընտրությունը արվում է նրա համար, որ բնակիչը չկտրած ձմերուկ չընտրի, իմանա ընտրվողի մասշտաբը՝ բարոյականից սկսած քաղաքականով վերջացրած, որ վերահսկելի պահի նրան:
Երբ ասում եմ ЖЭК-ի պետ դառնալու տենդ, հենց դա նկատի ունեմ,որ քաղաքական զրո կոնտենտով ու կենցաղավարության պայմանների մակարդակի բարձրացման խոստումներով ուզում են համոզել, իբր լուրջ են, հարց լուծող ու պրագմատիկ:
Լուրջ չեք, պրագմատիկ չեք, հարց լուծողն էլ դուք չեք, ուղղակի «չագուչն» է ձեր ձեռքը: Մեղավորը դուք չեք, այլ նրանք, ովքեր այդ «չագուչից» են կախված շահով ու քյարով: Էդ տասովշիկների ինստիտուտն ու մերձթաղապետային մանր-մունր քյարավիկ-կպցնիչները եղել են, կան ու լինելու են: Խնդիրն այն է, որ դրանք պատրաստ են օգտագործվել նրանց կողմից, որոնց անունը տալուց առաջ կամ էպիտետ էին կպցնում կամ քֆուրով որակում, իսկ հիմա պարոն եսիմինչով են դիմում ու «աշխտում իրա հմար ձեն բերելու մոմենդով»:
ЖЭК-ի պետի մյուս բուտաֆորիկ կոմպանիան էլ «ավագանի» կոչեցյալն է: Ավագանին старейшина-ն է, այսինքն, ծանրակշիռ, սոլիդ, տարիք, իմաստնություն ու փորձ առած պահապանի իմաստ ունի: Զգացե՞լ եք, որ էդ «ավագանին» իր իմաստի, նշանակության ու առաքելության ուղիղ հակառակն է, այսինքն, անանուն, անհայտ, անփորձ, մի բրոշյուրի չափի ու մակարդակի գիտելիքը մի ողջ գիտելիքահեն շտեմարանի դեմքի արտահայտությամբ հպարտ կրող երիտասարդներ:
P.S. Շարունակեք ЖЭК-ի պետի տենդը, չխանգարեմ: Մի բան միայն. էս ժողովուրդը էնպիսին ու էն չի, ինչպիսինի ու ինչի տեղ որ նրան դրել ու քշում եք:
Վլադիմիր Մարտիրոսյան