Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արցախա-ադրբեջանական բանակցություններ. ի՞նչ ակնկալել

Արցախա-ադրբեջանական բանակցություններ. ի՞նչ ակնկալել
05.03.2023 | 10:27

Ինչպես գիտենք, Ռուբեն Վարդանյանի պաշտոնազրկման հաջորդ իսկ օրը, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ, սկսվեցին արցախա-ադրբեջանական բանակցությունները:


Մարտի 1-ին տեղի է ունեցել բանագնացների՝ թվով երկրորդ հանդիպումը:
Այստեղ արժե մեջբերել այն, թե ում համար է այս գործընթացը կոչվում «բանակցություններ», իսկ ում համար՝ «ինտեգրացման հարցերի քննարկում»:
Ստացվում է՝ մենք գնում ենք բանակցելու, իսկ Ադրբեջանը գալիս է մեզ՝ արցախահայերիս ինտեգրելու:
Իսկ հետո Արցախի բարձրաստիճան ղեկավարությունը ստիպված պաշտոնապես հերքում է նման ապատեղեկատվությունը, արդարանում, որ ոչ մի ինտեգրման մասին խոսք անգամ չի եղել և չի էլ կարող լինել, որ այն բացառվում է:
Ստացվում է՝ կողմերի ներկայացուցիչները տետատետ հանդիպում, նստում, ասում, լսում, խոսում են մի բան, ամփոփում են հանդիպման ընթացքում ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններն ու արդյունքները, հետո գնում հայտարարում են են մեկ ուրիշ բան:
Առաջին հայացքից՝ աբսուրդ է ու նոնսենս:
Բայց երբ հետ ես գնում ընդամենը երկու շաբաթ, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Մյունխենում Ալիևը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է «միայն քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով, որ բանակցողը չպետք է լինի Ռուբեն Վարդանյանը»։
Հետևաբար՝ Վարդանյան էլ չկա, քննարկման թեման էլ սահմանափակվում է՝ «Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությանը վերաբերող հարցերին»:
Այսինքն՝ բանակցություններում այլ ձևաչափ և այլ բովանդակություն չի կարող լինել:
Ստացվում է՝ սա է Ադրբեջանի աներկբա դիրքորոշումը:
Ուստի, այս համատեքստում, նախ՝ խիստ ցանկալի է իմանալ, թե ի՞նչ օրակարգով են շարժվում կողմերը, հատկապես՝ Արցախի իշխանությունները, աչքի տակ ունենալով Ալիևի նման հայտարարությունը, ինչպիսի՞ պատկերացումներից ելնելով են նշանակվել բանակցողները, ինչպիսի՞ փոխզիջումների են պատրաստ գնալու, որո՞նք են կողմերի կարմիր գծերը, և արդյո՞ք բանակցությունների ամեն էտապը՝ ձեռք բերված դրույթներով, ինչ-որ կերպ, ինչ-որ տեղ փաստաթղթավորվում է:
Էլ չեմ խոսում բանակցությունների պրոցեսի թափանցիկության ու հասանելիության, առավել ևս՝ ժողովրդի թիկունքում հնարավոր պայմանավորվածությունների մասին:
Եվ հետո՝ եթե Ալիևն իրոք անդրդվելի է այս հարցում, իսկ Արցախն էլ բացառում է վերջինիս կամքը, ապա առհասարակ, բանակցությունները, որպես այդպիսին, արդյո՞ք ֆիկտիվ բնույթ չեն կրում, և այն պարզապես ժամավաճառությու՞ն չէ:
Ինչևէ:


Այս բոլոր հարցերից դեռևս միայն պարզ են բանակցողների անունները:
Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանն է, Ադրբեջանինը՝ Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մահմեդովը:
Եթե Սամվել Շահրամանյանին, իր կենսագրության, անցած ուղու և հետագծի համար կարելի է միայն ողջունել, ապա Մահմեդովի առումով պետք է իմանալ հետևալը.
ծնվել է Մարտակերտում, սովորել է Շուշիի դպրոցում:
Աչքի է ընկնում խիստ հակահայ քարոզչությամբ ու ատելության տարածմամբ, ընդ որում, պատեհ-անպատեհ խոսում է հայերիս հանդեպ «Նյուրնբերգյան դատավարություն» անցկացնելու մասին, «Ադրբեջան-Իսրայել» միջխորհրդարանական խմբի անդամ է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի (այդպես են անվանում Հայաստանի Հանրապետությունը) ղեկավար անդամ է:


Ահա այսպիսի «բանակցող» է նշանակել Բաքուն:
Հետևաբար, բնավ պետք չէ զարմանալ կեղծ ու անհիմն տեղեկատվություններ տարածելու և, առհասարակ, նման ձևաչափը ձախողելու, այն անկենսունակ դարձնելու հարցում:
Ամեն դեպքում, Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են՝
1. Արցախի շրջափակման վերացման,
2. Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարման և բնական գազի կայուն ու անխափան մատակարարման,
3. Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորության,
4. Միջանցքում սքանավորող սարքի հնարավոր տեղադրման հարցերը:
Քննարկումը՝ քննարկում, բայց արդյունքը դեռ զրո է:
Կարծում եմ՝ այս պահին նրանց խոսույթն առաջնահերթ պետք է ընթանա առաջին և երկրորդ կետերի շուրջ:
Առաջին հարցը, միանշանակ ու աներկբա, որքան հնարավոր է շուտ պետք է լուծում ստանա:
Միջանցքը պարտադիր պետք է վերաբացվի:
Երկրորդը՝ օրհասական է:


Կողմերն առկա էներգետիկ ճգնաժամի շուրջ պետք է շտապ գան համաձայնության, քանի որ այն երկուստեք առաջացրել, իսկ առաջիկայում առաջացնելու է անդառնալի հետևանքներ:
Սարսանգի ջրամբարի «ոչնչացումը» միայն մեզ համար չի լինի աղետ:
Հուսով եմ՝ ադրբեջանական կողմը դա հասկանում է ու գիտակցում է պահի լրջությունը:
Երրորդ կետի շուրջ կարելի է քննարկել, եթե իհարկե այն իրոք կրում է բացառապես էկոնպատակներ:
Իհարկե, ես դրան չեմ հավատում:
Ավելին՝ ծիծաղելի է անգամ կարծել, որ նրանք այդքանով կբավարարվեն, և որ շրջակա միջավայրի մոնիտորինգը պարզապես միտված է ճշտելու բնության հնարավոր աղտոտումը:
Իսկ չորրորդ կետը պետք է առհասարակ բացառել:
Ոչ՛ անցագրային կետ, և ո՛չ էլ որևիցե սքանավորող սարք չպետք է լինի միջանցքի որևէ հատվածում:


Հուսով եմ, Արցախի ներկայացուցիչն ըստ արժանավույն կբանակցի, տուրք չի տա ալիևյան հռետորաբանությանը, քմահաճույքներին ու կամակորությանը:
Իսկ մենք զինվենք համբերությամբ, հետևենք զարգացումներին:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 8722

Մեկնաբանություններ