ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Արարատ. Հայոց անմահության խորհուրդը»

«Արարատ. Հայոց անմահության խորհուրդը»
03.02.2009 | 00:00

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
Նախորդ տարվա նոյեմբերին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանի «Արարատ. հայոց անմահության խորհուրդը» պատմավավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Այս տարվա հունվարի 27-ին Թեքեյան մշակութային կենտրոնում կայացավ նույն կենտրոնի հովանավորությամբ լույս տեսած և նույնանուն խորագիրը կրող գրքի շնորհանդեսը: Թե ֆիլմի, թե գրքի պատմությունը սկիզբ է առնում 2007-ի օգոստոսից, երբ մի խումբ հայորդիներ` Ս. Չաթրչյան, Խ. Քոթանջյան, Վ. Մկրտչյան, Լ. Պետրոսյան, Ա. Հարոյան, Ռ. Հովհաննիսյան, Ս. Բարոյան, Ա. Հովհաննիսյան, Նուրո, Ա. Գևորգյան և, իհարկե, Աշոտ Մելքոնյան, նախաձեռնում են բազում արկածներով ու աներևակայելի խոչընդոտներով լի ճանապարհորդություն, երթուղին` Բայազետով «դեպի լյառն Մասիս», այնուհետև «Հայոց անմահության խորհուրդ»` գագաթն Արարատի: Պատահական չէր նաև ընտրված օրը: Ամեն բան Աստծո ողորմությամբ բարեհաջող ավարտվելուն պես ռոմանտիկների մի ողջ դասակ, ճիշտ Սևրի դաշնագրի ստորագրման օրը` օգոստոսի 10-ին պետք է նվաճեր Արարատի գագաթը։ Այդպես էլ եղավ, ու բիբլիական լեռան գագաթին այդ օրը ծածանվեց հաղթանակած եռագույնը: «Վաղնջական ժամանակներից Արարատ լեռան անզուգական գեղեցկությունը հմայել է մարդկանց, նրա գագաթին գտնվող Նոյյան տապանը շարժել է հատկապես քրիստոնյա աշխարհի անսահման հետաքրքրությունը, հավերժական սպիտակատես ու անհաս գագաթը դեպի իրեն է ձգել համարձակ ճանապարհորդներին…1828-ի փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի խանությունը Ռուսաստանին հանձնելուց հետո ռուս գիտնականներն անմիջապես ձեռնամուխ եղան ինչպես ողջ Արևելյան Հայաստանի, այնպես էլ բիբլիական Արարատի գիտական հետազոտությանը: Դրանցից առաջինը Դորպատի (այժմ` Էստոնիայի Տարտու քաղաքը) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտն էր»,- պատմում է Աշոտ Մելքոնյանը: Պարրոտի արշավախմբում ընդգրկված էր նաև գրող, հասարակական գործիչ Խաչատուր Աբովյանը, ով այնժամ 20 տարեկան էր տակավին։ 1829-ի սեպտեմբերին երկու անհաջող փորձից հետո արշավախումբը միայն երրորդ անգամ է կարողանում հաղթահարել ուղղաձիգ լեռն ու հասնել կատարին: Դա սեպտեմբերի 27-ի (նոր տոմարով` հոկտեմբերի 9-ի) ցերեկվա ժամը 3-ն անց 15 րոպեին էր: «Լուրջ ու լուռ, և ոչ առանց բարեպաշտ սարռսուռի,- խոստովանում է Պարրոտը,- ոտք դրեցինք այնտեղ, ուր անկասկած Նոյի ժամանակներից ի վեր չէր քայլել և ոչ մի մարդկային էակ»,- հիշատակվում է Աշոտ Մելքոնյանի գրքում: «Ֆրիդրիխ Պարրոտի և Խաչատուր Աբովյանի փառահեղ վերելքով բացվեց Արարատի պատմության նոր դարաշրջանը: Եկան նոր արշավախմբեր, որոնք հաղթական վերելքի մատյանը հարստացրին նոր էջերով»: Ահա այդ վերելքի մատյանի հերթական էջը լրացվեց 2007-ի օգոստոսի 10-ին, ինչն էլ նախապատմություն դարձավ ֆիլմի և համանուն գրքի համար, որի շնորհանդեսին գնահատանքի տպավորիչ խոսքեր հնչեցրին ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, Լոնդոնի Թեքեյան խնամատար մարմնի նախագահ Վարդան ՈՒզունյանը, անվանի գրականագետ Երվանդ Ազատյանը) արժևորելով ազգային արժեքների ու սրբությունների քարոզչական նշանակությունը, արժեքներ, որոնց հետևորդը չէ սոսկ Աշոտ Մելքոնյանը, այլ նոր ուղի հարթող պատմաբան:
Խորապես տպավորված գրքի ու ֆիլմի հուզառատ և խիստ ուսուցողական բովանդակությամբ` շնորհանդեսից հետո մի քանի հարց ուղղեցինք անվանի գիտնականին։
-Պարոն Մելքոնյան, Դուք ավելի քան հարյուր գիտական աշխատությունների և ինը գրքի հեղինակ եք: Բացի քարոզչական նշանակությունից, ուրիշ ինչո՞վ են առանձնանում Ձեր գրքերը։
-Ես հիմնականում զուտ գիտական, մասնագիտական գրքերի հեղինակ եմ, որոնք նվիրված են Արևմտյան Հայաստանի զանազան շրջանների ժողովրդագրությանն ու Ջավախքի պատմության հարցերին: «Արարատ. հայոց անմահության խորհուրդն» առանձնանում է նրանով, որ, գիտականից բացի, շոշափում է նաև գիտահանրամատչելի բազմաթիվ խնդիրներ և ուղղված է լայն հասարակությանը։ Ամենակարևորն այն է, որ Արևմտյան Հայաստանը, որպես մեր հայրենիքի անբաժան մասի գաղափար, դրված է և՛ ֆիլմի, և՛ գրքի հիմքում: Իմ նպատակն է մեր սերունդների մտայնությունից մեկընդմիշտ հանել այն սխալ մոտեցումը, թե մեր պատմական հայրենիքի ահռելի զանգվածը մեկընդմիշտ կորած է: Ճիշտ է, ցեղասպանության հետևանքով մենք կորցրել ենք այն, բայց դա ամենևին չի նշանակում, թե գործընթացներն անդառնալի են:
-Կարելի՞ է ասել, որ սա Ձեր մասնագիտական պրպտումների գագաթն է։
-Զուտ գիտական աշխատություններ շատ եմ գրել, բայց ուխտագնացության մասին ոչինչ գրել չէի կարողանում: Արարատն ուղղակիորեն ինձ մղեց դրան: Դա, իրոք, գագաթնակետն էր:
-Պատմաբաններն էությամբ ռոմանտիկնե՞ր են, զգացմունքայնությունը չի խանգարո՞ւմ պատմաբանին:
-Շատ տեղին հարց է: Գիտե՞ք, մեզ` հայ պատմաբաններիս, բազմիցս մեղադրել են, որ մենք հաճախ դավաճանում ենք մեր մասնագիտական առաքելությանը` դառնալով զգացական, քանզի պատմաբանին պետք է հատուկ լինեն սառը միտքն ու դատողությունը: Բայց հրեա պատմաբանների հետ զրուցելիս հասկանում ես, որ եթե խոսքը ցեղասպանության մասին է` զգացմունքայնությունը դառնում է պարտադիր։ Հատկապես Արարատի գագաթին, որտեղ ես ուղղակի փլվեցի...
-Ասացիք` ոչինչ անդառնալի չէ: Կարծում եք` երբևէ կլուծվի՞ հայկական հարցը:
-Խորհրդային պետության փլուզումից առաջ դա անհավանական էր թվում բոլորիս: Այժմ համոզված եմ, որ 21-րդ դարում տեղի է ունենալու Թուրքիայի անկումը: Իբրև պատմաբան, ժողովրդագրության մասնագետ, հավատացնում եմ, որ այդ երկիրը չի կարող երկար կյանք ունենալ, քանի որ այն կայսրություն է, իսկ բոլոր կայսրություններն էլ ինչ-որ ժամանակ փլուզվում են: Այսօր Արևմտյան Հայաստանը Թուրքիա չէ, այլ, ցավալիորեն, Քրդստան, բայց առաջին հերթին Հայաստան է բոլոր առումներով, քանզի հողը երբեք չի մոռանում իր իրական տիրոջը: Եվ երբ տեղի ունենա Թուրքիայի անկումը, մենք, իբրև ազգ ու պետություն, պետք է պատրաստ լինենք այդ օրվան, այլապես կպարզվի, որ Ախուրյան-Արաքսից այն կողմ այլևս քրդական պետություն է:
-Ինչպե՞ս պետք է պատրաստվենք այդ բաղձալի օրվան:
-Պետք է ունենանք պետականության զգացում։ Տեսեք, անկախության որերորդ տարում ենք, բայց, որպես պետականության զգացողություն ունեցող ազգ, ցավալիորեն դեռ չենք կայացել: Ամեն ինչ բարդում ենք այս կամ այն պաշտոնյայի վրա, առանց հաշվի առնելու, որ մենք ենք մեղավոր: Քանի դեռ մենք մեզ այս հողի տերը չենք զգացել, ոչինչ չի ստացվելու: Որ օրը ձեռք բերեցինք այդ մտածողությունը, կունենանք անկախ, ազատ, միացյալ Հայաստան:
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3830

Մեկնաբանություններ