ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ես ընդամենը երաժիշտ եմ, այն էլ՝ Դանիել Երաժիշտ, ու ապրում եմ «հեռավոր» Բանգլադեշում»

«Ես ընդամենը երաժիշտ եմ, այն էլ՝ Դանիել Երաժիշտ, ու ապրում եմ «հեռավոր» Բանգլադեշում»
03.10.2008 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՀՈԳԵՊԱՀՈՒՍՏԸ»
…և ոչ միայն մշակույթի մասին

Հայ հոգևոր երաժշտության գանձարանի անխոնջ մշակն է ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏԸ, ով ասելիք ունի նաև իր մասնագիտական ոլորտից անդին խմորվող թեմաների շուրջ:
«ԵԹԵ ՄԱՐԴՈՒՆ ԴՆՈՒՄ ԵՍ ԱՆԱՍՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԵՋ` ՆԱ ԿԱ՛Մ ԱՊՍՏԱՄԲՈՒՄ Է, ԿԱ՛Մ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԱՆԱՍՈՒՆԻ»
-Մաեստրո, մեր հանդիպումը մեկ-երկու օր հետաձգվեց՝ կապված Հայ առաքելական եկեղեցու գլխավոր արարողություններից մեկի՝ Մյուռոնօրհնեքի հետ: Ս. Էջմիածնի Մայր տաճարի բակն այդ օրն աննախադեպ մարդաշատ էր: Ի՞նչ եք կարծում, բոլորին այդտեղ էր բերել կատարվող ծեսի հոգևոր բովանդակության գիտակցո՞ւմը, թե՞ ընդամենն ինչ-որ հանդիսության, սովորական մի հավաքի մասնակից դառնալու մղումը:
-Բնականաբար, բազմության մի ստվար հատված սրտանց գնում է եկեղեցի և վերապրում հոգևոր կյանքի այդ մեծ իրադարձությունը: Բայց միշտ էլ լինում են ուղղակի հետաքրքրասերներ, որ նման են տեսարժան վայր այցելած զբոսաշրջիկների, մանավանդ որ այդ ծեսը շատ գեղեցիկ է: Չի լինում ստերիլ բազմություն, իսկ թե ինչպիսի համամասնություն է տիրում այդ երկու տեսակների միջև, ինձ համար պարզ չէ: Դա վիճակագրության խնդիր է:
-Կարո՞ղ ենք ասել, որ մեր հանրապետության նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած հանրահավաքները ևս որոշ մարդկանց համար ընդամենը ժամանցի նոր, թարմ ձև էին, զբոսնելու հարմար առիթ:
-Ենթադրում եմ, որ հանրահավաքների գնալը վտանգավոր է. չէ՞ որ հայտնի է՝ երեկոյան տունդարձի ճանապարհին Երևանի փողոցներում, մանավանդ՝ ծայրամասերում, թափառում են շների ոհմակները: ՈՒստի, ըստ իս, գնում են նրանք, ովքեր խիստ անհրաժեշտություն են զգում, ովքեր չեն կարող այլևս այսպես ապրել: Ես քրիստոնյա եմ, մարքսիստ չեմ, բայց պիտի հիշեցնեմ Էնգելսի խոսքերը. «Եթե մարդուն դնում ես անասնական պայմանների մեջ` նա կա՛մ ապստամբում է, կա՛մ վերածվում անասունի»: Ոմանց դեպի հանրահավաքներ մղում էր ապստամբ ոգին, ոմանք էլ գուցե սրանց կարեկիցներն էին: Դժվար է բնութագրել այդ բազմաշերտ հանրությանը, բայց այնտեղ հավաքվածները զբոսանքի չէին ելել: Չնայած այդ հանրահավաքները նաև կոչեցին քաղաքական զբոսանք, բայց դա, կարծում եմ, պետք է ընկալել չակերտներում:
-Ժողովուրդը Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ տեսնում էր իր իդեալական առաջնորդի՞ն, թե՞ դա այլընտրանք էր, առկա իրավիճակից ելք փնտրելու մի տարբերակ:
-Նախագահական ընտրությունների ընթացքում շրջանառության մեջ մտավ մի արտահայտություն, թե պետք է ընտրենք վատին՝ վատագույնից խուսափելու համար: Ընդհանրապես, այս հարցի շուրջ դժվար է խոսել, որովհետև մենք չունենք ինֆորմացիա: Ես սովոր չեմ խոսելու՝ առանց նյութը հստակ իմանալու, ուստի խոսում եմ ենթադրաբար, և գուցե ասածներս չեն համապատասխանում իրականությանը:
«ՈՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ, ՆԱ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆ Է»
-Ինֆորմացիայի պակասի հարցում ո՞վ է մեղավոր: Այն տեղ հասցնողնե՞ր չկան, մե՞նք ենք անհետաքրքրասեր, թե՞ ուղիներն են փակ:
-Նժդեհն ասում էր, թե երկրի ղեկավարությունը պարտավոր է ժողովրդին բացատրել, պատճառաբանել կատարվող կարևոր իրադարձությունները: Դե՛, մեր ղեկավարությունն էլ ինչքան կարողանում է կամ ինչքան ցանկանում է, այնքան էլ տալիս է ինֆորմացիա: Բայց, ինչպես ասում էր Օստապ Բենդերը, «Պարոնա՛յք երդվյալ ատենակալներ, նիստը շարունակվում է»:
-Եվ այդ շարունակությունը երկարելո՞ւ է, հանգուցալուծումները շա՞տ են ուշանալու:
-Այդ հարցին միայն քաղաքագետները կարող են պատասխանել, մեկ էլ՝ երգիծաբան Ժվանեցկին, որն ասում էր. «Թունելի վերջում լույս է երևում, բայց էդ անտեր թունելը ոչ մի կերպ չի վերջանում»: Ես ընդամենը երաժիշտ եմ, այն էլ՝ Դանիել Երաժիշտ: Ապրում եմ «հեռավո՜ր» Բանգլադեշում, «դեպքի վայրից» շատ հեռու, և իմ տնից կենտրոնը չի երևում: Բայց կյանքը կանգ չի առնելու: Մենք բոլորս պիտի դասեր քաղենք կատարվածից: Պիտի աշխատենք ապրել, գործել առաքինաբար, որ կյանքը չպղտորվի, ու չընկնենք այսպիսի գլուխկոտրուկների մեջ՝ բառիս բուն իմաստով:
-Այսպիսի գլուխկոտրուկներ, այս և այլ տեսակի «թեժ կետեր» հիմա շատ կան աշխարհում, ուստի աշխարհափրկության խնդրով այսօր մտահոգ են շատերը:
-«Պատերազմ բոլորի՝ ընդդեմ բոլորի» գործընթացը շարունակվում է: Քանի կա մարդը, քանի կան ընչաքաղցությունը, նախանձը, ամբարտավանությունը, մեծամտությունը, մարդկային կրքերը, սանձարձակությունը, «թեժ կետերը» չեն վերանա: Նժդեհն ասում էր. «Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից»: Ափսոս, որ այսօր չկան Նժդեհի նման նվիրյալներ, որ կարողանան գլուխ հանել այս խաչբառից: Հայաստանն ուղղակի ափսոս է, որովհետև կորցնելու բան ունի: Բոլոր ազգերն էլ արժեքներ ստեղծել են («Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում»), բայց Հայաստանը պետք է համայն մարդկությանը: Ինչպես ստորգետնյա ջրերն են սնուցում երկրագունդը, այնպես էլ Հայաստանն է սնուցում ողջ աշխարհի մարդկությանը: Ինչպես Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերը մարդկության ապագա ջրի պաշարներն են, այդպես էլ Հայաստանը, հայ մշակույթն են աշխարհի հոգեպահուստը: Նիկողայոս Մառն էր նշում, թե որքան է Հայաստանը հարստացրել այլ ժողովուրդների մշակույթը: Մեզ պակասում է հայրենասիրությունը: Ինձ համար հայրենասիրությունը նախ և առաջ սերն է ժողովրդի, ապա նոր տարածքի նկատմամբ: Ով ժողովրդին չի խնայում, նա հայրենիքի դավաճան է: Մենք ավելորդ հայ չունենք: Ժողովուրդը կենդանի հայրենիքն է, հայրենիքի բովանդակությունը: Տարածքը ձևն է և զրահը: Ձևը խնամելը, իսկ բովանդակությունը ոչնչացնելը նորմալ երևույթ չէ:
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՆ ԵՆ ԽՃՃՎԱԾ, ԱՍՏՎԱԾԱՅԻՆԸ ՊԱՐԶ Է»
-Եվ, այնուամենայնիվ, աշխարհը կփրկի գեղեցի՞կը, բարությո՞ւնը, միասնությո՞ւնը, ողջախոհությո՞ւնը, ո՞ւժը… թե՞ մեկ այլ բան: Առհասարակ ինչի՞ց ու ինչպե՞ս փրկել աշխարհը:
-ՈՒժը՝ դժվար թե: Դա հիշեցնում է Գեբելսի խոսքերը. «Ով չի հավատում, թե Գերմանիայում լիակատար դեմոկրատիա է, գնդակահարել»: Ասում են՝ գեղեցիկը կփրկի աշխարհը: Բայց նախ պետք է գեղեցիկը փրկել, որն այսօր ոտնահարվում է: Մեր կյանքում թագավորում է տգեղը: Փրկությունը Աստծո ձեռքին է: Աստծուն պետք լինի մարդկությանը կատարելագործել, կանի: Այգեպանի պես կէտի գոսացած ճյուղերը, որպեսզի փարթամանա ծառը: Առանց Աստծու ոչինչ հնարավոր չէ անել: Սա ավետարանական ճշմարտություն է: Մարդկային գործերն են խճճված, աստվածայինը պարզ է: Կարծում եմ, Աստված նաև ուսուցիչ է և մարդկանց խրատներ է տալիս, երբ նրանք սխալվում են: Դժվար է միանշանակ ասել՝ որն է խրատ, որն է փորձություն, որը՝ պատիժ: Մենք մեղավոր ենք, որ այս վիճակում ենք: Ափսոս, որ կեղծիքն ավելի իշխող է, քան ճշմարիտը: Շուբերտն ասում էր, թե Մետեռնիխն ամեն ինչ արել է, որ արվեստագետին ծնկի բերի առևտրականի առջև: Բայց երևի Շուբերտի ժամանակներն ավելի վատն էին, որովհետև մեծ կոմպոզիտորն ասում էր. «Ինչպիսի՜ դժբախտություն է ծնվել ավստրիացի»: Իսկ մենք այսքանից հետո ասում ենք. «Հպարտ ենք, որ հայ ենք»: ՈՒրեմն ավելի լավ վիճակում ենք, քան Շուբերտը: Բայց Շուբերտն ավելի լավ էր ստեղծագործում, քան մենք:
-Մաեստրո, Դուք առօրեական շփման մեջ եք գեղեցիկի, երկնայինի հետ։ Դա թեթևացնո՞ւմ է կյանքը, թե՞ ավելի է ընդգծում նրանում առկա աններդաշնակությունը:
-Ամեն անգամ հաղորդակցվելով գեղեցիկի, երկնայինի հետ, մտածում եմ, որ եսասեր եմ, միայն ինքս եմ այդ բարիքներից օգտվում: Շատ եմ ցանկանում համայն աշխարհին կոչ անել ու ասել՝ գեղեցիկը թողած՝ տգեղը մի ընտրեք: Ինչո՞ւ ենք մարմնական սննդի դեպքում մաքուրն ընտրում (թեև դա էլ այսօր կասկածելի է), իսկ հոգևոր սննդի դեպքում՝ անմաքուրը: Մի՞թե մարմինն ավելի կարևոր է, քան հոգին: Շատ մարդիկ ապրում են պատրանքով: Մեզ թվում է, թե մենք ենք ձուկ որսում, բայց ձուկն է մեզ որսում: Էկզիստենցիալիստներն ասում են՝ մեզ թվում է, թե ապրում ենք, այնինչ «մեզ են ապրում»: Եվտուշենկոն էլ նման միտք ունի. մեզ թվում է, թե նայում ենք հեռուստացույց, բայց հեռուստացույցն է մեզ նայում, մեզ կառավարում: Դա մարդուն վայել վիճակ չէ: Բնության մեջ խոտն է ղեկավարում կովին: Որտեղ խոտն է, կովն այնտեղ է գնում: Այսինքն՝ դաշտն է ղեկավարում, կերն է ղեկավարում: Բայց մարդուն վայել չէ այդ տեսակ կյանքը, թեև հաճախ են այն մեզ պարտադրում: Վերջին շրջանում շատ են խոսում կյանքի որակի մասին, բայց ո՞ւր է այն: Երևանի սանիտարական վիճակը, ճարտարապետությունը, ճանապարհները կարո՞ղ են որակ ապահովել: Հայաստանում քայլելը կարծես սպորտի ձև լինի. պիտի շրջանցես ջրափոսերը, տեղավորվես քարուքանդ եղած, ծուռտիկ մայթերին: Շուտով մեքենաներին քսվելով ենք հասնելու մեր տները: Ռախիտիկ զարգացում է ապրում մեր երկիրը: Փոխանակ սահմանամերձ գյուղերն ամրացնեն, բնակչությանը համամասնաբար տեղաբաշխեն ամբողջ հանրապետության տարածքում, ամեն ինչ բերել-կուտակել են մայրաքաղաքում: Հայրենիքի ճիշտ բնակեցումը ռազմավարական նշանակության հարց է: Արվեստի ստեղծագործություններում ամեն ինչ ներդաշնակ է, այնինչ մեր իրականության մեջ ներդաշնակությունը խախտված է: Այսօրվա նյութապաշտությունը, կռապաշտությունն ահավոր են: Լատինաամերիկյան մի բանաստեղծ ասել է, թե ոսկի խժռած մարդը խուլ է տիեզերական նվագախմբի հնչյունների հանդեպ: Երբ մարդու հոգին նյութականացվում է, այլևս թրթիռ չի ապրում, կուրանում է գեղեցիկի հանդեպ, ապրում է տգեղ կյանքով: Հիմա տեխնիկայի դարաշրջան է, ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մարդկանց կյանքը դարձել է ավելի բարեկեցիկ, զարգացումը՝ ավելի հնարավոր և ակնառու: Գրող Սոլոուխինն ասում էր, թե նախկինում մարդիկ սագի փետրագրիչներով հավերժական մտքեր էին գրում, իսկ այսօր հավերժական գրիչներով սագի մտքեր են գրում: Գրեթե ամեն երիտասարդ մեր օրերում համակարգիչ ունի, բայց նրանցից քչերն են փայլում մտքի հարստությամբ: Նժդեհն ասել է. «Երիտասարդությո՛ւն, աշխարհի անգերազանցելի գեղեցկագույնն ես դու, երբ բարձրանպատակ ես»: Այսօրվա երիտասարդությունն ի՞նչ բարձր նպատակներ ունի, երբ նյութի հետևից է ընկել: Նյութականը պատվանդանն է, հոգևորը՝ արձանը: Որքա՜ն տգեղ է, երբ պատվանդանը բարձրանում է արձանի վրա, նյութն իշխում է հոգուն: Ֆրեյդը մարդու ենթագիտակցությունը համեմատում էր ձիու հետ, գիտակցությունը՝ հեծյալի: Անբնական է, երբ ձին հեծնում է հեծյալին: Այսպիսի անտրամաբանական ապրելակերպով հայրենիք չես կառուցի: Այդպիսի հայրենիքը խոցելի կլինի:
«ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ՉՏԱՐՐԱԼՈՒԾՎԵԼ ԱՎԵՐԻՉ ՀՈՎԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ»
-Կյանքի թոհուբոհը Ձեզ չի՞ խանգարում արարել երաժշտության անդաստանում, գրել գրքեր, վարել ռադիոհաղորդաշար, դասավանդել: Այս իմաստով ի՞նչ ունի ստանալու Ձեզանից ժողովուրդն առաջիկայում:
-Ժողովուրդն ինձանից պիտի հաշվետվություն ստանա: Պիտի հավատա, որ ես իզուր չեմ ապրում: Մարդն իր կյանքը պիտի ապրի արարելով: Նիկոլայ Բերդյաևն ասում էր, որ մարդու գոյությունն արդարացվում է ստեղծագործությամբ: Ես նկատի չունեմ միայն երաժշտության ասպարեզը: Փողոցը մաքրելը, այգին խնամելն էլ յուրօրինակ ստեղծագործական վերաբերմունք է շրջապատի նկատմամբ: Եթե արհեստը լավ ես անում, դառնում է արվեստ, և հակառակը: Ես նախևառաջ փորձում եմ արվեստի, գեղեցիկի միջոցով չկորցնել իմ դիմագիծը, չտարրալուծվել այս դեստրուկտիվ, ավերիչ հովերի հորձանուտում: Սա է նաև իմ խնդիրը: Մանկավարժ եմ, դասավանդում եմ կոնսերվատորիայում և Չայկովսկու անվան դպրոցում: Ինքս ավելի հաշվետու եմ իմ ուսանողների առջև, քան նրանք՝ իմ: Աշխատում եմ հոդվածներիս ժողովածուի հաջորդ հատորի վրա: Դրանում կընդգրկվեն «Վեմ» ռադիոկայանով հեռարձակվող իմ հեղինակային՝ «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի նյութերը, «Ազգ», «Երաժշտական Հայաստան», «Հայ արվեստ» պարբերականներում տպագրված հոդվածները: Նախատեսված է «Հրաշամանուկներ» գրքույկի երկրորդ պրակի տպագրությունը: Դրանում ավելի շատ են ներկայացված հայ հրաշամանուկները: Հոգևոր երաժշտության մշակումներ եմ անում՝ «Շարական» անսամբլի ծրագիրը թարմացնելու նպատակով: Պատրաստվում ենք Վազգեն Վեհափառի ծննդյան 100-ամյակին նվիրված փառատոնի բացմանը: Ես նման եմ այն հռոմեացուն, որն իր տունն ապակուց էր կառուցել: Տեսանելի եմ չորս կողմից, ապրում եմ թափանցիկ: Նույնիսկ սիրում եմ կատակել. «Ղափանցիք սիրում են թափանցիկ»: Նախկինում կային սյունակյացներ, որոնք ապրում էին սյուների վրա: Իհարկե, ամոթ է, որ ինձ համեմատում եմ նրանց հետ, նրանք կատարյալ են, և մենք պարզապես պիտի նրանցից օրինակ վերցնենք: Հեգելն ասում էր՝ Սոկրատեսն իր կյանքը վերածել է ստեղծագործության: Մենք էլ պիտի կարողանանք այդպես ապրել, եթե ոչ լույս տալ, ապա գոնե անդրադարձնել, ոչ թե կլանել սև խոռոչների նման:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4936

Մեկնաբանություններ