«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը չի ցանկանում, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախորդ իշխանությունների նման քաղաքական դատավարություն լինի: Որպեսզի լիարժեք իրավական գնահատական տրվի ոճրագործությանը, ասում է, համապատասխան երկիր ու հզոր պետություն պետք է ունենանք: Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն ընդգծում է՝ պատերազմը մեր քթի տակ է, իսկ մենք առավոտից երեկո դատավարություններով ենք զբաղվում. «Դատավարությունները կհամբերեն, պատերազմը չի համբերի, լուրջ խնդիրներ ունենք, երկրի տնտեսության, զարգացման և, իհարկե, դատաիրավական համակարգի բարեփոխման առումով: Առանց այդ համակարգի բարեփոխման որևէ դատավարություն հույս չի ներշնչելու: Շատ ցանկանայի, որ «Հոկտեմբերի 27-ի» դատավարության ժամանակ բացահայտվեր բուն գործը, բացահայտվեր ըստ էության, բայց այն չի բացահատվել, քանի որ քաղաքական ենթատեքստ է ունեցել։ Նախորդ իշխանություններն ասում էին` «ուչաստկովիի» գործ է, ու ամեն ինչ անում էին, որ խնդիրը սևեռվեր ոճրագործությունն իրականացրած հինգ մարդու վրա միայն: Դատական համակարգն այսօր լուրջ պրոբլեմների մեջ է, պրոբլեմ ունենք նաև Սահմանադրական դատարանում»:
Ըստ Սարգսյանի՝ այսօրվա քաղաքական գործընթացներին հետևում է նաև գլխավոր հանցագործն ու ենթադրություններ, եզրակացություններ է անում: Եվ ինչպես բանտում գտնվող ցանկացած անձ, որը մտածում է օր առաջ դուրս գալ այդտեղից, շարունակում է նա, Հունանյանը կարող է տարբեր վարկածներ մտածել, թե որը շահեկան կլինի իր համար: «Թեև օրվա իշխանությունները շահագրգռված են գործի բացահայտմամբ և այդ առումով կասկած չեն հարուցում, բայց այս փուլում չէի ցանկանա, որ գործը վերաբացվեր: «Հոկտեմբերի 27»-ի նման բարդ դատավարությունները պետք է տեղի ունենան այնպիսի ժամանակ, երբ դատաիրավական համակարգն ամբողջությամբ ձևափոխված կլինի, երբ հանրային լուրջ վստահություն կունենանք, պետությունն էլ իսկապես ուժեղացած կլինի: Պետք է երկրի տնտեսության ու բանակի ամրության, ապա նոր դատավարությունների մասին մտածենք: Երբ ՀՀ-ն ուժեղ կլինի, այդ ժամանակ նոր կարող ենք ստուգել արտաքին քաղաքական վարկածը: Չեմ կարծում, որ այսօր, երբ Ռուսաստանի նախագահը, Հայաստան այցելելով, ցանկանում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, կամ Ռուսաստանի դեսպանատանը հանդիպում է Քոչարյանի կնոջը, իրենց իշխանություններն էլ ամեն կերպ աջակցում են երկրում բազմաթիվ մեղադրանքների համար մեղադրվող Քոչարյանին, իշխանությունները կարող են ստուգել արտաքին քաղաքական միջամտությունը: Գործի՝ քաղաքական ենթատեքստ ստանալուն, կրկնում եմ, կատերգորիկ դեմ եմ: Մեզ միայն արդարադատություն է պետք»,- եզրափակում է նա:
Արամ Սարգսյանը լրագրողների հետ այս ճեպազրույցը Եռաբլուր զինվորական պանթոնում ունեցավ, որ ամեն տարվա նման մարդաշատ չէր հոկտեմբերի 27-ին: Ոճրագործության զոհ դարձած սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին էին այցելել նրա ընտանիքի անդամները, հարազատները, մարտական ընկերներն ու ուղղակի քաղաքացիներ: Քաղաքական ուժերը, պետական այրերը, մշակութային ու հասարակական դեմքերը, ըստ երևույթին, մոռացել էին օրվա խորհրդի ու սպարապետի մասին: Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանից, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից, «ԱդեկվաԴ» ու «Հանրապետություն» կուսակցություններից, գրողների նախագահ Էդվարդ Միլիտոնյանից, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանից, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանից ու ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից զատ Եռաբլուրի բարձունքում այլ դեմքերի չհանդիպեցինք: «Հոկտեմբերի 27-ի» մասին պատեհ ու անպատեհ առիթներով ելույթներ ունեցող թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ու մշակութային գործիչները փաստացի ամրագրեցին՝ պետական 8 այրի սպանության մասին հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ամենատարբեր ձևի ու բնույթի շահարկում: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ինչու ղեկավար անձինք այս տարի Եռաբլուր չեն այցելել, մերձիշխանական շրջանակներից պատասխանեցին՝ որոշել են ԱԺ բակում զոհերի հիշատակին տեղադրված հուշարձանի մոտ ծաղիկ խոնարհելով սահմանափակվել: Բայց եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ չէր կարող ութ զոհերի շիրիմներին էլ այցելել, ապա դա կարող էին անել օրենսդիրի ու գործադիրի ներկայացուցիչները: Ո՛չ փոխվարչապետերին, ո՛չ ԱԺ փոխխոսնակներին, ո՛չ «Իմ քայլը» խմբակցության որևէ պատգամավորի ամբողջ օրվա ընթացքում չհանդիպեցինք Եռաբլուրում:
Ցավոք, ոճրագործության 20-րդ տարելիցին Վազգեն Սարգսյանի մտքերն ու գաղափարները զօր ու գիշեր մեջբերողներն «անտեսել էին» նրան: Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողի մոտ (ԱԺ բակում) վարչապետ Փաշինյանի հետ հաճելի զրույցի բռնված, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որ ոչ հեռավոր անցյալում Վազգեն Սարգսյանի եղբոր թիմակիցն էր, ո՛չ եկել, ո՛չ էլ, ինչպես հասկացանք, իր կուսակցության անունից ծաղկեպսակ էր ուղարկել: Բայց դա այն օրն էր, երբ պետական բոլոր այրերը, քաղաքական ու մշակութային գործիչները, անկախ հայացքներից ու գզվռտոցներից, պետք է մի քանի րոպե ժամանակ գտնեին ու միասնաբար այցելեին թե՛ սպարապետ Սարգսյանի, թե՛ մյուս զոհերի շիրիմներին:
Խորհրդարանի բակում տեղադրված հուշարձանի մոտ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, այս ենթատեքստով երևի դիմեց վարչապետ Փաշինյանին ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին. «Շատ կուզեի՝ Յուրայի ֆիլմին կառավարությունից մարդ լիներ: Պարոն վարչապետ, գիտեմ՝ Դուք երկրում չէիք: Ալե՛ն, դո՞ւ ինչու չեկար»:
Ինչքան էլ քննադատենք նախորդ իշխանություններին, գոնե այս հարցում նրանք չէին թերանում, պետական այրերի հիշատակը հարգում էին՝ ըստ հավուր պատշաճի: Սերժ Սարգսյանը նախագահության բոլոր տարիներին (ինչպես և այս տարի) հոկտեմբերի 27-ին անձամբ է այցելել թե՛ Եռաբլուր, թե՛ Պանթեոն:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ