Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
15.10.2016 | 10:18

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ՀՀ նախագահի նստավայրում նրանց դիմավորել է ՀՀ նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Դիմավորման արարողությունից հետո սկսվել է ՀԱՊԿ պետությունների պատվիրակությունների ղեկավարների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ սեղմ կազմով նիստը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ:

Նիստը վարել է Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016 թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին և նշելով, որ փաստացի ամփոփվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, ՍերժՍարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս երևանյան գագաթաժողովի հաջող անցկացմանը: «Մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր համատեղ աշխատանքը լինի բովանդակալից և արդյունավետ, լինի Կազմակերպությունում մեր երկրների փոխգործակցության օգտին և, ընդհանուր առմամբ, նպաստի ՀԱՊԿ զարգացմանը: Այսօր ակնկալվում է մեր կողմից ավելի վաղ ընդունված պայմանավորվածությունների հետ կապված հարցերի բավականաչափ լայն շրջանակի քննարկում: Ակնկալվում է մի շարք փաստաթղթերի քննարկում, որոնց ընդունումը կսահմանի մոտակա ապագայում մեր զարգացման ուղենիշները:


Վստահ եմ, որ կառուցողական տրամադրվածությունն ու փոխադարձ աջակցության ավանդույթները կուղեկցեն մեզ նաև այս նստաշրջանի ընթացքում, թույլ կտան օպերատիվ կերպով համաձայնեցնել և ընդունել նոր կարևոր որոշումներ:
Այսօրվա միջոցառման ընդունող կողմի իրավունքով ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում: Բարի գալուստ Երևան»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է ՀՀ նախագահը:
Սեղմ կազմով բանակցություններին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:
Նստաշրջանում քննարկվել են ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթաժողովների որոշումների իրականացման ընթացքը, Կազմակերպությունում նախագահության ընթացքում ՀՀ առաջադրած առաջնահերթությունները:


Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում անդրադարձ է արվել միջազգային իրավիճակին և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցերին, դիտարկվել են մինչև 2025 թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:
2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունն ստանձնել է Բելառուսը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին գրավոր կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել իր երկրի նախագահության շրջանում:


Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում ստորագրվել են նաև Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստմանը, արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթեր: Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշել են օրակարգից հանել Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցը՝ դրա քննարկումը տեղափոխելով տարեվերջ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը լիագումար նստաշրջանում պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներին տեղեկացրել է սեղմ կազմով նիստի ժամանակ քննարկված հարցերի մասին:


«Իմ կարծիքով, մենք անցկացրել ենք բավականին արդյունավետ և անկեղծ քննարկում այն հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր գործերին և ազդում են մեր երկրների անվտանգության հարցերի վրա, պրոեկտվում և դրսևորվում են տարածաշրջանային մակարդակներում և ոչ միայն: Իհարկե, խոսել ենք նաև այն մարտահրավերների ու սպառնալիքների մասին, որոնց հետ բախվում է ամբողջ համաշխարհային հանրությունը, նախ և առաջ նկատի ունեմ ահաբեկչության և բռնության աննախադեպ բռնկումը, որի համար չի կարող լինել որևէ արդարացում:


Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Երևանյան նստաշրջանն ամփոփում է Կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը: Նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ձեռնարկվել են որոշակի միջոցներ ՀԱՊԿ-ում հետագա փոխգործակցության համալրման ուղղությամբ: Աշխատանքն ուղղված է եղել Կազմակերպության ներուժի մեծացմանը՝ ելնելով այն նպատակներից և խնդիրներից, որոնք սահմանված են Հավաքական անվտանգության մասին պայմանագրով, որի 25-ամյակը տոնելու ենք հաջորդ տարի»,-ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նստաշրջանում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ