ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիցցան՝ ահաբեկչության նոր հասցե

Նիցցան՝ ահաբեկչության նոր հասցե
15.07.2016 | 13:08

Երեկ գիշերը Ֆրանսիայի Նիցցա քաղաքի առափնյա Պրոմենադ դեզ Անգլե բուլվարում Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունից հետո վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Բեռնատարը բարձր արագությամբ մխրճվել է ազգային տոնը նշող մարդկանց մեջ: Ոստիկանները կարողացել են բեռնատարը կասեցնել՝ սպանելով վարորդին միայն երկու կիլոմետր զիգզագաձև ընթացքից հետո: Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ բեռնատարի վարորդը կրակ է բացել մարդկանց վրա, ոստիկանները բեռնատարի մեջ զենք և նռնակներ են հայտնաբերել: «Սա ամենասարսափելի ողբերգությունն է մեր քաղաքի պատմության ընթացքում», - Թվիթերում գրել է Նիցցայի քաղաքապետը: France-Presse-ը հաղորդել Է, որ ավտոմեքենայում գտել են Նիցցայի՝ թունիսցի ծագմամբ 31-ամյա բնակչի փաստաթղթեր:


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դիմելով ֆրանսիացիներին՝ հայտարարել է, որ «հարձակման ահաբեկչական բնույթը հնարավոր չէ հերքել»: Նա ասել է, որ «ամբողջ Ֆրանսիան է իսլամիստական ահաբեկչության վտանգի տակ», Ֆրանսիան, թեև սարսափած է կատարվածից, սակայն միշտ լինելու է ավելի ուժեղ, քան իրեն խփել ցանկացողները»: Նա մեկնել է Նիցցա: Ֆրանսիայի նախագահը որոշել է արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր հուլիսի 26-ին, երկարաձգել երեք ամսով, որ թույլ կտա տաս հազար ոստիկանների ներգրավել ահաբեկչության կանխարգելման մեջ: «Մենք կուժեղացնենք մեր գործողությունները Սիրիայում և Իրաքում: Մենք կշարունակենք իրենց իսկ որջում հարվածել նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Ֆրանսիայի դատախազությունը գործ է հարուցել ահաբեկչության հատկանիշներով: Քաղաքային իշխանությունները Նիցցայի բնակիչներին կոչ են արել մնալ տներում։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիցցայի հարձակման պատասխանատվությունը՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, գրում է բրիտանական The Daily Mail-ը:


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Նիցցայի ահաբեկչությունը. «ՄԱԿ-ի ԱԽ-ն լրջորեն դատապարտում է հուլիսի 14-ի երեկոյան Նիցցայում տեղի ունեցած բարբարոսական և ստոր հարձակումը, որը կատարվել է Բաստիլի գրավման օրը»,- ասվում է հաղորդագրությունում: Խորհրդի անդամները խոր ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին և Ֆրանսիայի կառավարությանը: ԱԽ-ում ընդգծել են, որ ահաբեկչության բոլոր գործողությունները հանցագործություններ են, որոնք արդարացում չունեն՝ անկախ դրդապատճառներից, որտեղ էլ լինեն և ով էլ իրականացնի, և հայտարարել են ահաբեկչական այդ գործողությունների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Նիցցայի հարձակումը: «Մեր մտքերն ու աղոթքները զոհերի ընտանիքների ու հարազատների հետ են: Վիրավորներին շուտափույթ առողջություն ենք մաղթում: Մենք խստորեն դատապարտում ենք այդ սարսափելի ահաբեկչական գործողությունը: Ես իմ թիմին հանձնարարել եմ մշտական կապ պահպանել Ֆրանսիայի իշխանությունների հետ: Մենք մեր օգնությունն ենք առաջարկել ողբերգության հետաքննության գործում»՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Նիցցայի ահաբեկչությունը.
«Հայաստանը վճռականորեն դատապարտում է Նիցցայում տեղի ունեցած հարձակումը: Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին», - ասված է ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում:
ԱԳՆ-ն ճշտում է՝ կա՞ն ահաբեկչության զոհերի մեջ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ, սոցցանցերի տվյալներով՝ մի հայ կին է զոհվել: Ինչու՞ են ահաբեկիչները թիրախ ընտրում Ֆրանսիան՝ ԵՄ-ում Ֆրանսիան ամենաթու՞յլ օղակն է անվտանգության առումով, թե՞ Ֆրանսիան է ամենաակտիվը ահաբեկիչների դեմ պայքարում: Թերևս ոչ մեկը, ոչ մյուսը: Եթե ահաբեկչության պատվիրատուն իսկապես ԻՊ-ն է, փոխվում է ձեռագիրը, մահապարտ շահիդների տարբերակից հրաժարվելով՝ դիմում են անսպասելի, բայց, ցավալիորեն, դարձյալ գործուն միջոցների: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, բարեբախտաբար, առանց ողբերգական միջադեպերի անցկացրած Ֆրանսիան գուցե թուլացրել էր զգոնությունը, գուցե սա ահաբեկչական նոր ալիքի սկզբն է: Ոստիկանությունը դեռ չի պարզել՝ մարդասպան վարորդը միայնակ է գործել, թե աջակիցներ է ունեցել: Բոլոր դեպքերում՝ տարօրինակ է՝ որ նա կարողացել է թե զիգզագաձև վարել բեռնատարը, թե հասցրել է կրակել փախչող մարդկանց վրա:

Դիտվել է՝ 2793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ