«ՍԱ ՏՈՆԱԿԱՆ-ՁՄԵՌՊԱՊԻԿԱԿԱՆ ԽՈՍՔՈՒԶՐՈՒՅՑ Է»

«ՍԱ ՏՈՆԱԿԱՆ-ՁՄԵՌՊԱՊԻԿԱԿԱՆ ԽՈՍՔՈՒԶՐՈՒՅՑ Է»
25.12.2009 | 00:00

«ԵՍ ԱՅՆ ՏԱՐԻՔՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ ԲԱՎԱՐԱՐԵԼ ԻՄ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ»
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ (ԿԳ նախարար)
-Պարոն Աշոտյան, սա լինելու է Ձեր նախարարական առաջի՜ն Նոր տարին, ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել այն:
-Մինչև հիմա ինչպես դիմավորել ենք, այնպես էլ դիմավորելու ենք:
-Անկեղծ չէր, պարոն Աշոտյան:
-Դիմավորելու եմ տանը, մեծ ընտանիքիս շրջապատում, ծնողներիս, երեխաներիս, բարեկամներիս հետ:
-Ի՞նչ եք նվիրելու Ձեր երեխաներին, որպես նախարար:
-Մեծս` ավագ տղաս, մեքենա է ուզել` էլեկտրական, իսկ փոքրս, որ դեռ տասն ամսական է, ոչինչ չի ուզել:
-Որ չի ուզել, ոչ մի բան մի նվիրեք, պարոն նախարար:
-Անպայման նվիրելու ենք, բայց չգիտենք` իր սրտով կլինի՞, թե՞ չէ։
-Մեծն ինչքա՞ն է:
-Երեքուկես:
-Էդ նա՞ է, որ չէր կարողանում Ձեզ նախարար ասել, մի գլուխ ասում էր` դեպուտատ:
-Նա է:
-Արդե՞ն:
-Այո, արդեն կարողանում է ասել` նախարար, բայց հիմա էլ ուրիշ բան է ասում։ Ասում է` պապ, շաբաթ-կիրակի քո աշխատանքը չի ավարտվո՞ւմ:
-Իսկ Դո՞ւք:
-Ես էլ ասում եմ, որ գործեր կան, որոնք կիրակի օրը պետք է արվեն:
-Իսկ նա՞:
-Նա` ի՞նչ:
-Հավատո՞ւմ է, որ կան Ձմեռ պապիկներ այս մեծ աշխարհում:
-Այո՛: Ինքը նամակ է թելադրել Ձմեռ պապին, մենք ուղարկել ենք այդ նամակը, Ձմեռ պապն էլ այն վերահասցեագրել է ինձ` «ի կատարումն» մակագրությամբ:
-Պարոն Աշոտյան, ինչպե՜ս եք թաղվել նախարարական «խորխորատների» մեջ։ Իսկ ի՞նչ կուզեիք Ձմեռ պապը Ձեզ համար բերի:
-Չեմ հասկանում, երբ ծնողը փորձում է իր երեխային հնարավորությունների շրջանակում բավարարել, դա նախարարական խորխորա՞տ է, թե՞ ավանդական հայկական մոտեցում:
-է՜, պարոն Աշոտյան, սա տոնական-ամանորյա հարցազրույց է, «նախարարականի» հետ կապ չունի։ Մի խոսքով, Դուք հավատո՞ւմ եք Ձմեռ պապին:
-Ես հավատում եմ բարու դրսևորմանը:
-Աշոտյան, ես վերջին անգամ եմ հիշեցնում` սա տոնական-ձմեռպապիկական խոսքուզրույց է` մոռացեք Հերոստրատին, ներեցեք, նախարարին։ Աշոտյան, ստացվում է, որ Դուք կորցրել եք կենդանի շփման իզը:
-Դե, որ հաճախ շփվեք հետներս կամ կենդանացնեք այդ իզը, կհասկանաք, որ չեմ կորցրել:
-Կամ էլ կիմանամ, թե ինչ է բերելու այս տարի ձեզ Ձմեռ պապի՜ն։ Կուզեք ի՞նչ բերի:
-Ես այն տարիքում եմ, որ ավելի շատ մտածում եմ բավարարել իմ մերձավորների ակնկալիքները, առողջություն պարգևել նրանց, մնացած ամեն ինչ կարելի է ձեռք բերել աշխատանքով:
-Անկեղծ էր` «ա»: Եվ «բ». Աշոտյա՜ն, Ձմեռ պապից սպասելիքը մեր հարաբերումն է երազների, մեր մանկության, ճերմակի ու ձյունի, մեր չպատմած հեքիաթների հետ, իսկ դու հայտնի մուլտֆիլմի հերոսի նման կորցրել ես հեքիաթդ: Աշոտյան, դու երբևէ եղե՞լ ես Լապլանդիայում:
-Ո՛չ:
-Բայց գոնե Նոր տարին սիրո՞ւմ ես:
-Շա՜տ: ՈՒ ոչ միայն Ամանորի առիթով, այլ որ (ինչպես ասացի՞ր), հա, հեքիաթի ու մանկության, ձյունի զգացողությունն է վերադառնում:
-Վերջապե՜ս, Աշոտյան...

«ԻՍԿ ԷՆ «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԱՆԸՆԴՀԱՏ ԳՐՈՒՄ Է, ՈՐ ԵՍ ԽՄԱԾ ԵՄ»
ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ (ԱԺ հանրապետական պատգամավոր)
-Պարոն Զոհրաբյան, ուզում եք Ձմեռ պապը ի՞նչ բերի Ձեզ` «ախ, երնեկ էս Նոր տարին...»:
-Էդ ի՞նչ հարց տվիր:
-Հա, հենց էդպես, ինչպե՞ս եք դիմավորելու Նոր տարին:
-Սովորական` պոպոք, պնդուկ, մանդարին, մնացածն էլ պարզ է:
-Դե, ամբողջ խնդիրն էլ հենց էդ «մնացածն» է, որ ուզում ենք պարզել:
-Մնացածը խմիչքն է:
-Ի՞նչ տեսականի եք նախընտրում:
-Ես այդ հարցերում գիտակ չեմ, կինս և դուստրս են առևտուրն անում:
-Խմիչքն է՞լ:
-Այո, ես սպառող եմ:
-է՜, պարոն Զոհրաբյան, կին են, աղջիկ են, հարս են, «կնոջ մի ձեռը գող պիտի ըլնի», կգնան` էժան խմիչք կբերեն:
-Էժա՞ն:
-Հա՜:
-Չէ՜, էդպիսի բան չեն անի: Իրենք լավ գիտեն:
-«Տեկիլա» խմո՞ւմ եք:
-«Տեկիլա» ես ընդհանրապես չեմ խմում:
-«Լավիկն» է շատ:
-Միայն «Արենի» գինի եմ խմում ու շատ քիչ, իսկ էն «Չորրորդ իշխանությունն» անընդհատ գրում է, որ ես խմած եմ:
-Ծը՛-ծը՛-ծը՛, ո՜նց էլ չեն ամաչում:

«ԿԳՆԱՄ, ԿՆԱՅԵՄ ԹՌՉՈՂ ԱՓՍԵՆԵՐԻՆ, ԿԳԱՄ, ՁԵԶ ԿՊԱՏՄԵՄ»
ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆ (արդարադատության նախարար)
-Պարոն Դանիելյան, որտե՞ղ եք դիմավորելու Նոր տարին:
-Ջերմուկում:
-Սիրո՜ւմ եք Ջերմուկը:
-Բոլոր դեպքերում` այո:
-Էդ ասում եք` Ջերմուկ, որ նախագահին դո՞ւր գաք, պարոն Դանիելյան:
-Չէ, չէ, ուղղակի Ջերմուկի կլիման շատ լավն է, ու հրաշալի բնություն ունի:
-Ձեր սերն առ Ջերմուկ քանի՞ տարվա է:
-Առաջին անգամ է:
-Դե, ասում եմ, չէ՞, նախագահից եկած սեր է:
-Դա Ձեր ենթադրությունն է, իսկ ենթադրել Ձեզ ոչ մեկը չի արգելում։ Իսկ Ջերմուկն իսկապես հրաշք բնություն ունի, մի անգամ ձմռանն ընկերներիս հետ անցանք միջով, ես այդ գեղեցկությամբ ապշած էի:
-Իսկ կարո՞ղ է` Դուք նախորդ կյանքում պոետ եք եղել, ու պոետը զարթնում է Ջերմուկում։ Ջերմուկը «տենց խասիաթ» ունի:
-Շատ հնարավոր է: Բայց ինչո՞ւ միայն Ջերմուկում, Երևանում էլ հնարավոր է` բանաստեղծն արթնանա:
-Չէ, Ջերմուկի աուրան բոլորովին այլ է, այնտեղ թռչող ափսեներ են իջնում ձյան ճերմակի վրա, լուսնի լույսի ներքո հրեշտակներն են շրջում:
-Չեմ եղել, չգիտեմ, կգնամ, կնայեմ թռչող ափսեներին, կգամ, Ձեզ կպատմեմ:
-Չէ՜, պարոն Դանիելյան, ասվում է` սիրեք ափսեները` թռչող, ձեր մեջ, և ոչ թե ձեզ` ափսեներում։ Համ էլ ես ինքս ահավոր սիրում եմ Ջերմուկը, է՜, 92 թվից:
-Դո՞ւք էլ, հա՞:
-Ըհը, «մենք» էլ: Իսկ Նոր տարի՞ն: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանից:
-Երբեք չեմ կապում իմ ակնկալիքները, գործունեությունը ժամանակագրության հետ: Միգուցե ընդունված է տարին ամփոփել, ծրագրեր ներկայացնել:
-Պարոն Դանիելյան, ախր մենք Ջերմուկից էինք խոսում, թռչող ափսեներից, այսպիսով, ի՞նչ բանաստեղծական ակնկալիքներ ունեք Նոր տարուց:
-Ոչ մի ակնկալիք։
-Ձմեռ պապին է՞լ չեք սպասում:
-Բնականաբար` ոչ: Որ ասեի` այո, ամենևին լուրջ չէր լինի:
-Կլիներ, պարոն Դանիելյան, կլիներ: Մենք բոլորս, պարոն Դանիելյան, գալիս ենք մեր մանկությունից, այլ խոսքով` «Ջերմուկից»: Իսկ որ փոքր էիք, այն ժամանակ է՞լ չէիք հավատում Ձմեռ պապին, ուզում էիք, որ ամեն բան լուրջ լինի՞:
-Ինչպես բոլորը:
-Պարոն Դանիելյան, իսկ Ձյունանուշիկ սիրո՞ւմ եք:
-Նայած Ձյունանուշիկ:
-Իսկ քրեակատարողական հիմնարկներում այդ օրը տարբեր կլինի՞, թե՞...
-Տարբեր կլինի, բայց մենք բացարձակապես թույլ չենք տալու սպիրտային խմիչքի օգտագործում, ինչը, ցավոք, երբեմն պատահում է:
-Լա՜վ, էլի, պարոն Դանիելյան, գոնե մեկ-երկու բաժակ այդ օրը կարելի է:
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ:

«ԶԻՆՎՈՐ ՏՂԱՆԵՐԸ ՀԻՇՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՅԴ ՆՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ»
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ (պաշտպանության նախարար)

-Պարոն Օհանյան, ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին և ո՞ւմ հետ:
-Առաջին հերթին` իմ զորքի հետ։ Դիրքեր ենք այցելում նախագահի, երբեմն` ընտանիքիս հետ։ Այս տարի դեռ չենք որոշել` ինչպես ենք անցկացնելու:
-Զինվորներին ի՞նչ եք մաղթում: Այդ օրը, երևի, ամենաշատն է, չէ՞, Ձեր սիրտը ցավում զինվորների համար:
-Այդ օրը փորձում ենք այնպես անել, որ զինվորներն իրենց զգան այնպես, ինչպես կզգային իրենց տանը, թեկուզ շատ դեպքերում իրենք առաջին գծում` խրամատներում են լինում, բայց, բոլոր դեպքերում, փորձում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ ինչ-որ ձևով իրենք ևս մասնակից լինեն Ամանորի խորհրդին:
-Կոնկրետ ի՞նչ եք անում:
-Այդ օրն առանձնահատուկ ենք հոգում սննդի մասին, տոնական տրամադրություն ենք փորձում ապահովել, մի խոսքով, այնպես ենք անում, որ բանակն ու զորքը ևս մասնակից լինեն և հավուր պատշաճի դիմավորեն Նոր տարին։ Մի՛ մոռացեք, որ իրենց կյանքի բոլոր Նոր տարիներից զինվոր տղաները հիշում և առանձնացնում են հատկապես այդ Նոր տարիները:
Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ