ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Փակուղին որպես մարտահրավեր և որպես ճեղքում իրականացնելու նախապայման

Փակուղին որպես մարտահրավեր և որպես ճեղքում իրականացնելու նախապայման
05.05.2009 | 00:00

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹՆՋՈՒԿ
Հայերի մեջ կա զգացողություն, որ տեղի են ունենում ինչ-որ իրադարձություններ, բայց նրանք ի վիճակի չեն հասկանալու, թե կոնկրետ ինչ։ 2008-ի աշնանը, երբ ռուսները գործնականում ձրի փորձեցին ազերիներին վաճառել Ղարաբաղը, հայերն արդեն կասկածներ ունեին հայկական քաղաքական ղեկավարության կողմից ձեռնարկվող որոշ քայլերի վերաբերյալ։ Հիմա, երբ Շվեյցարիայում ստորագրվեց ինչ-որ բան, որը նույնիսկ պաշտոնական անվանում չունի, հայոց հոգիներում արթնանում են կասկածներ և ուժեղանում է մտայնությունը, որ սա նեխած գործ է, որից, վերջ ի վերջո, կրակի հոտ է գալու։ Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունեցել։
Վաշինգտոնում դեմոկրատական կուսակցության կրկին իշխանության գալուց շատ առաջ, երբ Իլինոյսից դեմոկրատ սենատորի անունը դեռևս այդքան հայտնի չէր, հայկական միջավայրից որոշ քաղաքական հեղինակներ զգուշացնում էին, որ ԱՄՆ-ի նոր դեմոկրատական վարչակազմը բավական վտանգավոր է լինելու Հայաստանի շահերի համար, քանի որ իր գաղափարախոսական ու քաղաքական բնույթով այն վերադառնալու է Բիլ Քլինթոնի քաղաքականության առաջնահերթություններին և տարածաշրջանային քաղաքականության առումով շատ արագ կսկսի վարել տարաբնույթ հակամարտությունների մարման քաղաքականություն։ Ընդ որում, կասկածները, թե Բարաք Օբաման ինչ-որ քաղաքական իդեալիստ է, իրականության հետ ոչ մի կապ չունեն, մանավանդ որ դա պատասխան չի տալիս այն հարցին, թե որոնք են դեմոկրատական վարչակազմի առաջնահերթությունները։ Ներկա ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներից ոչ մեկը, առաջին հերթին փոխնախագահը և պետքարտուղարը, ինչպես նաև պաշտպանության նախարարն ու հետախուզությունների ղեկավարները, նույնիսկ հեռավոր կերպով չեն հիշեցնում իդեալիստ-քաղաքագետների։ Նրանք պրոֆեսիոնալներ են, վարչարարության մեծ փորձով, հենվում են քաղաքական գործիչների, ֆունկցիոներների և վերլուծաբանների բավական հայտնի խմբերի վրա, ովքեր համարում են, թե ԱՄՆ-ի կողմից հաջողված արտաքին քաղաքականության իրականացումը պահանջում է որոշ սկզբունքների ու տեխնոլոգիաների կիրառում։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ հակամարտությունների մարման քաղաքականությունը պետք է ընկալել որպես տարածաշրջաններում տարբեր գործընթացների վերահսկման և կառավարման մեթոդ։ Հենց դրան էին ուղղված Բիլ Քլինթոնի վարչակազմի ջանքերը Մերձավոր Արևելքում ու Բալկաններում։ Ներկայումս ԱՄՆ-ը կիրառում է համարժեք տեխնոլոգիաներ Թուրքիայի ու Իրանի նկատմամբ, որոնք ԱՄՆ-ի քաղաքականության մեջ դիտարկվում են որպես երկու տարաբաժանված, բայց միմյանց հետ առնչություն ունեցող հիմնախնդիրներ։ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը շարունակում է Թուրքիայի նկատմամբ կիրառել մեկուսացման ու շրջափակման նույն քաղաքականությունը, ինչն առկա էր Ջորջ Բուշի վարչակազմի օրոք։ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը փոխվել է. Վաշինգտոնում համարում են, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման, և լուրջ ազդակներ են հաղորդում իրանցիներին։ Եթե իրանա-ամերիկյան հարաբերությունները թեկուզ մասամբ բարելավվեն, ԱՄՆ-ը նոր հնարավորություններ կստանա Աֆղանստանում հարցերը լուծելու, Պակիստանը մասնատելու, Կենտրոնական Ասիա ներթափանցելու, արաբական աշխարհը կառավարելու, ինչպես նաև Թուրքիայի ռազմավարական նշանակությունը նվազեցնելու առումով։
Շատ վաղուց Վաշինգտոնից այսպիսի ռևերանսներ չէին արվել Թուրքիայի նկատմամբ, ինչին թուրքերն ականատես եղան այս տարվա ապրիլի սկզբին Կոնստանդնուպոլիս Բարաք Օբամայի այցի ժամանակ։ Հարկ է նշել, որ ամենից առաջ հենց իրենք` թուրքերը, այդ հայտարարություններն ու ցանկություններն ընկալեցին իբրև ֆանտաստիկա և գրեթե հեգնանք։ Եթե անգամ ենթադրենք, որ ԱՄՆ-ը փորձում է վերադառնալ իր երկիմաստ քաղաքականությանը Թուրքիային Եվրամիություն մղելու ուղղությամբ, դա բոլորովին չի նշանակում, որ այդ քաղաքականությունն ունի որևէ քաղաքական ռեսուրս։ Լիսաբոնի համաձայնագրի ընդունում տեղի կունենա, թե ոչ, Թուրքիային Եվրամիություն չընդունելու հարցն արդեն լուծված է։ Վերջին տարիներին ԱՄՆ-ը հմտորեն Թուրքիայի աշխարհաքաղաքական շրջապատում ստեղծեց երկու տասնյակ պրոբլեմներ, որոնք Թուրքիան ընդունակ չէ լուծելու քաղաքական մեթոդներով և հարկադրված է դիմել ռազմական գործողությունների։ ԱՄՆ-ը նրա համար չի շրջափակում թուրքական էքսպանսիան Եվրասիայում, որպեսզի թույլ տա նրա կողմից այլ ծրագրերի իրականացումը տարածաշրջանային գերակշռության հասնելու ուղղությամբ։ Հատկապես հիմա, երբ ԱՄՆ-ը նոր ճեղքում է իրականացնում Հարավային ու Կենտրոնական Ասիայում` նշանակետ ունենալով նույնիսկ ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը։ Թուրքիան որպես հավասարազոր գործընկեր ամերիկացիներին պետք չէ։ Ըստ այդմ, ինչո՞ւ է ԱՄՆ-ին անհրաժեշտ որոշակի «ճեղքումը» հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում։
Այն գաղափարը, թե ԱՄՆ-ին դա անհրաժեշտ է Ռուսաստանից Հայաստանն անջատելու համար` հայրենական պատմության լավ մոռացված թեզիսների շարքից է։ Ամերիկացիները վաղուց են աշխատում տարածաշրջանում ու հրաշալի հասկանում են, որ չնայած Եվրատլանտյան կառույցներում ինտեգրացվելու Հայաստանի մեծ շահագրգռվածությանը, այնպիսի աննշան գործոնը, ինչպիսին հայ-թուրքական սահմանի բացումն է և երկու երկրների միջև քիչ թե շատ տանելի հարաբերությունների հաստատումը, չի հանգեցնելու Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունից Հայաստանի հրաժարմանը։ Ամերիկացիների այս խաղում Ռուսաստանը հաշվի է առնված միայն որպես պետություն, որը փորձում է ստեղծել ժամանակավոր կամ մասնավոր, սակայն ԱՄՆ-ի համար չափազանց տհաճ դաշինք Թուրքիայի հետ` Սև ծովում ու Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը թույլ չտալու համար։ Վաշինգտոնում հրաշալի են պատկերացնում այս տարածաշրջանի իրողությունները և չկան որևէ «բարենպաստ» սպասումներ հիմնախնդիրների ու հակամարտությունների արագ լուծման առումով։ Ցանկացած քաղաքական նախագծում հնարավոր է համարվում երկու արդյունք` «դրական» ու «բացասական», և շատ կարևոր է պատկերացնել, թե տվյալ դեպքում ինչն է համարվելու «դրական»։
Չնայած հռչակագրային հղումներին, թե հայ-թուրքական և ղարաբաղյան պրոբլեմները դիտարկվում են զուգահեռ, բայց միմյանցից մեկուսացված, ամերիկացիները չեն կարող չգնահատել հայ-թուրքական սահմանի բացման իրականում շատ փոքր հավանականությունը` առանց Հայաստանի համար շատ որոշակի և աղետալի տարածքային զիջումների Ղարաբաղում։ Թուրքական քաղաքական գործիչները շատ որոշակի հայտարարել են այդ մասին, և Անկարայի դիրքորոշման փոփոխություն հազիվ թե հնարավոր է։ Ըստ այդմ, «դրական» արդյունք կարող է համարվել Հայաստանի կողմից բացառապես բոլոր պայմանների ընդունումը, որոնք ներառված են Մադրիդյան համաձայնագրում։ Այսինքն` վերադարձնել Ադրբեջանին նախ` Ներքին Ղարաբաղը, այնուհետև Լեռնային Ղարաբաղը` խաղաղապահ ուժերի ներգրավումով և բազմաթիվ ազերիների վերադարձով հայկական հողեր։ Եթե այս նախագիծն իրագործվի, ապա ԱՄՆ-ը ցույց կտա Ադրբեջանի համար այդքան զգալի խնդիրը լուծելու իր հնարավորությունները, միաժամանակ ծառայություն կմատուցի Թուրքիային, ինչը որոշակի, թեկուզ և հեռանկարում, կապահովի այդ երկու պետությունների լոյալությունն ԱՄՆ-ի նկատմամբ։ Քիչ հավանական է, որ այդքանով հանդերձ, ԱՄՆ-ը լուծում տա Թուրքիայի հետ հարաբերություններում հիմնարար պրոբլեմներին, սակայն ամերիկացիները նման հաշվարկ նույնիսկ չունեն, նրանք խնդիր են դրել զսպաշապիկ հագցնել այդ երկրին։
Անհրաժեշտ է հասկանալ, որ «զսպման» քաղաքականությունը ենթադրում է ոչ միայն սահմանափակումների, ճնշման լծակների ստեղծում, շանտաժ ու թշնամական քարոզչություն, այլև որոշակի աջակցություն տարբեր հարցերում` ընդհուպ մինչև ռազմական օգնությունը։ ԱՄՆ-ը «զսպման» քաղաքականություն իրականացնելու փորձ ունի Իրանի ու Իրաքի, Հնդկաստանի ու Պակիստանի, ինչպես նաև Իսրայելի հետ հակադրության մեջ գտնվող պետությունների նկատմամբ։ ԱՄՆ-ը սկսում է Չինաստանին զսպելու նպատակ ունեցող գլոբալ համակարգի կառուցումը և միաժամանակ լիովին պատրաստ է սերտ համագործակցել Պեկինի հետ համաշխարհային ու տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ըստ այդմ, ԱՄՆ-ը չի «թողել» Թուրքիային ճակատագրի քմահաճույքին` նրա համար կարևորություն ունեցող որևէ տարածաշրջանային խնդրի հետ կապված, լինի դա Կիպրոսը, իրավիճակը Էգեյան ծովում, Բալկաններում, Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, թուրք-մեսխեթցիների խնդրում, Հայաստանի, Իրանի, Սիրիայի հետ հարաբերությունների հարցում, քրդական հիմնախնդրում և վերջապես Կենտրոնական Ասիայում։ Ամենուրեք ԱՄՆ-ն իրականացնում է Թուրքիայի «հովանավորություն»` թույլ չտալով նրա քաղաքական հավակնությունների բացարձակ շրջադարձ։ Այդպիսով, հայ-թուրքական խնդիրների և ղարաբաղյան հիմնահարցի լուծումը կարող է լինել միայն ինտեգրացված ձևով։ Հնարավոր է հաջողությամբ համաձայնեցնել ու լուծել այդ երկու պրոբլեմները միմյանց հետ համադրված և միաժամանակ հայտարարել, որ այդ հիմնախնդիրներում փոխադարձ կապ չկա և դրանք լուծվում են միմյանցից անջատ։ Ընդ որում, ինչպես էլ ընդգծվի Մինսկի խմբի դերակատարությունը հիմնախնդրի կարգավորման մեջ, այդ պարագայում բոլորի համար էլ հասկանալի է, որ երկու հիմնախնդիրների ուղղությամբ էլ իրագործվելու է հենց ամերիկյան պլանը։
Բայց կարող է լինել նաև «բացասական» արդյունք, երբ հայ-թուրքական սահմանը չի բացվի, իսկ Ղարաբաղում կպահպանվի ստատուս-քվոն։ Հարկ է նշել, որ դա անհամեմատ ավելի նախընտրելի տարբերակ է ԱՄՆ-ի համար, քանի որ Թուրքիան, միաժամանակ նաև Ադրբեջանը, կմեղադրվեն ապակառուցողական դիրքորոշման, հաշտեցման գնալու անընդունակության մեջ ու շատ ուրիշ մեղքերում։ Հայկական հարցը կմնա իր ամբողջությամբ ու չլուծվածությամբ, ինչը կդառնա հզոր փաստարկ ամերիկացիների ձեռքին Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս։ Այսպիսի իրավիճակը կապահովի նոր վերադարձ թուրք-հայկական հարաբերություններին ժամանակի ընթացքում, երբ կձևավորվեն բարենպաստ պայմաններ։ Այս վարկածի պարագայում պետք է ուշադրություն դարձնել մեկ հավանական հանգամանքի. ցանկացած «դրական» արդյունք կարող է տապալվել, վերանայվել կամ ընդհանրապես հանգեցնել հակադրության նոր փուլի։ Ընդ որում, Հայաստանի համար թուրքական սահմանը կրկին կմնա փակ` Ղարաբաղի կորստով հանդերձ։ Պետք է հիշել, որ, Մադրիդյան համաձայնագրի համաձայն, ԼՂՀ կարգավիճակի հստակեցումը հետաձգվում է 15 տարով, իսկ ավելի շուտ, ընդհանրապես դուրս է գալիս օրակարգից։ Կարելի՞ է ենթադրել, որ թուրքական քաղաքական գործիչներն ուշադիր չեն եղել հնարավոր արդյունքների հետ կապված և թե որքանով կարող է իրենց երկիրը կորցնել քաղաքական ինքնուրույնությունը, բախվել տարածաշրջանային և, առհասարակ, արտաքին քաղաքականության սահմանափակման հետ` ԱՄՆ-ի վերոնշյալ քաղաքական հնարքների արդյունքում։ Վերջին տասը տարիներին առիթ եմ ունեցել քննարկելու հայ-թուրքական պրոբլեմները ԱՄՆ-ում ու Եվրոպայում ապրող և աշխատող բազմաթիվ թուրքական վերլուծաբանների ու փորձագետների հետ, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրամիության դերակատարության համատեքստում։ Եվ այդ կապակցությամբ կարելի է անել որոշ հետևություններ։
Վերջին տասնամյակներում ինչպես ձախ, այնպես էլ աջ ու կրոնական թեքում ունեցող թուրքական ինտելեկտուալ շրջանակներում ուժեղացել է թշնամական վերաբերմունքն ԱՄՆ-ի ու Եվրամիության նկատմամբ։ Դա շատ բանով պայմանավորված է այն իրողության գիտակցմամբ, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը բոլորովին էլ հետաքրքրված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ Թուրքական վերլուծաբանները 2000-ականների սկզբին փայլուն կանխատեսեցին, որ տրանսատլանտյան հարաբերություններում նոր բովանդակության ի հայտ գալուն զուգահեռ առաջանալու է ամերիկա-եվրոպական, իսկ ավելի կոնկրետ` ԱՄՆ-Ֆրանսիա-Գերմանիա դաշինք` Մեծ Բրիտանիայի համաձայնությամբ, որն ուղղված էլ լինելու Թուրքիայի շրջափակմանն ու մեկուսացմանը։ Թուրքական վերլուծաբանների տրամաբանությամբ, Թուրքիայի շրջափակման գործում որոշիչ դերակատարություն կունենան այն խմբավորումները, որոնք մթնոլորտ են ձևավորում ոչ հրապարակային քաղաքականության մեջ։ Դրանք կաթոլիկական շրջանակներն են, եվրոպական նոր աջերը, քրիստոնեական ֆունդամենտալիստները ԱՄՆ-ում, ինչպես նաև Իսրայելում։ Ոչ այնքան վաղուց թուրք վերլուծաբանների հետ զրուցելիս կարելի էր տեղեկանալ, թե ինչպես և ինչ ձևերով է արաբական աշխարհում իրականացվում կազմակերպչական աշխատանքը` Մերձավոր Արևելքում Թուրքիայի ջանքերի շրջափակման ուղղությամբ։
Թուրքերին քիչ է հետաքրքրում ղարաբաղյան պրոբլեմը։ Նրանք աշխատում են չներգրավվել որևէ բանավեճի մեջ այդ թեմայով, զգուշանում են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված գործընթացների և իրադարձությունների մեջ ներքաշվելուց։ Անկարայում ղարաբաղյան պրոբլեմն իրենց համար օտար են համարում, կապված այլ տերությունների խաղերի հետ և, կարծում են, որ Թուրքիայի ներքաշումը ղարաբաղյան գործընթացի մեջ նպատակ ունի բախում ստեղծել Ռուսաստանի հետ, խորապես տարաբաժանել ռուս-թուրքական հարաբերությունները։ 1998-ի ապրիլին, Սուլեյման Դեմիրելի և Հեյդար Ալիևի միջև Անկարայում տեղի ունեցած պատմական բանակցությունների ժամանակ Թուրքիայի նախագահը տեղյակ է պահել Ադրբեջանի ղեկավարությանը Հայաստանի նկատմամբ Անկարայի արտաքին քաղաքականության մասին։ Այն է` Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարող ոչնչացնել Հայաստանը ժամանակակից աշխարհում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ձեռնասուն դարձնել նրան, ընդգրկելով որոշ ծրագրերում, որոնք կարող են հանգեցնել նրա վերածմանն արբանյակ պետության։ Թուրքական քաղաքական ծրագրավորողները բազմիցս ուշադրություն են դարձրել այն բանին, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում չի կարող հանդես գալ որպես լիովին ինքնուրույն սուբյեկտ։ Եվ այդ պատճառով երրորդ ուժերի կողմից մշտապես դիտարկվելու է որպես Թուրքիային հարկադրելու և ճնշելու գործոն` այլ գործոնների կողքին։
Հայ-թուրքական հարաբերություններում առկա բոլոր խնդիրների շարքում Թուրքիային մտահոգում է միայն 1921-ի Կարսի պայմանագիրը, և Անկարան խիստ շահագրգռված է, որ Հայաստանը ճանաչի այն, իսկ առանց դրա սահմանը չբացելու և դիվանագիտական հարաբերությունների հաստատման խոչընդոտը մնալու է։ Ավելի վաղուց էլ, ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման որոշակի փուլերում, ինչպես նաև ներկայումս` 2009-ի գարնանը, ղարաբաղյան թեման փաթաթվել է Թուրքիայի վզին, իբրև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որոշակի պայման։ Թուրքական փորձագետների արտահայտություններից պարզ է դառնում, որ Կարսի պայմանագիրն ամենից առաջ Թուրքիայի պրոբլեմն է, ոչ թե Հայաստանի։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիան հայտնվել է մի վիճակում, երբ նրա պետական սահմանի մի մասը ճանաչված չէ և վիճելի է։ Այդպիսի պայմաններում ԱՄՆ-ն ու Ադրբեջանը համատեղ ջանքերով Թուրքիայի վզին փաթաթեցին ղարաբաղյան պրոբլեմը, ընդ որում այն նույն սցենարով, որը 2008-ի աշնանն առաջարկեց Ռուսաստանը` իր հաջողությամբ տապալված ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ-ն առաջարկում է իրագործել մայնդորֆյան համաձայնություններն իր խմբագրությամբ։ Ռուսաստանը փորձում է լուծել իր հարցերը և հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ որոշ չափով Հայաստանի շահերի հաշվին, ավելի կոնկրետ` Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու ճանապարհով։ Դրանից ԱՄՆ-ը խիստ զգուշանում է և չի կարող ձեռքից բաց թողնել նախաձեռնությունը` հասկանալով, որ Ռուսաստանն ի վիճակի չէ այն զարգացնել կամ էլ վերանայել Հայաստանի հետ իր հարաբերությունները։ Այդ իմաստով Ռուսաստանն ԱՄՆ-ի համար վտանգավոր մրցակից չէ, նա փորձում է խաղալ նույն խաղը, որը տանում էր ԱՄՆ-ը Հայաստանի և Թուրքիայի նկատմամբ։ ԱՄՆ-ը նույնպես փորձում է որոշակիացնել Հայաստանի աշխարհաքաղաքական դերը` որպես տարածաշրջանում Թուրքիայի գերակայության հաստատումը սահմանափակող գործոն։
Ի՞նչն է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար հիմնական քաղաքական ռեսուրս այս խաղում, կամ` ո՞վ է նրանց համար ավելի կանխատեսելի ու հուսալի գործընկեր։ Հայաստանի ներկա քաղաքական ղեկավարությունն ավելի կախյալ է արտաքին ազդեցություններից, քան բուն Հայաստանը։ Միաժամանակ տեղի է ունենում ներկայիս ղեկավարության և ակտուալ ընդդիմության դիրքորոշումների առավելագույն մերձեցում։ Երկուսն էլ պատրաստ են գործնականում ցանկացած պայմանի, որն առաջարկում են արտաքին ուժերը` հանուն իշխանության պահպանման կամ նվաճման։ Հայաստանը ներքաշված է կարծեցյալ ստացիոնար մի գործընթացի մեջ, որը տարբեր կեղծ-դրական մոտավոր արդյունքների առկայությամբ երկիրը հասցնելու է աղետի։ Եվ որքան էլ տարօրինակ է, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ավելի են կասկածում, թե Ղարաբաղում կան պարտվողական տրամադրություններ, քան Երևանում։ Ինչո՞ւ։ Ամերիկացիներն ունեն լավ վերլուծական ավանդույթներ, ռուսներն այն չունեն, բայց ամեն դեպքում Ստեփանակերտ գործուղեցին իրենց վերլուծաբաններին Մոսկվայում համաձայնագրի ստորագրումից անմիջապես առաջ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2797

Մեկնաբանություններ