ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Որտեղից է սկսվում հայրենիքը

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Որտեղից է սկսվում հայրենիքը
12.07.2013 | 23:42

Այսօր Արարատի մարզում էինք: Աղջկաս կուրսային ֆիլմի նկարահանման համար վայր էինք ընտրում: Մեզ հետ էր նաև աղջկաս ֆիլմի պրոդյուսերը, ազգությամբ չինացի, ԱՄՆ-ի բնակիչ Էնդին: Շատ քիչ մարդկանց հանդիպեցինք, հիմնականում վաթսուն անց կանանց և տղամարդկանց: Ցավալի էր, երիտասարդության պակասն ակնհայտ էր: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ գրել, այլ նրա, որ մեր ժողովուրդը հրաշալի ժողովուրդ է, կամեցող, արարող, հողի հետ կռիվ տվող և, որ ամենակարևորն է, բարի կամեցող: Վազգեն պապիկը, ում հետ հանդիպեցինք, ուղղակի հրաշք էր, հրաշք ՄԱՐԴ: Նրա մեջ ես տեսա ՀԱՅին, իսկական ՀԱՅին, որ թքած ուներ աշխարհի վրա ու իր աշխարհը իր այգին ու իր գյուղն էր: Աչքերում թախիծը չէր կարողանում թաքցնել, բայց չէր էլ տրտնջում: Միայն ասում էր` ջահել չի մնացել, ախր սենց ո՞նց կլինի: Հետո խնդրում էր , որ իր բաղ ու բախչի բարիքներից մեկ դույլ միրգ վերցնենք: Նեղացավ, որ չվերցրինք: Ասաց` էսքանը, այ բալա, ի՞նչ եմ անելու, տարեք, է՛լի:
Հիմա արդեն Երևանում եմ, և մտքիցս դուրս չեն գալիս այդ գյուղացիները, այդ հրաշք մարդիկ, որ իրականում էս երկրի համար, որպես քաղաքացի, շատ են: Գնացեք գյուղեր, այնտեղ կգտնեք ձեզ, այնտեղ կզգաք երկրի քաղցրությունը, այնտեղ կգտնեք պարզություն, մաքրություն և, հավատացեք, դրանից հետո ոչ մեկի ձեռքը չի գնա արտագաղթը արդարացնող նյութ գրել: Արտագաղթը երբեք չի կարող դիտվել պայքարի միջոց: Արտագաղթը դասալքություն է: Պարզ դասալքություն, երբ ծնողներիդ թողնում ես գերի և փախչում: Իսկ փողկապավոր, նշանակիր հաստավզերին, կուսակցական դեմագոգներին ընդամենը խորհուրդ կտամ մեկ- մեկ դեն նետեն իրենց փողկապները և գյուղեր այցելեն, ապրեն գյուղացու կյանքով, որ հասկանան, թե հայրենիքը որտեղից է սկսվում:

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ