ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կարոտախտ

Կարոտախտ
29.06.2012 | 00:08

Գուրգեն

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Երբ հայերը տուն կամ բնակարան են գնում, սկզբում հարցնում են՝ հարևանդ ո՞վ է։ Նաև այսպիսի ասացվածք ունենք. «Լավ հարևանը հեռու բարեկամից էլ հարազատ է»: Ամեն անգամ հարևանիս տեսնելիս ներքին բավարարվածություն եմ ապրում և ամեն անգամ մտածում եմ` ափսոս, որ տարիներն իրենցը վերցնում են, և հազա՜ր ափսոս, որ Ստեփանյան Սաբիրի նման մարդը, մեր հանրապետության լավագույն ղեկավարներից մեկը, այժմ կենսաթոշակառու է:
Ընկերս զանգահարեց Ամերիկայից, բնական է, իրար պատմեցինք այս ու այն բանը, հետո նա անսպասելի հեկեկաց։ Հարցրի` ի՞նչ է պատահել:
-Ասեմ, չես հասկանա, ամեն ինչ շատ ավելի լավ է, քան կարելի է ցանկանալ, բայց ինձ կարոտախտն է խեղդում, կոկորդիցս բռնում ու բաց չի թողնում, ձեզ եմ կարոտում, Երևանն եմ կարոտում, օպերայի այգին եմ կարոտում,- արցունքներից խեղդվող ձայնով բողոքեց նա:
-Հասկանալի է։ Կարոտախտը լուրջ բան է, ես այն տեսել եմ, ավելի շուտ դրա էպիկենտրոնում եմ եղել:
-Դու էլ հո չասացի՞ր, ինչպե՞ս ես կարոտախտի էպիկենտրոնում հայտնվել, ինչ է, ա՞յն էլ էպիկենտրոն ունի,- հուզմունքն արդեն մոռացած` հարցրեց նա:
-Երկար պատմություն է, կգաս Երևան, կպատմեմ:
-Չե՞ս կարող երկու բառով ասել:
-Միևնույն է գալու ես, կարոտախտը ստիպելու է, որ հայրենիքիդ ճամփան բռնես,- պատասխանեցի ես նրան, շուտափույթ Երևան վերադառնալու պահանջով:
Կարոտախտի էպիկենտրոնում, ինչպես արդեն ասել էի ընկերոջս, իրականում հայտնվել էի։ Այն ինձ վրա անջնջելի տպավորություն էր թողել և բազմաթիվ դեպքերի ու երևույթների շուրջ խորհելու լրջագույն առիթ տվել: Հիրավի, անցյալ չունեցողն ապագա ունենալ չի կարող, չհաշված մերօրյա բացառությունները: Ասում են, թե մարդ արարածի` ամեն ինչին հարմարվելու բնույթը ստիպողաբար կրճատում է նրա հիշողությունը: Գուցե և այդպես է, բայց կարոտախտը այդ ձևակերպմանը չի ենթարկվում, այն անհատի հիշողության մեջ իր ուրույն անկյունն ունի և պատեհ կայծի է սպասում, որ ցանկացած վայրկյանի, սրտի ցավալի կծկումները անտեսելով, բռնկի:
Տարիներ առաջ, մի ուրբաթ օր ինձ զանգահարեց ամառանոցիս հարևանը՝ Սաբիր Նիկոլաևիչը, ասելով, թե առավոտ կանուխ մեկնելու է Ագարակ, և առաջարկեց ընկերակցել իրեն: Դե գիտեք, հին մարդիկ, որպես կանոն, քչախոս են լինում, էլ ոչինչ ինձ չասաց: Ես էլ, առանձնահատուկ հարգալից վերաբերմունք ունենալով նրա հանդեպ, անմիջապես համաձայնեցի, քանզի, որպես կանոն, խելոք մարդու հետ հոգնեցնող, երկար ու ձանձրալի ճանապարհներ չեն լինում, և մենք առավոտ կանուխ ճանապարհվեցինք: Տեղ չհասած, Մեղրու սահմանագլխին մեզ դիմավորեց Ագարակի քաղաքապետ Խաչատրյան Մայիսը: Այնժամ պարզեցի, որ քաղաքապետարանը Ստեփանյան Սաբիրին Ագարակի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել: Մինչ Ագարակ կհասնեինք, ճանապարհին չորս-հինգ տեղ աշխատավոր, հասարակ մարդիկ սեղաններ էին գցել՝ Սաբիր Նիկոլաևիչին շնորհավորելու համար, և մինչև նրա առողջության համար բաժակ չէին բարձրացնում, չէին մեծարում, նրա հասցեին լավագույն մաղթանքներ չէին շռայլում, բաց չէին թողնում:
Ժամը երկուսին հասանք Ագարակ. քաղաքը տոնական զարդերի մեջ էր, այն տպավորությունն էր, կարծես հին օրերի մայիսի 1-ն էր վերադարձել: Քաղաքում Ստեփանյան Սաբիրին երգ ու պարով, աղ ու հացով դիմավորեցին: Մայթերին հավաքված քաղաքացիների, անցորդների ծափողջյունների տարափի տակ մեզ մշակույթի պալատ ուղեկցեցին, որտեղ հանդիսավոր նիստն էր կայանալու: Մշակույթի պալատի դիմացի հրապարակից, փողային նվագախմբի հնչյունների տակ, տոնական հագուկապով տարեց մարդիկ, երեխաների, թոռնիկների ձեռքներից բռնած մեզ դահլիճ առաջնորդեցին:
Մեր մտնելուն պես լեփ-լեցուն դահլիճը թնդաց ծափողջույններից, կանգնած մարդիկ ծափերով ի սրտե ողջունում էին իրենց սիրելիին՝ Ստեփանյան Սաբիրին:
Քաղաքապետ Խաչատրյան Մայիսի բացման հուզումնալից խոսքից հետո հանդես եկավ երաժշտական դպրոցի տնօրենը.
-Սիրելի համաքաղաքացիներ, այսօր մեզ՝ ագարակցիներիս համար տոն է: Մեր քաղաք է եկել այն շենացնողներից և կառուցողներից մեկը՝ Սաբիր Նիկոլաևիչը: Ես առաջին դասարան հաճախել եմ նրա կառուցած դպրոցում, ծնողներս, մեր հարևանությունը բնակարան են ստացել նրա շահագործման հանձնած բնակելի շենքում, Ագարակի փողոցները նրա ջանքերով մայթեր ունեցան և կանաչապատվեցին, նա էր, որ անձամբ բահը ձեռքին քաղաքային զբոսայգու հիմքը դրեց, ամեն առավոտ նրա ուղարկած անվճար ավտոբուսներն էին Ագարակի մերձակա գյուղերից երեխաներին երաժշտական դպրոց բերում և տուն տանում, խմելու ջուրը նրա շնորհիվ քաղաք հասավ: Այդ նա էր, որ լինելով Ագարակի լեռնագործական կոմբինատի տնօրենը, իր հիմնական գործը փայլուն կատարելուց բացի, շենացնում էր մեր քաղաքը և հոգ էր տանում նրա բնակչի նկատմամբ: Այս շենքը, այս դահլիճը, որտեղ հավաքված ենք մենք, նույնպես նրա կառուցածն են: Այսօր մեր քաղաքում տոն է, քանի որ նա իր ներկայությամբ Ագարակին հին, երջանիկ օրերի փայլը բերեց,- հուզված, արցունքներից թրջված աչքերով մի կերպ արտաբերեց դպրոցի տնօրենը, ասեղնագործ թաշկինակով զգուշորեն սրբելով արցունքները:
Տիկինն իր ելույթն ավարտելու երկու փորձ էլ արեց, ոչինչ չստացվեց, արցունքախեղդ էր լինում: Ստեփանյան Սաբիրը իր հսկա հասակով վեր կացավ տեղից և ծափահարեց, որ դրանով օգնի դպրոցի տնօրենին: Դահլիճն էլ, լեռնագործական կոմբինատի նախկին տնօրենի հետ, անմիջապես ոտքի կանգնեց: Այն, ինչ կատարվեց հետո, մարդկային երևակայությունից դուրս էր. մոտ 400 մարդ, այդ թվում նաև` դահլիճի վեց դռների մեջ կանգնածները (նստատեղ չլինելու պատճառով կանգնած էին) ծափահարում և լաց էին լինում: Ստեփանյան Սաբիրը մոտեցավ ամբիոնին, որ խոսի, մարդկանց այդ վիճակից հանի: Արցունքներն այդ առնական մարդուն էլ խեղդեցին, չկարողացավ գեթ մեկ բառ արտասանել, և այս ամենը քսան րոպեից ավելի տևեց: Քաղաքապետ Խաչատրյան Մայիսն էլ երկու ապարդյուն փորձ կատարեց, արցունքները նրան էլ խեղդեցին: Ստիպված նոր սկսված հանդիպումն ընդմիջեցին, որ մարդիկ հանդարտվեն:
Քաղաքացիները թրջված, արցունքակալած աչքերով, ժպտերես դուրս էին գալիս դահլիճից. տոնը Սաբիր Նիկոլաևիչի հետ ավարտվել էր, նրան Ագարակի պատվավոր քաղաքացու կոչում էին շնորհել երախտագետ ագարակցիները: Ստեփանյան Սաբիրն էլ իր ներկայությամբ նրանց մի քանի ժամով, կարոտախտի սքանչելի ու բաղձալի, ցավոք, անդառնալի հուշերի քաղցրաբույր, անուրջաշատ գիրկն էր վերադարձրել:
Այսպիսի ղեկավարներ էլ են լինում, ում տեսնելիս չեն անիծում, հայհոյում ու վատաբանում, այլ կարոտախտի արցունք են նվիրում: Չեն բամբասում, թե քանդեց ու թալանեց, այլ երախտագիտորեն ասում են՝ կառուցեց: Ա՛յ, նման մարդիկ կարիք չունեն զինված թիկնազորով շրջագայելու, նրանց թիկնազորը սեփական ժողովուրդն է:

Դիտվել է՝ 207814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ