38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սողացող գործիքակազմ է կիրառվում

Սողացող գործիքակազմ է կիրառվում
05.12.2014 | 00:55

Տարածաշրջանային զարգացումները կրկին ձնագնդի թափ են հավաքում: Իրավիճակը գնալով բարդանում է, քարկապի վերածվում թե տնտեսական, թե քաղաքական առումներով` Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները դարձնելով գրեթե անշրջելի, ուր մեկընդմիշտ բաց թողնված ջինը ոչ միայն չի ցանկանում հետ` շիշը մտնել, այլև ամեն վայրկյան նոր կոնֆիգուրացիաներով տագնապի է վերածվում արդեն ողջ աշխարհի և նրա վաղվա օրվա համար:
Իրավիճակից ելքեր փնտրող Ռուսաստանի ամեն օրը լի է անհաղթահարելի մարտահրավերներով, որի «թագ ու պսակը» կազմեց երեկ առավոտյան Չեչնիայում տեղի ունեցածը` մի խումբ զինյալների ոստիկանության վրա կրակելն ու կառավարության շենքին կից գրահրատակչության շենքը «պատանդ» վերցնելը: Ինչը, ինքնին, Չեչնիայի, ինչպես նաև ահաբեկչության արդյունքում Կադիրով-ավագին կորցրած երկրի համար առանձնապես զարմանալի կարող էր և չթվալ, սակայն քաղտեխնոլոգիայի տեսանկյունից անսահման «սիմվոլիկ» ստացվեց, քանի որ մի քանի ժամ հետո տեղի էր ունենալու Պուտինի տարեկան ուղերձը, ուր Թուրքիայից «հաղթանակով» վերադարձած Վլադիմիր Վլադիմիրովիչը հաստատ տեղն էր դնելու ոչ միայն G-20-ին` իրեն «պարգևած անհարմարությունների» համար, այլև հանրամատչելիորեն բացատրելու էր ձմռան շեմին «Հարավային հոսքից» զրկված, այդով Պուտինից պատժված եվրոպացիներին, բացատրեր նրանց, թե որտեղ պետք է ձմեռել, որպես խեցգետին` սպասվող ցրտերին:
Մի խոսքով, արևմտյան նուրբ տեխնոլոգիան, ինչպես միշտ, գործում է անվրեպ ու ահավոր դաժան, որքան դաժան է առկա հակամարտությունն ինքնին, առայժմ որպես անարյուն պատերազմ` նավթի գնանկման և ռուսական ռուբլու գահավիժման ֆոնին։
Դառնանք մեզ: Իհարկե, կարելի էր կատակել, որ անսահման մեծ խանդավառությամբ ԵԱՏՄ գնացող Հայաստանը կարող է գնալ տեսնել, որ, ա՜յ քեզ բան, «տանը» մարդ չկա, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունենում Բատկայի ու Պուտինի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև, հնարավոր է և ԵԱՏՄ-ն, որպես գործուն-կենդանի կառույց, այդպես էլ կյանքի չկոչվի, քանզի ոչ Բելառուսը, ոչ էլ Ղազախստանը, ինչպես երևում է, չեն պատրաստվում հանդուրժելու քաղաքական և տնտեսական դեֆոլտներ ապրող Ռուսաստանի «կապրիզները»:
ՈՒ քանի որ Պուտինի այցը Թուրքիա և այդ այցից հայոց սպասումներն առանձնապես շատ ներշնչող չեն, կարելի է և մասամբ հավատալ ու ցանկանալ, որ ԵԱՏՄ-ի կայացումն ու ապագան, բոլոր դեպքերում, բավականին անորոշ կմնան, ինչպես անորոշ է մեր շուրջը տեղի ունեցող ամեն բան:
Սակայն կոնկրետ դեպքում հուզողը պետք է լինեն ոչ այնքան ռուս-թուրքական գազային-ատոմակայանային համաձայնագրերը, որոնք ինքնին նույնպես շատ էական են մեզ համար, որքան կրկին ու կրկին Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողը, ուր ակնհայտորեն սողացող գործիքակազմ է կիրառվում: Չէ, առանձնապես պետք չէ տագնապել ռուս փորձագետների (Սավելև, Մարկով) բարձրաձայնումներից, թե Ռուսաստանը «միայնակ»` Սոչիում Սարգսյանի ու Ալիևի հետ պայմանավորվել է առաջիկայում լուծում տալ ղարաբաղյան խնդրին: Ճիշտ է, բանավոր են պայմանավորվել, բայց դե… ուղիղ խոսքը, գիտենք` ում են ասում: Այն է` Ռուսաստանը, եթե շատ չթուլացվի Արևմուտքից, փորձելու է ավելի ակտիվ գտնվել խնդրի լուծման հարցում, ինչպես խոստացել է Բորդյուժան, որը պետք է խոցված ուղղաթիռի հարցը «խոռճկի-մտցնի» ՀԱՊԿ նիստի օրակարգ, և լուծի բացառապես իր շահերին համահունչ:
Եթե:
Բայց այս ամենում էլ ավելի հետաքրքիրը ոչ այնքան այն է, թե ինչ են ի վերջո խոսել թուրք Էրդողանը (կներեք արտահայտությանս համար) և թուրք ամուսին ունեցող Սաբինան` Ֆրեյզեր, այլ այն, որ վերջինս կրկին թուրքանպաստ միտք է հայտնել. «Ռուսաստանն ու Թուրքիան պետք է սկսեն համատեղ աշխատել ղարաբաղյան հակամարտության հարցում, քանի որ իրար դեմ կռվել չեն կարող»: Ի՞նչ գիտես` չեն կարող, տիկի՛ն, հարցրե՞լ եք Ձեր անմիջական «բոսերից»` Պենտագոնից և պետդեպից:
Իսկ եթե հարցրե՜լ եք…


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ