38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ռոսիի գեներատորի մի քանի հազար խողովակ իրար կողքի դրեք, և աշխարհի էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարվի»

«Ռոսիի գեներատորի մի քանի հազար խողովակ  իրար կողքի դրեք, և աշխարհի էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարվի»
05.12.2014 | 00:05

Առանց կեղծ համեստության նկատենք, որ մեր թերթը կանոնավորապես և Հայաստանում առաջիններից մեկն է, որ անդրադարձել է էներգետիկայի ասպարեզի գիտական նոր հետազոտություններին՝ սկսած «թերթաքարային հեղափոխությունից» վերջացրած «կանաչ ավտոմեքենաներով», «սառած գազից» մինչև «ջրածնային շարժիչներ»։ Եվ երբ շատերը պնդում էին, թե սրանք լրիվ առասպելներ են, և հանածո էներգակիրներն այլընտրանք չունեն, մենք հավատացել ենք առաջընթացին, և բազմիցս խոսել ենք աշխարհի համար այդ մշակումների ներդրման հնարավոր հետևանքների մասին, այդ թվում՝ քաղաքական։ Իսկ այ վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, առանց չափազանցության, կփոխի աշխարհը, իսկ նավթի գների ներկա անկումն այդ ֆոնի վրա միանգամայն անմեղ բան կթվա։
Նախ, հայտնի դարձավ, որ իտալացի Անդրեա Ռոսսիի գյուտն ամենևին էլ շատ լրատվամիջոցների կողմից ծաղրի ենթարկված «ֆանտաստիկ Perpetuum Mobile» չէ, և իրոք, ինչպես եզրակացրել է ֆիզիկոսների մի հեղինակավոր հանձնախումբ, մարդկությունը կարող է ստանալ էներգիայի նոր աղբյուր՝ էժան, բնապահպանական տեսակետից մաքուր ու, փաստորեն, անսպառ։ Եվ երկրորդ, դա կարող է տեղի ունենալ տեսանելի ապագայում, քանի որ Չինաստանի՝ Բաոդին քաղաքում ստեղծվելու է հատուկ գոտի՝ ԱՄՆ-ի արտոնագրով «Ռոսսիի գեներատորի» արդյունաբերական արտադրության համար։ Բայց ամեն ինչ՝ հերթով։
«Խոշորագույն գիտական դետեկտիվը», ինչպես արդեն անվանում են այս պատմությունը, ուր մի կողմում՝ նավթի ու գազի հզորագույն կորպորացիաներ էին, աշխարհահռչակ գիտնականներ, որոնք ջերմամիջուկային սինթեզի փորձերի հաշվին հարյուր միլիարդավոր դոլարներ էին «յուրացնում», ածխաջրածինների հաշվին հարստացած երկրներ, իսկ մյուս կողմում՝ միայնակ մի գյուտարար և նրա փոքրաթիվ զինակիցները, սկսվել է 2011 թվականին։ Այն ժամանակ Անդրեա Ռոսսին ցուցադրեց կատվի չափ մի սարք, որը հենց այդպես էլ անվանել էր «E-Cat գեներատոր», որին 400 Վտ հզորությամբ էլեկտրաէներգիա միացնելիս ստացվում էր 12 կՎտ ջերմություն։ Այսինքն, աճի գործակիցը ոչ ավելի, ոչ պակաս 30 էր։ Սարքի խցիկում նիկելի փոշի էր և ճնշման տակ ներմղված ջրածին, ինչպես նաև մի ինչ-որ գաղտնի կատալիզատոր։ Տաքանալուց հետո սարքում տեղի էր ունենում ինչ-որ անհասկանալի բան, և հսկայական քանակությամբ ջերմություն էր արտազատվում։ Ռոսսին այն բնորոշում էր որպես «ցածրէներգետիկ միջուկային սինթեզ»։ Հայտնի է, որ երկրագնդի վրա նիկել և ջրածին որքան ասես կան, ու հետևաբար գյուտարարն աշխարհին առաջարկում էր անսահմանափակ, փաստորեն, անվճար էներգիայի մի եզակի աղբյուր։ Բայց ինչպես միշտ է լինում, միանգամից շատ ընդդիմախոսներ գտնվեցին, աղմկարարներ, որոնց ասածները սկզբում նույնիսկ միանգամայն համոզիչ էին թվում։ Նրանք պնդում էին, թե «Ռոսսին խարդախի մեկն է, և նրա սարքի աշխատանքը սովորական մատների ճարպկություն է», «30 գործակցով էներգիայի արտադրությունը մաքուր զառանցանք է»։ Մի խոսքով՝ ամեն ինչ՝ ինչպես միշտ է. «դա չի կարող պատահել, որովհետև չի կարող պատահել երբեք»։ Այնպես որ, ամբողջ աշխարհի ակադեմիկոսներն ու պրոֆեսորները այդ գյուտն արհամարհեցին, քանի որ իրենց հայտնի բոլոր կանոնների համաձայն, այդպիսի բան լինել չէր կարող. «այս ի՞նչ միջուկային կաթսա է սեղանին»։ Այնուհետև սյուժեն սկսեց պտույտ գործել մի տարօրինակ սցենարով. «արկածախնդիր» Ռոսսին, որքան էլ տարօինակ լիներ, ամենևին փող չէր ուզում, ընդհակառակը, վաճառել էր իր տունը՝ հետազոտությունները շարունակելու համար, նա ոչ փառք էր որոնում, ոչ էլ հարցազրույց էր տալիս, իր սարքը ցույց տալու համար հրավիրում էր միայն գործարար մարդկանց ու չէր էլ ձգտում հանդիպել անվանի ֆիզիկոսների հետ։ «Իմ ճշտության լավագույն ապացույցը կլինի շուկայում ներկայացված առևտրային սարքավորումը»,- հայտարարել էր նա։ «Ռոսսիի գեներատորի» հանդեպ վերաբերմունքն սկսեց աստիճանաբար փոխվել. չէ՞ որ բազմաթիվ ցուցադրություններից հետո ոչ ոք չկարողացավ գյուտարարին խարդախության մեջ մերկացնել։ Հետո ի հայտ եկավ «փրկիչը», ընդ որում՝ շատ հզոր «փրկիչ». գյուտը հովանավորության տակ առան ամերիկյան Օդագնացութան և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (ՆԱՍԱ) և նրա առաջատար մասնագետները, մասնավորապես ՆԱՍԱ-ի գլխավոր գիտաշխատող Դենիս Բուշնելը։ Ավելին, պարզվեց, որ ՆԱՍԱ-ն ցածրէներգետիկ միջուկային սինթեզի գիտափորձեր վաղուց է անում և նա, հակառակ բոլոր դատարկաբանների, հաստատեց, որ, այդուամենայնիվ, որոշակի պայմաններում գոյանում է հսկայական քանակությամբ «արտապլանային» ջերմություն։ Բուշնելը հայտարարեց. «Ես կարծում եմ, որ այդ տեխնոլոգիան մեզ հնարավորություն կտա շատ արագ զարգանալու։ Եթե դա տեղի ունենա, ապա լիովին կփոխվեն աշխարհատնտեսությունը, աշխարհաքաղաքականությունը, և կգտնվի կլիմայի խնդրի լուծման բանալին»։ ՆԱՍԱ-ում հայտարարեցին, որ E-Cat տեխնոլոգիան կարող է օգտագործվել ցանկացած բնագավառում, այդ թվում՝ տիեզերական ճանապարհորդությունների հրթիռների ստեղծման գոտում։ Ռոսսին Իտալիայից տեղափոխվեց ԱՄՆ։ Իսկ այս տարվա հոկտեմբերի սկզբին հրապարակվեց Անդրեա Ռոսսիի ստեղծած «E-Cat ջերմության գեներատորի» թեստի վերաբերյալ անկախ խմբի հաշվետվությունը։ Իտալիայի և Շվեդիայի վեց պրոֆեսորներ 32 օր ուսումնասիրել էին գեներատորի աշխատանքը և չափել բոլոր հնարավոր պարամետրերը, ապա կես տարի ամփոփել էին արդյունքները և զբաղվել դրանց իմաստավորմամբ։ Նրանց վճիռը միարժեք էր՝ Ռոսսիի գեներատորն աշխատում է և արտադրում է աներևակայելի քանակությամբ ջերմություն. էներգիայի խտությունը միլիոնավոր անգամ շատ է, քան նույն զանգվածի բենզինի այրման դեպքում։ Իսկ բուն սարքում փոփոխվում է «այրվող» նյութերի իզոտոպային բաղադրությունը, այսինքն՝ տեղի է ունենում միջուկային ռեակցիա։ Ընդ որում, ռեակտորից դուրս չի հաջողվել հայտնաբերել ոչ մի ճառագայթում։ Հայտնի է դարձել նաև, որ 1 ՄՎտ հզորությամբ մեկ գեներատոր արդեն աշխատում է ամերիկյան ռազմական օբյեկտում, ճիշտ է, չի նշվում, թե հատկապես որտեղ։ Լուսանկարում գեներատորը նման է ստանդարտ փոխադրական կոնտեյներում տեղավորված 52 ոչ մեծ բլոկների հավաքանու։ Սարքի արժեքը 1,5 մլն դոլար է, շահագործման ժամկետը՝ 30 տարի։ Հայտարարվել էր, որ E-Cat-ը, փաստորեն, պատրաստ է սերիական թողարկման։ Իհարկե, նաև հայտնի դարձավ, որ արդեն Ռոսսին չի զբաղվում գեներատորը զանգվածային արտադրություն մտցնելու ռազմավարությամբ, նրան թողնվել է գյուտարարի պատվավոր դերը, իսկ ոլորտն անցել է բիզնեսի ու քաղաքականության ձեռքը։
Դե, իսկ հիմա անցնենք հաջորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքին։ Պարզվում է, ինչպես հաղորդում է CNN գործակալությունը, Պեկինում ԱԽՏՀ համաժողովում ԱՄՆ-ի պատվիրակության կազմում եղել է նաև ամերիկաբնակ չինացի միլիարդատեր Ջեյ Տի Վոնը։ Ակնհայտ է, որ Օբաման նրան ամենևին պատահական չէր հետը բերել։ Ինչպես հայտնի է, Ջեյ Տի Վոնը Industrial Heat («Արդյունաբերական ջերմություն») ընկերության հիմնադիրն է և այս տարվա հունվարին Անդրեա Ռոսսիից գնեց E-Cat գեներատորի արտադրության և վաճառքի բոլոր իրավունքները։ Համաժողովում տեղի ունեցավ ձեռնարկատիրոջ հանդիպումը ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, հավանաբար, ոչ առանց ամերիկյան նախագահի հովանավորության։ Կողմերը հանգեցին կարևորագույն որոշման այն հարցում, որ առաջիկա տարիներին Չինաստանում սկսվելու է Ռոսսիի գեներատորների զանգվածային արտադրությունը։ Հոդվածում ասվում է. «Ռոսիի գեներատորի մի քանի հազար խողովակ իրար կողքի դրեք, և աշխարհի էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարվի»։ Իսկ այն, որ եռանդուն չինացիներն են հիմա գործի անցել, լիովին երաշխավորում է, որ մոտ ժամանակներս դա իրողություն կդառնա։ Ընդ որում, ոչ միայն Չինաստանը կբավարարի էներգիայի իր պահանջարկը, այլև հիմքեր կան հուսալու, որ շուտով ամբողջ մարդկությունն ազատ օգտագործման համար Ռոսսիի գեներատոր կստանա։ Իսկ հետագայում արդեն աշխարհի բոլոր ջրային, ատոմային, ջերմային էլեկտրակայանները կարելի է «թոշակի ուղարկել»։
Այս փաստը, կարծես, փոխելու է ամբողջ աշխարհակարգը՝ թե՛ մոլորակում ֆինանսական հոսքերն արմատապես կփոխվեն, թե՛ անսահմանափակ էներգիայի տերերը, ամենաուղիղ իմաստով, կդառնան աշխարհի տիրակալներ։ Ավելին, Չինաստանում ԱՄՆ-ի արտոնագրով գեներատորների արտադրությունը, հավանաբար, կդառնա աշխարհաքաղաքական վճռորոշ գործոն։ Եվ այստեղ պարզ է դառնում. Պեկինի գագաթնաժողովում չինացիներին «Օբամայի մատուցած նվերը» ամենևին թեթևակի ժեստ չէ, այլ նուրբ ու հաշվենկատ քայլ։ Եվ լիովին կարելի է կանխատեսել, որ, հնարավոր է, մի հարմար պահի շուկա կնետվեն միլիոնավոր E-Cat գեներատորներ, և դա գլխովին կկործանի այն երկրների տնտեսությունը, որոնք ապրում են ի հաշիվ ածխաջրածինների արդյունահանման։ Ո՞ր երկրների։ Կարծում եմ, դժվար չէ գուշակել։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ