Երբ քաղաքական ավանտյուրիստները գալիս են իշխանության, ոչ մի լավ բան մի գուշակիր այդ երկրի համար: ՈՒկրաինան ասածիս վառ օրինակն է: Խոսքի մեջ ասենք, որ Սաակաշվիլին էլ այդ առումով անգերազանցելի էր: Հայաստանում էլ անցած դարի վերջին դրանց պակաս չէր զգացվում, բայց, փառք Աստծո, սպորտսմենի «ոտքերով» մտածող անհատն ավելի խելոք դուրս եկավ, քան գիտնական այրը: Քաղաքական ավանտյուրիստը ոչ մեկից ոչինչ չի սովորում և ոչ էլ դասեր է քաղում ուրիշի սխալներից, որովհետև նա քաղաքական ավանտյուրիստ է և հավատում է միայն իրեն վարժեցնողներին: Ճիշտ և ճիշտ այդպիսիք են ներկայիս ուկրաինացի ժողովրդին կառավարող քաղաքական գործիչները: Այն խոսքը, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, հավանաբար ասված չէ քաղաքականության համար, որովհետև շատ անվանի քաղաքական գործիչներ են քաղաքականության մեջ սխալներ թույլ տալիս, էլ ուր մնաց ժողովուրդ ասածը, որը քաղաքական բարդ իրադրություններում իսկույն վերածվում է անկառավարելի ամբոխի: Մայդանը ուկրաինական ժողովրդի ողբերգության սկիզբն էր: Մայդանից սկսվեցին սպանությունները, և, ցավոք, առաջին զոհերից մեկը հայ էր: Այդ հայն իր արյունը չտվեց ուկրաինական ժողովրդի ազատության համար, նրա արյունը գնաց խառնվելու այն հազարավոր մարդկանց արյան հետ, ովքեր այսօր կռվում են իրենց ազատության համար: Վերջին հաշվով սեփական ազատության համար պայքարելը չի նշանակում ուրիշի ազատության ոչնչացում: ՈՒկրաինայում մայդանյան իշխանափոխությունից հետո իշխանության եկածները չունեին ոչ միայն պառլամենտական կառավարման փորձ և խելք, այլև սպասվելիք ողբերգությունները զգալու և կանխելու զգայական ճանաչողություն: Որ Մայդանից հետո ՈՒկրաինան գնալու էր Սաակաշվիլու ճանապարհով, վկայում էին Սաակաշվիլու ակտիվ ելույթները Մայդանում: Այսինքն` Ռուսաստանի նկատմամբ ունեցած անմնացորդ ատելությունը Սաակաշվիլին փոխանցում էր այդ ատելության չափաբաժինն ընդունելու պատրաստ ուկրաինացիներին: ՈՒկրաինացի «քաղաքական» գործիչները մոռացան, թե ինչ բերեց Վրաստանին ընդգծված ատելությունը առ Ռուսաստան: ՈՒկրաինացի նորաթուխ գործիչները մոռացան, որ իրենք էլ, որպես նվեր, հողակտոր են ստացել, մոռանալով, որ այդ հողակտորը ռուսական ծովային ռազմական փառքի օրրան է, որի համար նրանք դարերով արյուն են թափել և, բնականաբար, հարմար պահին այն հետ կբերեին և չէին թողնի օտար որևէ հզոր պետության բնավորվելն այնտեղ: ՈՒկրաինացի քաղաքական գործիչներին հավանաբար Արևմուտքը, ԱՄՆ-ը շատ բաներ էին խոստացել, և նրանք գործում էին տարրական քաղաքական հոտառությունը կորցրած, թե ով է իր արևելյան հարևանը և ամենակարևորը, որ ինքը բազմազգ պետություն է, և իր արևելքում ապրում են հիմնականում ռուսներ: Լենինը, լինելով հանճարեղ քաղաքական, պետական մտածող, լավ գիտեր ուկրաինական նացիոնալիզմի մասին, գիտակցաբար հիմնականում ռուսներով բնակեցված Նովոռուսիան տվել էր ՈՒկրաինային, այսպիսով ՈՒկրաինայի երբևէ անկախանալու ձգտումը դնելով միշտ հարցականի տակ: Եվ այդ մեծ հարցականի տակ գործող նորաթուխ քաղաքական այրերը դեն շպրտեցին այն և սկսեցին իրենց քաղաքական գործունեությունը հակառուսական նոտայով, որը շատ շուտով հետևանքներ ունեցավ: Երբ Ղրիմում կազմակերպվեց հանրաքվե, և ռուսներն առանց զոհերի մեկուսացրին այնտեղ տեղավորված ուկրաինական ծովայիններին, ուկրաինացիներին Արևմուտքի սիրելի բարեկամներից ոչ ոք ձեռք չմեկնեց։ Ավելին` Օբաման հասկացրեց, որ իրենք հանուն ուկրաինացիների պատերազմի մեջ չեն մտնի ռուսների հետ: Տեղին է հիշել պատմական մի դեպք. 1956 թվականին, երբ տեղի ունեցան հունգարական հայտնի դեպքերը, նրա սահմաններին մոտ գտնվող ՆԱՏՕ-ական զորքերը մեկից հետ քաշվեցին մի քանի տասնյակ կիլոմետրերով: Երևի պատմական դեպքերը ավանտյուրիստ քաղաքական գործիչներին ոչինչ չեն հուշում: Ղրիմն անկախացավ, դրանից այդ ավանտյուրիստները դասեր չառան և սկսեցին ավելի գազանաբար գործել: Օդեսայում ողջ-ողջ էին այրում ռուսներին և փորձում էին ֆաշիստական մեթոդներով վախեցնել ՈՒկրաինայի Արևելքում ապրող ռուսներին, նրանց անվանելով ահաբեկիչներ, անջատականներ: Հայերիս նմանատիպ պիտակները ծանոթ են դեռևս անցած դարի 90-ականներից: Իր անկախության, իր ինքնության համար պայքարող մարդուն ծիծաղելի է ձաղկել նման բառերով: Դոնեցկում և Լուգանսկում կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ մոտ երկու միլիոն ընտրող չի կարող ահաբեկիչ լինել: Նման պիտակավորումը բթացնում է ամենալուրջ քաղաքական գործչին, և նա չի կարողանում ճիշտ եզրահանգումներ անել: ՈՒկրաինայի նորընտիր նախագահը, որի դիրքերը, ինչպես ցույց տվեցին խորհրդարանական վերջին ընտրությունները, այնքան էլ ուժեղ չեն, ԱՄՆ-ի սրտով չէ, ինչպես վարչապետ Յացենյուկը, որն իր էությամբ, գործելաոճով ընդգծված հակառուսական գործիչ է: Դաս չառնելով Ղրիմի անջատումից, Դոնեցկի, Լուգանսկի հանրապետություններում անցկացված ընտրություններից, ուկրաինական քաղաքական գործիչները իրենց անխոհեմ վարքագծով շարունակում են երկրի հետագա մասնատումը: Նման կերպ շարունակվելու դեպքում կանջատվեն Խարկովը, Օդեսան, Խերսոնը, Զապորոժիեն, իսկ Կիևի բախտն էլ կախված կլինի նրանից, թե ՈՒկրաինան կշարունակի՞ ռազմական ճանապարհով հետ բերել կորցրածը, թե՞ կհաշտվի ստեղծված իրավիճակի հետ: Արևմուտքը ներկա պահին ոչ միայն չի ընդունի ՈՒկրաինային ՆԱՏՕ, այլև նոր պատերազմի դեպքում իր զորքերը կհեռացնի ՈՒկրաինայի սահմաններից: ՈՒկրաինան պետք է ԱՄՆ-ին մասնատված և քայքայված, էական չէ` դեպի Ռուսաստան ուղղված ՆԱՏՕ-ի հրթիռները Կիևի շրջակայքո՞ւմ կտեղադրվեն, թե՞ անմիջապես Դոնբասում կամ Լուգանսկում, կարևորը ՈՒկրաինայի քայքայումն է և հպատակեցումը: Արևմուտքի սիրտը չի վառվում ուկրաինացի ժողովրդի համար, դա երևաց վերջին գազային բանակցությունների ժամանակ: Արևմուտքի ֆինանսական գրպանը բաց չէ ՈՒկրաինայի համար: Ղրիմ, Դոնեցկ, Լուգանսկ` բավականին տարածքներով և բնակչությամբ: Նրանց հետդարձը ուկրաինական պետություն խաղաղ բանակցություններով անհնար է: Այդ մարդիկ իրենց ազատությանը հազարավոր զոհերով և հաշմված կյանքերով են հասել: Պատերազմը ՈՒկրաինայի վերջնական կործանումը կլինի: Որքան էլ Արևմուտքը սաստկացնի հակառուսական պատժամիջոցները, անիմաստ է, դրանից Ռուսաստանը չի վախենում և մի թիզ հող չի վերադարձնի ՈՒկրաինային: Նրանց վերադարձի միայն մեկ ճանապարհ կա. ՈՒկրաինայի ողջ բնակչությունը կատարում է հեղափոխություն, ժողովրդական տրիբունալի աթոռին է նստեցնում երկիրը պատերազմի մեջ քաշած գործիչներին, հայտարարում է իր չեզոքության և անկախության, ժողովուրդների հավասարության մասին: Բայց ներկա պահին դա անհնար է:
Դոնեցկի, Լուգանսկի ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանին այլևս չես վախեցնի պատժամիջոցներով: Ռուսաստանը Իրան չէ: Ավելին, պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը ցուցադրում է մկանները և այն էլ ինչպիսի ձևով: Արխանգելսկից է բաց թողնում «Բուլավա» հրթիռը դեպի Կամչատկայում նախատեսված թիրախը, որը խոցում է նշանակետն ընդամենը 500 մետր շեղումով, և հրթիռն այդ 8000 կմ տարածությունն անցնում է ընդամենը 30 րոպեում: Կամչատկայի ափերից ամերիկյան ափեր տեխնիկայի զարգացման այս պայմաններում հավանաբար հեռադիտակով էլ կարելի է նշմարել: Իսկ Կալինինգրադից Բեռլին «Իսկենդերները» ավելի արագ տեղ կհասնեն: Ռազմական այդ վայրի ուժի դեմ հանուն ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ն պետք է պատերազմի մե՞ջ մտնի: Արևմուտքը 70 տարում հազիվ կարողացավ դավաճանության արդյունքում կործանել ԽՍՀՄ-ը: Ռուս ժողովրդի հիշողությունը դեռ թարմ է: Երբեք չեմ հիշում, որ խորհրդային երկրում նշեին ազգային միասնության օրը: Այսօր այն նշում են և նշում են` հիշելով 1612 թվականին լեհերին Ռուսաստանից վռնդելու օրվա հետ կապված: Ռուսական ոգին այսօր այլևս ջարդված չէ: Պուտինյան Ռուսաստանն այսօր այլ է: Ինչպես ասաց Պուտինը Սոչիում` տայգայում արջը տեղից տեղ փոխվում է, բայց իր տայգան երբեք ոչ մեկին չի տալիս: Արևմուտքը ձեռքից բաց է թողել Ռուսաստանի մասնատման պահը: Այսօր նա ուրիշ է, առավել ուրիշ կլինի Արևմուտքի պատժամիջոցների շարունակման դեպքում: Զարմանում եմ, մի՞թե դարեր շարունակ ուկրաինացի ժողովուրդը չի ճանաչել իր արյունակից եղբոր էությունը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ