38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մարգինալի մարգինալը իմ բարեկամն է

Մարգինալի մարգինալը իմ բարեկամն է
31.10.2014 | 00:49

Հոկտեմբերն ավարտվեց: 2014-ի 44-րդ շաբաթում ի՞նչ ունենք Հայաստանում: ՀՀ նախագահը գնացել է Հորդանան ու այնտեղ ստորագրել երկու երկրների համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթեր: Այսինքն՝ առանձնապես մտահոգ չէ, որ իր երկրում իշխանափոխություն են պահանջում: Վարչապետը խորհրդարանին է ներկայացրել 2015-ի բյուջեի նախագիծն ու ասել, որ բյուջետային ծախսերի կեսը սոցիալ-մշակութային է: Եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 184,5 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 298,6 միլիարդ դրամ: 114,1 միլիարդ դրամ դեֆիցիտը հաղթահարելի է։ Տնտեսական աճը կկազմի 4,1 տոկոս, գնաճը՝ 4։ Նա կրկնել է. «Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Սակայն ունենք կամք և վճռականություն՝ քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ դա իրականացնելու»: ՈՒ խնդրել է զերծ մնալ ավելորդ քաղաքականացումից, դահլիճ չբերել հրապարակի կրքերը: Ոչիշխանական խորհրդարանական ուժերը նրան լսել են ու «հրապարակային կրքերով» հարցեր չեն տվել: ՈՒ ընդհանրապես հրապարակի կրքերին իշխանությունը մեծ ուշադրություն չի դարձնում, գոնե հրապարակային մակարդակով: Ընդամենը արձագանքում է, որ «Իշխանափոխությունը դա կարող է լինել միայն հերթական, համապետական ընտրությունների արդյունքում, որը պիտի որոշի մեր ժողովուրդը» (Հովիկ Աբրահամյան), «Մենք միշտ պատրաստ ենք եղել ոչ միայն երկխոսության, այլ նաև ցանկացած հարցի շուրջ քննարկման» (ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան), ավելին՝ մեղադրում է, որ ընդդիմությունը խոր քնի մեջ է (ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան). «Բոլոր քաղաքական ուժերը ժամանակին քաղաքական դաշտում համագործակցել են, և Հայաստանի տնտեսական անկման համար իրենք ևս կրում են պատասխանատվություն: Ընդդիմության 12 կետերով մեզ դեռևս ոչ ոք չի ապացուցել, որ մենք սխալ ենք»: Իշխանությունը տվել է և քաղաքական հակահարված. «Իշխանափոխությունը պատվերով համերգ չէ, որ ով, երբ ուզի, ասի՝ իշխանափոխություն, ասի՝ արտահերթ ընտրություններ եմ պահանջում: Դրա համար պետք է մեխանիզմներ լինեն, և գոնե ինձ համար եռյակի ղեկավարների, գործիչների ընդհանուր տեսլական, ընդհանուր ծրագիր չկա» (ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով): Կառավարությունը ևս իր լուման է ունեցել. «Եթե դարձյալ նույն երգն ենք լսելու, որևէ համագործակցության մասին իմաստ չունի խոսել: Իսկ գործի վերաբերյալ, նոր ծրագրերի, այն բարեփոխումների, որոնք մենք փորձում ենք իրականացնել, իհարկե, պատրաստ ենք համագործակցել, և Ազգային ժողովը հենց դրա համար է» (կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյան): Իսկ ժողովրդին իշխանությունը նույնիսկ գործոն չի դիտարկում՝ ապավինելով ընտրական թվաբանությանը՝ եթե հրապարակ դուրս գա ավելի շատ մարդ, քան ընտրություններում ձայն է տվել ՀՀԿ-ին, նոր կարելի է մտածել:
Հիմա՝ ո՞վ է խոր քնի մեջ՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը: Իշխանությունն ընդունում է, որ կան խնդիրներ ու հայտարարում է, որ հնարավորությունների սահմանում լուծում է այդ խնդիրները. սա հերթապահ և ըստ էության ոչինչ չասող հայտարարություն է՝ որևէ իշխանություն երբեք չի ասել, որ ոչինչ չի անում կամ չի կարողանում անել: Կամ՝ չի ցանկանում: Իսկ ընդդիմությո՞ւնը: Ո՞րն է այդ ընդդիմությունը: Համենայն դեպս՝ Ազատության հրապարակում հանրահավաքներ անող քաղաքական ուժերը իբրև իրենց առաջնորդ միահամուռ թագադրել են Գագիկ Ծառուկյանին (հարմար դիրքորոշում է, ձախողվելու դեպքում ո՞վ է մեղավոր, իհարկե՝ թագավորը), իսկ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն իրեն պաշտոնապես ընդդիմություն չի հայտարարել: Եվ չլինելով ընդդիմություն՝ ԲՀԿ-ն չի պահանջում.
ա) նախագահի հրաժարական,
բ) վարչապետի հրաժարական,
գ) խորհրդարանի լուծարում:
ՈՒրեմն՝ ո՞րն է իշխանափոխության տարբերակը: ԲՀԿ-ն կարևորում է խորհրդարանական ընտրությունները, բայց առկախում է «Արտահե՞րթ, թե՞ հերթական» հարցի պատասխանը: Խորհրդարանական ընտրությունները կարևորում են բոլոր քաղաքական ուժերը՝ առանց բացառության, նույնիսկ մարդ-կուսակցություններ ներկայացնող:

ՈՒ ի՞նչ: ԲՀԿ-ն չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կպահանջի, եթե իշխանությունները հրաժարվեն կատարել իրենց պահանջները՝ հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից, կատարել 12 առաջարկները, բարեփոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվելով մեծամասնական ընտրակարգից: Կա երկու տարբերակ:
ա) Իշխանությունը կատարում է այս պահանջները: Երկիրը մնում է կիսանախագահական, հերթական ընտրությունները կեղծվում են 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով, կառավարությունը հայտարարում է, որ բյուջեի հնարավորությունների շրջանակում կկատարի 12 առաջարկները: ՈՒ՝ ի՞նչ: Ոչիշխանությունը տոնում է աշխարհացունց հաղթանակ ու գնում «մի քանի օր հանգստանալու»՝ մինչև հերթական հրահանգը իջեցվի, թե երբ պետք է նշանակվի հանրահավաքի օրն ու օրակարգը ասվի:
բ) Իշխանությունը ոչինչ էլ չի անում, սահմանադրական բարեփոխումներն առկախում է, Ընտրական օրենսգրքին հարմար է համարում անդրադառնալ ընտրություններից մեկ տարի առաջ, 12 առաջարկներն էլ համարում է իրականությունից կտրված կամ կատարված: ՈՒ՝ ի՞նչ: Ոչիշխանությունը հավաքում է աշխարհացունց հանրահավաք, որ ասի՝ ժողովուրդ, մենք ամեն ինչ արեցինք, մեզ չհասկացան, բայց մենք մայդան չենք ուզում, մենք առաջ ենք գնում ժողովրդավարական ճանապարհով, ու մենք քո կողքին ենք: Հետո սկսի թվարկել իշխանության «չարագործությունները» ու, այնուամենայնիվ, նախագահի, վարչապետի հրաժարական, խորհրդարանի լուծարում չպահանջի: Այսինքն՝ գործող իշխանությանը հաջողվել է այն, ինչ ջանում էր նախորդ նախագահը՝ Հայաստանում ձևավորվել է կազմակերպված պետությանը հարիր կազմակերպված ընդդիմություն՝ համակարգային, նրանք կան ու գործող անձ են, քանի կա համակարգը, համակարգը փոխվեց՝ նրանք դադարելու են գործող անձեր լինել: Նոր համակարգը չի կարող շարունակել նախկինի քաղաքականությունը, այլապես իշխանափոխությունը կլինի անձերի փոփոխություն, ինչը և ցանկանում է ԲՀԿ-ն. ունենալ խորհրդարանական մեծամասնություն ու ԱԺ նախագահ, ԲՀԿ-ական վարչապետ ու կառավարություն: Այն, ինչ այսօր ունի ՀՀԿ-ն: Նույնը ցանկանում է ՀԱԿ-ը: Պրագմատիկ լինելով, սակայն, համաձայն է կոալիցիայի, որտեղ քննարկման ենթակա է նախագահի, խորհրդարանի նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների, վարչապետի, նախարարների, փոխնախարարների ընտրովի ու նշանակովի պաշտոնների բաշխումը: Ի՞նչ է ուզում «Ժառանգությունը»՝ իշխանափոխություն, նստացույց, արտահերթ ընտրություններ, ԵԱՏՄ-ի անդամության կասեցում, ԼՂՀ-ի ճանաչում: Այսինքն՝ «Ժառանգությունը» դառնում է կազմակերպված ընդդիմություն այս կտրվածքով ձևավորված ապագա խորհրդարանում ու գուցե համագործակցում է ՕԵԿ-ի հետ, եթե քաղաքական համաձայնություն է կայացվում ՕԵԿ-ի` ԱԺ-ում լինելու վերաբերյալ: Արմատական ընդդիմություն (նույնպես կազմակերպված) դառնում են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Այս տունտունիկը կատարվում է խիստ գաղտնի բանակցությունների ու հույժ հավաստի պայմանավորվածությունների հիման վրա, եթե ընդհանրապես կատարվում է: Հազիվ թե սեփական նախաձեռնությամբ ՀՀԿ-ն հանձնի դիրքերը: Բայց հանձնել կարող է: Ընդունեք, որ Գագիկ Ծառուկյանի պես բարգավաճող ընդդիմություն Հայաստանում երբևէ չի եղել՝ սեփական բիզնեսով, սեփական հեռուստաընկերությամբ ու լրատվամիջոցներով, կուսակցությամբ ու միջին մակարդակի պաշտոնյաներով: Չի եղել՝ Խաչատուր Սուքիասյանի օրինակը ապացույց: 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու համար նա հատուցեց քաղաքական ու ֆինանսական պատժամիջոցներով: Ի՞նչ է փոխվել 2014-ին: Նույն Սերժ Սարգսյանն է նախագահը: Եթե Մոսկվան Գագիկ Նիկոլայիչի ունեցվածքը համարում է անձեռնմխելի, կամ այդ ունեցվածքի մեծ մասը Հայաստանից դուրս է ու իրոք անձեռնմխելի է, մյուս ԲՀԿ-ականները նո՞ւյնպես պաշտպանության տակ են, ինչո՞ւ Բաղրամյան 26-ում չեն մտածում կուսակցությունը կազմաքանդելու մասին (ՕԵԿ-ի առաջին ընդդիմության ժամանակներում դա լավ էլ ստացվեց), անարատ ու անբիծ, պարկեշտ ու խելամիտ մարդկանց եզակի հավաքածո՞ւ է կուսակցությունը: Թե՞ կա նախնական պայմանավորվածություն Ա կետից Բ կետը հասնելու ու կանգ առնելու, հասարակական դժգոհությունները լիցքաթափելու, համակարգի ներսում տեղաշարժերը հեշտացնելու, փոխադարձ անհրաժեշտ այլ խնդիրներ լուծելու համար: Հակառակ պարագայում՝ Գագիկ Ծառուկյանի վճռական անվճռականությունը չի բացատրվում: Բառերի հեղափոխության ու գործնական հեղափոխության տարբերությունը աշխատելու է ՀՀԿ-ի օգտին: Հերթական ընտրություններում մեկ առ մեկ թվարկվելու են ԲՀԿ նախագահի ու նրա կուսակիցների խրոխտ հայտարարություններին չհետևած խրոխտ քայլերի բացակայության փաստերը, բարեգործությամբ ու ընտրակաշառքով հավատ չես վերականգնի: Նույնիսկ եթե սրտանց ու անկեղծ ուզում ես, որ հերթական ընտրությունները ընթացքով ու արդյունքներով տարբերվեն նախորդից: Բացահայտ է, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրում ոչ նախագահի, ոչ վարչապետի հրաժարականի պահանջ, իսկ ապրիորի իշխանափոխությունն ուղղակի բառ է, որի քաղաքական հոմանիշները նա չգիտի կամ կասի հաջորդ դասին, երբ այդ մասին իրեն տեղեկացնեն նրանք, ովքեր իրականում կառավարում են Հայաստանի կազմակերպված ու կառուցողական ոչընդդիմության քայլերը, որը ինքնաբավ է, բայց ինքնուրույն չէ: Կա ևս մեկ հանգամանք՝ սոցիալական վիճակի հետագա վատթարացումը: Իշխանությունը չի ընդունում, որ կա տնտեսական ճգնաժամ, բայց տնտեսական բարդությունները չի բացառում: Վարչապետը ԱԺ-ում ասել է՝ եկող տարի ծախսելու ենք այնքան, ինչքան կլինի: Իսկ եթե չի՞ լինի, ի՞նչ ենք անելու: Սոցիալական բունտի շանթարգելը պարբերաբար իշխանափոխություն պահանջող ու չպահանջող ոչիշխանությո՞ւնն է մնալու: Իբրև իշխանության իրական գործընկեր: Եթե ճիշտ է «թշնամուս թշնամին իմ բարեկամն է», նույնքան ճիշտ է «ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է» բանաձևը, ովքե՞ր են մարգինալները իրականում։ Մարգինալությունը ոչ թվաքանակ է, ոչ դատավճիռ, ոչ ախտորոշում, մտածողության որակ է ու մակարդակ, առաջ նայելու կարողության ու ցանկության բացակայություն, սխալ մեկնակետերի վրա կառուցված սխալ քաղաքականություն, որ տանում է փակուղի: Այսօր մարգինալ դրոշի տակ են Հայաստանի թե իշխանությունը, թե ոչիշխանությունը, և ստացվում է նոր բանաձև՝ «Մարգինալի մարգինալն իմ բարեկամն է» նույն կառուցվածքային դաշտում գործող իշխանության ու ոչիշխանության համար, իսկ ընդդիմությունը եղել ու մնում է ժողովուրդը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՌԴ տնտեսության զարգացման կանգառը պայմանավորված չէ միայն արևմտյան պատժամիջոցներով: Մինչ այդ էլ տնտեսական աճի ցուցանիշները դանդաղել էին: 2013-ին ծրագրված էր 3,7 % տնտեսական աճ, եղել է 1,3 %՝ առանց նավթի գների անկման ու պատժամիջոցների, որոնք արագացնում են տնտեսության ճգնաժամը: Արդեն եկող տարի փորձագետները կանխատեսում են ՀՆԱ-ի մինուս 2 % և ավելին, նաև՝ ինֆլյացիա: Այս պայմաններում բնական են լինելու թե ՌԴ-ից տրանսֆերտների կրճատումը, թե ՌԴ-ում աշխատատեղերի կրճատումը, թե եվրասիական նախագծերի ֆինանսավորման կրճատումը: Հայաստանը հայտնվելու է տնտեսական ազատ նավարկության մեջ, բայց՝ քաղաքական գերկախվածությամբ: Տնտեսության դիվերսիֆիկացիան, որ խոսքով ազդարարեց, գործով ձախողեց Տիգրան Սարգսյանը, անխուսափելի է: Եվ ո՞ւմ հետ է Հայաստանը լուծելու կենսապահովման խնդիրները: ԵՄ-ն մերժված անցյալ է, ԱՄՆ-ում վարչապետին պայմաններ առաջադրեցին, Իրանին մենք ենք մերժում՝ համենայն դեպս 2015-ի ապրիլին նախագահ Հասան Ռուհանիին Հայաստան հրավիրելը դիվանագիտական լեզվով նշանակում էր՝ պատրաստ ենք հանդիպել միայն արարողակարգային օրակարգով, տնտեսականի ի զորու չենք՝ քաղաքական պատճառներով: Մնաց Հորդանա՞նը:

Դիտվել է՝ 1326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ