38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պետք է շարժվել մեռյալ կետից

Պետք է շարժվել  մեռյալ կետից
31.10.2014 | 00:46

Հոկտեմբերի 27-ի փարիզյան հանդիպումը արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն անվանել է «բեկումնային, որով ևս մեկ քայլ առաջ արվեց» ու տեղնուտեղը ճշտել է՝ «Իհարկե, չենք կարող ասել, թե խնդիրը վերջնականապես լուծված է», բայց՝ ԼՂՀ խնդրի վերջնական լուծման համար համապատասխան մեխանիզմներ են մշակվել: Հայաստանը բոլոր հարցերն առաջ է քաշել, որը ողջունել են եռանախագահող երկրները: «Այդպիսի կոչեր մշտապես արվում են, և այդ կոչերը պետք է դիտարկել հնարավորությունների հիմքում: Այսօր կոնկրետ քայլ, հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել», ասել է Էդուարդ Նալբանդյանը:
Բեկումնային հանդիպումից հետո Բաքու վերադառնալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երիտասարդական քաղաքականության հարցերով առաջին գլոբալ համաժողովում ելույթ է ունեցել ու ասել. «Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հենվի միջազգային կազմակերպությունների բանաձևերի ու որոշումների վրա, մասնավորապես՝ պետք է կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»: Նա հիշեցրել է, որ նման որոշումներ ունեն ԵԱՀԿ-ն, Եվրախորհրդարանը, Եվրախորհուրդը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, և նրանք ամբողջությամբ աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Իլհամ Ալիևը կոչ է արել տքնաջան աշխատել, որ կոնֆլիկտը կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Նա վստահ է, որ «Ադրբեջանի քաղաքացիները վերադառնալու են իրենց հարազատ հողերը Լեռնային Ղարաբաղում ու մյուս օկուպացված տարածքներում»: Ադրբեջանի նախագահն իր վստահությունը ամրակայել է. «Մենք ուժեղ աջակցություն ունենք միջազգային հանրության մեջ ոչ միայն այս հարցում: Լավագույն ապացույցը, որ Ադրբեջանն ընտրվեց ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ, մեզ 155 երկիր ձայն տվեց»: Փարիզյան հանդիպումը հաջողված են համարում և ադրբեջանցի քաղաքագետները. Արևմտյան համալսարանի պրոֆեսոր Ֆիկրետ Սադիխովը կարծում է, որ հերթական անգամ ցույց տրվեց պաշտոնական Բաքվի ու ադրբեջանական դիվանագիտության խաղաղասիրությունը, հնացած կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու ձգտումը: Եվ այդ ձգտումը պրոֆեսորն անվանում է ադրբեջանական դիվանագիտության առավելություն: Նա զայրանում է, որ «միջազգային հարթակում դեռ ձգտում են Հայաստանը հավասարակշռել Ադրբեջանին»: Պրագմատիկ գնահատականով, պրոֆեսորն ընդունում է, որ ռադիկալ փոփոխություններ հանդիպումը չէր բերելու՝ ամենատարբեր աշխարհաքաղաքական շահերը մի հանդիպումով հնարավոր չէ համադրել: Ադրբեջանական լրատվամիջոցները կարևորում են անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակման պայմանավորվածությունը, որ փոքր, բայց կարևոր առաջընթաց է:
Ֆրանսիական մամուլն ընդգծել է, որ Ֆրանսուա Օլանդին հաջողվեց Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին ներգրավել ուղիղ երկխոսության մեջ: Հրադադարից 20 տարի անց Ֆրանսիան անհրաժեշտ է համարում թուլացնել լարումը շփման գծում և նախագահներին կոչ է անում պատրաստվել մեծ համաձայնագրի կնքմանը՝ անընդունելի համարելով ստատուս քվոյի պահպանումը՝ պետք է շարժվել մեռյալ կետից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Փարիզում պայմանավորվել են հերթական հանդիպումն անցկացնել 2015-ի սեպտեմբերին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Գուցե մեկամյա դադարը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի իրադարձություններով, այնուամենայնիվ, հազիվ թե այս ընթացքում Մոսկվան Արևմուտքին չանի պատասխան քայլ՝ «իր» հանդիպումը կազմակերպելով: Օրակարգ կգտնվի: Գլխավորը՝ ինչ է քննարկվել Փարիզում, բեկումնային, թե ոչ, ինչ պայմանավորվածությունների են կողմերը հասել, Ալիևը չի իջնում տարածքային ամբողջականության ճոպանից, որ Հայաստանի համար հատվել է 1988-ից, ուրեմն խաղաղության մեծ համաձայնագիրը հեռու է, եթե նույնիսկ համաձայնության գան ռուսներն ու ֆրանսիացիները:

Դիտվել է՝ 1378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ